LeZoo-ն անելու միտքը ունեի դեռևս 2016-17-ին։ Ռուսական մեդիայում շատ էի կարդում լեզվին առնչվող տեքստեր։ Շատ ոգեշնչվեցի Московские Новости –ի «Слово – Антислово» հարցազրույցների շարքից, ուր ամենատարբեր ոլորների ու սերունդների մարդկանց հետ խոսում էին մեր ժամանակների լեզվի մասին կարևոր իրադարձությունների համատեքստում։
Կարդալով տարբեր մարդկանց լեզվական սովորությունների ու հատկապես բառերի հետ կապված ասոցիացիաների, ընկալումների մասին, հասկանում էի, թե ինչ տարբեր ու խոր կարող են լինել նույն բառի իմաստներն ու էմոցիոնալ ուժը տարբեր մարդկանց համար։
Բացահայտում էի արդեն չկիրառվող, գրքային բառեր, որոնք ուրիշ ժամանակներում առօրյա ու հասարակ բառեր էին, իսկ հիմա մի տարեց ռեժիսորի մանկության մշուշում են։
Ես էլ որոշեցի, որ լավ ձևաչափ է, ու արժե մասնագիտական կամ մերձմասնագիտական օղակներից դուրս գալ ու հարցնել մարդկանց իրենց ու լեզվի հարաբերությունների մասին։ Որոշեցի նաև, ըստ տպավորությունների, նկարազարդել նրանց լեզվական աշխարհը։ Դեռ 2017-ին մի երկու փորձնական հարցազրույց արեցի, չհրապարակեցի (բարին դա էր, շատ վատն էին), բայց մի քանի իլյուստրացիա մնաց հիշատակ։
Ամեն դեպքում էն ժամանակ LeZoo-ն անելը ինձ համար շատ կարևոր էր։ Արդեն չեմ հիշում, թե ինչու։ Հիմա ավելի շատ նոր օնլայն և ֆիզիկական մեդիա հարթակ ստեղծելու գաղափարն է ավելի հետաքրքիր։ Ցանկացած բան, որ նախաձեռնում եմ, սովորաբար ինչ-որ բացերից ելնելով եմ անում։
Ստեղծում եմ մի բան, որ անձամբ ինձ է պետք ու չկա։
Հիմա LeZoo-ն անում եմ ընկերուհուս, Նարեի հետ․ արդեն միասին մի ֆիլմ ենք նկարել։ Դեռ երկուսով ենք, բայց հեղինակները շատանալու են, ու հենց դա գաղափարներից մեկն է։ Հիմա նաև աշխատում ենք լեզվի մասին փոդքասթ ստեղծել։ Ես մի քանի տարի տանում-բերում էի էս գաղափարը, իսկ Նարեն մի օր որոշեց ու մի ժամում կայք սարքեց։
Լեզուն ասելով՝ նկատի չունենք միայն հայերեն, կամ միայն լեզու։
Լեզուն ուսումնասիրող կամ որպես գործիք կիրառող ցանկացած գիտակարգ կամ ոլորտ՝ գրականություն, գրականագիտություն, փիլիսոփայություն, կինո, կոմիքս, մեզ հետաքրքրում է։ Բայց զգալի մասը հայերենին նվիրված կլինի, քանի որ ամենաշատ անելիքը մեզ համար այստեղ է։
Արևմտյան շատ փիլիսոփայական և գրական գործեր այսօր թարգմանվում են հայերեն ու կան գրականության և քննադատության թեմայով կայքեր, որոնք նույնպես կհավաքենք ու մի տեղ համակարգված, կունենանք որպես ռեսուրս։
Անընդհատ պետք է հետևենք, իմանանք, ինչ կա հայնեթում, գտնենք ու լուսաբանենք հետաքրքիր բլոգեր/հեղինակների։
Ինձ համար լեզվի մեջ լավ կամ վատ բաներ չկան, ամեն ինչ ուսումնասիրության դաշտ է (բառերը ժամանակի մարկերներ են, պատմական շերտում պահպանված մետաղադրամներ)։
Կա իմը ու ոչ իմը, օրինակ։ Դա էլ փոփոխական բաց դարակ է։ Էդ առումով՝ թրեշ շատ եմ սիրում, մեկ-մեկ լեզվական աստրալ եմ դուրս գալիս Յություբում կամ վաղուց լքված 2000-ականների ինչ-որ ֆորումներում։
Մեդիա-հնէաբանությունը շատ հետաքրքիր զբաղմունք է։
Հայերենին նայում եմ աութսայդերի աչքերով․ երբեք մեջը չեմ եղել։ Նոր եմ մոտեցել մի քիչ ու փորձում եմ ճանաչել որպես գործիք, իրական, այլ ոչ աբստրակտ արժեք։
Նարեն ինձ մեկ-մեկ ասում է «անգրո», որովհետև կետադրությունը պատահականության սկզբունքով եմ դնում, «ինչ-որ»-ը վերջերս եմ սովորել գծիկով գրել։ Բայց դե ժամանակ չեմ հատկացրել սովորելուն, իմիտացիայի մեթոդով (այդ թվում երկու տարի media.am-ի նյուզրումին ականջ դնելով) վիճելի տառաճանաչությունից հասել եմ advanced user-ի, հոդվածներ եմ գրում-մրում։
Երևի անհեթհեթ է հնչում լեզվին լիովին չտիրապետող մարդու ցանկությունը լեզվին նվիրված հարթակ ստեղծել։ Բայց ինձ համար սա սովորելու առիթ է։
Ես լեզվաբան չեմ, չունեմ համապատասխան կրթություն ու գիտելիք, բայց գիտեմ՝ ոնց գտնել անհրաժեշտ մարդկանց ու գիտեմ, թե ինչ հարցեր տալ նրանց։ Եթե նման բան լիներ, սիրով չէի անի սա, ուղղակի կսպառեի:
Արևմտյան իրականության մեջ լեզվի, տեքստի խնդիրներով զբաղվով մասնագետները (փիլիսոփաները, գրականագետներն ու գրաքննադատները) մասսայական մշակույթի և արվեստի անբաժան մաս են և նրանց գաղափարները մեծապես ձևավորում են մարդկանց։ Նրանց մասին ֆիլմեր են նկարում։
Պատկերացնու՞մ եք ֆիլմ Աբեղյանի կյանքի մասին, կամ Աճառյանի, Աբովյանի, Ադոնցի։
Ասածս այն է, որ հասարակության, մեդիայի մեջ լեզվական դիսկուրսների մշտական առկայությունը անհրաժեշտ է լեզվի կիրառման, գիտակցման, խնդիրների ընկալման, գնահատման, լուծման համար։
Արվեստի, մշակույթի, փիլիսոփայության, գրականության շուրջ ակադեմիական լուրջ աշխատանքներին զուգահեռ պետք է լինեն նաև հասանելի նյութեր՝ մեդիայում, համընդհանուր հասանելի հարթակնելում տեսանյութեր, տեքստեր, վերլուծություններ։
Օրինակ, «մեր մեծերի» մասին արդեն բարոյապես հնացող շարքերից պետք է դուրս գան գրավիչ դիզայնով, պարզ, ինֆորմատիվ, անպաթոս explainer-ներ, որոնք, որպես առաջին ծանոթություն, հնարավորություն են տալիս 10 րոպեում պատկերացում կազմել այս կամ այն գիտնականի կենսագրության, աշխատանքի և հիմնական գաղափարների մասին։
Այս ձևաչափը բավական գրավիչ է, որ դիտողը ցանկանա անդրադառնալ հեղինակի գրքերին։
Ինձ դուր է գալիս, երբ լուրջ մասնագետներ կարողանում են լեզվի մասին խոսել մատչելի և հումորով ու հետաքրքիր դարձնել ամենաբարդ թեմաները։ Որպես օրինակ կբերեմ Арзамас-ի ռուսերենի մասին և Meduza-ի լեզվի և լեզվաբանության մասին Розенталь и Гильденстерн փոդքասթները։
Հայերենի շուրջ կա ոչ կառուցողական, տագնապալի մի էմոցիոնալ դաշտ․ վերանում է, աղավաղվում է, չի կիրառվում, վտանգված է և այլն։
Բայց լեզուն հենց այնպես չի վերանում, լեզուն թերսնուցված է ու վիտամինների պակաս է լրացնում, բոլորի չսիրած անգլիցիզմների, կամ նույնքան չսիրված ռուսաբանության հաշվին։
Օրինակ, (սիրել-չսիրելը՝ մի կողմ) զարգանում է ռեփը, որն ինչ ուզում, անում է բառերի հետ, խառնում, կիսում, նոր բառեր է ստանում։ Որովհետև այս լեզվով ապրել ու ստեղծագործել է պետք։
Փոխառությունների դեմ պայքարելն անիմաստ է, որովհետև կան նոր երևույթներ ու չկան դրանք նկարագրելու բառերը։ Լավ է, երբ ստեղծվում են հայկական բառեր, որոնք կամ մնում են լեզվի մեջ, կամ չեն մնում։ Երբեմն օտար բառերն են ավելի օրգանիկ (բնականոն) կերպով տեղը զբաղեցնում։
Մեկ այլ ընդունված ընկալումն այն է, որ հայերենի ուղղությամբ չի կարելի շնչել, ցանկացած ազատ վերաբերմունք կամ մեկնաբանություն սրբապղծություն է։
Վերջերս Yelling Studio-ից ընկերներս հրապարակեցին «Մաշտոց․ ոչ այնքան ճշգրիտ պատմություն» կոմիքսը հայոց գրերի ստեղծման մասին։ Թարմ, ժամանակակից դիզայնով, հետաքրքիր գիրք է՝ արևելահայերենով և արևմտահայերենով։ Փորձում էի օգնել տարածել կոմիքսը ֆեյսբուքյան տարբեր հայ-ռուսական, հայ-ֆրանիական ու էլի մի քանի փակ խմբերում։
Արձագանքներից ստացանք երկու լայք ադմիններից և խմբերից մեկում ԵՊՀ-ի աշխատակցից (ըստ պրոֆայլի)՝ սպառնալիք-ուղերձ տհաս երեխաներին՝ հեռու մնալ սուրբ Մաշտոցից ու նրա գործից։
LeZoo-ն ճիշտ կլինի համարել կուրատորական մուլտիմեդիա նախագիծ։ Մենք փորձում ենք խոսել լեզվի մեջ այն բանի մասին, ինչ սիրում ենք, լեզուն դիտարկել որպես խաղ ոչ թե խնդիրների կամ սպառնալիքների, այլ լեզվի սպառման հաճույքի, կյանքի ամենատարբեր ոլորտներում լեզվական ասպեկտի ճանաչման ու ընկալման համատեքստում։
Այս պարագայում լեզվի մասին խոսակցությունն ինքնաբավ է, որևէ նպատակ կամ վերջնական արդյունք չի ենթադրում։ Էքսպերիմենտ է, լաբորատոր թեստ։
Կարինե Արոյան
նկարիչ, լրագրող, lezoo.am-ի համահիմնադիր
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: