2019.01.17,

vox populi

Փոդքասթ․ սիրողական պրպտումներից` մեդիա ֆենոմեն

Առցանց պարբերականներում հաճախակիացել են «Մենք արդեն հասանելի ենք նաև փոդքասթով» ծանուցումները։ Իսկ ի՞նչ է փոդքասթը։ Թեև տերմինը առաջին անգամ կիրառվել է 2004 թվականին, իսկ 2005թ․-ին՝ համարվել տարվա բառ, մեդիայի այս տեսակը դեռ ձևավորվում է և զարգանում։

Հատկապես վերջին 5 տարում  փոդքասթերի թիվն արագորեն աճում է (միայն  iTunes-ում, որը փոդքասթերի մեծագույն շուկան է,  կա ավելի քան 500 հազար գրանցված փոդքասթեր, 100 լեզուներով), լսարանն աճում է, փոդքասթերը ձայնային պատմության նոր թեմաներ և ժանրեր են  ստեղծում։

Տեխնոլոգիան

Փոդքասթը ներբեռնելի աուդիոֆայլերից կազմված հաղորդաշար է, որի յուրաքանչյուր նոր հաղորդում տարածվում է ալիքի բաժանորդներին: Թարմացումների տարածման ձևը նույնն է ինչ բլոգների դեպքում։ Մեդիայի այս ձևով աշխատելու համար պետք չեն ձայնագրման ստուդիաներ, թանկարժեք տեխնիկա, պետք չէ ստանալ ռադիոհաղորդակցման հաճախականության  լիցենզիաներ։

Փոդքասթը  նախ սկսեց գրավել այն ռադիոլրագրողներին, ովքեր ցանկանում էին սկսել անկախ ստեղծագործական գործունեություն․ ինքնուրույն որոշել հաղորդման տևողությունը, թեման, կառուցվածքը, ձայնի էսթետիկան,  երաժշտությունը:

Սկզբնական շրջանում, ինչպես բլոգներում, աուդիոբլոգներում էլ բովանդակությունը հիմնականում արտահայտում էր հեղինակի նեղ հետաքրքրասիրությունները կամ անձնական կարծիքը։

Սիրողականից դեպի պրոֆեսիոնալ

Փոդքասթերը դադարեցին ընկալվել զուտ որպես նիշային/ փախած բովանդակության  մեդիա բեկումնային Serial փոդքասթի հեռարձակումից հետո 2014 թվականին։ Այն կարճ ժամանակում  ներբեռնվել է ավելի քան 5 միլիոն անգամ։ Հետաքննող լրագրող Սառա Քեյնիգը առաջին եթերաշրջանում պատմում է Բալթիմորում կորեացի դեռահասի սպանության և քրեական գործի մասին։ Լրագրողը պատմում է հետաքննությունը՝ ընթացքի մեջ՝ առաջին դեմքից։ Serial-ը ոչ թե փաստերի շարան էր, այլ դրանց բացահայտման որոնումների պրոցեսի նկարագրություն,  ոչ թե հերոսների դիմանկարներ, այլ հերոսների ապրումների, լրագրողի տպավորությունների նկարագրություն:  

Մեդիա ընկերությունները փոդքասթերներին սկսեցին լուրջ վերաբերվել: Ամերիկյան հանրային ռադիոկայանները սկսեցին փոդքասթ պրոյեկտներ անել: Այսպես, Սան Ֆրանցիսկոյի հանրային ռադիոն Ամերիկայի ճարտարապետների միության հետ համատեղ սկսեց 99% invisible  փոդքասթը՝ նվիրված ճարտարապետության և դիզայնի  թեմային։ Մեդիա ընկերությունները սկսեցին ոչ միայն իրենց բովանակությունը հարմարացնել նաև ձայնային ֆորմատին, այլև այդ ֆորմատին հարմար նոր բովանդակություն ստեղծել․ կրթական, հումորային, պատմական, գիտական, երաժշտական հաղորդումներ։ Տարածված են նաև և գրականությունից, և կինոյի փոխառված ժանրեր՝ դրամաներ, գիտաֆանտաստիկա, թրիլլեր, ինչպես նաև գրականագիտական   և կինոգիտական  վերլուծություններ:

Ինդիվիդուալ մեդիա․ նիշային բովանդակություն  

Փոդքասթը ոչ միայն տարածման առանձնահատկություններն է փոխում,  այլև սպառման: Դուք ընտրում եք թեման, հաղորդաշարը և ամենակարևորը՝ երբ լսել (ըստ վիճակագրության` ամենաշատը լսում են  տրանսպորտի մեջ): Ուստի փոդքասթերը կարճ սահմանում են ՛ ռադիո ցպահանջ (radio on demand):

Եթե խոսենք փոդքասթերի  էսթետիկայից, այն կարող է լինել ավելի ստեղծագործարար, լեզուն՝ անմիջական, թեմաները՝ երբեմն նեղ հետաքրքրության (նկարագրող օրինակ է the Pen Addict փոթքասթը, որը ինքնահոս, գնդիկով և այլ տիպի գրիչների առավելությունների և թերությունների մասին է), տևողության  սահմանափակումներ, ի տարբերություն FM հաճախականության ռադիոյի, չկան։ Հեղինակը կարող է թույլ տալ հեղինակային խրոնոգրաֆիա, ինչպես ռեժիսորը՝ ֆիլմ նկարելիս, գրողը՝ վեպ գրելիս:  

Կարևոր է, որ փոդքասթերը պատմի այն, ինչ նախ իրեն է հետաքրքիր. չէ՞ որ մենք խորը ուսումնասիրում ենք և լավ ենք պատմում այն, ինչ մեզ իրոք հետաքրքիր է:  Այսպես տարբեր ցուցակներով լավագույնը համարվող փոդքասթը ՝ Hardcore history-ն, արտադրվում է պատմությունով հետաքրքրվող, նախկին լրագրող Դեն Կարլինի կողմից։ Կարլինի ընտանիքի անդամներն են նրան համոզել փոդքասթ սկսել, ու դադարել տանը անդադար խոսել պատմությունից։ Կարլինի հաղորդումներից են «Խաների ցասումը», «Ապաչիների արցունքները», «Փյունիքյան մղձավանջներ», «Մակեդոնական օճառային օպերաներ»։ Հաղորդումները հիմնականում պատմության ամենաարյունոտ էջերի մասին են՝  պատերազմների և ժամանակի մշակույթի, սոցիալական իրավիճակի ու էկոլոգիայի:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լսիր ինձ հիմա․ Հայաստանում փոդքասթինգի մշակույթի զարգացում» ծրագրի մարնամասներին ծանոթանալու և հայտեր ներկայացնելու համար այցելեք այս հղումով

Քնար Խուդոյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի
«Լսիր ինձ հիմա․ Հայաստանում փոդքասթինգի մշակույթի զարգացում»
ծրագրի համակարգող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *