2023 թվականի հոկտեմբերին Ազգային ժողովը, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա, ամրագրեց, որ հեռուստաընկերությունները կարող են միավորվել և ստեղծել Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտե, որը կամավոր անդամության վրա հիմնված ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպություն է։
Կոմիտեն սահմանում է չափումների չափանիշները, առավելագույնը հինգ տարով ընտրում է համապատասխան չափումներ կատարող կազմակերպությանը և վերահսկում է չափում կատարող կազմակերպության չափումների կատարումը։
Հանրապետական և մայրաքաղաքային ծածկույթ ունեցող 13 հեռուստաընկերություններ արդեն միավորվել ու ստեղծել են ինքնակարգավորվող այս մարմինն ու ընտրել են հեռուստալսարանի ուսումնասիրություն իրականացնող նոր չափող ընկերությանը։
Կոմիտեի գործունեության ու նոր ընտրված Չափողի մասին Media.am-ը զրուցել է Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի նախագահ Խորեն Բեգլարյանի հետ։
Ինդուստրիալ կոմիտե ստեղծելու անհրաժեշտության մասին երկար է խոսվում։ Վերջապես կարող ենք փաստել, որ այն արդեն գոյություն ունի։
Ինդուստրիալ կոմիտեի անհրաժեշտությունը ինքս նկատել եմ դեռ 2007-2008 թվականներից, երբ առաջին չափող ընկերության տնօրենն էի։ Հեռուստաընկերությունների հետ առանձին-առանձին աշխատելը բավականին դժվար էր։ Հիմա, երբ ստեղծվել է Կոմիտեն, Չափողը յուրաքանչյուր հեռուստաընկերության հետ առանձին աշխատելու խնդիր չունի։ Ինքն արդեն աշխատում է կարգավորող մարմնի հետ։ Գիտի, որ Կոմիտեն պաշտպանում է հեռուստաընկերությունների շահերը՝ վերահսկելով Չափողին, սակայն նաև պարտավոր է օժանդակել, որ Չափողը նորմալ աշխատելու հնարավորություն ունենա։
Ո՞րն է Կոմիտեի հիմնական նպատակն ու գործառույթը։
Մեր առաջնային խնդիրը հեռուստալսարանի չափումների գործընթացը ճշգրիտ ու թափանցիկ կազմակերպելն է։ Սակայն սրանից բացի, մենք պետք է կարողանանք նպաստել մեդիադաշտի կայունացմանն ու զարգացմանը, պետք է փորձենք մեր շուկան ավելի գրավիչ դարձնել միջազգային գովազդատունների համար։
Հեռուստատեսությունը պետք է դիտարկվի որպես բիզնես, մեզ համար շատ կարևոր է դրանց զարգացումը։ Վերջին տարիներին այս բիզնեսը գնալով անկում է ապրում։
Հիմա երբ, աշխատում ենք հեռուստաընկերությունների հետ, տեսնում ենք, որ նրանցից շատերն անգամ չգիտեն գովազդային ի՞նչ գործակալություններ կան շուկայում։ Մինչև այժմ նրանք իրենց ուժերով են փորձել աշխատել գովազդատուների հետ։ Սակայն, խնդիրը միայն նրանց աշխատելաոճի մեջ չէ։
ԱԺ-ն «Գովազդի մասին» օրենքով բազմաթիվ սահմանափակումներ ու արգելքներ է մտցրել, ինչն էլ էականորեն ազդել է հեռուստատեսային գովազդի շուկայի վրա։ Հիմա մենք շատ ակտիվ աշխատում ենք ԲՏԱ նախարարության, ԱԺ-ի, ՀՌՀ-ի հետ։ Օրենքի նոր նախագիծ է պատրաստվում, որի քննարկումներին մենք էլ ենք մասնակցում։ Հեռուստաընկերությունները ներկայացնում են իրենց խնդիրները, մենք էլ փորձում ենք դրանք բարձրաձայնել այդ քննարկումների ժամանակ։
Կոմիտեն ունի նաև մարզային հեռուստաընկերություններին աջակցելու պարտավորություն։ Մարզային հեռուստաընկերությունները ռոտացիոն կարգով և խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են միանալ մեզ։ Հաշվի առնելով նրանց ֆինանսական խնդիրները՝ այս տարբերակով ենք աշխատում նրանց հետ, որպեսզի դեռ չվճարեն Կոմիտեի անդամավճարը։ Սակայն, բարձրաձայնում ենք նրանց խնդիրները, օրինակ դիմել ենք ԲՏԱ նախարարություն, ՀՀՌՑ՝ պարտքերի պատճառով անջատումների հարցի շուրջ լուծումներ գտնելու նպատակով։
Հիմա բանակցում ենք նաև գովազդային գործակալությունների հետ, նրանցից մի քանիսն անդամակցության դիմումներ են ներկայացրել։
Փորձում ենք անդամակցել միջազգային գործընկեր կառույցներին՝ միջազգային Ինդուստրիալ կոմիտեին, Գովազդային գործակալությունների համաշխարհային ասոցիացիային։ Էլի շատ կազմակերպություններ ու ասոցիացիաներ կան, որոնց շարքերը մենք կհամալրենք։ Այս ամենը մեզ կտա ճանաչելիություն, շփում, նոր հնարավորություններ։
Կոմիտեի ստեղծումը՝ օրենքի պահանջով և օրենսդրի միջամտությամբ, շատերի մոտ անվստահություն էր առաջացնում։ Կարծիքներ կային, որ հնարավոր է իշխանական կամ պետական հեռարձակողների նկատմամբ կողմնակալ վերաբերմունք լինի։
Առաջին անգամ է, որ փորձ է արվել տարբեր մոտեցումներ, տարբեր ուղղություններ որդեգրած, տարբեր էթիկական սկզբունքներ ունեցող հեռուստաընկերություններին միավորել և համատեղ աշխատել։ Մեր առաջին իսկ հանդիպման ժամանակ ես նշել եմ, որ անկախ հեռուստաընկերության քաղաքական կողմորոշումներից, պետական կամ մասնավոր լինելուց, հնարավորությունների ծավալից, բոլորը հավասար են, ունեն հավասար ձայնի հնարավորություն։ Դեռ համախմբված աշխատում ենք։
Պետությունը օրենսդրական կարգավորմամբ սահմանել է խաղի կանոնները և վերջ։ Կոմիտեն պետական հովանավորություն չունի, գործում է անկախ՝ անդամվճարներից գոյացած միջոցներով։
Մե՞ծ գումարի մասին է խոսքը։
Դե, չեմ կարող ասել, թե շատ մեծ գումարի մասին է խոսքը, բայց հաշվի առնելով մեր հեռուստաընկերությունների ներկայիս ֆինանսական ծանր վիճակը, միևնույն է դժվար է։

Խորեն Բեգլարյան։
Արդեն ունենք նոր Չափող։ Ո՞ր ընկերությունն է հաղթել և ինչպե՞ս է ընտրվել։
Մրցույթի անցկացման չափորոշիչների փաթեթը մշակել ենք 3M3A Global հետազոտական ընկերության հետ ու բոլոր պահանջները համապատասխանեցրել ենք միջազգային չափորոշիչներին։
Մասնակցության հրավեր ենք ուղարկել աշխարհում գործող 10-ը չափող ընկերությունների, որոնցից 8-ն են արձագանքել։ Վերջին փուլում այդ 8 ընկերություններից 3 էին մնացել։ Մեկը «Ադմոսֆեր Արմենիա»-ն էր, մյուսը՝ վրացական GORBI ընկերությունն էր, որը ներառված է խոշորագույն Kantar ընկերության խմբում։ Երրորդը՝ վերջին տարիներին պրոգրեսիվ աճող, բացարձակապես նորագույն տեխնոլոգիաներով աշխատող չեխական MEDIAN ընկերությունն էր։
Կոմիտեն ընտրեց MEDIAN-ին։ Հենց այս ընկերությունն էլ 2025 թվականի 2-րդ եռամսյակից համարվելու է ՀՀ-ում չափումներ իրականացնող ընկերությունը։
Ինչո՞վ էր առանձնանում այս ընկերությունը, որ նախապատվությունը նրան տրվեց։
Մեդիաչափումներն աշխարհում կատարելագործվում են և տեխնոլոգիական նոր լուծումներ կիրառում։ MEDIAN-ը չափումն իրականացնում է անհատական դիտումների հիման վրա։
Եթե նախկին չափիչ համակարգն ենթադրում էր, որ տնային տնտեսություններում դրված էին սարքեր և ընտանիքի յուրաքանչյուր անդամն ուներ իր անհատականացված թիվը, ապա այս մեխանիզմն այժմ ամբողջությամբ դուրս է գալիս։ Քաղաքացուց այժմ ոչինչ չի պահանջվում։ Այս մոտեցումը նոր է աշխարհում։ Համակարգը մեզ տալու է մեկ ամբողջական պատկեր։ Կապ չունի տվյալ հաղորդումը հեռուստացույցով է դիտվել, YouTube-ով, թե օրինակ մարդը ներբեռնել է իր համակարգչի կամ հեռախոսի մեջ հետո է դիտել, միևնույն է բոլոր ցուցանիշները հաշվարկվելու են։
Նոր տեխնոլոգիա է մտնում Հայաստան։ Այս ընկերությունը 5 երկրում աշխատում է որպես Չափող։ Համագործակցում է հեղինակավոր ընկերությունների հետ՝ Nielsen, Kantar, GFK։ Նոր Չափողը գործակցելու է Պրիզմա ընկերության հետ, որն էլ իրականացնելու է հետազոտությունները, հարցումները, մոնիտորինգի վերահսկողությունը և այլն։
Հատուկ ուզում եմ նշել, որ վարկանիշների բացվածքում հանրապետական ու մայրաքաղաքային սփռման հեռուստաալիքներից բացի, լինելու են նաև մարզայինները։ Մարզային հեռուստաընկերությունները վարկանիշների ճիշտ օգտագործմամբ, կկարողանան գովազդային մուտքեր ապահովել, իսկ հետո ցանկության և հնարավորության դեպքում կվճարեն ու լիարժեքորեն կօգտվեն ծրագրից։
Նոր Չափողը երբ կսկսի աշխատել։
Նախնական պայմանավորվածության համաձայն MEDIAN-ը կսկսի աշխատել հուլիսի մեկից։ Եվ որպեսզի այս ընթացքում դաշտը բաց չմնա, մենք համաձայանգիր ենք ստորագրել «Ադմոսֆեր Արմենիա»-ի հետ, որը Կոմիտեի վերահսկողությամբ կապահովի չափումների անընդհատությունը՝ մինչև հաղթող ընկերության գործունեության մեկնարկը։