Մոտ 20 տարի առաջ համակարգիչները և ինտերնետ կապը մուտք գործեցին Հայաստանի դպրոցներ։ Այդ տարիներին տեխնոֆիլները պնդում էին, որ դա նպաստելու է կրթության որակի շեշտակի բարձրացմանը։
Ավելին, կային նաև արմատական տեսակետներ, որ համակարգիչները փոխարինելու են ուսուցիչներին։ Այդ տարիներին Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում մեծ ներդրումներ կատարվեցին Հայաստանի դպրոցներում՝ ՏՏ ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ։
Իրականացվեցին ուսուցիչների վերապատրաստումներ՝ համակարգչային հմտությունների ձևավորման ուղղությամբ։
Այդուհանդերձ դպրոցների ՏՏ ենթակառուցվածքների ձևավորումը շարունակական բնույթ չկրեց, ինչի պատճառով այսօր վիճակը բարվոք չէ։
Համակարգիչների մեծ մասը հնացած է, նույնիսկ ենթակա է օգտագործման։ Դրանց թիվն այնքան քիչ է, որ ինֆորմատիկայի դասարանից դուրս գրեթե չկան համակարգիչներ։
Հայաստանում շատ քիչ են դպրոցները, որտեղ համակարգիչներ ու պրոյեկտորներ կան դասարաններում։ Ավելին, 2019-ի տվյալներով՝ Հայաստանի շուրջ 1400 դպրոցներից 433-ում ոչ մի պրոյեկտոր չկա։ Խնդիրներ կան նաև ինտերնետ կապի որակի հետ։
Կրթության ոլորտի նորմատիվ փաստաթղթերով ամրագրված է, որ յուրաքանչյուր ուսուցիչ առնվազն ամիսը մեկ անգամ դասը պետք է անցկացնի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։
Իհարկե, ոչ մի մեխանիզմ չկա վերահսկելու, թե որքանով է այդ պահանջը կատարվում։ Բայց համակարգիչների և ինտերնետի օգտագործումը դասապրոցեսում առանձնապես մեծ տարածում չունեցավ։
Ուսուցիչները հիմնականում օգտագործում էին Power Point ծրագիրը նյութեր ներկայացնելու համար, երբեմն էլ տեսանյութեր էին ցուցադրում։
Մեծ խնդիր էր նաև հայալեզու կրթական բովանդակության պակասը։
Ամեն դեպքում որոշ ուսուցիչներ ակտիվորեն ներգրավվեցին առցանց ուսուցման, թվային գործիքների կիրառման գործընթացում։
ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ), Dasaran.am, Իմ դպրոց կազմակերպությունները զգալի աշխատանքներ են կատարել այս տարիների ընթացքում՝ ստեղծելով թվային գործիքներ, կրթական բովանդակություն։
Իրականացվել են նաև ուսուցիչների վերապատրաստումներ, համագործակցության ծրագրեր։
Մի քանի տարի առաջ Վայոց ձորում փորձարկվեց աշակերտներին Արմթաբ պլանշետներ բաժանելու ծրագիրը։ Այդ ծրագրով նախատեսված էր, որ Հայաստանի բոլոր առաջին դասարանցիները պետք է ամեն տարի անվճար ստանային պլանշետներ։
Բայց ծրագիրը ընդհատվեց և որևէ պաշտոնական բացատրություն չտրվեց պատճառների մասին։
Մինչև հեղափոխությունը Հայաստանում իրականացվեց նաև մենթոր դպրոցների ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի հայտնի դպրոցների ուսուցիչները առցանց դասեր էին վարում գյուղերի դպրոցների աշակերտների համար։
Սակայն այս ծրագիրն էլ ընթացք չստացավ, քանի որ ինտերնետ կապը որակյալ չէր, համակարգիչները լավը չէին։ Գուցե կային նաև այլ պատճառներ։
Կորոնավիրուսի համաճարակի Հայաստան հասնելուց հաշված օրեր առաջ Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում, որով հնարավորություն տրվեց այն դպրոցներում, որտեղ չկա տվյալ առարկայի ուսուցիչ, ուսուցումն իրականացնել հեռավար ձևով։
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ վերջին 20 տարում զգալի աշխատանքներ կատարվեցին ՏՀՏ գործիքները դպրոցներում կիրառելու ուղղությամբ, բայց ինչպես մյուս հարցերում, այնպես էլ այս պարագայում ներդրումները չբերեցին համակարգային զարգացման։
Այսինքն՝ առանձին մասնագետներ, խմբեր, դպրոցներ ունեցան մասնագիտական առաջընթաց, բայց համակարգային զարգացում չեղավ։
Այսպիսին էր իրավիճակը Հայաստանի դպրոցներում մինչև դպրոցների փակումը։
Առցանց հանրակրթությունը մշտապես դիտարկվել է որպես դեմ առ դեմ կրթությանը լրացնող, հարստացնող գործիք։ Այդ առումով մեր հանրակրթական համակարգը պատրաստ չէր առցանց կրթությունը որպես ուսուցման միակ ձև ներդնելուն։
Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, փորձառություն է, փորձություն։ Իսկ փորձությունը սովորելու ամենադառը, բայց ամենաարդյունավետ ձևն է։
Երբ քեզ սովորական իրավիճակում առաջարկում են ինչ-որ բան սովորել, հաճախ չես արժևորում դրա կարևորությունը։
Բայց երբ հայտնվում ես մի վիճակում, որից դուրս գալու համար անհրաժեշտ է ինչ-որ բաներ սովորել, ապա ավելի պատրաստակամ ես սովորելու։ Անհրաժեշտությունը փոփոխությունների հայրն է։
Դրա ապացույցն է այն, որ օրերս ԿԳՄՍ-ի հայտարարած ուսուցիչների առցանց վերապատրաստմանը ավելի քան 4000 ուսուցիչ է ցանկություն հայտնել մասնակցելու։
Կարելի է արձանագրել, որ վերջին երկու շաբաթների ընթացքում մեր ուսուցիչների թվային գրագիտության մակարդակը շատ ավելի մեծ աճ արձանագրեց, քան նախորդ տարիներին։
Այս օրերին ուսուցիչները սովորում են իրարից, սովորում են աշակերտներից ու սովորեցնում են աշակերտներին։
Մի խոսքով, բոլորը սովորում են միմյանցից, ինչը դրական երևույթ է։ Ով գիտի սովորեցնում է, առանց հաշվի առնելու ուսուցիչ է, թե աշակերտ։
Ի՞նչ խնդիրներ ունենք հիմա
Տարիներ առաջ շրջանառության մեջ մտցվեց «թվային պառակտում» (digital divide) արտահայտությունը։
Դրա իմաստն այն է, որ ապահով ընտանիքների երեխաներն, ունենալով համակարգիչներ, պլանշետներ, սմարթ հեռախոսներ, ինտերնետ կապ, ստանում են սովորելու, զարգանալու բազմապատիկ հնարավորություններ, ի տարբերություն, անապահով ընտանիքների երեխաների։
Այս օրերին մենք Հայաստանում տեսնում ենք այդ թվային պառակտումը ինչպես երեխաների, այնպես էլ ուսուցիչների շրջանում։
Օրինակ՝ Հայաստանի հայտնի դպրոցներում, որտեղ սովորում են համեմատաբար ապահով խավի երեխաներ, արագորեն գործարկեցին իրենց առցանց հարթակները և անցան հեռավար կրթության։
Մյուսները բախվեցին բազմաթիվ խնդիրների։ Օրինակ՝ պարզվեց, որ ուսուցիչների մի մասը պատրաստ չէ առցանց կրթություն իրականացնելու, տանը չունի համակարգիչ, հեռախոսը որակյալ չէ։ Խնդիրն ավելի սուր է աշակերտների շրջանում։
Ըստ նախարարության տվյալների, շուրջ 21000 երեխա համակարգչի կարիք ունի։ Շատ ընտանիքներում կա դպրոցահասակ 2-3 երեխա, բայց ունեն մեկ համակարգիչ։
Սրան գումարած նաև այն հանգամանքը, որ ծնողները նույնպես հեռավար են աշխատում և համակարգչի ու անձնական տարածքի կարիք ունեն։
Այս օրերին ի հայտ եկած մյուս խնդիրն էլ այն է, որ պարզապես ինչ-որ առցանց հարթակի միանալով դասեր անելը բավարար չէ։
Ուսուցիչները պետք է տիրապետեն նոր նյութը մատուցելու, աշակերտներին ներգրավելու, գիտելիքների ստուգում անցկացնելու, տնային առաջադրանքներ տալու գործիքակազմին։
Իսկ այս ամենն անելու համար անհրաժեշտ է մասնակցել վերապատրաստումների, զբաղվել ինքնակրթությամբ։
Ուսուցիչների համար խնդիր է նաև այն, որ վերևից-ներքև կառավարվող կրթական համակարգը միանգամից հայտնվեց քաոսային իրավիճակում և սկսեց գործել ինքնակազմակերպման տրամաբանությամբ։
Եթե նախկինում կար ուսումնական պլան, դասացուցակ, դասագիրք, միասնական ուսումնական գործընթաց, ապա հիմա ուսուցիչները իրենք դարձան այս ամենի կազմակերպիչը։
Նախարարությունը չառաջարկեց որևէ միասնական հարթակ առցանց ուսուցման համար և ուսուցիչները իրենք պիտի որոշեին, թե որ հարթակում աշխատեն, ինչ գործիքներ օգտագործեն։
Նույնիսկ դասի տևողությունը, գիտելիքների ստուգման գործիքները թողնվեցին ուսուցիչների հայեցողությանը։
Առցանց ուսուցումը խնդիրներ է ստեղծում նաև աշակերտների էկրանային ժամանակի ավելացման տեսանկյունից։
Ըստ հետազոտությունների, աշակերտները օրական միջինում 5-6 ժամ անցկացնում են էկրանների առջև։ Հիմա երբ դրան ավելանում են դասաժամերը, տնային աշխատանքները, ապա աշակերտների էկրանային ժամանակը կարող է գերազանցել օրական 10 ժամը։
Այս առումով շատ կարևոր է, որ ուսուցիչները չծանրաբեռնեն աշակերտներին։
Այս պահին կրթական ծրագիրը պետք է իրականացվի էկոնոմ ռեժիմով` հաշվի առնելով նաև ծնողների սթրեսային վիճակը։
Ստեղծված իրավիճակը լավ հնարավորություն է տալիս ուսումնասիրելու, փորձարկելու առկա հարթակները, հասկանալու ով ինչ է ստեղծել այս տարիների ընթացքում, կիսելու և օգտագործելու ռեսուրսները։
Տեսանելի է դառնում այն աշխատանքը, որը կատարել են առանձին կազմակերպությունները, խմբերը, անհատները այս տարիների ընթացքում։ Թափանցիկ է դառնում նաև ուսուցիչների աշխատանքը։
Ծնողները հիմա ավելի մեծ հնարավորություններ ունեն տեսնելու ուսուցիչների աշխատանքը։
Ի՞նչ կլինի արտակարգ իրավիճակից հետո
Այն տեսակետը, որ կորոնավիրուսի հաղթահարումից հետո աշակերտները չեն ցանկանա այլևս դպրոց գնալ, անհավանական է։
Երեխաները սիրում են դպրոց գնալ զուտ այն բանի համար, որ իրար հետ շփվեն։ Այնպես որ, դեմ առ դեմ կրթական գործընթացն առաջիկայում կվերականգնվի։
Կարևորագույն ձեռքբերումը կլինի այն, որ կրթության ոլորտում ավելի մեծ ուշադրություն կդարձվի առցանց ուսուցմանը, թվային գործիքների օգտագործմանը։
Արդյունքում՝ էապես կարող է բարձրանալ ուսուցիչների և աշակերտների թվային գրագիտության մակարդակը։
Լավ կլինի, եթե ԿԳՄՍ նախարարությունն ընդունի թվային ուսուցման ռազմավարություն, ինչպես արել են աշխարհի մի շարք երկրներ։
Դեռևս 2010-ին Եվրահանձնաժողովն ընդունել էր Թվային կոմպետենցիաների շրջանակը, որը բաղկացած է 5 բաղադրիչից.
- տեղեկատվական և տվյալային գրագիտություն,
- հաղորդակցություն և համագործակցություն,
- թվային բովանդակության ստեղծում,
- ապահովություն,
- խնդիրների լուծում։
Կարելի է այս բաղադրիչները ներդնել մեր կրթական ծրագրերու։։
Իմ կարծիքով, այս ամիսներին բնությունը «պետական քննություն» է վերցնում աշխարհի երկրներից՝ փորձելով հասկանալ, թե ինչ են արել պետությունները վերջին 100 տարում առողջապահությունը, կրթությունը, մշակույթը զարգացնելու ուղղությամբ։
Այն երկրները, որոնք ունեն լավ առողջապահական ու կրթական համակարգ, որոնցում առկա է համագործակցության մշակույթ, սոցիալական բարձր պատասխանատվություն, կկարողանան թեթև կորուստներով դուրս գալ այս ճգնաժամից և դասեր քաղելով զարգանալ։
Սերոբ Խաչատրյան
կրթության մասնագետ
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: