2019.10.25,

Նյուսրում

Ստուգելը կարևորում են, բայց հազվադեպ են ստուգում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

«Մեդիա սպառումը Հայաստանում» հետազոտությունը, որը իրականացրել են CRRC-ին ու ՄՆԿ-ն, փորձեց հարցաշարերով պարզել, թե ինչպես են մարդիկ ստուգում մեդիաարտադրանքի հավաստիությունը: Եվ ինչպես են հիմնավորում սեփական վարքագիծը մեդիա դաշտում:

Մեդիագրագիտության տարրերը, որոնք առկա էին հետազոտությունում, թույլ են տալիս եզրակացնել, որ մարդկանց համար կարևոր է փաստերի ստուգումը, լրատվամիջոցի մասին տեղեկություն ունենալը, սակայն մեծ հաշվով՝ հարցվածները հազվադեպ են մի քանի հավելյալ քայլերով վերստուգում այն, ինչը սպառում են:

«Ո՞ր դեպքերում է տեղեկությունը համարվում կասկածելի/ոչ հավաստի» հարցը տրվել է Հայաստանի ողջ տարածքում բնակվող 1200 մարդկանց: Ընդ որում՝ հարցվածները մինչև երեք պատասխան տալու հնարավորություն ունեին

22% –ը ասել է, որ կասկածելի է, եթե տեղեկությունը շատ անհավանական է, 19%-ը՝ եթե նյութի վերնագիրն ու բավանդակությունը չեն համապատասխանում, 17%-ը՝ եթե անծանոթ մարդուց կամ կայքից են այն լսել, 15%-ը՝ եթե աղբյուրը նշված չէ, 10%–ը՝ եթե այն տարածել են անվստահելի մարդիկ կամ կայքեր:

Հարթակի կամ մարդու հանդեպ վստահության առաջին պայմանը ծանոթ լինելն է: Ծանոթ լինելով ես վստահում կամ չվստահում:

«Ինչպե՞ս եք ստուգում կասկածելի տեղեկությունը» հարցը եղել է բաց հարց: Այսինքն, մարդկանց չեն առաջարկվել պատասխանների տարբերակներ, նրանք իրենք են ձևակերպել ստուգման մեխանիզմները:

Կասկածելի տեղեկությունը ճշտելու համար հարցվածների 32%-ը թեմայով ինտերնետային որոնում են անում: 26%-ը նույն տեղեկությունը փնտրում է իր համար վստահելի կայքերում: 23%-ը հարցնում է ծանոթներին ու բարեկամներին, իսկ 16%-ը ճշտում է տեղեկությունը սկզբնաղբյուրից: Հարցվածների 3%-ն էլ գրառում է կատարում սոցիալական ցանցերում:

Հարցվածները իրենց պատասաններում թեև նշում են առնվազն կրկնակի ստուգման պահանջը, սակայն նկարագրելով սեփական վարքագիծը ցանցում, խոստովանել են, որ ոչ միշտ են անցնում հղումների շղթայով:

Այս գրաֆիկից երևում է, որ հոդվածի մեջ տեղադրված սկզբնաղբյուրի հղման վրա սեղմում է ընդամենը 6%-ը, 25%-ը դա երբեք չի անում:

Իսկ 34%-ը ասում է, որ երբեք  չի ստուգում տեղեկությունը՝ անցում կատարելով այլ էջեր:

Պատասխաններում, որոնք բնութագրում են տարբեր լրատվական միջոցների հանդեպ վստահությունը, նույնպես նկատվում է, որ մարդիկ գնահատում են այն, ինչին լավ ծանոթ են:

«Որքանո՞վ է հավաստի հետևայլ աղբյուրների կողմից ներկայացվող տեղեկությունը» հարցը, որը ունի պատասխանների հստակ տարբերակներ, ցույց է տալիս, որ «շատ հավաստի» և «ընդհանրապես ոչ հավաստի» պատասխանները քիչ են:

Հիմնականում մարդիկ տատանվում են ու տալիս միջինացված պատասխաններ:

Այս գրաֆիկը ուսումնասիրելիս, պարզ է դառնում, որ ռուսական լրատվամիջոցները շարունակում են Հայաստանում մնալ լուրջ տեղեկատվական ռեսուրս: Իսկ հանրապետական սփռում ունեցող ռադիոն շատերը ընկալվում են որպես հավաստի աղբյուր:

Հարցվածները մեդիագրագետ մարդուն բնութագրելիս, առաջին տեղում են նշել տեխնիկական հատկանիշը՝ ինտերնետից օգտվելու կարողությունը (18.7%): 

Այնուհետև՝ նյութի ընկալումը վերլուծելու կարողությունը (14.2%), նյութի ստեղծման նպատակը հասկանալու կարողությունը (11.5%):

Մարդիկ մեդիագրագիտության պահանջ են համարել նաև սոցցանցային հաշիվներ/էջեր բացելու ու նաև մեդիայի միջոցով փող վաստակելու կարողությունը:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *