Լեհվազում ինտերնետը հասանելի է, այն էլ անվճար*

26.09.2012, Նյուսրում

Մեղրիից 6 կմ հեռավորության վրա գտնվող Լեհվազ գյուղում երկու տարի է անվճար ինտերնետ ակումբ է գործում։ Գյուղը հազիվ 700 բնակիչ ունի։ Սահմանամերձ այս բնակավայրում մարդիկ սովորել են օգտվել համակարգիչներից, ինտերնետն օգտագործել տեղեկատվություն ստանալու, նոր ծանոթությունների համար։

Ինտերնետն ակումբը գործում է Լեհվազի մշակույթի տան շենքում։ Գյուղապետ Սասուն Զաքարյանը պատմում է, որ որոշել էին   նորոգել շենքը, որպեսզի «առաջվա պես մարդիկ գան շաշկի խաղան, երեկոները հանդիպեն»։ «Շեն» հասարակական կազմակերպությունից առաջարկել են «Օրանժ»-ի օգնությամբ ինտերնետ ակումբ ստեղծել, գյուղապետարանում համաձայնվել են։ Հիմա ակումբում 9 համակարգիչ կա, բոլորն էլ միացված են ինտերնետին։ 

«Ժողովուրդը հիմա  գալիս է ինտերնետ ակումբ, երեխեքը փողոցներում չեն թափառում, գալիս են համակարգչային խաղեր խաղում, նոր ծրագրեր են սովորում, դպրոցականները իրենց հանձնարարված նյութերն են ինտերնետից վերցնում, երիտասարդներն ու ավելի բարձ տարիքի բնակիչները գալիս են լուրեր են կարդում, շատերն էլ դրսում ապրող բարեկամների հետ են Skype-ով խոսում»,- պատմում է Լեհվազի գյուղապետ Սասուն Զաքարյանը

Գյուղացիներն ինտերնետից անվճար են օգտվում։ Գյուղապետարանը  համայնքային բյուջեից տարեկան 500 հազար դրամ հատկացնում ակումբի ծախսերի համար:  

Լեհվազում շատ են օգտվում Skype-ից, սոցիալական ցանցերից առաջատարը Odnoklassniki-ն է, հետո՝ Facebook-ը։ 17-ամյա Արեւհատ Աղամալյանը գյուղի ինտերնետային ակումբի մշտական այցելուներից է։ Նա ամենաշատը օգտվում է Odnoklassniki սոցիալական ցանցից՝ շփվում է տարբեր վայրերում ապրող  իր հասակակիցների հետ, Հայաստանից դուրս ապրող ծանոթ-բարեկամներին գտել ու հաղորդակցվում է կայքի օգնությամբ: Արեւհատն ասում է, որ ինտերնետը   զբաղմունքի մի տարբերակ է մայրաքաղաքից կտրված ու հեռավոր այս գյուղում, որտեղ երիտասարդների համար ժամանցի  հետաքրքիր վայրեր չկան։ 

Համակարգիչների առջեւից հեռանալ չեն ցանկանում նաեւ փոքր տարիքի երեխաները,  ընկերներով հավաքվում են, ինտերենտային խաղերից օգտվում, իրար հետ մրցում:  Ընդհանրապես,  որքան աճում է համակարգչային գրագիտության մակարդակը, այնքան գյուղի համակարգիչները անգործ չեն մնում։ 

Ի դեպ, Լեհվազը Սյունիքի մարզի Մեղրիի հատվածի գյուղերից միակն է, որտեղ նման ինտերնետային կենտրոն է գործում։

Մերի Սողոմոնյան, Լեհվազ

 

*
Հոդվածում տեղ է գտել անճշտություն: Լեհվազում ինտերնետն անվճար չէ: Ինտերնետ ակումբից օգտվելու մեկ ժամն արժե 200 դրամ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?