2019.12.25,

Նյուսրում

«Կենտրոն»-ի լրագրողների վրա հարձակման գործը ոստիկանությունում է

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Արարատի մարզի Հովտաշեն գյուղի 60-ից ավելի բնակիչներ դեկտեմբերի 24-ին հարձակվել են «Կենտրոն» հեռուստատեսության լրագրող Արթուր Հակոբյանի և օպերատոր Սիմիկ Մայիլյանի վրա, հարվածել նրանց, խլել միկրոֆոնն ու տեսախցիկը:

Լրագրողը և օպերատորը ժամանել են դեպքի վայր՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող տարածքում կատարվող ձկան գողության մասին ռեպորտաժ պատրաստելու համար։

«Գյուղացիները ուղղորդված վատ վերաբերմունք են ունեցել մեր հեռուստատեսության նկարահանող խմբի նկատմամբ: Կեսօրից հետո, երբ դեպքի վայրում սկսեցին այլ լրատվամիջոցներ աշխատել, նրանց հանդեպ նման վերաբերմունք չկար»,- ասում է «Էպիկենտրոն» լրատվալան ծառայության տնօրեն Վարդուհի Մելտոնյանը:

Նրա խոսքով, տեսախցիկը վերցրել են, որպեսզի ջնջեն արդեն նկարահանված կադրերը, որտեղ լսվում են հայհոյանքներ, վիրավորական խոսքեր և տեսանելի են բռնության տեսարաններ: Լրագրողներին հաջողվել է որոշ հատվածներ պահել և եթեր հեռարձակել:

Գործի առիթով ոստիկանությունում նյութեր են պատրաստվում, հարցաքննվում են միջադեպի մասնակիցները: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը: 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, դատապարտել և մտահոգիչ համարել տեղի ունեցածը. «Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելը կամ դրան ոչ իրավաչափ միջամտելն անթույլատրելի է՝ անկախ որևէ մեկի համակրանքից կամ հակակրանքից»:

Լրագրողական կազմակերպությունները ևս անհանգստացած են լրագրողական գործունեության խոչընդոտման այս դեպքով:

«Իրավապահ մարմիններից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել բոլոր մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *