2012.03.13,

vox populi

«Մեր մամուլը կուսակցականացված է»

Որքան զարգացած է քաղաքական դաշտը, այնքան զարգացած է մամուլը. մամուլը քաղաքական դաշտի հայելին է: Առհասարակ մեր մամուլը կուսակցականացված է: Մեր թերթերը ներկայացնում են ոչ թե հասարակական, այլ կուսակցական կյանքի արձագանքները, եւ գաղափարական տարբերություններ չունեն: Շատ նեղ կուսակցական խնդիրներ են քննարկում, որոնց լուծումները, ըստ էության, երկրի համար նշանակալից չեն:

Կան ավելի չեզոք թերթեր, օրինակ՝ Առավոտը, որը փորձում է իր խմբագրական կարծիքն ունենալ, բայց միայն որոշ հարցերի վերաբերյալ. ասել, թե այն ձախակողմյան կամ աջակողմյան ուղղվածություն ունի, չի կարելի, բայց այս երեւույթը բնորոշ է նաեւ մեր կուսակցություններին:

Մեր թերթերում ամեն ինչի մասին գրվում է այնպես, կարծես ընթերցողն այդ ամենի մեջ է, թերթերն էլ հետը: Ու ընթեցրողն անըդնահատ եփվում է նույն կաթսայում: Կողքից հայացք չկա: Ես կարծում եմ՝ լավ մամուլի համար կարեւոր է կողքից հայացքը, ասենք՝ ինչպես կնկարագրվեր ինչ-որ Եվրոպական երկիր, այդպիսի մի հայացք: Գուցե պետք է սրտացավությունը մի քիչ պակաս լինի կամ շահագրգռվածությունը՝ մի բանի հասնելու, այն իմաստով, որն այսօր կա:

Բայց սպառողների ինչ-որ մի շերտ է ձեւավորվել (կուսակցական), որը հետաքրքրված է հենց այդ տեսակ նյութերով եւ որի հետ կարելի է խաղալ հենց այդ տեսակ հրապարակումների միջոցով: Կուզենայի, որ մեր հասարակությունը արթնանար եւ հիմնախնդրային հարցեր դներ: Շատ խնդիրներ ունենք, որոնց մասին ընդհանրապես չի խոսվում՝ այն, թե իրական բանկային համկարգը կամ իրական գյուղատնտեսությունն ինչպիսին պետք է լինի, այն սոցիալական ամենախորքային հարցերը, որոնք բոլորիս մեջ նստած են որպես հարց, բայց մինչեւ հիմա քողարկվում են ազատ, արդար ընտրությունների շղարշով:

Իհարկե, այստեղ հավի ու ձվի պատմությունն է՝ որտեղի՞ց պետք է սկսկվի քննարկումը. մարդիկ պետք է սկսեն ինչ-որ տեղ քննարկել, հետո՞ դա լցվի մեդիա, թե՞ մեդիաները պետք է այդ մասին խոսեն, որ հետո մարդիկ սկսեն դա քննարկել:

Հեռուստատեսությունում նույնպես կուսակացականությունը վառ արտահայտված է. դրա օրինակներ են «Երկիր մեդիա»-ն, Կենտրոն»-ը, իհարկե, նաեւ Հ1-ը, որը իշխանության խոսափողն է:

Միակ բանը, որ ուղղված է հասարակության լայն զանգվածներին զվարճանքի հաղորդումներն են: Դա էլ շատ չես քննադատի, որովհետեւ ինչ որակ կա, այն էլ անում են: Չեմ կարծում, որ մենք հեռուստատեսային ավելի պրոֆեսիոնալ ուժեր ունենք, որոնք ներկայացված չեն հեռուստաալիքներով:

Կայքերն էլ են որոշակիորեն նույնը: Միայն «Հետք»-ն է առանձնանում որպես ինչ-որ ձեռագիր ունեցող: «Հետք»-ին կարելի է տարբեր կերպ վերաբերվել որպես սպառող, բայց մի բան հաստատ է՝ այնտեղ հրապարկված նյութերը զերծ են  կուսակցական կողմնակալությունից: Այս մեդիան փորձում է որոշակիորեն օբյեկտիվ ինֆրոմացիա հաղորդել, իսկ եթե պրովակացիա էլ անում է, անում է միայն խնդիր լուծելու համար:

Առհասարակ ինտերնետը մակերեսայնության խնդիր ունի: Իհարկե, խնիդրների մասին գրելու, տարբեր կարծիքներ արտահայտելու դաշտ կա, բայց ընդհանրապես չկան ապագայի տեսլականին ուղղված վերլուծական նյութեր: Մեր մեդիաներում վերլուծություններ չկան,  ինչ էլ կան, վերլուծություններ են՝ ուղղված անցյալին:

Արտակ Կիրակոսյան
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի խորհրդի նախագահ

Դպրոցը՝ Երեւանի N132 դպրոց
Համալսարան՝ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարան
Սիրելի գիրքը՝ Ռայներ Մարիա Ռիլկեի արձակը
Սիրելի ֆիլմը՝ Մարկ Զախարովի «Սովորական հրաշք»
Սիրելի երաժշտությունը՝ դասական
Սիրելի սպորտաձեւը՝ լող
Սիրելի արըահայտություն՝ «Ես ինչ գիտեմ»

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *