2013.06.10,

vox populi

«Առաջին իսկ կադրերից կարելի է հասկանալ թե ֆիլմը երբ է նկարահանվել»

Արդեն տասներորդ տարին է մենք պատրաստում ենք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերն ու միշտ փորձում ենք պրոֆեսիոնալ մեդիա դաշտի աջակցությունը ստանալ:

Անկեղծ ասած՝ ամեն տարի փափագում եմ հնարավորություն ունենալ բոլոր ռեժիսորների ու ֆիլմերի մասին մանրամասն, առանձին-առանձին պատմել, որպեսզի մարդիկ կինոդիտումների գան ոչ թե պատահականորեն (փողոցով անցան, մտնեն դահլիճ ու նայեն), այլ ընտրեն իրենց ֆիլմն ու իմանան թե ինչ դիտում է իրենց սպասում:

Մենք Երեւան ենք բերում ֆիլմեր, որոնցից յուրաքանչյուրը մի նշանակալի երեւույթ է, եւ երբ մտնելով կինոթատրոն՝ տեսնում եմ, որ դահլիճը դատարկ է (փառատոնի գոյության առաջին տարիներին այդպես էր), անասելի ափսոսանք եմ զգում:

Ֆիլմերի ու իրադարձությունների մասին նախնական ինֆորմացիան պիտի ավելի շատ ու հանգամանալից լինի: Ոչ միայն ֆիլմերի որակը, այլեւ ֆիլմերի մատուցման, ներկայացնելու ձեւերն են կարեւոր: Հանդիստաեսին կողմնորոշելու, պատրաստելու համար հարկավոր է փոքր պատմություն ստեղծել ռեժիսորի ու ֆիլմի մասին: Ասեմ, որ մենք իրավունք ունեն նաեւ ամենաթարմ ֆիլմերից որոշ հատվածներ ցուցադրել (մինչեւ մեկ րոպե տեւողությամբ):

Ցանկալի է, որ այդ ինֆորմացիան մեր ավանդական հեռուստատեսություն եթերում լինի: Թեեւ մենք համագործակցում ենք նաեւ webtv.am  ինտենետային հեռուստաալիքի հետ, որտեղ ֆիլմերի թրեյլերներ ենք տեղադրում, բայց դա շատ քիչ է, քանի որ ինտերնետային ալիքները ավանդական հեռուստատեսության ընդգրումը չունեն: Նրանց լսարանն անհամեմատ ավելի փոքր է:

Իսկ ավանդական հեռուստատեսությունը կարծես առանձնապես հետաքրքրված չէ կինոյին նվիրված մասնագիտական հաղորդումներով: Ալիքներն ավելի հակված են կինոյի մարդկանց հրավիրել ասենք, առավոտյան ծրագրերին, որոնք ժամանցային բնույթ ունեն ու թույլ չեն տալիս կինոյի մասին պրոֆեսիոնալ զրույց վարել: Կամ էլ լավագույնը կինոյին են անդրադառնում լուրերի թողարկումներում, ինչը ընդհանուր լրահոսում առանձնապես ուշադրության չի արժանանում:
Հեռուստատեսությունը առաջին հերթին հետաքրքրված է ժամանցային (եթե հաջողվի՝ նաեւ սկանդալային) բնույթի ինֆորմացիայով: Այդպես հեշտ է:

Ի վերջո, մասնագիտական հաղորդումներ պատրաստելու համար առաջին հերթին մասնագետներ են պետք: Իսկ այդպիսի մասնագետներ իմ կարծիքով հեռուստադաշտում չկան կամ էլ շատ քիչ են: Ճիշտն ասած, փառատոնի ու հեռուստատեսության միջեւ կամուրջներ ստեղծելու ցանկությունըն առաջին հերթին պիտի հեռուստատեսությունից սկիզբ առնի:

«Ոսկե ծիրանն» իր գործն է անում, իսկ լրատվամիջոցը՝ իր: Ի վերջո, աշխարհի բոլոր հեղինակավոր հեռուստաալիքները կինոյին անդրադառձող լրագրողներ ունեն: Օրինակ, անխտիր բոլոր ռուսական ալիքներում կինոլրագրողներ կան, որոնք բավականին մասնագիտական են իրենց աշխատանքն անում:

Կարծում եմ՝ կինոյի մասին գրող կամ ռեպորտաժ պատրաստող լրագրողները պետք է առաջին հերթին ճիշտ ժանրային ընտրություն անեն: Ասենք, որոշեն թե ո՞ր լրագրողական ժանրում է ցանկալի ներկայացնել իրադարձությունը՝ հարցազրույցի՞, անոնսի՞, ամփոփման՞, լուրի՞: Լրագրության մեջ, ինչպեսեւ կինոյում ժանրերին հատուկ օրենքներ կան, որոնք խախտելը ցանկալի չէ:

Իհարկե, կինոգետ-լրագրող ունենալը լրատվամիջոցի համար մեծ ձեռքբերում կլիներ:

Հեռուստատեսության աշխատանքում մեծահասակ ու վաստակավոր կինոգետների ներգրավված չլինելու փաստն ինձ, ճիշտն ասած, չի մտահոգում: Հիմա շատ հետաքրքիր երիտասարդներ կան, որոնք գիտեն ժամանակակից կինոն ու կարող են այն ներկայացնել: Տարիքով կինոգետները հաճախ անտեղյակ են նոր ֆիլմերից: Իսկ երբ նոր ֆիլմեր չես նայում, անպայման քարանում ու կարծրանում ես, եւ գալիս է մի պահ, որ ինչ էլ նայես, միեւնույն է չես հավանելու:

Ե՛վ կինոն, ե՛ւ հեռուստատեսությունը հանդիսատեսի համար են, լայն իմաստով նաեւ՝ քաղաքի: Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ 2013թ-ի «Ոսկե ծիրանի» ցուցադրությունները տեղի ունենան նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում: Կինոթատրոնի տնօրինությունը փորձում է նախապատրաստել դահլիճը, հիմնականում հարկավոր է կարգի բերել նստարանները, նոր մուտքը կահավորել ու ձեւավորել:

Եվ հարցը ոչ միայն ամառային կինոփառատոնը ամառային դահլիճում անցկացնելն է, այլեւ այն հաշվարկը, որ ամառային դահլիճն անհամեմատ մեծ է (800 տեղանոց) ու կարելի է առավել դիտարժան ու մասայական ֆիլմերը որքան հնարավոր է շատ մարդկանց ցուցադրել:

Կինոն մի հետաքրքիր ֆենոմեն է, որը համ շատ արագ է փոխվում, համ էլ չի փոխվում: Մի բան հստակ է. ցանկացած ֆիլմի առաջին իսկ կադրերից կարելի է հասկանալ թե այն երբ է նկարահանվել: Ժամանակի մասին հուշում է հեղինակի մտածողությունը, աշխարհընկալումը…

Իհարկե փոխվել է ռիթմը, համացանցն էլ բոլորիս մի մեծ, օգտագործեմ ընդունված տերմինը՝ «համաշխարհային գյուղի» բնակիչ է դարձրել: Մենք հիմա ապրում ենք մի մեծ, գլոբալ գյուղում, որտեղ բոլորը միմյանց ճանաչում են: Կինոփառատոններում, օրինակ, գրեթե միշտ նույն դեմքերն են, նույն ֆիլմերը:..

Բայց կինոն նաեւ զարմանալի պահպանողական ռեսուրս ունեցող արվեստ է: Ի վերջո, կինոն իրականություն է, որը դրոշմվում է ժապավենին եւ հետո արտադրվում: Գոնե այդ չափով իրականությունը պատմություն է դառնում:

Միքայել Ստամբոլցյան
կինոգետ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *