2011.05.11,

vox populi

Լրատվությունն է ձեւավորում հասարակության սոցիալական-հոգեֆիզիկական առողջությունը

Լրատվամիջոցները մի քանի գործառույթ ունեն՝ տեղեկատվական, կարծիք ձեւավորող եւ հասարակության վրա ազդող: Եվ հենց սա է թույլ տալիս մեդիան անվանել 4-րդ իշխանություն: Լրատվությունը ձեւավորում է հասարակության կարծիքը, բարոյական մթնոլորտը եւ սոցիալական-հոգեֆիզիկական առողջությունը, քանի որ մարդն իրեն շրջապատող աշխարհի վերաբերյալ ուրիշ ոչ մի տեղից պատկերացումներ չի կազմում:

Երբ լրատվամիջոցներն ասում են, թե փաստեր ունեն, որ այս կամ այն մարդը սրիկ է, լսարանը հավատում է, որովհետեւ նա այդ փաստերը ստուգելու հնարավորություն չունի: Իսկ սա նշանակում է, որ լրատվամիջոցներն իրենց վրա պետք է պարտականություն-պատասխանատվություն վերցնեն հասարակության առջեւ:

Լրատվությունը կարելի է դիտել որպես հոգեբանական ազդեցության միջոց: Գոյություն ունի հոգեբանական պատերազմ հասկացությունը. այս երեւույթը խորապես զարգացած է ռազմական հոգեբանության ոլորտում, երբ անհրաժեշտ է խուճապ, սարսափ առաջացնել, ապատեղեկացնել զանգվածներին: Լրատվամիջոցները եւս ունեն այս հնարավորությունը, քանի որ նրանց հաղորդած լուրերը տեղաշարժ են անում մարդու հուզական դաշտը: Եվ այդ ամենն իմանալու համար լրագրողը պետք է ունենա հոգեբանական գիտելիք, հոգեբանական կուլտուրա:

Եթե ընդունենք, որ լրագրողը պարզապես տեղեկատվություն է տալիս, այդ դեպքում ինչո՞վ է նա տարբերվում մարդկանցից, որոնք եւս ինչ-որ տեղեկություններ են հաղորդում իրար: Պատասխանատվությամբ: Լրագրողը պետք է պատասխանատու լինի իր տված տեղեկատվության համար: Կարծում եմ՝ պատասխանատվությունը միակ մարդկային սեփականությունն է, որից նա հաճույքով հրաժարվում է կյանքի ցանկացած ոլորտում:

Ես բազմաթիվ կայքեր եմ կարդում, այդ թվում եւ day.az: Պետք է ասեմ, որ այդ կայքը հրաշալի հնարավորություն է ընձեռում լրագրողին պարզ տեսնել, թե ինչպիսին չպետք է լինի լրագրողը: Պարզունակ, պրիմիտիվ մատուցման ձեւն ու հեքիաթային բովանդակությունը տպավորություն է ստեղծում, թե Ադրբեջանը Շվեյցարիա է դարձել: Մինչդեռ իրենց ընդդիմությունը շատ ակտիվ է, եւ զանգվածներն ատում են հենց այդ շվեյցարական վարչակարգը:

Լրատվամիջոցների նյութերը կարդալիս պետք է կարողանալ ազատվել լրագրողի դիրքորոշումից, փորձել ընկալել օբյեկտիվ ինֆորմացիան: Մեր մշակույթում թերթն ու հեռուստատեսությունն ունեն մի կարծրատիպային առավելություն՝ այն, ինչ մենք տեսնում կամ կարդում ենք հեռուստատեսությամբ կամ թերթերով, արդեն վստահություն է ներշնչում, նույնիսկ եթե մեզ բացահայտ հիմարություն են հրամցնում: Կարծրատիպի ուժը մեծ է, դրա համար հասարակությունը զոհ է դառնում էժանագին սերիալների: Ողջ ազգը մտահոգված է նրանով՝ արդյոք կամուսնանա՞ Խոսեն Մարիայի հետ:

Գովազդային դաշտում ընդհանրապես զվարճալի խառնաշփոթ է տիրում: Օրինակ՝ «անսպասելի առաջարկ» ինչ-որ մեկից, ի՞նչ է դա նշանակում. որ այդ ընկերությունից նման առաջարկ ուղղակի սպասելի չէ: Կամ «շատ ֆանտա, քիչ լրջություն». սա հակահասարակական գովազդ է՝ իբրեւ մեզ ֆանտա է պետք, ոչ թե լրջություն:

Պրոֆեսիոնալիզմ է պետք ամեն տեղ: Մեդիա դաշտն ընկալվում է որպես ինֆորմացիայի հավաքակայան, բայց այն ավելի կարեւոր եւ լուրջ դաշտ է, որի ներսում ձեւավորվում է հասարակության առողջությունը: Մեդիա դաշտը պետք է դառնա վերլուծական: Այն պետք է ունենա վերլուծական համոզիչ ձեռագիր, ոչ թե տեղեկատվություն տրամադրի եւ արտահայտի իր սուբյեկտիվ դիրքորոշումը:

 

Վլադիմիր Միքայելյան
հոգեբան, դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Դպրոցը՝ N62 միջնակարգ դպրոց
Համալսարանը՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեվզբանական համալսարան (լեզվաբան) Գիտությունների ազգային ակադեմիա (հոգեբան)
Սիրելի երաժշտությունը՝ դասական
Սիրելի գիրքը՝ մասնագիտական գրականություն
Սիրելի ֆիլմը՝ հոգեբանական ֆիլմեր
Սիրելի սպորտաձեւը՝ արեւելյան բուժիչ համակարգեր
Սիրելի արտահայտությունը՝ «Եթե ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր նրան պլաններիդ մասին»

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *