2013.08.27,

Քննադատ

Հակոբ Ինջիղուլյանի տեսանյութը չտարածելու 6 պատճառ

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Գերության մեջ հայտնված Հակոբ Ինջիղուլյանի «հարցազրույցի» հրապարակումները հայաստանյան մամուլում մի շարք հարցեր են առաջացնում։ 

Նախ ներկայացնենք փաստերը։ Ադրբեջանական քարոզչամեքենան մի քանի սխալներ գործեց։ Սկզբում Բաքվից պաշտոնապես հայտարարեցին, որ Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել է եւ հայտնվել է Ադրբեջանում։ 

Հետո որոշում կայացվեց հայ գերուն օգտագործել քարոզչական պատերազմում։ Այդ նպատակի  համար հաղորդում նկարահանվեց, որում Հակոբը պատմում էր գերության մեջ ընկնելու մասին։ Տեսանյութում ակնհայտորեն լսվում էր, թե ինչպես է Հակոբը հայերեն պատմում, որ գնացել է ջրի հետեւից, սակայն ռուսերեն թարգմանվում էր, որ կամավոր հանձնվել է ադրբեջանական կողմին։ 

Քանի որ սուտը արագ բացահայտվեց, նկարահանվեց երկրորդ տեսանյութը, որում Հակոբն արդեն հայերեն էր խոսում՝ առանց թարգմանության, եւ ասում էր այն ամենը, ինչ պետք էր ադրբեջանական քարոզչամեքենային։ Հակոբը պարտադրված կրկնում էր ադրբեջանական բոլոր քարոզչական թեզերը: Ընդ որում՝ հայերեն, հենց Հայաստանի լսարանի համար։ 

Դրանից հետո մի շարք հայաստանյան լրատվամիջոցներ առանց փոփոխությունների վերահրապարակեցին այդ տեսանյութը։ Արդյո՞ք լրատվամիջոցը պետք է նման նյութը տարածի։ Միանշանակ՝ ոչ: Ներկայացնեմ վեց պատճառ:

ա. Սա հարցազրույց չէ, քանի որ գերության մեջ գտնվող զինվորը ակնհայտորեն գտնվում է հոգեբանական եւ, ենթադրաբար, ֆիզիկական ճնշման տակ (առաջին տեսանյութում Հակոբի աչքի տակ կապտած էր, երկրորդում կապտուկը ժամանակից շուտ անհետացել էր)։ Նման նյութի լրագրողական արժեքը զրոյական է։ 

բ. Բարոյական տեսանկյունից էլ տարածել տեսանյութ, որտեղ մարդուն ակնհայտորեն նվաստացնում են եւ պարտադրում են խոսել իր հայրենիքի դեմ, չի տեղավորվում լրատվամիջոցների գործելաոճի մեջ։ 

գ. Տեսանյութը իրենից ներկայացնում է թշնամու քարոզչական նյութ։ Ոչ ավել, ոչ պակաս։ Նույն լրատվամիջոց֊ները պատրա՞ստ են արտատպել ադրբեջանական բոլոր քարոզչական թռուցիկները։ Ընդհանրապես թշնամու քարոզչության վերարտադրումը պատերազմող երկրում, մեղմ ասած, լավ բան չէ։ Օրինակ՝ պարզ եւ հստակ դիրքորոշում՝ «ՍիվիլՆեթը, չցանկանալով ադրբեջանական քարոզչության մաս կազմել, չի տարածում նյութի հղումը»:

դ. Լրատվամիջոց֊ները հասարակական կարծիք են ձեւավորում, ինչը լավ գիտակցում են եւ՛ խմբագիրները, եւ՛ լրագրողները։ Պետք է գիտակցել, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք ոչ թե հակառակորդի, այլ իրական թշնամու հետ, որը գերիներին անմարդկային կտտանքների է ենթարկում, սպանում, ինչի վկան բոլորս ենք։ Սա խաղ չէ, եւ Հակոբի կյանքը իրականում վտանգված է։ Այս տեսանկյունից դիտարկենք հրապարակումները։ Առանց ֆիլտրելու տեսահոլովակը տարածելը բավական մեծ քանակի մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում, թե Հակոբը դավաճանել է հայրենիքը։

ե. Ժնեւյան կոնվենցիաները արգելում են ռազմագերիների հանդեպ ոչ միայն ֆիզիկական բռնությունը, այլեւ նույնիսկ պահանջում են, որ գերին պաշտպանված լինի «ամբոխի հետաքրքրությունից» (տես 13֊րդ հոդվածը)։ Տեսանյութը խախտում է ժնեւյան կոնվենցիան, եւ դրա տարածողները փաստացի հանցանքին օժանդակողներ են։ 

494

զ. Հիմա ամենակարեւորը։  Եթե տեսանյութը հրապարակվում է «ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանում Հակոբ Ինջիղուլյանի բացահայտումները հայոց բանակի մասին» կամ «Акоп Инджигулян предатель?» վերնագրերով, ապա լրագրողը եւ խմբագիրը պետք է լավ գիտակցեն մի կարեւոր բան՝ այդ նյութը միանշանակ կարդալու է նաեւ ադրբեջանական հետախուզությունը։ Հետո այդ նյութերը տանելու են ու դեմ տան Հակոբին։ Նաեւ տակը գրված բոլոր այն մեկնաբանությունները, որտեղ մարդիկ իրեն անիծում են վերջին խոսքերով։

Մի բան է, երբ մարդու վրա ճնշում է գործադրում թշնամու հատուկ ծառայության աշխատակիցը, մեկ այլ բան, երբ նա տեսնում է, որ իր հայրենիքում իրեն համարում են թշնամի։ Մարդուն կոտրելու համար ավելի վատ բան դժվար է անել։ Ամենալավատեսական մոտեցումներով մարդուն դրդում են չվերադառնալ Հայաստան, ընտանիքի վրա խաչ են քաշում։ Եվ սա այն դեպքում, երբ ամեն ինչ արվում է իրեն հայրենիք վերադարձնելու համար։ Նաեւ  հնարավոր է իրավիճակի շատ ավելի վատ, անդառնալի զարգացում, որն անգամ քննարկելու ցանկություն չկա:

Սամվել Մարտիրոսյան

Հ.Գ.  Հակոբ ջան, շուտ տուն վերադարձիր:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *