Հանրային տարածքում ցանկացած պաստառ հաղորդակցման ձև է՝ դրա հեղինակի ու հանրության միջև։ «Փոշին ժամանակավոր է, մեծ գաղափարները` մնայուն» գրությամբ պաստառները, բացառություն չեն, դրանք պարունակում են ուղերձ, ասելիք, սա երկխոսություն է։
Media.am-ի հետ զրույցում ասել է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի» նախագահ, համահիմնադիր Տիգրան Ամիրյանը՝ նշելով, որ բովանդակությունը, սակայն, խնդրահարույց է, ավելին՝ մանիպուլատիվ։

Լուսանկարը՝ Հայկ Զալիբեկյանի ֆեյսբուքյան էջից
Օրերս Երևանում նկատվել են «Փոշին ժամանակավոր է, մեծ գաղափարները` մնայուն» և «Աղմուկը ժամանակավոր է, մեծ գաղափարները` մնայուն» բովանդակությամբ պաստառներ։ Առաջին պաստառը հեռացվել է, բայց քննարկումները դրա բովանդակության շուրջ շարունակվում են։ Ինչպե՞ս եք գնահատում փոշու, աղմուկի և մեծ գաղափարների հակադրությունը։
Նախ անհրաժեշտ է հասկանանալ, որ հանրային տարածքում ցանկացած պաստառ հաղորդակցման ձև է՝ դրա հեղինակի ու հանրության միջև։ Նման պաստառը պարունակում է ուղերձ, ասելիք, սա երկխոսություն է։ Այս պաստառները կարծես «Ավելի բարեկարգ Երևանի» տրանսֆորմացիան լինեն, որ տարիներ շարունակ փակցվում էին շինհրապարակների տարածքում ու մարդիկ արդեն նման պաստառներ տեսնելիս լցվում էին կասկածներով և հիասթափությամբ։
Պաստառի բովանդակությունը, սակայն, խնդրահարույց է։ Սա անհաջող հաղորդակցման ձև է, որով մարդկանց փորձում են հրամցնել առաջնահերթությունների մասին պատկերացումները։ Պաստառի հեղինակը, ամենայն հավանականությամբ, տեղյակ չէ թե ինչպես են վերաբերում երևանցիները ընթացող կառուցապատման գործընթացին։ Հակառակ դեպքում, զգույշ կլիներ «մեծ գաղափարներ» և նման այլ արտահայտություններ կիրառելիս, ինչպես նաև պաստառը ստեղծելիս չէր շահարկի Օպերայն, Կասկադը և այլ մշակութային մեծ կարևորություն ունցեող շինությունները։ Պաստառը նաև չափազանց խնդրահարույց է, քանզի փորձում է համոզել, որ «մեծ գաղափարներ և արժեքներ» հնարավոր է կերտել միայն փոշի շնչելով։
Ընթացող քաղաքաշինական զարգացումները պարզապես կապ չունեն Երևանի քաղաքային միջավայրի և երևանցիների կարիքների հետ։ Դրանք միմիայն շահի ու փողի մասին են, ոչ թե պատմության, պատմական արժեքների, մշակութային անցյալի կամ ապագայի, ինչպես ներկայացված է այդ պաստառներում։ Բազում հարցեր կան՝ ո՞ւմ բարձր գաղափարների մասին է խոսքը, ո՞ր մնայուն արժեքների․․․Եթե նկատի ունեն, որ շինարարությամբ արագ փող աշխատողները ժամանակավոր են, այո’, իսկապես, նրանք ժամանակավոր են։ Մնայունը՝ քաղաքն է։ Երևանը պարզապես հողատարածք չէ շինարարության համար։ Փոշին չէ ժամանակավոր, նրանք են ժամանակավոր։
Ընտրությունը՝ վատի ու վատագույնի միջև տարիներ շարունակ կիրառված մանիպուլիացիա է, բայց մարդիկ դա հասկանում են, դրա համար էլ դժգոհել են պաստառից։ Պաստառի վրա պատկերել են Օպերան ու Կասկադը, որպես մեծ գաղափարներ, բայց կարծես հասել ենք այպիսի ծայրահեղ դրության, որ ներկայիս քաղաքաշինական զարգացումներն արդեն պատրաստ են այդ մեծ գափարների վրայով էլ անցնել։ Այժմ արդեն շրջանառվում է «Կասկադ» համալիրի եզրափակիչ հարթակի փոխարեն ինչ որ նոր նախագիծ, որն անտեսում է հեղինակային նախագիծը և աղավաղում հուշարձանը։ Ովքե՞ր են այս նոր՝ «մեծ գաղափարների» հեղինակները, ինչո՞ւ պետք է ապրենք իրենց թելադրած «մեծ գաղափարների» հետ, հասկանալի չէ։
«Կասկադի» վերակառուցման ծրագիրն արդեն մեծ քննարկումների առիթ է դարձել: Հանրությանը ներկայացվեց երկու տարբերակ, դրանք դրվեցին քվեարկության, հետո, ինչպես հայտնի դարձավ Հայաստանի ճարտարապետների պալատի հայտարարությունից, առաջարկվող էական փոփոխությունները, չեն «ստացել հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությունը»։ Ի՞նչ է կատարվում․ ստուգում են հանրային տրամադրվածությո՞ւնը:
«Կասկադը» միայն կարող է ավարտվել հեղինակի կողմից իրականացված նախագծով: «Կասկադի» վրա նոր «Տիտանիկ» դնելը հուշարձանի ավարտ և խնդրի լուծում չէ։ Հայտարարված քվերակությունը պարզապես հերթական մանիպուլյացիա է, որով փորձում են ստեղծել թյուր տպավորություն իբրև թե արդարացի ընտրություն է կատարվել, սակայն անհասկանալի է՝ որտեղից հայտնվեցին այդ երկու նախագծերը, ինչպես են դրանք ներկայացվել քաղաքապետարանին, ինչ ճանապարհներով, ովքեր են կանգնած այդ նախագծերի ետևում։
Նախքան որևէ նոր նախագիծ ներկայացնելը և այդ նախագծերի վերաբերյալ քննարկում մեկնարկելը, անհրաժեշտ է հանգամանալից կերպով հիմնավորել թե ինչու է պետք հեղինակի կողմից իրականացված նախագիծը մի կողմ դնել և նոր տարբերակ առաջարկել։ Նոր նախագիծ իրականացնելու գաղափարը որևէ կերպ հիմնավորված չէ, մեզ միայն փորձում են հրամցնել «վերաիմաստավորում» բառը, չբացատրելով թե ինչն են վերաիմաստավորում և ինչու։ Այս ստվերային գործընթացները, մասնագիտական հանրության տեսակետները և կարծիքը մերժելը, հանրային քննարկումից ամեն կերպ խուսափելը, մեր մշակութային իրավունքների խախտումը, հանգեցնում է այն մտքին, որ «Կասկադն» ավարտելու իբրև թե բարի կամքի ետևում թաքնված է հերթական մասշտաբային շինարարական գործընթացը մեկնարկելու ցանկությունը, որն արագորեն կլցնի կառուցապատողների գրպաններ, իսկ մեզ կմնա միայն «ժամանակավոր» փոշին։
Քաղաքային իշխանությունների կողմից այս քայլը կրկնում է արդեն տասնամյակներ շարունակ կիրառված մանիպուլյացիան՝ թողնել շինությունն անմխիթար վիճակում այնքան, որ հանրությունը համաձայնվի ցանկացած տարբերակի, միայն թե ազատվի փոշուց ու կեխտից: Սա չափազանց խնդրահարույց մոտեցում է, որի շահարկմամբ երևանում տասնամյակներ շարունակ ոչնչացվել ու աղավաղվել են բազմաթիվ մշակութային կոթողներ։ Եթե մեր պետությունը ձգտում է դեպի ժողովրդավարություն և անգամ հավակնում է դառնալ ԵՄ երկրների ընտանիքի մաս, ապա տարածական պլանավորման այս տենդենցները պետք է հիմնովին վերանայվեն։ Մենք պետք է գնանք դեպի կայուն զարգացում և կայուն քաղաքային պլանավորում, բայց դեռևէ գնում ենք հակառակ ճանապարհով՝ ախտոտված օդին ավելացնում ենք ավելի շատ փոշի, ավելի շատ աղմուկ, ավելի մեծ շինարարություն։
Հաշվի առնելով տեղական մեդիայի բևեռվածությունը, ցանկացած քաղաքային փոփոխության, պատմական արժեքի շուրջ, արվում են քաղաքական բաժանումներ։ Մշակութային արժեքները դառնում են քաղաքական վեճի առարկա։ Ընդդիմությունը դեմ է արտահայտվում, իշխանությունը՝ կողմ, բայց խորը վերլուծություններ, թե տվյալ փոփոխությունը ինչ կտա կամ չի տա քաղաքին, այդպես էլ չեն արվում։ Ինչո՞ւ։
Ճարտարապպետությունը և քաղաքային պլանավորումը քաղաքական ակտ է և դա անխուսափելի է։ Ընդիմություն կոչվող քաղաքական ուժերն ավելի լավ է լռեն, քանի որ նրանց ձեռամբ քաղաքն ուղղակի աղավաղվել ու անճանաչելի է դարձել, իսկ ներկայիս իշխանությունները պետք է շատ լավ գիտակցեն, որ ժողովրդավարություն և թափանցիկություն բառերը կրկնելը միայն բավարար չէ, ժամանակն է բառերից ի վերջո անցնել գործողությունների, հակառակ պարագայում հեղափոխական իշխանությունները պարզապես կշարունակեն իրենց նախկինների ուղղին՝ անտեսելով մասնագիտական հանրությանը և քաղհասարակությանը, անփութորեն վերաբերվելով մշակութային ժառանգության նկատմամբ և աղճատելով քաղաքային միջավայրը։
Երրորդ կարծիքի, մասնագիտական կարծիքի պակաս կա։
Այո, իրավացի եք, մենք թակարդում ենք։ Բևեռվածության պատճառով փորձագետների կարծիքը ներկայացվում է որպես որևէ բևեռի մաս։ Քննադատում ես, քեզ դասում են ընդդիմադիրների շարքերին, աջակցում ես, ասում են՝ իշխանամետ ես։ Սրա պատճառով շատ ու շատ մասնագետներ հրաժարվում են հանրային կարծիքից, լռում են կամ արտահայտվում են շատ զգույշ, որպեսզի չդասվեն «նախկին-ներկա» շարքերին: Սրա պատճառով չկա առողջ հանրային և մասնագիտական երկխոսություն։