2019.11.29,

Տեսակետ

«Փոդքասթ լսել ցանկացողը փնտրում է զրույց»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Քրիստինա Վազովսկին ապրում է Լոնդոնում, փոդքասթներ պատրաստում ռուսերենով ու փորձում փոդքասթների մշակույթը տարածել որքան կարելի է շատ մարդկանց շրջանում: Այդ թվում նաև՝ վարպետության դասերի միջոցով:

Նման հանդիպում նա անցկացրեց Երևանում՝ պատմելով փոդքասթի հմայքի մասին:

Առաջին հմայիչ քայլը ըստ Քրիստինայի՝ այն է, որ կենսունակ է այն փոդքասթը, որը անձնական է: Իսկ երկրորդ աստիճանը, այդ անձնականը բրենդ դարձնելն է: Այսինքն, անձն այլևս չերևա, այլ ընդգծվի թեմայի կարևորությունը:

Նա ընտրում է էքստրեմալ սրության թեմաներ՝ սեռականություն, մարմին, մանկական տրավմաներ, ամոթ ու հարաբերություններ:

Այժմ Քրիստինա Վազովսկին միանգամից երեք փոդքասթների հեղինակ է՝ «Это Провал», որտեղ պատմում է սեքսի մասին, «Кристина, добрый день!», որը փոդքասթ է փոդքասթների մասին, և «Am I Ghana Die?»՝ աֆրիկյան աուդիո-օրագիր մահվան մասին): 

Դուք շատ հաճելի ձայնային տեմբր ու խոսելու ռիթմ ունեք: Ձայնի որակը հաջողությա՞ն մաս է փոդքասթերի համար:

Իրականում, տհաճ ձայներ քիչ կան, հիմնական խնդիրը, որն ունենում է փոդքասթի հեղինակը, ճիշտ շնչառությունն է: Եթե ճիշտ շնչես, ձայնդ էլ կհնչի:

Ձեր փոդքասթները շատ անձնական են, խոսում եք արգելված, տաբուացված թեմաների մասին: Բա՞րդ է անձնականը դարձնել զանգվածային ու միաժամանակ հետաքրքիր:

Սկզբում իմ փոդքասթների եթերային ժամանակի 30-40%-ում ես ինքս էի: Խոսում էի իմ ձախողումների մասին ու ավելի շատ ուզում, որ լիներ երկխոսություն ընկերներիս հետ ու ընկերներիս համար: 

Բայց քանի որ դա շաբաթական փոդքասթ էր, իմ անհաջողությունների պատմությունները ինչ-որ պահի վերջացան և սկսեցի ինձ համարել միջնորդ՝ հարցազրույց վարող, կուրատոր, նաև հոգեվերլուծաբան: 

Հիմա բավականին քիչ եմ իմ փոդքասթներում, թեև իմ թեման նույնն է, պայմանական ասած՝ սեքսը, թմրանյութերն ու ռոքնռոլը:

Այսինքն, այն թեմաները, որոնց մասին խոսելը ընդունված չէ: Կարծում եմ՝ նաև Հայաստանում:

Ես սիրում եմ տաբուների մասին խոսել: Օրինակ, մահվան, ագրեսիայի և այլն: 

Իսկ չե՞ք կարծում, որ ամենափակ թեման քաղաքականությունն է:

Համաձայն եմ, բայց քաղաքականության մասին խոսելու համար պիտի դրանից գլուխ հանես ու կարողանաս խոսել ազատորեն: Դա իմ ուժեղ կողմը չէ: 

Քաղաքական կարող ես լինել նաև քո հերոսների ընտրությամբ: Ես, օրինակ, լիբերալ հայացքների տեր եմ ու հաճախ եմ խոսում ֆեմինիզմի ու նույնասեռական համայնքի խնդրիների մասին:

Որքանո՞վ են անհատական նախաձեռնույունները օգնում լսարանին լինել ավելի ճկուն, լայնախոհ, ազատ մտածող այն դեպքում, երբ մեդիայի մեծ մասը կենտրոնացված ու քարոզչական է: Ինչպես, Ռուսաստանում:

Իրականում շատ չեն օգնում: Եթե խոսենք հետսովետական երկրների մեդիայի մասին, ապա կտեսնենք, որ լսարանի մեծամասնության համար հիմնական տեղեկատվական աղբյուրը հեռուստատեսությունն է: Միգուցե նաև՝ ռադիոն:

Բայց այդ երկուսը գրաքննվող մեդիա տեսակներ են: Այսինքն, այնտեղ չես կարող հայտնվել, իսկ հայտնվելու դեպքում էլ՝ մեծ է հնարավորությունը, որ խոսքդ կկտրեն: 

Եվ այս իրավիճակում, թվում է, որ փոդքասթն այլընտրանք է: Այո, այդպես է, բայց այդ այլընտրանքը մեծ չէ:

Փոդքասթը նորաձև մեդիա է հատկապես երիտասարդների կամ ավելի լիբերալ օրակարգ որոնողների համար: Մոտավորապես պատկերացնում ենք, որ փոդքասթ լսում են 25-30 տարեկանները, որոնք ապրում են մեծ քաղաքներում, լավ խոսում են անգլերեն ու սիրում են ճամփորդել:

Բայց միևնույն է՝ փոդքասթի և հեռուստալսարանի լսարանների թվերի միջև սարեր ու ձորեր են:

Ինչպե՞ս կարելի է խուսափել փոդքասթը ռադիոռեպորտաժ դարձնելու սխալից:

Առաջին հերթին` փոդքասթն անկեղծության մասին է: Եվ դա է գլխավոր տարբերությունը: 

Այսինքն, մարդը խոսում է մարդու հետ առանց պատնեշի: 

Փոդքասթ անելու համար անպայման չէ լինել փորձագետ: Իսկ դասական ռադիոյում ընդունված է, որ խոսում են կա՛մ փորձագետները, կա՛մ խոսքի հստակ կանոններին հետևող հաղորդավարները, որոնք թեև դասական են, բայց հիշեցնում են ստվարաթղթե կամ բրոնզե ֆիգուրներ: 

Ինչպես, օրինակ, հեռուստալուրերի թողարկումների վարողները, որոնք լավ խոսում են, խնամված տեսք ունեն, բայց լսարանը նրանց մասին ոչինչ չգիտե: Չգիտե, թե ինչ են սիրում, ինչ են անում, ինչ են իրականում մտածում:

Յություբը, Ինսթագրամն ու տարբեր բլոգները դարձան շատ պոպուլյար հենց այն բանի շնորհիվ, որ լսարանը ուզեց տեսնել ու լսել ոչ թե փորձագետներին, այլ մեկին, որն իր նման է:

Կամ նման չէ, և դրանով է հետաքրքիր:

Կամ էլ այսպես: Բայց բոլոր դեպքերում, ուզեց մարդ տեսնել:

Կարծում եմ՝ փոդքասթ անողների հիմնական սխալը ռադիոհաղորդումը մեխանիկորեն փոդքասթ դարձնելն է: Իսկ փոդքասթը ինտերնետ ռադիո չէ, բոլորովին այլ մոտեցում է պահանջում:

Փոդքասթ անում ես բոլորովին այլ տրամաբանությամբ ու գլխով: 

Վերջերս, օրինակ, խոսում էի BBC-ի ներկայացուցիչների հետ, որոնք նեղսրտում էին, որ երբ հաղորդումները տեղափոխում են փոդքաստի բաժին, մարդիկ պարզապես դադարում են դրանցով հետաքրքրվել: Եվ դա բնական է, քանի որ փոդքասթ լսել ցանկացողը չի լսի ռադիոհաղորդում: Նա կփնտրի խոսակցություն, զրույց: 

Ընդ որում՝ խոսակցություն հավասարը հավասարի հետ:

Միգուցե ավելի լավ է, որ փոդքասթ անի մասնագիտությամբ ոչ լրագրողը:

Լրագրությունը ձևական մասնագիտություն չէ: Եթե լրագրող ես, ուրեմն կարողանում ես լավ խմբագրել ու աշխատել տեքստի հետ՝ տարանջատելով պետքականն ու անպետքը: 

Եվ դա հիանալի ու ուրախ հատկություն է, քանի որ փոդքասթերներից շատերը տառապում են շատախոսությամբ: 

Թեև փոդքասթը պիտի լինի ավելի կարճ, սեղմ ու ինտենսիվ ձևաչափ՝ շատ տեղեկատվությամբ, այն հեղինակները, որոնք երբեք չեն աշխատել տեքստի կամ վիդեոյի հետ, անում են լավաշի պես բառային շարվածքներ, որոնք պարզապես հնարավոր չէ լսել:

Երբեմն դրանք իսկական աուդիոմոլության նմուշներ են:

Այնպես որ, եթե ունես լրագրողական անցյալ, իսկապես կխմբագրես փոդքասթն ավելի հետաքրքիր, հստակ ու ինֆորմատիվ:

Փոդքասթով կարելի՞ է հանգիստ կեպրով փող աշխատել:

Փոդքասթը կարող է փող բերել, բայց ոչ հանգիստ: Եթե անելու ես փողի համար, ապա հարյուր տոկոսով փոդքասթինգը դրա տեղը չէ: 

Ընդ որում՝ դա առավելություն է, քանի որ փոդքասթերների մեծ մասի համար դա սրտի թելադրանք ու կրքերի նախաձեռնություն է: Պիտի «հիվանդանաս» փոդքասթով անկեղծորեն և խորը, որ ստացվի լավ արդյունք:

Իհարկե, ես փորձում եմ փոդքասթով փող վաստակել, որ ստիպված չլինեմ մեկ այլ գործ էլ անել՝ ապրուստի համար, բայց դա շատ բարդ է:

Փոդքասթ անողը չի կարող հանգիստ ապրել, պիտի շարժվես, պտտվես, անընդահատ ինչ-որ նոր բաներ հնարես, արդիական ու ակտիվ լինելու համար:

Հասկանալի է, որ եթե աշխատում եք որևէ խմբագրությունում, որը քլիքեր ու դիտումներ է հավաքում՝ գրելով սեքսի, սկանդալների ու աստղերի մասին, ապա սովոր եք, որ դրա շնորհիվ է շատ գովազդ վաճառում, այլ ոչ թե լուրջ լոնգռիդներով: 

Բայց փոդքասթում դա աշխատում է այլ կերպ: Այստեղ լսարանը աճում է համաչափ ու դանդաղ, անկախ այն բանից՝ թեման սկանդալային է, թե ոչ: 

Իհարկե, սեքսն ավելի հետաքրքիր է, քան գիտությունը: Բայց, ի վերջո, սկանդալն արդեն հետաքրքիր չէ, ավելի գրավիչ ու պահանջված է անկեղծությունն ու այն միտքը, որ պետք է խոսել չխոսված թեմաների մասին:

Եվ մի կարծեք, որ դա հեշտ է: Իմ փոդքասթներով ես զբաղվում եմ շատ երկար, լրջորեն ու համակարգված: 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *