Ինչու է վատ, երբ Պերմյակովին ձերբակալելու մասին լուրն ուշանում է եթերում

13.01.2015, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Գյումրեցի Սերյոժա Ավետիսյանի ընտանիքի վեց անդամների սպանության գլխավոր կասկածյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի ձերբակալության մասին տեղեկացա այսօր առավոտյան 08:15 Թվիթերից։

Ինտերնետում որոնումներիս արդյունքում հասկացա, որ ձերբակալության մասին լուրը տարածվել է գիշերվա ժամը 01:00-01:30-ից սկսած: Լրատվական կայքերից շատերն այն արդեն հրապարակել էին:

Անցա հեռուստատեսությանը: Միացրեցի «Երկիր Մեդիա»-ն, որտեղ եթերում «Երկիրն այսօր»-ի ժամը 08:30-ի թողարկումն էր: «Յուքոմ»-ի օգնությամբ սկսեցի հաղորդումը դիտել սկզբից: Այն առանց հաղորդավարի էր, միայն սյուժեներով, առանց Պերմյակովի ձերբակալության մասին լուրի: Նախորդ օրվա գիշերվա թողարկման սյուժեների կրկնությունն էր:

Նույնն էր ժամը 09:30-ի թողարկումը, այն տարբերությամբ միայն, որ առաջին սյուժեն ոչ թե Գյումրիի ողբերգության մասին էր, այլ հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակի: Ձերբակալության մասին լուրը հայտնվեց 10:30-ին, երբ «Երկիրն այսօրը» սկսեց աշխատել ուղիղ եթերում: «Պաշտոնապես հաստատվեց տեղեկատվությունը, որին սպասում էին ամբողջ Հայաստանում»,- լուրերի թողարկումը սկսեց Էդգար Բաղդասարյանը:

Ակնհայտ է, որ «Երկիրն այսօր»-ը Պերմյակովի ձերբակալության մասին լուրը, «որին սպասում էին ամբողջ Հայաստանում», ուներ դեռ գիշերվանից: Ուղղակի Հայաստանում հեռուստատեսային լուրերի աշխատանքի կազմակերպման ձեւն է այդպիսին: Լուրերի գիշերային թողարկումից հետո հավաքում են առավոտյան լուրերի բլոկն ու ավարտում աշխատանքը: Իսկ արտակարգ դեպքերի ժամանակ ստացվում են անհարմար իրավիճակներ:

Խնդիրն, իհարկե, միայն «Երկիրն այսօրը» չէ, որի թողարկման մասին այսքան գրեցի: Հերթով ներկայացնեմ իրավիճակը լրատվական քիչ թե շատ ուժեղ ներկայություն ունեցող այլ ալիքներում:

«Առաջին ալիքը» Պերմյակովի ձերբակալության մասին լուրը հաղորդեց ժամը 09:00-ին «Առաջին լրատվական»-ի եթերում: «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականը եւ «Արմենիա»-ի «Ժամը»՝ ժամը 10:00-ին՝ իրենց օրվա առաջին թողարկումների սկզբում:

«հ2»-ի «Լրաբեր»-ի առավոտյան առաջին թողարկումը 07:55-ին է՝ օրվա ընթացքում սպասվող իրադարձությունների անոնսով: Գյումրիի ողբերգության զարգացող դեպքերի մասին 5 րոպեանոց թողարկման մեջ տեղեկատվություն չկար: Փոխարենը «Լրաբեր»-ի հաղորդավար Գայանե Փայտյանը հեռուստադիտողին տեղեկացրեց, որ «0-8000-8000» հեռախոսահամարով իրենց կարող են տեղեկացնել արտակարգ դեպքերի կամ պատահարների մասին: Միայն ժամը 09:55-ի թողարկման հաղորդավար Տաթեւիկ Վարդանյանը, նշելով, որ իրենք ուղիղ եթերում են, հայտնեց Պերմյակովի ձերբակալության նորությունը:

«Կենտրոն»-ի «Էպիկենտրոն» լրատվականի՝ ծրագրով նախատեսված՝ ժամը 09:30-ի թողարկումն այդպես էլ չհեռարձակվեց: Փոխարենը եթերում դյուցազն Դոբրինյա Նիկիտիչի մասին մուլտֆիլմն էր: 09:45-ին «Սկսենք նորից» առավոտյան հաղորդման եթերում Լուսինե Բադալյանը տեղեկացրեց, որ Գյումրիում 6 հոգու սպանության համար կասկածվող Վալերի Պերմյակովին ձերբակալել են:

«ԱՐ»-ի լրատվականի՝ «Ազդարար»-ի առավոտյան ժամը 08:30-ի թողարկումը ակնհայտորեն նկարահանվել էր գիշերը: Պերմյակովի մասին լուրը չկար, հաղորդավար Հովհաննես Քոսյանն էլ սխալվել ու Գյումրիի ողբերգության մասին տեղեկությունը հայտնելիս «երեկ»-ի փոխարեն դեռ «այսօր» էր ասում:

«Արմնյուզ»-ը Պերմյակովի լուրը ուշ հայտնելու ռեկորդակիր էր: Միայն ժամը 15:00-ի թողարկում էր, որ ուղիղ եթերում էր եւ տեղեկացրեց Պերմյակովի ձերբակալության մասին: Մինչ այդ «Արմնյուզ»-ի ծրագրով ժամը մեկ նախատեսված լուրերի թողարկումներից միայն երկուսն էին եթերում: Դրանք առանց հաղորդավարի էին եւ նախորդ օրվա սյուժեներն էին ներկայացնում, երբ սպանության համար կասկածվող ռուս զինվորի գտնվելու վայրը դեռ պարզ չէր, եւ նրան որոնելու օպերատիվ գործողություններ էին իրականացվում:

Վստահ եմ, որ եթե նման մի արտակարգ դեպք լիներ 2014-ի վերջին, «Արմնյուզ»-ն ամենալարվածը կաշխատեր ու դեռ գիշերը կհաղորդեր բոլոր կարեւոր նորությունները: Ուղղակի այս հեռուստատեսային ալիքում, ինչպես երեւում է, փոփոխություններ կան: Արդեն գրեցի, որ լուրերի նախատեսված թողարկումները եթեր չէին հեռարձակվում: Բացի այդ՝ լրագրող Զոհրաբ Հարոյանի՝ Գյումրիի ողբերգության մասին ռեպորտաժում հղում էր անում ««Ժամը» լրատվականի» թղթակցին:

Ինչու՞ եմ այսքան երկար գրում ձերբակալության լուրի ժամերի ու րոպեների մասին: Ինտերնետը ոչ բոլորի համար է տեղեկատվություն ստանալու գլխավոր աղբյուր: Իսկ Պերմյակովին ձերբակալել-չձերբակալելու մասին լուրը շատ կարեւոր էր առավոտյան աշխատանքի գնացող կամ իրենց երեխաներին դպրոց ու մանկապարտեզ ուղարկող ծնողների համար:

Բնական է, որ մարդիկ սարսափելի հանցագործության կապակցությամբ ոչ միայն զայրացած էին, այլեւ մտահոգված: Չոր տեղեկատվությունն այսպիսին էր՝ պոտենցիալ մարդասպանը, ով կարող է զինված լինել, փախուստի մեջ է, նա կարող է լինել Հայաստանի ցանկացած կետում, տեսականորեն փորձել ներխուժել ցանկացածի տուն: Բնական է, որ ձերբակալության մասին լուրն առաջին հերթին օգնելու էր մարդկանց վախերը փարատելուն:

Փաստացի, եթե Հայաստանի բնակիչը տանից դուրս է եկել ժամը 09:00-ից շուտ եւ ինտերնետում լուրեր չի կարդացել, նա տեղյակ չէ, որ մարդասպանությունների համար հետախուզվող վտանգավոր ու գուցե զինված գլխավոր կասկածյալը արդեն ձերբակալված է:

Իրողությունն այսպիսն է՝ Հայաստանում ուղիղ եթերում հեռուստատեսային լուրերը մեկնարկում են ժամը 09:00-ից: Մինչ այդ հեռարձակվող թողարկումները ձայնագրված են: Եվ անգամ առավոտյան ժամը 08:00-ին սկսվող առավոտյան հաղորդում չկա, որն անհրաժեշտության դեպքում արտակարգ ու անհրաժեշտ տեղեկատվություն կհաղորդի:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?