2011.11.10,

Նյուսրում

Աննախադեպ հայց «Հրապարակի» դեմ՝ 18 միլիոն դրամ ընթերցողների մեկնաբանությունների համար

«Հրապարակ» օրաթերթի դեմ 6-րդ դատական հայցն աննախադեպ է: Օրաթերթին դատի տված փաստաբան Արթուր Գրիգորյանը «Հրապարակի» դեմ հայց է ներկայացրել օրաթերթի էլեկտրոնային տարբերակում օգոստոսին հրապարակված «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» նյութի տակ ընթերցողների թողած 6 մեկնաբանությունների համար:

Փաստաբանը գտնում է, որ դրանք արատավորել են իր պատիվն ու արժանապատվությունը, եւ որպես զրպարտության եւ վիրավորանքի փոխհատուցում՝ օրաթերթից պահանջում է 18 միլիոն դրամ՝ յուրաքանչյուր մեկնաբանության համար 3 միլիոն:

«Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանի կարծիքով՝ քանի որ մեկնաբանությունները ինտերնետային տիրույթում են եղել, իսկ այն որեւէ կերպ օրենսդրությամբ չի կարգավորվում, այս դատական հայցը նպատակ ունի նախադեպ ստեղծելու:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նույնպես գտնում է, որ սա վտանգավոր նախադեպ կարող է դառնալ:

«Եթե ինտերնետում տեղադրվող կարծիքների, մեկնաբանությունների հետ կապված դատական ակտեր սկսվեն, պետք է կամ առհասարակ փակել ինտերնետը, ինչը հարիր չէ ժողովրդավարությանը, կամ էլ գրաքննություն մտցնել»,- ասում է նա:

Բացի այս՝ ԽԱՊԿ նախագահը գտնում է, որ Արթուր Գրիգորյանը իրավաբանին հարիր պահանջ չի ներկայացնում՝ լրատվամիջոցների դեմ դատական գործերի պրակտիկայում ամենաբարձր փոխհատուցումը պահանջելով:

Իրավաբան Գրիգոր Բեքմեզյանի խոսքերով՝ «Զրպարտության եւ վիրավորանքի» մասին հոդվածը պատասխանատվություն է սահմանում անմիջապես վիրավորողի համար, սակայն հոդվածի անորոշությունը կարող է տարբեր մեկնաբանությունների հնարավորություն տալ:

«1087.1 հոդվածն այնքան անորոշ է գրված, որ իրականում որոշ դեպքերում կարող է նման խոսակցությունների տեղիք տալ. եթե ինտերնետում մեկնաբանություն է գրվել եւ հայտնի չէ՝ հեղինակը ով է, նշանակում է պատասխանատվությունը պետք է կրի ինտերնետային էջի սեփականատերը»,- ասում է նա:

Իրավաբանի կարծիքով, սակայն, սա չի նշանակում, որ կայքը պետք է պատասխանատվություն կրի, որովհետեւ վիրավորանքն ու զրպարտությունը ինքը չի հրապարակել կամ տարածել, այլ մարդկանց պարզապես արտահայտվելու հնարավորություն է տվել:

«Եթե մենք թույլ տանք, որ այս դեպքերում պատասխանատվության ենթարկվեն ինտերնետային էջերի սեփականատերերը, սա[[wysiwyg_imageupload:123:]] կարող է մեծ չարաշահումների տեղիք տալ: Եթե մենք սա դիտենք պատասխանատվության տեսակ, ուրեմն Facebook-ի դեմ պետք է բազմաթիվ հայցեր հարուցվեն. այնտեղ ով ում մասին ինչ ասես գրում է հաճախ կեղծանունով»,- ասում է նա:

Գրիգոր Բեքմեզյանը գտնում է, որ այս նախադեպը կբերի գրաքննության, ինչի հետեւանքով ինտերնետային կայքերը այլեւս չեն կարողանա գոյատեւել, քանի որ դրանց իմաստը հենց մարդկանց արտահայտվելու հնարավորություն տալն է:

Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը նման իրավիճակներից խուսափելու համար լրատվամիջոցներին խորհուրդ է տալիս իր ընթերցողների համար մեկնաբանություններ անելու կանոններ սահմանել:

«Դա գրաքննություն չի լինի, պարզապես լրատվամիջոցը կսահմանի այն պայմանները, որոնցով կհրապարակի մեկնաբանությունները: Թեեւ անգամ դա չի արդարացնում այն դատական պրոցեսը, որը սկսվել է Հրապարակի դեմ »,- ասում է նա:

Թերթերի դեմ առատ դատական հայցերի պատճառ դարձած «Վիրավորանքի եւ զրպարտության» մասին հոդվածի դրույթներն այժմ վիճարկվում է Սահմանադրական դատարանում: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի սկզբին դատարան է դիմել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի դրույթները հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Սահմանադրական դատարանը ՄԻՊ-ի դիմումը քննության կառնի նոյեմբերի 15-ին:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *