Վերջին երկու շաբաթում «Ժամանակ» թերթը միանգամից երեք կեղծ լուր հրապարակեց օգոստոսի 6-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկող Համահայկական խաղերի մասին։ Թերթը շահարկում էր Ռոբերտ Քոչարյանի անունը և Արցախի հարցը։
Լուր 1. Արգելել են Արցախ մեկնել
Հունիսի 15-ին «Ժամանակ» թերթը գրեց, որ «Թուրքիայի եւ Վրաստանի հայ մասնակիցներին արգելել են Արցախ մեկնել» Համահայկական խաղերին մասնակցելու համար։
Թերթը չէր ներկայացրել պնդումը ապացուցող ոչ մի փաստարկ կամ աղբյուր։ Չնայած դրան, նյութը նույնությամբ վերատպեցին, «168 ժամ»-ը, Tert.am-ը և այլ լրատվականներ։
Media.am-ի հետ զրույցում Համահայկական խաղերի մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը ասաց, որ չի ուզում նորից անդրադառնալ թեմային՝ կրկին շրջանառության մեջ դնելով կեղծ լուրը։ Նա նշեց, սակայն, որ հայտարարություններում մեկ անգամ չէ, որ շեշտել են, որ և՜ Վրաստանը, և՜ Թուրքիան մասնակցելու են խաղերին։
Խաղերին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, իսկ արդյունքները պետք է հրապարակվեն հուլիսի 5-ին։
Արցախն առաջին անգամ չէ, որ պաշտոնապես հյուրընկալում է Համահայկական խաղերը։ 2015-ին էլ դրանց անցկացման վայրը հենց Արցախն է եղել։ Վրացական և թուրքական պատվիրակությունների մասին հոդվածը առաջին, բայց վերջին կեղծ լուրը չէր, որ շահարկում էր խաղերի՝ Արցախում անցնելու հանգամանքը (տես Լուր 3-ը)։
Լուր 2. Այս ամենն արվում էր Ռոբերտ Քոչարյանի համար
Հունիսի 18-ին նույն «Ժամանակ» թերթը ևս մեկ հակասական լուր էր հրապարակել Համահայկական խաղերի վերաբերյալ։ Ըստ թերթի՝ «Համահայկական խաղերի օլիմպիական կոմիտեն և համահայկական խաղերի աջակից հասարակական շրջանակները կոչ են անում, որ […] ՀՀ երեք նախագահներն էլ մասնակցեն օգոստոսի 6-ին Արցախում խաղերի բացման արարողությանը»։
Պնդմանը հաջորդում էր հոդվածի հեղինակի վերլուծությունը նրա մասին, որ Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը կհրաժարվեն մասնակցել արարողությանը։ Հեղինակը նաև եզրակացնում է․ «այս ամենն արվում է Ռոբերտ Քոչարյանին միջոցառմանը բերելու և նրան համահայկականության աջակից ներկայացնելու համար»:
Թերթը չէր մանրամասնել, թե ինչու՞ երկու նախագահները կհրաժարվեին մասնակցել։ Ավելին, չէր բերել ապացույց կամ աղբյուր Քոչարյանին՝ «աջակից ներկայացնելու» վարկածի վերաբերյալ։
Նույն օրը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հայտարարություն տարածեց, որում հերքեց թերթի պնդումները։
Լուր 3. Իրանի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցությունից
Հունիսի 27-ին «Ժամանակ»-ը հրապարակեց «Բոյկոտո՞ւմ են. Իրանը ևս չի մասնակցի Համահայկական խաղերին» հոդվածը։ Հրապարակումը վերատպեցին այլ լրատվականներ։
Թերթը պնդում էր, որ Իրանը՝ Վրաստանի և Թուրքիայի պես հրաժարվել է մասնակցել խաղերին։ Թերթը նաև մանրամասնում էր, որ պատճառը Ադրբեջանի հետ հարաբերությունները չփչացնելու ցանկության մեջ է։
Իրանի պաշտոնյաների կողմից արված նման հայտարարություն թերթը չէր մեջբերում, չէր բերում նաև որևէ այլ ապացույց կամ աղբյուր։
Համահայկական խաղերի լրատվական ծառայությունը հայտարարություն տարածեց լուրի կեղծ լինելու մասին, նշելով, որ նախնական արդյունքներով Իրանի պատվիրակությունը ամենամեծերի շարքում է։
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: