Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ
Էմին Մկրտչյան

Գրադարանների ներգարվումը ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակներում բնական է ու տրամաբանական։ Այս մասին media.am-ին ասել է «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը։ Ըստ նրա՝ գրադարանները միշտ եղել են վստահելի տեղեկատվության աղբյուր, մարդիկ գիտեն՝ այդտեղ ներկայացված գիրքը ստուգված է, չի մոլորեցնում։ 

Հայաստանում ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգը նախատեսում է գրադարաններում ստեղծել մեդիակենտրոններ։ Շատերը չեն հասկանում, թե որն է կապը՝ գրադարանների, գրքի և ապատեղեկատվության դեմ պայքարի։   

Ապատեղեկատվության դեմ պայքարը բազմատեսակ միջոցներ ու ուղիներ է պահանջում։ Կարծում եմ, գրադարանների ներգարվումը այդ գործընթացում շատ բնական է ու տրամաբանական։ Գրադարանները միշտ եղել են վստահելի տեղեկատվության աղբյուր։ Մարդիկ գիտեն՝ այստեղ  ներկայացված գիրքը ստուգված է, չի մոլորեցնում։ 

Կեղծ տեղեկատվությունը տարբեր պատճառներ ունի․ այն կարող է լինել միտումնավոր, բայց հաճախ էլ՝ մեդիագրագիտության պակասի հետևանք։ Մարդը պարզապես չի գիտակցում, որ տարածում է կեղծ լուրեր։ Գրադարանները կարող են նաև հենց այս ուղղությամբ կրթական աշխատանք իրականացնել։  

Տարիներ առաջ, ինչպես ասացիք, գրադարանները միակ աղբյուրն էին տեղեկատվության փոխանակման, հիմա մարդիկ նույն գործընթացն իրականացնում են առանց անգամ տանից դուրս գալու՝ համակարգչի առաջ։ Այս իմաստով արհեստական չէ՞ գրադարանների ներգրավվումն այս ծրագրում։ 

Բնականաբար, այսօր համացանցը շատ ավելի մեծ լսարան ունի, քան գրադարանները։ Բայց, կարծում եմ, գրադարանը կարող է դառանալ ապատեղեկատվության դեմ պայքարի կարևոր հանգույցներից մեկը։   Ինչպես խոսքիս սկզբում նշեցի, խնդիրը համակողմանի լուծում է պահանջում, ուստի որքան շատ լինեն այդ հանգույցները, այնքան արդյունավետ կլինի պայքարը։ Ծրագրի իրականացումն, իհարկե,  պահանջելու է ռեսուրսներ, ներդրումներ, հնարավոր է՝ նաև նոր աշխատակազմի ներգրավում, բայց արդյունքում  գրադարաններն էլ կկենդանանան, կունենան նոր այցելուներ, հետաքրքիր միջոցառումներ։ 

Ապատեղեկատվության խնդրին բախվում են և՛դեռահասները, և՛ մեծահասակները։ Առաջին խումբը հիմնականում գրադարանների այցելու է, ուստի նրանց հետ կապը գրադարանի հետ շատ ներդաշնակ կլինի։ Մեծահասակները քիչ են այցելում գրադարան, բայց համապատասխան միջոցառումների, թիրախային նախագծերի կազմակերպման պարագայում նրանց համար գրադարանը կրկին կվերածվի հարազատ միջավայր և կխթանցի ընթերցանությունը։ Սա կլուծի նաև նրանց սոցիալիզացիայի հարցը, ինչը ևս դրական է բոլոր կողմերից։   

Գրադարանն ունի՞ համապատասխան գրականություն։   

Շատերը գուցե մտածեն, որ ապատեղեկատվության դեմ պայքարի համար նույնանուն ուղեցույցեր, նյութեր են պետք։ Իրականում ցանկացած՝ անգամ գեղարվեստական գիրք, կարող է զարգացնել քննադատական մտածողություն։ Կարդացած մարդն արդեն գիտի, որ չի կարելի վստահել ցանկացած աղբյուրի, զգում է  տեղեկատվությունը ստուգելու անհրաժեշտությունը։ Իհարկե, ուղեցույցներն էլ կարևոր են, բայց  կարելի է հասնել նույն նպատակին՝ կրթական մակարդակը բարձրացնելով։ 

Արևմուտքում տարածված է գրադարանները չսահմանափակել միայն գրքերով․ կարող ես վերցնել կտավներ, սկավառակներ, ֆիլմեր և այլ կրիչներ։ Գուցե ժամանակն է հենց մեդիակենտրոններում ներդնե՞լ այս փորձը։  

Սա մոդել է, որը կարող է փորձարկվել։ Գրադարանների արդիականացման բազմաթիվ մեթոդներ կան, որոնցից մեկը Ձեր նշածն է։ Բայց ինձ համար ավելի կարևոր հարց կա՝ փոխել բովանդակության մատուցման սկզբունքը։   

Աշխարհի մի շարք մեծ գրադարաններ մտնելիս գրանցում չի պահանջվում, չկա որևէ արգելք՝ գրքի հետ շփման։ Գրադարան ես մտնում որպես հանրային տարածք։ Կարող ես շրջել, թերթել, վերցնել գիրք, գնալ նստել կարդալ։ Անկաշկանդ է միջավայրը։ Մարդիկ կարող են ընդմիջման ժամին մտնել, ազատ ժամանակը լրացնելու հաշվին մտնել գրադարան, պարզապես նայելու համար մտնել գրադարան։ Իհարկե, եթե ցանկանում ես գիրքը քեզ հետ վերցնել, անհրաժեշտ կլինի գրանցվել:  

Մեր գրադարաններն այս իմաստով ազատ չեն․ ինստիտուտներ են, որտեղ հենց այնպես չես այցելի որ պարզապես տեսնես, թե ինչ գիրք կա։ Նախապես պետք է պլանավորես այցիդ, մտածես, թե ինչ գիրք ես ուզում, գնաս, մտնես, գրանցվես, նոր վերցնես գիրքդ։ Մեզանում գրեթե չկա գրադարանում գրքի հետ ազատ շփվելու մշակույթը։ Գրադարանավարը գիրքը տալիս է, չես էլ տեսնում, թե որտեղից է բերում ։   

Իհարկե, մեզ մոտ էլ կան բաց դարակային հասանելիությամբ գրադարանային սրահներ, որտեղ ավելի ազատ միջավայր է, սակայն հիմնականում սահմանափակ թվով գրքեր են հասանելի։   

Այն խանութը, որտեղ մտնելու համար աստիճաններ պետք է բարձրանաս, ավելի քիչ հաճախորդ ունի,մյուսը, որտեղ աստիճաններ չկան։ Մարդիկ չեն ուզում հավելյալ խոչընդոտներ հաղթահարել։ Պետք է հեշտացնել այցելուի կյանքը։ Որքան քիչ քայլեր և գործողություններ պահանջվեն գրքին հասնելու համար, այնքան գրավիչ կդառնա գրադարանը:  

Կարևոր է  նշել նաև, որ ընթերցողի վարքը փոխվել է, այսօր քչերը ժամանակ ունեն օրվա մեջ մեկ -երկու ժամ անընդմեջ ընթերցելու։  Կարդում են օրվա տարբեր միջակայքերում, հենց որ հարմար պահ են գտնում՝  առավոտյան մետրոյում, հետո ընդմիջմանը, մի քանի էջ էլ քնելուց առաջ․․․  Գրադարանները պետք է կարողանան հարմարվել ընթերցողների օրվա ռիթմին և ապրելակերպին` ստեղծելով արագ սպասրակման և հասանելության ժամանակակից համակարգ: 

Իսկ որքանո՞վ է ազդում ընթերցողի վրա միջավայրը։ Մենք ունենք գրադարաններ, որոնք վաղուց չեն նորոգվել, առաստաղից ջուր է կաթում, երբեմն հենց գրքերի վրա։ Գրախանութները, այդ թվում «Զանգակ»-ը , երբ սովորական խանութից վերածվեցին սրճարան-խանութի, ավելի շատ այցելուներ չներգրավեցի՞ն։ Գուցե գրադարանները նաև էսթետիկ միջավայրում պետք է լինեն։   

Գրախանութի որոշ այցելուներ գալիս են կողմնորոշված, ակնկալում են, որ վաճառողը արագ կսպասարկի իրենց՝ անմիջապես տալով նախընտրած գիրքը։ Զանգակ գրատանը, սակայն,  հաճախ կհանդիպեք նաև ընթերցողների, որոնք սիրում են տեղում կողմնորոշվել, թերթել, ուսումնասիրել, մի քանի էջ կարդալ, հետո կամ գնել, կամ՝ ոչ։ Գրքի հետ ազատ շփմանը նպաստում է հաճելի միջավայրը, երաժշտությունը, ըստ իս, դա ձևավորում է հատուկ վերաբերմունք գրքի հանդեպ և խթանում ընթերցանությունը։ Ինչ որ առումով, այս տիպի գրախանութները նման են գրադարաններին, տարբերությամբ, որ գրադարաններում ընթերցողները հասանելիություն ունեն գրքերի մեծ պաշարի՝ կարող են գտնել նաև այնպիսի գրքեր, որոնք չեն վերահրատարակվել ու այլևս չեն վաճառվում, հնարավորություն կստանան առանց իրենց օրինակները ձեռք բերելու գրել աշխատություններ կամ ուսումնասիրություններ և այլն։  

Միանշանակ է, որ անբարեկարգ գրադարանը շատ ընթերցողներ չի կարող ունենալ, իսկ  մաքուր, էսթետիկ, գեղեցիկ  միջավայրում  կձևավորվի ընթերցանության հարմարավետ անկյուն։ Չեմ կարծում, սակայն, որ արժե բոլոր գրադարանները ժամանակակից լուծումներով ու ապակեպատ դարձնել։ Պատմություն ու ճարտարապետական արժեք ունեցող  գրադարանները հաճախ ավելի գրավիչ ու նախընտրելի  կարող են լինել ընթերցողի համար։ Կարելի է հենց դա ընդգծել, ոչ թե քողարկել։   Կարևոր է նաև  անկաշկանդ մթնոլորտը, բաց շփումը, հետաքրքիր քննարկումները։ Եթե գրադարանավարները կենսուրախ են, միջավայրը ջերմ է, մարդիկ միշտ կձգկտեն գնալ այնտեղ։