2019.10.23,

Քննադատ

Լսարանի հետ կապի նոր հանգույց. երբ խավարում ես, ինչպես Ջոքերը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Թոդ Ֆիլիփսի «Ջոքեր» ֆիլմը, որը դիտեցին ու քննարկեցին միլիոնավոր մարդիկ, ոչ միայն լուրջ վերլուծությունների ու բուռն արձագանքների առիթ տվեց, այլև դիպավ այն նուրբ կետին, որտեղ սկսվում են նոր լսարան/հանդիսատես ձեռք բերելու որոնումները:

Իր ասելիքով այս ծայրահեղ ռադիկալ ֆիլմը բոլորովին այլ մակարդակի վրա դրեց այն հարցը, թե ինչ է ուզում լսարանը մեդիա արտադրանքից՝ լինի դա ֆիլմ, գիրք, լրատվամիջոցի ամենօրյա լրահոս կամ վերլուծական վավերագրություն:

Այն ամենը, ինչը տեղեկատվության տեսքով թափվում է մեր գլխին, լցվում աչքերն ու ականջները, մեծ հաշվով, ուզում է դրդել մեզ գործողությունների:

Օրինակ, կարեկցել, մտահոգվել, գրգռվել, ներգրավվել պատմության մեջ, որոնել պատասխաններ, զգալ կապը հնարված հերոսների հետ ու այդ կապը տարածել իրական կյանքի վրա:

Իսկ հետո, երբ լսարանի կարեկցելու կամ գրգռվելու նյարդը բթանում է, լայն սպառման բովանդակություն ստեղծողները խտացնում են գույները, որ նորից ու նորից կարողանանք կարեկցել ու գրգռվել՝ արդեն նոր թափով ու ուժգնությամբ:

Մեդիայի ու արվեստի սնունդը արձագանքն է, և դրան հասնելու համար անընդհատ փորձ է արվում քամել լսարանից նոր էմոցիաներ:

«Ջոքերը» երևի ամենալավ օրինակն է, թե ինչպես կարելի է գլխիվայր շրջել հանդիսատեսի սպասելիքներն ու թողնել նրան մեն-մենակ սեյսմիկ կայունություն չունեցող էմոցիաների հետ՝ առաջարկելով հուզական-խոհական քաոսից դուրս գալ ինքնուրույն:

Սուզվել մի իրավիճակ, որտեղ այնքան հուզառատ է, որ արդեն լրիվ խավար է:

Ցածր ժանրեր չկան

Փոփ մշակույթի, այսինքն, իր էությամբ զանգվածային, ոչ բարձրաճաշակ լսարանի սպառման համար նախատեսված արվեստի ժանրերն ու ձևաչափերը այսօր արդիական են, խիզախ ու թարմ:

Անգամ ավելին՝ դրանք են, որ առաջ են տանում ամենալուրջ խոսակցությունները հաղորդակցության, բռնության, արդարության, քաղաքականության կամ երջանկության մասին:

«Ջոքերը», որի հիմքում գրաֆիկական նովելների պարզ ու ծայրահեղ մատչելի սյուժետային կառույց է (բարու ու չարի պայքար՝ բարու անխուսափելի հաղթանակով), շրջում է այդ կառույցը. չկա բարի ու չար, կա քաոս, որը թե՛ ազատագրում է, թե՛ աղետ: Կամ ավելի ճիշտ՝ երկուսն էլ միասին:

Ջոքերը դրական սուպերհերոս Բեթմենի հակոտնյան է, բայց այս ֆիլմում նա առանց Բեթմենի է, որը տարիքով տակավին երեխա է: Իսկ ինքը Ջոքերը դեռևս չարագործ չէ, այլ անհաջողակ, ոչ առողջ ու անեծքի պես արատի տեր կատակերգակ։ Նա ունի անուն, անցյալ ու նպատակներ: Նա դառնում է չարագործ մեր աչքի առաջ:

Ընդհանրապես կոմիքսների պարզ ու պոպուլյար բանաձևը շատ շահեկան է այն կոտրելու համար: Հանդիսատեսը գնում է դիտելու էֆեկտներ, հասկանալի հերոսներ ու սևերի-սպիտակների ավանդական բախում, բայց հանդիպում է համատարած սևացման պրոցեսին:

Իհարկե, ֆիլմը հմտորեն զուգահեռներ է անցկացնում հնարված 1970-80-ականների Գոթեմ քաղաքի ու այսօրվա հետ: Քաղաքը կորած է աղբի մեջ, փողոցներում բռնություն է ու վազող առնետներ, վերնախավը հղփացած կոռուպցիոներներ են: Եվ ընդամենը մեկ կայծ է հարկավոր սոցիալական ապստամբության համար: Կայծն էլ չի ուշանում:

Բայց ֆիլմում քաղաքը ու մյուս հերոսները ընդամենը ֆոն են, առաջնային հարցն այն է, թե ինչ անել ծեծվող, հալածվող խեղկատակի հետ, որն ընդամենը ուզում է իր կատակերգական շոու ունենալ ու ուրախացնել մարդկանց, բայց իր մեջ խտացնելով աշխարհը՝ դառնում է մարդասպան ու աղետ:

Ֆիլմը կարծես ասում է՝ հույզե՞ր եք ուզում: Դե ստացեք բոլորը միասին ու մի քիչ էլ ավելի:

Ավելի մռայլ իրականություն, քան ստեղծված է այս ֆիլմում, դժվար է պատկերացնել: Հեքիաթ-պատկերապատումը գրոտեսկ է, բայց ռեալիստական անհուսությամբ:

Ջոքերի կերպարը (Խոաքին Ֆենիքսի հանճարեղ կատարմամբ) ո՛չ փրկիչ է, ո՛չ համակրելի, ո՛չ տաղանդավոր, նա մի մեծ հարց է՝ ի՞նչ անել, եթե ազատագրումը հնարավոր է միայն քաոս ծնելով, իսկ ահաբեկչությունը այն է, ինչ զանգվածների սրտով է:

Եվ եթե վերացնում ես խեղդող հիերարխիաները, ինքդ էլ ես վերանում կամ լավագույն դեպքում՝ դառնում խելառ ծիծաղով ու բզկտված հոգեկան աշխարհով վտանգ:

Էկրանի երազանք

«Ջոքերը» ֆիլմ է մինչինտերնետային դարի մասին, երբ փառքը անպայման կախված էր հեռուստատեսային էկրանին հայտնվելու հետ:

Եվ սպանությունը ուղիղ եթերում այն գործողությունն է, որը ալեկոծում է հասարակությանը ու հասնում փողոց: Հիմա ուղիղ եթերի գաղափարը նույնքան պայթյունավտանգ է, բայց արդեն ոչ հիերարխիկ (ինչպես ասում են՝ Յություբը մեզ օգնական):

Կանաչ մազերով ու ժպիտից պատռված բերանով դիմակավոր Ջոքերը սպանում է հասարակության կողմից ընդունված կատակերգակին՝ առանց ավելորդ բառերի:

Ու նորից ծագում է այս միտքը՝ որքան խորը ու ճյուղավորված պիտի լինեն էմոցիաները (ասենք, թաթախվեն արյան մեջ), որպեսզի հաղորդումն ունենա բարձր դիտելիություն, իսկ ֆիլմը քննարկվի բոլոր հնարավոր ոլորտների հետ կապվելով:

«Ջոքերը» տանում է անասելի խորքեր, այնտեղ, որտեղ մութ է:

Հետաքրքիր է, որ տարբեր գրախոսականներում ֆիլմը մեղադրել են թե՛ ռասիզմի, թե՛ քաղաքական կողմնակալության, թե՛ հոգեբանական ոչ ճշտության և թե՛ հազար ու մի այլ բաների համար:

Այն բոլոր հնարավոր թեմաներին է դիպել, ինչպես պիտի անի սկանդալային արտադրանք ձևացող լավ արվեստի գործը:

Հաղորդակցության դեր ունեցող արվեստն ու մեդիան բավարարում են լսարանի հիմնական պահանջը՝ տեսնելով տարբերվող, ոչ օրինակելի հերոսին ու նրա տվայտանքները, գտնել հանգստություն:

Հանգիստը, խաղաղը, հույսը երկարաժամկետ ներդրում են, երբ հարկավոր է հույզերից հյուսել միտք:

Հետաքրքիր է, որ եթե նախկինում զանգվածային էին դառնում ֆիլմ-հույսերը (հերոսը խաղաղվում էր ու բարին հաղթում), հիմա շուկա է դուրս գալիս ֆիլմ-նևրոզը (հերոսը ոչ միայն խավարում է ապրում, այլև հենց ինքն է խավար):

Լսարան/հանդիսատեսը չի կարողանում հայացքը թեքել խավարից, քանի որ գիտի, որ կարող է դուրս գալ խավարից միայն մինչև վերջ սուզվելուց հետո: Անթարթ նայելով էկրանին այնպես, կարծես չկա կինոէկրան, այլ իսկական ցավ ու արյուն է թափվում նրա վրա:

«Ջոքերը» գրոտեսկ է ծայրաստիճան ռեալիստական, անգամ հուսահատ ռեալիստական խաղով:

Խոաքին Ֆենիքսն այնպես է խաղում իր դերը, որ հանդիսատեսը էկրանից այն կողմ զգում է ֆիզիկական ցավ: Դա մի խաղի տեսակ է, որը պարզապես գոյություն ունենալ չի կարող, որից հետո հանդիսատեսին երկար ժամանակ է պետք ուշքի գալու համար, քանի որ թվում է, որ մաշկով, նյարդերով է զգում հերոսի հոգեվիճակը:

Ահասարսուռ ծիծաղը քանդուքարափ է անում նրան, հետը քանդվում ենք նաև մենք: Հետո նորից հավաքվում, բայց արդեն այլ կերպ:

Եվ դա հանդիսատեսին թրոլինգի ենթարկելու, սթափեցնելու լավ միջոց է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *