2013.05.07,

Քննադատ

Դիմակավոր եւ դիմակազերծող լրագրություն

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մայիսի 5-ին իրականացվեց հերթական ընտրական միջոցառումը, որը մի կողմից վերահաստատեց Երեւանի ավագանու նոր (մեծ մասամբ՝ հին) կազմը, իսկ մյուս կողմից հերթական անգամ ընդգծեց, թե ինչպես են տարիներ տեւած վերադասավորումների ու կոշտ խմբագրումների արդյունքում իրենց վերջնական տեսքը ստանում հանրային փոխհարաբերությունները:

Նրանք նոսրանում, մանրանում ու ծանծաղանում են: Ճիշտ այնպես, ինչպես եւ մեդիա դաշտը, որը մանր, լոկալ շահերի սպասարկողն է դառնում ու կցվում տարբեր քարոզչական կամպանիաներին, ֆինանսական բուրգերին ու կուսակցություններին՝ ավելի ու ավելի հեռանալով հանրային գործառույթից:

Բնական է, որ եթե իրար հետ «կռիվ» են ունենում կուսակցությունները, ապա կռվի հետքը արտացոլվում է այդ կուսակցություններին պատկանող մեդիայում:

Այդ կռիվը գրեթե միշտ ընթանում է անհավասար պայմաններում (մեդիայի սփռման, ազդեցիկ լինելու, շատ գովազդ ունենալու տեսանկյունից): Անհավասար պայմանները տարածվում են նաեւ մեդիայի ամենաանպաշտպան օղակի՝ իրենց ամենօրյա գործը բանվորի պես անող լրագրողների վրա:

Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ բախման մեջ են մտնում լրագրողները, որոնք այլեւս առանց մեղմացուցիչ հանգամանքների վկայակոչման ստիպված են գործել քաղաքական համատեքստում, նույնիսկ այն դեպքերում, երբ իրենց համարում եմ ծայրաստիճան պրոֆեսիոնալ, հետեւաբար՝ անկողմնակալ:

Ինքնախաբեությամբ չզբաղվող լրագրողը հաստատ կդժվարա պնդել, որ անաչառ է, թեկուզ եւ միայն այն պատճառով, որ իր աշխատանքը հրապարակում է հստակ կուսակցական գիծ ունեցող լրատվամիջոցում: Այդ գիծը կարող է բացեիբաց հայտարարվել, սակայն կարող է եւ քողարկվել (ինչն ավելի հաճախ է հանդիպում), բայց երկու դեպքում էլ այն միշտ գոյություն ունի ու Դամոքլյան սրի պես կախված է ցանկացած լրագրողի գլխին:

Այժմ Հայաստանում ընդամենը մի քանի լրատվամիջոցներ են մնացել, որոնք որոշ չափով զերծ են կուսակցական պրեսինգից, բայց դրանք հիմնականում ազդեցիկ չեն ու մեծ լսարան ունենալու փաստով չեն կարող հպարտանալ:

Մայիսի 5-ի ընտրությունների լուսաբանումը մնացած լրատվամիջոցների համար լուրջ փորձություն էր: Տարբեր տերեր ունեցող կայքերի ու հեռուստաալիքների աշխատանքը համադրելու արդյունքում տպավորություն էր ստեղծվում, որ Հայաստանի քաղաքացին միաժամանակ մի քանի չափումների տրամաբանությանը ենթարկվող հողակտորում է ապրում: 

Զարմանալի է, բայց մեդիայի կռիվը նույնիսկ ավելի թեժ էր, քան լրատվամիջոցների գլխին կանգնած կուսակցությունների կռիվը: Կուսակցությունները երբեմն չեն էլ ցանկանում իրենց պաշտոնական տեսակետը տարածել՝ գերադասելով անել դա իրենց պատկանող մեդիայի շուրթերով (դա շտկումների ու նահանջի որոշակի շանսեր է թողնում):

Մայիսի 5-ին «Հ1»-ն, օրինակ, հայտարարեց, որ ընտրությունների ընթացքում խախտումներ են եղել, բայց բոլորը միայն ընդդիմությունն էր կատարել, «Կենտրոն»-ը իր լրահոսում ընդգրկեց հիմնականում իշխանության անօրինությունների մասին պատմող ռեպորտաժները, «ԵրկիրՄեդիա»-ն նույնպես գործող իշխանության ձեռամբ արված բազմաթիվ խախտումների օրինակներ եթեր արձակեց, «Շանթ»-ը (եւ այլ ալիքներ) սահմանափակվեցին հիմնականում պաշտոնական տեսակետների հանրայանացմամբ: 

Ընդհանրապես վերջերս Հայաստանում ընտրությունները հաճախակի են դարձել, եւ շատ ալիքներ կորցրել են նախկին էնթուզիազմը, այլեւս չեն լարվում բացառիկ բովանդակություն ապահովելու համար:

Բացառությունը «Արմնյուզ»-ն է, որը ընտրությունների մասին պատմելու սեփական մոդելն է մշակել եւ իր տեսանկյունից կարեւոր փաստերը համեմում է երաժշտությամբ ու հյուրերի ընտրանիով: Սա դինամիկ քարոզչության այն օրինակն է, որի «մեխը» մոդեռացիան է: Ալիքը լուրերի բովանդակությունն ու հյուրերի կերպարները մոդեռացնում է՝ հաշվի առնելով այն մեդիա հոլդնիգի գծի թելադրանքը, որի մաս է կազմում: Այդ գիծը կարելի է անվանել «մեղմ իշխանամետ»՝ ի տարբերություն, ասենք, «Հ1»-ի, որը իշխանության քարոզը անում է կացնային հստակությամբ:

Ասենք՝ եթե «Արմնյուզ»-ը ընտրության օրը կազմակերպած մարաթոնին հրավիրում է մարդկանց, որոնք ակնհայտ իշխանամետ չեն, իշխանության (այս դեպքում՝ քաղաքապետարանի) պաշտպանությունը ստանձնում են հենց մարաթոնը վարող լրագրողները: Դա արվում է անգամ այն ժամանակ, երբ քաղաքապետարանը լրագրողների նման ակտիվ ներբողների կարիքը չի ունենում, բայց քանի որ հյուրերը դժգոհում են քաղաքապետարանից, լրագրողներն իրենց պարտքն են համարում հիշեցնել նաեւ քաղաքապետարանի լավ ու արդյունավետ աշխատանքի մասին: Իրականում կարող էին անել հակառակը. հրավիրել իշխանավորների ու սուր հարցեր տալ: Ի վերջո, ամեն ինչ կախված է մոդերատորից…

Իսկ մոդերատորն իր հերթին կախված է կուսակցություններից: Եվ եթե մի կուսակցությունը ասելիք ունի մյուս կուսակցությանը, դա ասում է պատրաստակամություն ցուցաբերող լրագրողների միջոցով:

Ընդհանրապես, այս ընտրությունների ընթացքում շատ խոսվեց լրագրողների պահվածքի, վարքի ու իրավունքների մասին, հատկապես այն բանից հետո, երբ մի քանի լրատվամիջոցներ սկսեցին դիմակազերծել այլ լրատվամիջոցների լրագրողների: ՀՀԿ-ին հարող կայքերն ու հեռուստաալիքները ռեպորտաժներ պատրաստեցին «կեղծ» լրագրողների մասին, որոնք ներկայանում էին որպես «Կենտրոն» ալիքի ու mardik.am-ի թղթակիցներ, բայց իրականում ԲՀԿ-ի կողմից տեղամասեր գործուղված անձեր էին:

«Լրագրողական հետաքննության» ժանրի այս ռեպորտաժն, օրինակ, մտորելու շատ առիթներ է տալիս:

Ցանկացած լրատվամիջոց իրավունք ունի մեկ օրով լրագրողներ հավաքագրել ու ուղարկել նրանց «սեւ» գործ անելու՝ նկարահանելու ընտրատեղամասերում տիրող իրավիճակը: Եվ եթե այդ պատվիրատու լրատվամիջոցը չի բողոքում, որ իր անունն օգտագործում են՝ առանց իր իմացության, ապա ինչո՞ւ է դա անում բոլորովին այլ գիծ ունեցող լրատվամիջոցը:

Հակառակ բանակի լրագրողի վրայից դիմակները պատռելու միջոցով սեփական աչքում բարձրանալը միգուցե հաճելի է, սակայն լսարանի մոտ նման ռեպորտաժները տարակուսանք են առաջացնում: Եվ հարց է ծագում՝ իսկ ովքե՞ր են դատավորները…

Այսինքն՝ ինչպե՞ս ստացվեց, որ մի լրագրող իրեն իրավունք վերապահեց պաթոսով ու դատավճռի տոնայնությամբ խոսել մեկ այլ լրագրողի (թեկուզ եւ իրականում ոչ պրոֆեսիոնալ) մասին, եթե երկուսն էլ լայն իմաստով նույն գործն են անում՝ ինֆորմացիոն «որսի» են դուրս գալիս:

Մայիսի 5-ին ստացվեց այնպես, որ հակառակ բանակների լրագրողները իրար էին թիրախ սարքել՝ նկարահանելով, դիմակազերծելով եւ մեծ իմաստով խանգարելով իրար: Այդպես էին անում քարե դարում ապրող տարբեր ցեղերի զինվորները՝ խանգարելով միմյանց որս անել:

Նունե Հախվերդյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *