2018.06.22,

vox populi

«Օրը կգա՝ բարին հետը, և լրատվամիջոցները կսկսեն լուսաբանել սեփական դաշտի ստվերը»

author_posts/armen-ohanyan
Արմեն Օհանյան

Արձակագիր

Նիկոլի թիվն է, ուրեմն՝ լրագրողի ցնծության ժամը։ Երկրի առաջին դեմքը լրագրող է, ու էստեղ «նախկին»-ը տեղին չի, որովհետև վարչապետը մասնագիտություն չի։

Հեղափոխությունը ժողովրդին մաս-մաս վերադարձնում է իրենից զավթված իշխանությունը, լրագրողին էլ՝ իրենը՝ թվով չորրորդն ու միակ անպարտադիրը։

Թվում է, թե վերջ, խոսքի ազատություն ունենք, ոչ թե վիճակագրական, այլ իրական։

Բայց արի ու տես, որ սեփական իշխանությունը վերանվաճելու բոլոր շանսերն ունեցող մեդիա դաշտում ոչ բոլոր խաղացողներն են ցնծում էս առիթով, իսկ հնաբնակներից շատերը մտահոգ են՝ թերևս ոչ առանց պատճառի։

Մերժվածների նախկին իշխանությունը հա գլուխ է գովում, որ իրենց օրոք խոսքի ազատություն է եղել։

Երևի նկատի ունեն, որ վերջին տարիներին լրագրող չեն սպանել կամ բանտարկել, բավարարվել են դաշտի յուրացմամբ, ծածկադմփոցներով, բացահայտումներին ընթացք չտալով, շինծու հերքումներով, լրագրողին ահաբեկելու կամ կաշառելու երբեմն անհարկի, երբեմն էլ հաջողված փորձերով:

Իսկ էն մի երկու անվերահսկելի անկախներին էլ, որոնց բերանը փակել չի հաջողել, մի կերպ հանդուրժել են՝ ինչ ուզում են գրեն-մրեն, ասեն-խոսեն։

Էստեղ էլ են բաժանարար կարմիր գծեր քաշել, սեպիկ էլ են խրել՝ մեկին իշխանամետ, մյուսին ընդդիմադիր պիտակել, բաժանել ու տիրել, իրենց պատկանող լրատվամիջոցներից յուրաքանչյուրի համար իր ուրույն տաբուն ու գրաքննությունը գլխանց սահմանել են, անկախներին էլ անհավասար մրցակցային պայմանների հետևանքով հասցրել սնանկացման եզրին ու թողել միջազգային դրամաշնորհների կամ իրենցից վառված դրսի հարուստ հայերի ֆինանսավորման հույսին։

Էս էր։

Երկրում իրավիճակ է փոխվել, ու էսօր «դուխավորված» լրագրողն ավելի շատ իշխանություն ունի, քան ձայնագրիչից ու տեսախցիկից տակը լցնող որևէ կաշառակեր պաշտոնյա։  

Իսկ էն «դուխաթափ» լրագրողը, որ համոզված է, թե իշխանության խոսքն է անցնում, իսկ իրենը զորավոր չի, մնացել է նախահեղափոխական ժամանակներում։

Բա էդ դեպքում ինչու՞ է աղմկում գետը։

Պարզունակ կլիներ կարծել, թե շարժառիթը Նիկոլի հաջողության նկատմամբ նախկին կոլեգաների մասնագիտական խանդն է, քանի որ երկրի փաստացի գլխավոր հաղորդավարն էլ, հիմնական թողարկող խմբագիրն էլ վարչապետն է, որի անձնական ֆեյսբուքյան էջը դարձել է պետական ողջ քարոզչամեքենայից ավելի արդյունավետ աշխատող այլընտրանքային ինտերակտիվ մեդիա, ընդ որում՝ վթարային վիճակ ստեղծելով առաջին հերթին հենց այդ նույն դանդալոշ մեքենայի համար։

Ի՛նչ անհարմար բան ստացվեց։

Երբ Հանրայինի հեռուստաեթերում հեղափոխականի դիմակ հագած գողականները հանրահավաք են անում, ու դա մեկնաբանվում է որպես «հեղափոխությունը շարունակվում է Էջմիածնում», իսկ հեռուստալրագրողը Դոն Պիպոյից հարցազրույց է վերցնում, կարելի է հանգիստ խղճով պնդել, որ «որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից, որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել»։

«Կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսիր» մոտեցմամբ էս գրառման հետևանքով Հ1-ում աշխատանքից մարդիկ ազատվեցին, ուրեմն իրենց վրա էին վերցրել վարչապետի «մի՛ արեք, պարզապես մի՛ արեք» հորդորը։

Կուսակցապատկան հեռուստաալիքներն էլ հետզհետե, գուցե վաղաժամ, համակվում են նախընտրական քարոզարշավի տրամադրությամբ, որովհետև արտահերթ է լինելու, և Փաշինյանի վարկանիշն իրենց համար մտահոգիչ կերպով կայուն համաժողովրդական է։

Անհասկանալի են նաև նոր կառավարության իբր անքննելիության դեմ որոշ լրատվամիջոցների տրտունջները, երբ թե՛ Փաշինյանը և թե՛ իր թիմակիցները բազմիցս հայտարարել են՝ հանգիստ խղճով քննադատեք մեզ, դա հակահեղափոխության ջրաղացին ջուր լցնել չի դիտվի։

Պարզ է, որ քննադատները թույլտվության չէին սպասելու, և ուղերձներն առավելապես հանրության համար էին, որ նմանօրինակ նյութերը սվիններով չընդունվեն։

Հանուն արդարության պիտի նշել, որ նման մի շվարած վիճակում էլ դատական իշխանությունն է։

Ի տարբերություն դատարանների՝ լրատվամիջոցներն անտեր չեն մնա՝ սեփականատեր ունեն, շատ-շատ մի քանիսը հանկարծ սնանկանան ու փակվեն։

Ուշագրավ է «Հայկական ժամանակի» դեպքը, որ ներկայումս մեկումեջ նոր կառավարությանը քննադատելու անհամոզիչ, ցուցադրական փորձեր է անում՝ օրինակ ծառայելով, որ մյուսներն էլ հանկարծ հեղափոխությանը չվնասելու կասկածելի մղումով ինքնագրաքննության չենթարկվեն։

(Ի դեպ, առավել ազնիվ կլիներ «ՀԺ»-ն վերածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնաթերթի, բայց դա սեփականատերերի որոշելիքն է)։

Եվ ուրեմն հարց է ծագում. կա՞ էս պահին խոսքի ազատությանը վերաբերող որևէ լուրջ սպառնալիք, թե՞ լրագրողական համքարության մի մասը պարզապես իներցիայով նախընտրում է ուղղորդվել, վերադիրքավորվել որպես իշխանական կամ ընդդիմադիր, բայց ոչ մի դեպքում չստանձնել իշխանությունը լինելու պատասխանատվություն։

Հարցին կպատասխանի ժամանակը։ Օրը կգա՝ բարին հետը, և լրատվամիջոցները կսկսեն լուսաբանել սեփական դաշտի ստվերը։

Ստվերը՝ լայն իմաստով, ոչ միայն տնտեսական։

Ինչ-որ առումով մեր ողջ իշխանությունն էր ստվեր, կառավարումը՝ ստվերային, իրականությունն էլ՝ ստվերների թատրոն։

Ես ու դու չենք ստվերել ինքներս մեզ և մեր երկիրը, բայց չարժե պնդել, թե ժողովրդի թիկունքում է բեմադրվել ու խաղացվել ամբողջ ներկայացումը։

Բոլորս էլ գիտեինք, թե ինչ է կատարվում, ի վերջո, մի բուռ ազգ ենք, փոքր երկիր։

Եվ հիմա, երբ հեղափոխությունը քողազերծում ու հրապարակավ մերկացնում է իշխանությունը մարմնավորողների էդ անտաղանդ թատերախմբին, և հիմա՛, հիմա՛, հենց հիմա՛, երբ մոտակա անցյալում ահարկու ստվերներ նետողները կանգնած են լուսարձակների տակ՝ իբրև մերկ, զինաթափված, զավեշտալի, անբարբառ կամ հոխորտացող ճիվաղներ, ահավոր խղճուկ կամ անտանելի ճղճիմ, երբեմն էնքան իրականության զգացողությունը կորցրած, որ մեր սուլոցները ծափի տեղ են դնում, թուքն ու լուտանքը՝ ամառային անձրևի, իսկ սեփական ֆիասկոն՝ տրիումֆի, այ, հենց հիմա մեկ ուրիշ հարց էլ է առաջանում…

Ազատությունների ու իրավունքների հետ ավանդաբար փոխկապակցվող մի տրամաբանական հարց՝ պատասխանատվության հարցը։

Կրո՞ւմ է արդյոք լրատվական դաշտը միասնական պատասխանատվություն՝ որպես չորրորդ իշխանություն այդ ստվերների խաղն այս կամ այն դիրքից հանրությանը մատուցելու կամ դրան անմիջականորեն մասնակցելու համար:

Թե՞ ի վերջո, հրաժարվում է պատասխանատվությունից՝ ընդունելով, որ իրականում ոչ մի իշխանություն էլ չի եղել, և ինքը գործել է միայն հանուն խոսքի ազատության անմար ճրագի պահպանման, եթե ոչ տուն ու գլուխ պահելու անձնական կարիքից դրդված։

Գուցե չկան էլ ընդհանուր դաշտ ու պատասխանատվություն։

«Անկաշառները» «ծախվածների» հետ գործ չունեն, ու սեպիկը լավ էլ սեպ է՝ խրված դաշտի սրտի մեջ, և անգամ Սիրո ու Համերաշխության բուժիչ բովով անցնելը փրկություն չի։

Հ.Գ. Հրապարակայնությունը տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքներից է, էլ չասած, որ ստվերի ահն ու մահն է։ Լրատվամիջոցներ ջան, քայլ արեք, հրապարակեք ձեր ֆինանսավորման իրական աղբյուրները, որպեսզի ձեր գործընկերների «հավաստի աղբյուրները» դա չանեն ձեր փոխարեն։

Մի թողեք ձեր բաժին իշխանությունը փողոցում ընկած, մեկը հաստատ կգա ու կվերցնի, հետո չասեք՝ տարա՜ն, տարա՜ն…

Արմեն Հայաստանցի

Արձակագիր, Հայաստանի ՊԷՆ կենտրոնի նախագահ

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *