Մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը, գրեթե ամենուր՝ մեդիատիրույթում, օնլայն ու օֆլայն շփումների ժամանակ անընդհատ լսում ենք կանանց ուղղված շնորհավորանքներ, որոնք շատ հաճախ հիմնված են լինում տարբեր գենդերային կարծրատիպերի ու միֆերի վրա։ Օրինակ՝ դժվար է հասկանալ, ո՞րն է «կանացի երջանկությունը» և տվյալ բարեմաղթանքն ասելով՝ զրուցակիցը կոնկրետ ի՞նչ նկատի ունի։
Իրավապաշտպան, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ հաճախ մեդիան նույնությամբ վերարտադրում է այն կարծրատիպային մոտեցումները, որոնք առկա են հասարակության շրջանում։ Մինչդեռ, ԶԼՄ-ներում կնոջ ոչ կարծրատիպային կերպարի ստեղծումը կօգնի հաղթահարել նրանց նկատմամբ խտրական ու կողմնակալ վերաբերմունքը։
Նախքան մեդիայի ազդեցութայն մասին խոսելը, կխնդրեի նախ սահմանել՝ ի՞նչ է գենդերային կարծրատիպը և ինչպե՞ս է այն ազդում մեր մտածողության վրա։
Գենդերային կարծրատիպերը, կարծես թե ազատում են մարդուն մտածելու անհրաժեշտությունից և հնարավորություն են տալիս առաջնորդվել այն պատկերացումներով և կաղապարներով, որը հասարակությունը տարիներ շարունակ ստեղծել ու հարմարեցրել է այս կամ այն սեռի համար։ Արդյունքում չափազանց կարծրացած և ընդհանրացված մոտեցումներ են վերագրվում այս կամ այն սեռին։
Ո՞վ է ասել, որ կինը պետք է լինի պարտադիր շպարված, բարձրակրունկներով ու ծաղիկներով շրջապատված։ Սրանք բոլորը կարծրատիպային պատկերացումներ են։ Տղամարդն էլ պետք է լինի կամային, գումար վաստակի, որևէ սեփականություն ունենա։ Այս կարծրատիպային հատկանիշները վերագրելով այս կամ այն սեռին` մենք խաթարում ենք մարդու ընտրության և զարգացման հնարավորությունը։
Հասարակությունը, ցավոք մերժում է անհատի՝ այդ կարծրատիպերից դուրս գոյությունը։ Գենդերային կարծրատիպերը խնդիրներ են առաջացնում հատկապես կանանց համար, սակայն խտրականության զոհ են դառնում նաև այն տղամարդիկ, որոնք փորձում են շրջանցել այդ չգրված կանոներն ու օրենքները։
Դժվար է թերագնահատել մեդիայի դերը հանրային կարծիքի ձևավորման գործում։ Այս դեպքում մեդիան օգնո՞ւմ է հաղթահարել այդ կարծրատիպային պատկերացումները, թե ավելի է դրանք արմատավորում։
Ցավոք, մեդիան ակտիվորեն տարածում է այդ կարծրատիպերը։ Այդ ամենն ավելի ակնառու է դառնում հատկապես կանանց մեկամսյակի ընթացքում։
Կոմերցիալիզացված ինչ-որ ընթացք է սկսվում՝ վաճառել ծաղիկներ, օծանելիք և այլ իրեր։ Եվ հաճախ մոռացվում է, որ մարտի 8-ի տոնի հիմքում կանանց պայքարն է՝ հանուն իրենց իրավունքների, հանուն հավասարության և արդարության։ Եվ այդ ծաղիկները, փափուկ նվերները իմ ընկալմամբ, կարծես կաշառքի են նմանվում։ Կարծես, փոխհատուցում են այն ամենի համար, ինչը կինը կորցրել է, այն ամենի համար ինչին, որ նա հարմարվել է։ Եվ մեդիան, վերարտադրելով այդ կարծրատիպերը, տարածք չի թողնում ազատ մտածողության ձևավորման համար։
Եթե հիերարխիկ տեսանկյունից դիտարկենք, ցանկացած մեդիայի հետևում կանգնած է հարուստ ու ազդեցիկ տղամարդ կամ կուսակցություն, որն ավելի տղամարդակենտրոն է։ Հենց այդ պատճառով էլ տղամարդկանց կարծիքը և հայացքը մեդիայում որոշիչ է։
Իմ մասնագիտական բեգրաունդը լրագրությունն է եղել։ Ես շատ լավ եմ հիշում, երբ տղամարդ խմբագիրն ամբողջովին փոխում էր նյութի հայացքն ու առանցքը։ Ինտրիգային մոտեցումը դառնում էր առաջնահերթ, կարծրատիպային բախումը բերվում էր առաջին պլան։
ժամանակակից մեդիան թվում է, թե պետք է լինի առաջադեմ, ավելի զգայուն մարդու իրավունքների նկատմամբ և պետք է օգնի հասնել վնասակար կարծրատիպերի փոփոխության։ Սակայն մեդիան այսօր էլ կանանց դիտարկում է՝ որպես ընտանիքին ամրակցված օրգանիզմ, որն իրեն թույլ է տվել նաև զբաղվել այս կամ այն գործով։
Դրա վառ օրինակն է, երբ պաշտոնյա կամ գործարար կանանց առաջին հերթին հարցնում են, թե ինչպես են նրանք համատեղում ընտանեկան կյանքն աշխատանքի հետ, ինչպես են երեխաների դաստիարակությունը համատեղում զբաղեցրած պաշտոնի հետ։ Այս հարցերը ոչ մի դեպքում չեն տրվում տղմարդկանց։ Հարց է առաջանում՝ տղամարդը ծնող չէ՞։
Հայաստանյան լրատվադաշտում կանայք այսօր մեծամասնություն են կազմում։ Սա որևէ դրական փոփոխություն չի՞ առաջացնում և իրավիճակը որոշակիորեն չի՞ շտկում։
Այո՛, հիմա մեդիադաշտը բավականին ֆեմինիզացված է, կին լրագրողները շատ-շատ են, գերակշռում են տղամարդկանց։ Կարելի էր ակնկալել, որ մեդիայի հայացքը պետք է փոխվեր, ավելի նորարարական մոտեցումներ պետք է լինեին և այն կարծրատիպերը, որոնք ավանդաբար տարածվում էին մամուլում, փորձ պետք է արվեր դրանք խմբագրելու։
Սակայն, մենք դեռևս տեսնում ենք թշնամական լեզու, վնասակար կարծրատիպերի ամրապնդում, կեղծ տեղեկատվական հոսքեր։
Ես ուզում եմ կին լրագրողների ուշադրությունը հրավիրել. թեև լրագրությունն ունի իր չգրված կանոնները, մոտեցումները, որոնք շատ հաճախ առաջին պլան են բերում սկանդալները, բայց դրանք տղամարդկանց ստեղծած կանոններն են։ Թշնամությունը և մրցակցությունը ըստ այդ կանոնների առաջնային են եղել։ Սակայն այսօր ի՞նչ ունենք մենք՝ կանայք, իրար հետ կիսելու կամ միմյանց հետ թշնամանալու։ Մենք պետք է փորձենք խաղաղ միջավայր ստեղծել, որը կնպաստի մեր զարգացմանն ու կայացմանը։
Կանանց փորձագիտական կամ մասնագիտական կարծիքը որքանո՞վ է լսելի կամ վստահելի այսօր մեր հասարակության համար։
Այսօր քաղաքական դաշտը շատ հեռու է էթիկական սահմանումներից։ Քաղաքական գործիչների հանրային խոսքին հետևելով` կարելի է ասել, որ ավելի սեքսիստական, ավելի թշնամական, ավելի ոչ համախմբող խոսք դժվար է պատկերացնել։
Կին փորձագետից, պաշտոնյայից մեծ ներուժ է պահանջվում այդ կարծրատիպային պատկերացումներն անտեսելու և ազատորեն իր աշխատանքը կատարելու համար։
Հայաստանում հիմա կին պաշտոնյաները բավականին շատ են և մենք տեսնում ենք, որ անընդհատ քննարկվում է կամ նրանց արտաքին տեսքը կամ անձնական կյանքը։
Կին քաղաքական գործիչը, փորձագետը մեկ հրապարակային հայտարարություն անելուց առաջ, բազմաթիվ ֆիլտրերով ինքն իրեն վերախմբագրում է, որպեսզի մինիմալի հասցնի այդ թիրախավորումը։ Տղամարդ պաշտոնյաները զերծ են մնում այդ վախերից, իսկ վախն առաջին զսպող մեխանիզմն է, որը հնարավորություն չի տալիս մարդուն ազատորեն գործել։
Հենց դա է պատճառը, որ փորձագիտական դաշտում ևս տղամարդկանց ձայնն ավելի բարձր է, նրանց խոսքն ավելի վստահելի է հասարակության համար։ Մինչդեռ կանանց ձայնը լռեցվում է, ստորադասվում է և թիրախավորվում՝ կին լինելու պատճառով։
Հանրային կարծիքի ձևավորման գործում այսօր մեծ է սոցիալական ցանցերի, տեղական արտադրության սերիալների ու գովազդների ազդեցությունը։ Այս հարթակներում կնոջ կերպարն ինչպե՞ս է ներկայացվում։
Մեդիան թե՛ գովազդների, թե՛ հատկապես սերիալների միջոցով շարունակում է տիրաժավորել կնոջ կարծրատիպային կերպարը մի քանի ուղղություններով։ Գովազդների միջոցով կնոջ մարմնի ֆրագմենտավորում, հատվածավորում և ապրանքայնացում է կատարվում։ Փորձ է արվում կնոջ մարմնի միջոցով վաճառել ցանկացած իր, այսինքն կինը դիտարկվում է որպես գեղեցկության ատրիբուտ, ֆրագմենտավորվում է կնոջ մարմինը և սկսվում է վաճառվել որպես ապրանք, ապրաքայնացվում է։ Մյուս կարծրատիպն այն է, որ կինը ներկայացվում է որպես շոփագոլիկ, ամբողջ օրը վազում է տարբեր խանութներ և գնումներ կատարում։ Գովազդներում անընդհատ փորձ է արվում կնոջը մղել դեպի սպառողական հասարակություն։ Մյուս կարծրատիպային ուղղության դեպքում էլ կինը ներկայացվում է որպես սպասարկող։ Կնոջն ուղարկում են խոհանոց։ Այսինքն ունենում ենք հետևյալ երեք կերպարները՝ կինը խոհանոցում, կինը ֆրագմենտավորված որպես գեղկության ատրիբուտ և վաճառքի սեգմենտ և երրորդը՝ շոփագոլիկ։
Մինչդեռ, տղամարդիկ շատ հաճախ ներկայացվում են որպես հաջողակ բիզնեսմեններ, որպես ցանկություններ և կամք պարտադրողներ։ Այսինքն ուժի բալանսը միանգամայն խախտված է գովազդներում։ Տղամարդիկ տոնայնություն տվողներն են, կանայք սպասարկողներն ու սպառողները՝ ճաշ են պատրաստում, առևտուր են անում և տղամարդկանց էսթետիկ պատկերացումներն են բավարարում։
Իսկ տեղական արտադրության սերիալներում տեսնում ենք հիմնականում դժբախտ կանանց, սա ևս ստորադասման ձև է։ Կինը խաբված է, դավաճանված։ Այս ամենի նպատակն է, որ կինը երբևէ չերազի բավարարված և երջանիկ լինելու մասին։
Խնդիրն այն է, որ բավարարված և երջանիկ կինը ստեղծող է, սպասարկող չէ։ Ստեղծող կինը կարող է փոխել աշխարհը, կարող է փոխել հայրիշխանական գիտակցությունը։ Եվ այդ ներուժը մեդիայի տարածքում փորձ է արվում ամեն կերպ ճնշել։
Ժամանակ առ ժամանակ մեդիան գրում է ընտանեկան բռնության սարսափելի դեպքերի մասին։ Արդյո՞ք, ընտանեկան բռնությունների հիմքում գենդերային կարծրատիպերը չեն։
Ընտանեկան բռնությունների դեպքում խնդիրն այն է, որ խախտվում է ուժի բալանսը։ Ընտանիքում մեկն իրեն համարում է գերակա և փորձում է ուժ ու վերահսկողություն հաստատել մեկ այլ անձի՝ հիմնականում կնոջ նկատմամբ։ Սա գենդերային կարծրատիպերի արդյունք է։
Ստեղծվում է մի իրավիճակ, երբ կնոջ ձայնը նվազ լսելի է, որոշումների կայացման գործում նրա մասնակցությունը՝ նվազ ցանկալի։ Կնոջ կյանքի վերաբերյալ որոշումներ սկսում է կայացնել կամ տղամարդը, կամ նրան միացած մեծահասակը։ Այսպես սկսվում է ընտանեկան բռնությունը, որը երբեմն ունենում է ծայրահեղ դրսևորումներ։
Եվ ամեն անգամ երբ թե՛ մեդիան, թե՛ հանրությունը խոսում է ընտանեկան բռնության դեպքերի մասին, խոսում է արդյունքի և ոչ թե պատճառի մասին։ Իսկ պատճառը հենց այդ ուժային բալանսի խախտումն է, որը պետք է շտկվի, թե՛ կրթական համակարգի, թե՛ մեդիաբովանդակության փոփոխության արդյունքում։
Եվ այդ փոփոխությունների ճանապարհին շատ կարևոր է, որ կանայք միմյանց նկատմամբ սոլիդար լինեն։ Երբեմն տեսնում եմ, որ մեդիա տարածքում՝ սոցիալական ցանցերում, հենց կանայք թիրախավորում են դժվարին իրավիճակում հայտնված մեկ այլ կնոջ։ Ընտանեկան բռնության ենթարկված կնոջն ասում են «դու ես մեղավոր», «ճաշը ուշացրել ես», «ամուսնուդ չես ժպտացել» և այլն։ Կնոջ աշխատանքը մեզանում բացարձակ թերագնահատված է։ Նրան գնահատելու մշակույթը դեռևս խորթ է մեզ համար։
Եթե մեդիայում կարողանանք ստեղծել սոլիդար կոնտենտ, միմյանց աջակցող և միմյանց ձեռք մեկնող միջավայր, գուցե հնարավոր լինի հասնել ուժային հավասարության։
Կանանց սոլիդարությունը միակ ռեսուրսն է, որը մենք ունենք և որը կարող է էապես շտկել իրավիճակը։ Եթե մենք ունենանք այդ սոլիդարությունը, կարողանանք մեկ կնոջ ներուժին ավելացնել երկրորդի ներուժը, կունենանք փոփոխված հասարակություն։