«Մեդիա կենտրոն»-ը լրագրողներին կաջակցի ընտրությունների շրջանում

11.02.2013, Նյուսրում

Լրագրող

Այսօր բացվեց լրագրողների համար նախատեսված «Մեդիա կենտրոն»-ը, որի նպատակն է կապող օղակ դառնալ ընտրական գործընթացները դիտարկող հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, հանրային լրագրողների եւ լրատվամիջոցների միջեւ:

«Լրագրողները կարող են մեր միջոցով կապ հաստատել քաղաքացիական հասարակության եւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նրանք կարող են օգտագործել կենտրոնը տեղեկատվությունը տեղում՝ հենց կենտրոնում ստանալու համար»,- ասում է «Մեդիա կենտրոն»-ը նախաձեռնող Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը:

Կենտրոնը կազմակերպելու է ասուլիսներ, բրիֆինգներ, իսկ քվեարկության օրը` ուղիղ միացումներ ընտրատեղամասերում աշխատող դիտորդների հետ:

«Քվեարկության օրը մենք ժամը մեկ լրատվամիջոցներին թարմ տեղեկատվություն ենք ուղարկելու, թե այդ պահի դրությամբ ինչ ենք ստացել դիտորդություն իրականացնող կազմակերպությունների կողմից»,- ասում է Սեդա Մուրադյանը:

Փետրվարի 18-ին «Մեդիա կենտրոն»-ը կաշխատի 24 ժամ:

«Ընտրությունների օրը մենք մի քանի ժամը մեկ ասուլիսներ կունենանք բոլոր այն խմբերի հետ, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնելու բոլոր մարզերում: Սքայփով կապ կհաստատենք նրանց հետ: Այսինքն՝ ցանկացած ժամանակ լրագրողները կարող են գալ այստեղ տեղեկատվություն ստանալու»,- ասում է «Մեդիա կենտրոն»-ի համակարգող Գայանե Աբրահամյանը:

«Մեդիա կենտրոն»-ի ասուլիսներին ու հանդիպումներին հնարավոր կլինի հետեւել նաեւ օնլայն:

«Մեր հիմնական միջոցառումներին կարելի կլինի ներգրավել նաեւ ինտերնետային լսարանին՝ նրանցից ստանալով հարցեր եւ մեկնաբանություններ: Կենտրոնում կազմակերպվող ասուլիսները, հարցազրույցները եւ քննարկումներն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինեն Հանրային լրագրության ակումբի կայքերում, MyNews-ի Livestream-ի էջում, Ա1+ կայքում եւ կայքի YouTube եւ Livestream էջերում»,- ասում է Սեդա Մուրադյանը:

«Մեդիա կենտրոն»-ը հնարավոր է՝ հասանելի լինի նաեւ ընտրություններից հետո:

«Սա մեզ համար առաջին փորձն է համախմբելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, լրատվամիջոցներին եւ նրանց միջեւ տեղեկատվության փոխանակումը դարձնել ավելի արդյունավետ: Եթե այս փորձը հաջողվի այս ընտրությունների ընթացքում, ապա մենք կուզենանաք աշխատել նաեւ ընտրություններից հետո»,- ասում է Սեդա Մուրադյանը:

«Մեդիա կենտրոն»-ը ստեղծվել է Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ եւ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի, Նիդերլանդների Թագավորության դեսպանատան եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:

Աննա Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?