ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման արարողությունը լուսաբանեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնած լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց թիվը սահմանափակ էր։ Media.am-ի հետ զրույցում ԱՄՆ-ում բնակվող լրագրող Արուս Հակոբյանը, ով աշխատել է արդեն փակված «Ամերիկայի Ձայն»-ում, ցավով նշում է, որ հայաստանյան որևէ անկախ լրատվամիջոց տեղից չլուսաբանեց պատմական այդ իրադարձությունը, ինչի հետևանքով շատ հարցեր տեղում չհնչեցին։ Ըստ նրա՝ ներկա ամերիկյան լրատվամիջոցներն այդքան էլ հետաքրքրված չէին բուն իրադարձությամբ։ Նրանք շատ հարցեր էին տալիս Ուկրաինայի, Ռուսաստանի մասին՝ ցուցադրելով, որ օգտագործում են այս առիթն այլ օրակարգի համար։
Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը։ Որպես լրագրող, ով ապրում ու աշխատում է ԱՄՆ-ում, կարո՞ղ եք պատմել, թե ինչ են գրում ամերիկյան լրատվամիջոցները տեղի ունեցածի մասին։
Ես ուսումնասիրել եմ ոչ միայն հայաստանյան ու ամերիկյան լրատվամիջոցները, այլև առհասարակ միջազգային մամուլը՝ հասկանալու համար, թե ինչ են գրում համաձայնագրի նախաստորագրման մասին։ Ուստի կարող եմ որոշակի դիտարկումներ ներկայացնել։
Հայաստանյան մամուլը տեղի ունեցածը գնահատում է ըստ կուսակցական կողմնորոշման։ Ընդդիմադիր մամուլը քննադատում է, ներկայացնում այն որպես հայ ժողովրդին խաբելու փորձ, գրում էին ու շարունակում են գրել, որ սա կապիտուլիացիա է, որ Հայաստանն Ադրբեջանին միջանցք է տալիս և այլն։ Իսկ իշխանական մամուլը ներկայացնում է տեղի ունեցածը որպես պատմական գործարք՝ գրելով, որ վարչապետ Փաշինյանը պատմության մեջ կմնա որպես քաղաքական գործիչ, որը կարողացավ հասնել նման արդյունքի, խաղաղության հաստատման։
Ամերիկյան մամուլում էլ երկու կարծիք կա․ Հանրապետականները ողջունում են, Դեմոկրատները՝ ոչ։ Սպիտակ Տունը, Թրամփի պաշտոնական էջերը, Հանրապետական կողմնորոշում ունեցող լրատվամիջոցները գործարքը ներկայացնում են որպես խաղաղության հաստատում, որը տեղի ունեցավ նախագահ Թրամփի ջանքերով, գրում են, որ Թրամփը խաղաղության սիմվոլ է, խաղաղության նախագահ։
Իսկ ընդդիմադիր Դեմոկրատական կողմնորոշում ունեցող լրատվամիջոցները գրում են, որ Դոնալդ Թրամփն այս ամենն անում է Նոբելյան մրցանակի արժանանալու համար, ինչի մասին գրեց այդ թվում CNN-ը։ Ընդդիմադիր մամուլում նաև խորքային հարցեր են քննարկվում, հարց է հնչում՝ 35 տարի պատերազմի մեջ գտնվող երկրները, որոնք ունեցել են մարդկային կորուստներ, տարածքային կորուստներ արդյոք կարո՞ղ են մեկ պայմանագրով խաղաղության հասնել։
Նման մեծ իրադարձությունը տեղից լուսաբանում էին շատ քիչ թվով հայաստանյան լրատվամիջոցներ։ Ի՞նչ եք կարծում՝ ինչու է այդպես ստացվել։
Տեղից իրադարձությունը լուսաբանեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնած լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց թիվն, այո, սահմանափակ էր։ Նախաստորագրումից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ երևում էր, թե որքան շատ ամերիկյան լրատվամիջոցներ են ներկա, բայց պետք է նշեմ, որ նրանք շատ հարցեր էին տալիս Ուկրաինայի, Ռուսաստանի մասին՝ ցուցադրելով, որ օգտագործում են այս առիթն այլ օրակարգի համար։ Դոնալդ Թրամփն էլ պարբերաբար նրանց ուշադրությունը հրավիրում էր պահի իրադարձության վրա, շեշտում էր, որ իր շնորհիվ պատմական գործարք է տեղի ունենում, բայց ամերիկյան լրատվամիջոցները հետաքրքրվում էին այլ հարցերով։
Որևէ հայալեզու մեծ լսարան ունեցող անկախ լրատվամիջոց, ցավոք, ներկա չէր նախաստորագրմանը։ «Ազատություն» ռադիոկայանը, որը ևս ամերիկյան ֆինանսավորում ունի, ցավոք, ներկա չէր այդ իրադարձությանը և չուներ հնարավորություն մամուլի ասուլիսի ժամանակ հարց տալ։
Եթե «Ամերիկայի Ձայնը» չփարկվեր, որտեղ ես աշխատել եմ, մենք անպայնման ներկա կգտնվեինք, կլուսաբանեինք և, բնականաբար, հանդես կգայինք իրադարձության շուրջ վերլուծություններով, որպեսզի հայ հասարակությունը բազմակողմանի տեղեկատվություն ստանար տեղի ունեցողի ու դրա վերաբերյալ ամերիկյան արձագանքների մասին։
Ուզում եմ ասել, որ եթե հայաստանյան անկախ լրատվամիջոցները ներկա գտնվեին, լուսաբանեին նախաստորագրման արարողությունը և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները, գուցե մենք ստանայինք հավելյալ արժեքավոր ինֆորմացիա, հնչեցվեին այնպիսի հարցեր, որոնք հուզում են հայ լսարանին։
Իսկ ի՞նչ հարց կարող էր հնչեցվել, Ձեր կարծիքով, որը չհնչեցվեց։
Հայ հասարակությունը նույնիսկ տեղյակ չէր, որ այդ օրը ԱՄՆ-ում Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր են նախաստորագրելու։ Հայաստանում այդ մասին իմացան թուրքական լրատվամիջոցի լրագրողի գրառումից։ Հայալեզու ոչ մի աղբյուր այդ մասին ինֆորմացիա չի տարածել։ Հետևաբար՝ հայ հասարակությունը մեկ օրում է իմացել, որ նման բան է տեղի ունենալու, ինչը, բնականաբար, շատ հարցեր է առաջացնում։
«Ամերիկայի Ձայնը»-ը ֆինանսավորվում էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից, որքանո՞վ լրատվամիջոցի ներկայացրածը կլիներ բազմակողմանի։
Իրավացի եք, բայց մենք ունեինք ազատություն և մենք կաշկանդված չէինք ֆինանսավորման աղբյուրով։ Լրատվամիջոցի կանոնադրության մեջ անգամ հոդված կար, որ յուրաքանչյուր թեմա պետք է լուսաբանվեր բազմակողմանի՝ ներկայացնելով բոլոր կարծիքները։ Ես հասկանում եմ, որ հարցն առաջանում է ելնելով հայաստանյան լրատվամիջոցների վիճակից։ Ֆինանսավորման աղբյուրը հայաստանյան իրականության մեջ ուղիղ կապ ունի լրատվամիջողի խմբագրական քաղաքականության հետ, բայց մենք իսկապես այդ խնդրին չենք բախվել։
Բազմակողմանիության ապահովման հետևանքով Հայաստանում մեզ անգամ անվանում էին ադրբեջանական, ադրբեջանամետ` այն բանի համար, որ մենք ներկայացնելով հայկական պաշտոնական դիրքորոշումը ներկայացնում էինք նաև ադրբեջանականը։ Մենք չէինք կարող խախտել կանոնադրությունը և հեռարձակում էինք բոլոր տեսակետները՝ ընդհանուր պատկերը ներկայացնելու համար։
Խոսենք «Ամերիկայի Ձայնի» փակման մասին։ Նշեցիք, թե տվյալ իրադարձության համատեքստում ինչպես անդրադարձավ լրատվամիջոցի փակումը, որ այն կներկայացներ բազմակողմանի վերլուծություններ և այլն: Եթե խոսենք ապագա հետևանքների մասին: Ինչպե՞ս «Ամերիկայի Ձայնի» փակումը կանդրադառնա հայաստանյան տեղեկատվական դաշտի վրա:
«Ամերիկայի Ձայնի» 83 տարվա պատմության մեջ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ դիկտատորները փորձել են լռեցնել լրատվամիջոցի ձայնը իրենց երկրներում։ Ոմանց դա հաջողվել է, ոմանց՝ ոչ։ «Ամերիկայի Ձայնը» Հայաստանում եղել է ինֆորմացիայի լուրջ աղբյուր միջազգային կարևոր իրադարձությունները ստանալու համար։ Մենք եղել ենք հայ-ամերիկյան քաղաքականության, երկկողմ օրակարգի վերաբերյալ հավաստի տեղեկությունների տրամադրման հարթակ։ Շեշտում եմ հավաստի, որովհետև մենք ստուգել ենք ցանկացած ինֆորմացիա մի քանի աղբյուրից, մենք ներկայացրել ենք իրողությունը, ոչ թե կուսակցական ցանկությունները։
Այսօր սնկի պես աճում է լրատվականների քանակը, որոնց նպատակը դիտումներ հավաքելն է։ Այդ լրատվականներում, ցավոք, կա կեղծ, չճշտված տեղեկատվություն այդ թվում հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, կան կարծիքներ, որոնք ներկայացվում են որպես փաստեր և այս ամենը ապակողմնորոշում է հանրությանը։ «Ամերիկայի Ձայնը» հակակշիռ է եղել ու կլիներ տեղեկատվության ստացման նման աղբյուրներին։
Մենք եղել ենք նաև ռուսական քարոզչությանը հակակշիռ։ Քանի որ Հայաստանում ռուսերենով լուրեր կարդալն ավելի հասանելի է, մարդիկ ավելի շատ ռուսերեն գիտեն, քան՝ անգլերեն, բնականաբար, ռուսական պրոպագանդան ավելի ազդեցիկ է։ Սրան գումարենք նաև հանգամանքը, որ տեղական լրատվամիջոցներն էլ օգտվում են ռուսական աղբյուրներից, նույնիսկ ԱՄՆ-ին վերաբերող նորություններն են թարգմանում ռուսական աղբյուրներից, որոնք ընտրողաբար են մոտենում ամենին, իրավիճակն ավելի է սրվում։ «Ամերիկայի Ձայնը» ներկայացնում էր տեղեկատվությունն առաջին ձեռքից, ոչ միջնորդներից և հակակշիռ էր ռուսական քարոզչությանը։
Շատերը, կարդալով մեր հարցազրույցը, գուցե ասեն, որ «Ամերիկայի Ձայնն» էլ ամերիկյան քարոզչություն էր իրականացնում։
Ինչպես արդեն ասացի, մենք կաշկանդված չենք եղել, ունեցել ենք խմբագրական քաղաքականություն և հասկանում եմ, որ լրատվամիջոցների կամ մարդկանց համար, ովքեր տարիներ շարունակ աշխատել են ֆինանսավորողի դուդուկի ներքո դժվար են պատկերացնում, թե ինչ է ազատությունը։
«Ամերիկայի Ձայնը» ստեղծվել է սառը պատերազմի ժամանակ և ունեցել է ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու, հակակշռելու նպատակ։ Շեշտում եմ՝ հակակշռելու և հակազդելու, ոչ թե քարոզչություն ծավալելու նպատակ։ Այսօր էլ ռուսական ազդեցության գոտի համարվող երկրներում այն լուրջ այլընտրանք է տեղեկատվություն ստանալու, քանի որ մարդիկ զրկված են դրանից։ Մարդիկ հետևում են գրաքննվող, վերահսկվող լրատվամիջոցների, որտեղ գրվում է այն, ինչ պետք է այս կամ այն ուժին։ Իսկ «Ամերիկայի Ձայնը» նրանց համար այդպիսին չէ, «Ամերիկայի Ձայնը» հավաստի այլընտրանք է։
Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից իրականացվող փոփոխությունների հետևանքով փակվեց նաև ԱՄՆ ՄԶԳ-ն, որը շատ երկրներում աջակցում էր մամուլի կայացմանը։ Եղան փոփոխություններ նաև ԱՄՆ տեղական լրատվամիջոցների վերաբերյալ։ Ինչպիսի՞ն է ամերկյան լրատվամիջոցների կյանքը։
Յուրաքանչյուր իշխանափոխություն անհետք չի մնում մեդիայի համար։ Մեր աշխատակիցներն, օրինակ, փորձում են աշխատանք գտնել տեղական լրատվամիջոցներում։ Բայց նոր լրատվամիջոցներ չեն բացվում, եղածները՝ կրճատվում են, ճգնաժամ են ապրում, ուստի դժվար է աշխատանք գտնել։
Պրոֆեսիոնալ լրագրությանը կարիքը ԱՄՆ-ում էլ գնալով աճում է։ 21-րդ դարում, երբ ամեն մարդ քայլող մեդիա է, դժվար է պահել լրագրության ստանդարտները, էթիկական նորմերը, որակը։ Մեծ մարտահրավերներ կան հատկապես արհեստական բանականության պատճառով։ Օր օրի դժվար է տարբերակել կեղծ տեսանյութը՝ իրականից։ Նույնիսկ պաշտոնական աղբյուրներն են երբեմն օգտագործում արհեստական բանականությամբ պատրաստված վիզուալ պատկերները, նույնիսկ նրանց համար է դժվարանում իրականը կեղծից տարբերակելը։ Ապատեղեկատվության մակարդակը սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգությանը։
Դուք ԱՄՆ մեկնեցիք հենց «Ամերիկայի Ձայնի» հրավերով։ Ի՞նչ եք անելու, երբ լրատվամիջոցը փակվել է։ Վերադառնալո՞ւ եք, թե կա այլ աշխատանքի հնարավորություն։
Ես պատրաստվում եմ ինձ փորձել ամերիկյան տեղական լրատվամիջոցներում։ Ունեմ դրա համար բոլոր նախադրյալները՝ փորձ, կրթություն։ Առավելություն ունեմ ամերիկացի իմ գործընկերների նկատմամբ, որովհետև քաջատեղյալ եմ մեր տարածաշրջանային խնդիրներից, լուսաբանել եմ ղարաբաղյան կոնֆլիկտը, անգլերենից բացի տիրապետում եմ նաև ռուսերենին, հայերենին։ Կարծում եմ՝ առավել քան մրցունակ կլինեմ տեղական մամուլի հետ աշխատելու համար։
Զրույցը վարեց Տիգրանուհի Մարտիրոսյանը