Պարետ Տիգրան Ավինյանին ուղղված փոքրիկ Սոնայի նամակը (թույլ տալ գնալ գյուղ՝ պապիկին հյուր) և պարետի մերժում- արձագանքը լայնորեն քննարկվեց կարանտինի դժվարութուններին դիմակայող մարդկանց շրջանում։
«Հավատա` բոլոր սահմանափակումները միայն քո, ընտանիքիդ, ընկերներիդ, մեր բոլորի առողջության համար են։ Այս ամենը ժամանակավոր է, և շատ շուտով դու և մյուս փոքրիկները դարձյալ դպրոց եք հաճախելու և խաղալու եք բակում», – գրել է Ավինյանը նամակում։
Այնպես չի, որ մենք էլ մտովի նամակ չենք գրում պարետ Ավինյանին, որ թույլ տա թոռնիկները գան գյուղ՝ օդ շնչելու, բայց պետք է կարոտին էլ դիմադրել՝ հանուն երեխայի վաղվա զբոսանքի ու մաքուր օդի։
«Ինչպես հեռավոր Չինաստան»
Հայ գրողների այս աֆորիստիկ միտքը (երբ խոսքը մի հեռու-հեռավոր, մեզ հետ ընդհանրություն չունեցող երևույթի մասին էր) այս գարնանը կատարելապես ոչ ևս եղավ։
Պարզվեց, այնքան էլ հեռավոր չէր, առանձին վերցրած մեկ հայկական գյուղից երկու հոգի են աշխատում Չինաստանում։ Անգլիայում սովորած աղջիկը Պեկինում էր աշխատում, Չինաստանում ամուսնացած տղայի մայրն էլ չի մտաբերում քաղաքի անունը։ Գիտի միայն, որ մայրաքաղաքը չէ, «էդ Ուհանը չի»…
Հետո վարակն ավելի մոտեցավ. քիչ բացառությամբ բոլոր ընտանիքները ինտերնետով են խոսում, քանի որ մարդ ունեն Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ամերիկայում։
Հետո արդեն մայրաքաղաքին մոտ լինելը գյուղը դարձրեց առավել խոցելի. արտադրամասում աշխատոողներ կան։ Ու մտանք գյուղական յուրատեսակ կարանտինային ռեժիմ։
Բելգիայում ու Հոլանդիայում որդիներ ունեցող միայնակ ապրող ութսունամյա հարևանուհու հետ շփումը դարձավ լուսամուտից ձեռքով ողջունելը։
– Ինչի՞ չես երևում, վախենու՞մ ես վարակեմ։
– Չէ, վախենում եմ՝ ես քեզ վարակեմ:
Ամեն առավոտ բարի լույս էինք ասում։ Ծիսակարգը նույնն էր, հինգ րոպեի մեջ տեղավորվող։ Ճնշումի բարձր լինելու և այն մասին, թե որ ժամին են հանգել մեր տան լույսերը։ Վերջերս թեմաները համալրվել էին.
- Բա դուք ի՞նչ եք նայում, որ անհասցեն ու սիրուն Սոնան չեք նայում։
- Էլի մեր գյուղացի Հրայրին ցույց տվեցին, աթոռս մոտիկ տարա, բայց բան չհասկացա։
- Ասում են՝ էս անգամ Բրյուսելում Նիկոլին լավ չեն ընդունել…
Ինձանից տեղեկացված է, ու փակված՝ առժամանակ զրկված եմ տեղական ու եվրոպական բանավոր լուրերից։ Նա էր պատմում, թե ինչ լսեց ու տեսավ հեռուստացույցով:
Հետս են ինձանից մերձ շփման ժամանակակից միջոցները, քանի որ երկար տարիներ է սկայպը միշտ միացրած է։
Կարանտինը և կարոտը շատերիս ստիպեց շփումը դարձնել չսիրված ու մերժված հեռավար։
Երբ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը (հմմ՝ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն) եղավ, մտածում էինք հանկարծ մի բան չպատահի, որ «փչացնի մեր տոնը», ինչպես 88-ի շարժումից հետո՝ գետնի տակից եկած երկրաշարժը։ Բայց այդ բանը եկավ աննկատ ու առանց աղմուկի, եկավ հեռու Չինաստանից։
Հույս ունենք, որ վիրուսի հեռանալուն չի հաջորդի արժանապատիվ մարդու նվաստացումը, ինչպես եղավ նախորդիվ։
«Գյուղն էլ իր առվակներն ու բլրակներն ունի». Գոգոլ
Ռուս գրողը հավանաբար նրբանկատ հեգնել էր գյուղական զվարճանքի վայրերը, իբրև աննշան-անհետաքրքիր, քմծիծաղի արժանի բաներ, սակայն վերաիմաստավորման կարանտինային այս օրերին սա էլ այլ լույսի տակ է երևում։
Կարանտինային գյուղում հաճույքով ու առանց զգուշավորության սուրճը ձեռքիդ դուրս ես գալիս այգի, յասամանը, դեղձենու և խնձորենու ծաղիկները բուրում են: Անգամ սակուրայի ծաղկումին կարող ես հետևել, եթե մտքումդ այդքան պատվավոր տեղ տաս ամենասովորական բալին։
Հայերն ասում են՝ էնքան մտածեցինք, աշխարհից դուրս եկանք։
Ահա թե ինչու են արևելյան իմաստուններն այդքան իմաստուն նստել ու խորացել կյանքի մեջ, «բաբաթ փիքր են արել աշխարհի բանը» (Պեպո)։
Առաջինները եղան վերջինն ու վերջինները եղան առաջին, և ով կմտածեր, որ մայրաքաղաքի բնակիչները կնախանձեն հեռավոր գյուղերի ապրողներին, ճիշտ է, ժամանակավոր, բայց հանուն արդարության և հավասարության։
Կամ` քաղաքամերձ բնակավայր լինելը կդառնա պակասություն, հեռավորը՝ առավելություն։ Մարտի 8-ապրիլի 7-ն էլ կդառնա գեղեցիկ, բայց սպառողական-փուչ հորինվածք։
Կարանտինի այս շրջանում գյուղացիները դաշտերում, ջերմոցներում աշխատելով այնքան են հոգնում, որ էներգիա չի մնում վիրուսի մասին դարդ անելու։ Վաստակած-դադրած քնում են, առավոտ ծեգին, 6-ին արթնանալու համար։
Կարանտինի մտահոգ այս օրերին սա փրկօղակ է, և կարելի է տխրել, որ ընտանիքիդ կենցաղը տարբեր է նրանցից։
Նույնը միայն այն է, որ բոլորիս կապի միջոցները հեռավար են ու աշխարհը գալիս է գյուղ՝ ինտերնետով: Հեռուստացույցն էլ շարունակում է շատերի համար լինել ցանկալի ընկեր:
Մենք կարդում ենք՝ Սարոյան, Ֆոլքներ «Անպարտելիները», Մարկես «Գեներալը սեփական լաբիրինթոսում», «Անիծյալ ժամանակ», Սյուսակու Էնդո «Լռություն», և վերջապես, Կաձուո Իսիգուրո «Թաղված հսկան»։
Վերջապես ու կարևոր այնքանով, որ վեպի՝ խորը քարանձավում ապրող հրեշ-հսկան մշուշել էր մարդկանց հիշողությունն այնքան ժամանակ, մինչև գտնեն ու հուղարկավորեն։ Այդպես էլ մենք Դարակերտում, ինչպես վեպի միջադարյան գյուղում, սպասում ենք, թե երբ գիտնական կտրիճներին կտրվի վիրուս-հսկային հուղարկավորելու կամ հակամիջոց-զսպաշապիկ գտնելու ճարը։
Ոչ միայն առվակներ ու բլրակներ, գյուղն իր սիթին ևս ունի, և գնումների մասով անհանգիստ չեն։ Խանութները լիքն են, իրենք էլ առձեռն փող չունեն, որ մի կիլոգրամից ավելի գնումներ անեն։ Իրենց իմացածով փիլիսոփայում են՝ չենք ուտի նազրվան վարունգ, կուտենք ստելա վարունգ, չենք ուտի չերի պոմիդոր, կուտենք՝ տեղական։
Գյուղում միայնակ ծերերն էլ ազգական ու հարևան ունեն, ու սա էլ ինքնակազմակերպվող-լուծվող հարց է, իհարկե, կարճ ժամանակի համար։
Հարևանը երեխայի համար կարդալու գիրք է ուզում, ինչը նախկինում չէր անի, աշխատանքի էր, ժամանակ չուներ երեխայի ինքնակրթությամբ զբաղվելու։
Արարատյան դաշտի կարանտինային առավոտ է, և նոր սյան համար ճյուղեր ընտրող բարձրահասակ երիտասարդ արագիլն է փողոցում միայնակ հպարտ շրջում ու շորորում։ Օգտվելով սակավամարդությունից՝ թռչուններն ավելի համարձակ են դարձել ու ընդլայնել իրենց տիրույթները։
Այս օրերին տոնական սեղանի համար բանջար հավաքողներն էլ մենակ են՝ հեռվից ձեռքով բարևելով։
«Ընդդեմ ու հանուն» ծնողից, երեխայից ու թոռնիկից առժամանակ հեռու լինելով հասկանում ես, թե իրականում ինչ ես ուզում կյանքից։
Ծնողը՝ առողջ, մյուսներն էլ՝ հաջողակ։ Այսքան քիչ կարևոր բաներ։
Թոռնիկս մեսենջերով Այգեկցու առակ է պատմում, ստիպված պիտի Խիկար Իմաստունից մի բան վերակարդամ, որ հաջորդ հեռավար կապին քննությունից չկտրվեմ:
Հետո զանգեմ երեխաներիս ու մի քիչ կարդամ լրահոսը, որ քննարկենք, թե էսօր ինչ է եղել մեր միջնադարյան ամրոցից դուրս:
Արդեն Զատիկ է։
Իսկ պարետին ուղղված նամակը ծավալվել է՝ դառնալով պարետին ուղղված պատմվածքների մրցույթ: Հրատարակչությունը առաջարկում է #մնա_տանը_պատմվածք_գրի:
Գայանե Մկրտչյան
թատերագետ, Արարատի մարզ, Դարակերտ գյուղ
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: