Այսօր կարելի է ասել, որ ապրում ենք մի միջավայրում ու ժամանակահատվածում, երբ սոցիալական հարթակներում մարդիկ փորձում են ամեն ինչի մասին խոսել վիզուալիզացիայի միջոցով։ Պատկերը, մեմը, գիֆը կամ փոքրիկ անիմացիոն հոլովակը, երբեմն շատ արագ տեղ են հասցնում մեր հիմնական ասելիքն ու միտքը։ Կարծես վիզուալ արվեստը, տեսողական լեզուն հաղորդակցության ամենապահանջված կերպերից են դարձել։
OnOff անիմացիոն ստուդիայի հիմնադիր, անիմատոր Տիգրան Առաքելյանը պատմում է, որ այսօր անիմացիան էլ ավելի դինամիկ, փորձարարական ու նորարար է դարձել։ Փորձարկումներերից ու նորարարություններից OnOff-ում չեն վախենում և հենց այդ կերպ են փորձում հարթել իրենց ճանապարհը համաշխարհային անիմացիոն կինոինդուստրիայում։
Սքրոլի, ռիլերի դարաշրջանում այսօր խնդիր կա բարդ ինֆորմացիան շատ արագ ու սեղմ ժամկետում ընթերցողին կամ դիտողին ներկայացնելու։ Արդյո՞ք վիզուալ, տեսողական լեզուն ավելի արդյունավետ հաղորդակցություն է ապահովում։
Այո՛, ճիշտ նկատեցիք, կարելի է ասել, որ այսօր ապրում ենք սքրոլի, ռիլերի դարաշրջանում։ Եվ խնդիր կա բարդ երևույթներն ու թեմաները շատ սեղմ ժամանակահատվածում, արագ ու հասկանալի լեզվով դիտողին ներկայացնելու։
Անիմացիան պայմանականության միջոցով անհրաժեշտ ինֆորմացիան ներկայացնելու համար դարձել է շատ լավ գործիք մեդիայիում։ Եվ դրանով է պայմանավորված, որ որպես առաձին մեդիա հանդես գալուց բացի, այն լայնորեն կիրառվում է նաև մյուս ոլորտներում։
Որպես առանձին մեդիա ի՞նչ թեմաներ, խոսակցությունների ի՞նչ շրջանակ է առաջ քաշում այսօր անիմացիոն ֆիլմարտադրությունը։
Նախ շատ կարևոր է փաստել, որ անիմացիան ստեղծագործողին ազատում է բոլոր տեսակի սահմանափակումներից։ Օրինակ՝ երբ դու գեղարվեստական ֆիլմ ես նկարահանում, դու հիմնականում ստիպված ես ենթարկվել ֆիզիկայի օրենքներին, ստիպված ես գնալ ռեալ իրականությունների հետևից։ Անիմացիան ազատում է այս ամենից։
Եվ հենց այդ ազատությունն էլ բացում է թեմաների լայն շրջանակ։ Ստեղծագործողները խնդիր չեն ունենում չանդրադառնալ այնպիսի թեմայի, որը շատ կարևոր է, բայց վիզուալիզացիայի համատեքստում շատ խնդրահարույց է։
Լայնածավալ դիսկուրսներ ու քննարկումներ առաջ բերելու համար անամիցիան շատ լավ միջոց է։ Թեմաները շատ տարբեր են։ Պայմանականության մեջ այլաբանորեն խոսելու շնորհիվ՝ համաշխարհային անիմացիոն ֆիլմարտադրությունը կարողանում է դաշտ բերել սոցիալական շատ ծանր թեմաներ։ Տարատեսակ խնդրահարույց թեմաների մասին խոսում է հանգիստ, առանց պաթոսի, առանց որևէ երևույթ ծայրահեղացնելու։ Այսպիսի ֆիլմերը շատ են աշխարհում։
Հատուկ շեշտեցիք աշխարհում, իսկ Հայաստանու՞մ։
Հայաստանում թեմաներն այդքան սուր չեն։
Ինչու՞
Խնդիրը կայանում է նաև նրանում, որ հայկական իրականության մեջ մենք օգտագործում ենք մուլտիկ անվանումը։ Եվ այս մուլտիկ արտահայտությունը վերաբերմունք է գեներացնում անիմացիոն ֆիլմերի նկատմամբ, ավտոմատ հասկանում ենք, որ թիրախային խմբում երեխաներն են։ Այս մոտեցումը փոխում է անիմացիոն ֆիլմերի կշիռն ու դիրքավորումը դաշտում։
Ճիշտ դիրքավորման համար ի՞նչ է պետք անել։
Իմ կարծիքով մեզանում յուրաքանչյուր տեսակի մեդիան ունի ճիշտ դիրքավորման կամ գնահատման խնդիր։ ԶԼՄ-երը, կինոն, թանգարանները, թատրոնները և այլն․ բոլորի դեպքում կարող ենք ասել, որ ընկալումները, ցավոք դեֆորմացված են։ Իհարկե, սա մի քանի պատճառ ունի։ Առաջին հերթին մեր խնդիրն է գտնել այն կերպը, այն լեզուն, որով կկարողանանք խոսել ու հասկանալի լինել մեր հանդիսատեսի համար, չկտրվել իրականությունից, որում ապրում ենք և լինել հետաքրքիր։
Մյուս խնդիրը կրթական ու սովորութային է։ Մենք չունենք թանգարան, կինոթատրոն, թատրոն գնալու արմատացած մշակույթ, այս ամենը մեր օրվա, առօրյայի մասը չէ։
Ձեր առաջին մեծ նախագիծը «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն էր, որը բավականին դրական արձագանք ստացավ։ Կարելի՞ է ասել, որ հենց այս ֆիլմը համաշխարհային անիմացիոն ֆիլմարտադրության ոլորտում հարթեց Ձեր ճանապարհը և նոր գործակցությունների հնարավորություն ստեղծեց։
Երբ 2018-ին ստեղծեցինք անիմացիոն ստուդիան, որոշել էինք, որ զբաղվելու ենք հենց անիմացիոն ֆիլմերի արտադրությամբ։ Իհարկե, գիտակցում էինք, որ մեր երկրում, որտեղ չկա մեծ կինոինդուստրիա անիմացիոն ֆիլմեր ստեղծելը բավականին բարդ ու հավակնոտ որոշում է։ Սակայն հստակ էինք որոշել, թե ինչ ուղեգիծ ենք մեզ համար պատկերացնում։
Ընդամենը մեկ տարի անց Բարս մեդիայից «Ավրորայի լուսաբացը» նախագծի վրա համատեղ աշխատելու առաջարկ ստացանք։ Սա բավականին լուրջ մարտահրավեր էր։ Բնականաբար համաձայնեցինք։ Գիտեինք, որ եթե այս ֆիլմը հաջողենք, այն իսկապես կարող է հարթել մեր հետագա ճանապարհը։ Պիտի ասեմ, որ հենց այդպես էլ եղավ։
Ի ուրախություն ինձ ֆիլմի պրեմիերան եղավ աշխարհի ամենահեղինակավոր «Անսի» անիմացիոն փառատոնի ժամանակ։ Ինչ խոսք, եթե չլիներ բավականին ուժեղ միջազգային համարտադրությունը (Լիտվայի, Գերմանիայի հետ), դժվար թե «Ավրորայի լուսաբացը» կայանար այդ մակարդակով ու այդ ժամկետներում։
Սա հենց այն դեպքն էր, երբ ասում եմ, որ անիմացիան թույլ է տալիս շատ զգուշորեն ներկայացնել չափազանց խոցելի թեման։
ֆիլմի կայացման գործում կարևորեցիք համարտադրողների մասնակցությունը։ Գիտեմ, որ Ձեր նոր նախագիծը, որի վրա այժմ աշխատում եք, ևս միջազգային բավականին հեղինակավոր համարտադրողների հետ եք իրականացնում։
Այո, մեր նոր նախագիծը կոչվում է «Զակո»։ Սովետահայ նկարիչ Սարգիս Մանգասարյանի կյանքի պատմությունն է։ Նա երկրորդ համաշխարհայինի ժամանակ գերի է ընկել և միայն իր տաղանդի շնորհիվ է կարողացել փրկվել։
«Զակո»-ն մեր երկրորդ հավակնոտ նախագիծն է, որը թե՛ իր մասշտաբով է հավակնոտ, թե՛ տեխնիկական մոտեցմամբ։ Մենք սիրում ենք փորձարկումներ, նորարարություններ իրականացնել, այս անգամ փորձարկել ենք VR նկարչական ծրագիրը։ Այսինքն ծրագրի օգնությամբ նկարում ենք վիրտուալ տարածության մեջ։ Միջազգային ասպարեզում այս մեթոդը բավականին նոր է ու լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի արտադրության ընթացքում շատ չի օգտագործվում։
Այս ծրագրի կիրառումը ռիսկային է ու բարդ, բայց հենց այդ փորձարարության շնորհիվ է հնարավոր նոր խոսք ասել ու փորձել կայանալ միջազգային հարթակներում։
Արդեն ավարտել ենք ֆիլմի զարգացման փուլը և տեղափոխվել ենք նախաարտադրական փուլ։ Ուրախությամբ պետք է ասեմ, որ ունենք ֆրանսիական ու լիտվական համարտադրողներ։ Բացի այդ «Անսի» փառատոնի մեկ այլ ծրագրով հնարավորություն ենք ստացել 3 ամիս գտնվել Անսի քաղաքում և ոլորտի լավագույն մասնագետների ու մենթորների օգնությամբ աշխատել ֆիլմի վրա։ Սա մեզ համար շատ մեծ հաջողություն է, կարելի է ասել մեկ մրցանակ արդեն ստացել ենք։ Կարծում եմ, եթե ֆիլմը ստացվի, հավանաբար պրեմիերան հենց փառատոնի շրջանակում էլ կիրականացվի։
Խոսեցիք փորձարարությունից ու նորարարություններից, իսկ Ձեր աշխատանքը որքանո՞վ է փոխվել AI գործիքների զարգացման արդյունքում, երբ թվում է, որ ճիշտ հաղորդակցման դեպքում յուրաքանչյուրս արդեն կարող ենք ստեղծել վիզուալ կոնտենտ։
Նախ այն աղմուկը, որը հիմա կա շատ մասնագիտությունների և մասնագետների վերացման մասին, կարծում եմ չափազանցված է, բայց բնորոշ է բոլոր փոփոխությունների հետ եկող աղմուկներին, որոնք եղել են բոլար ժամանակներում։
Երբ ֆոտոշոփը մասսայական էր դառնում, շատ նկարիչներ ասում էին, որ դա նկարչություն չէ, բայց պարզվեց, որ այն հրաշալի գործիք դարձավ նկարչության համար։
Երբ մարդը սկսի AI-ին վերաբերվել որպես գործիքի և ոչ թե ինքը դառնա գործիք AI-ի ձեռքում, այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի։ Շատ տեղերում այն հնարավորություն է տալիս ավտոմատիզացնել աշխատանքային գործընթացները։ Ինձ համար ավելի ընդունելի է, երբ AI օգտագործում ես ոչ թե վերջնական արդյունք ստանալու, այլ պրոցեսի ընթացքն ավելի արագացնելու ու համակարգելու համար։
Լիամետրաժ ֆիլմերից բացի, դուք նաև աշխատում եք կարճամետրաժ ֆիլմերի վրա։ Գիտեմ, որ նոր զարգացումներ են սպասվում «Սևանիկ» ֆիլմին։
Նախ ասեմ, որ «Սևանիկ»-ը նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված ֆիլմ է, որի միայն պրոդյուսերական աշխատանքն ենք մենք իրականացրել։ Այն հայկական վիշապաքարերի շուրջ կառուցված լեգենդ է, որի հիմքում դրված են ընկերության ու բնապահպանության գաղափարները։
Առհասարակ, ես կարծում եմ, որ մենք ճիշտ չենք աշխատում մեր ունեցած մշակութային ժառանգության հետ։ Նկատի ունեմ չենք վերաօգտագործում, վերաիմաստավորում կամ վերաձևակերպում այն։ Օրինակ՝ վերցնում ենք մանրանկարչության որևէ ստեղծագործություն և օգտագործում ենք, բայց դրանից ազդված ինչ-որ նոր բան չի ստեղծվում, ինչը տխուր է։ Դրա համար մեր այսօրվա նյութի վիզուալը կամ շատ օտար է կամ՝ տգեղ։ Հենց սա է պատճառը, որ ես շատ սիրում եմ աշխատել հայկական նյութերի հետ։ Իհարկե, երբ անդրադառնում ենք հայկական թեմատիկային, շատ կարևոր է խոսել այսօրվա լեզվով և առանց պաթոսի։
Մենք հիմա նաև աշխատում ենք Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարերի գաղտնիքը» գործի վրա։ Այս երկու նախագծերն էլ հնարավորություն են տալիս ստեղծել ժամանակակից լեգենդ, ինչի հնարավորությունն անիմացիան տալիս է։
Դու կարող ես, հիմնվելով քո ունեցած մշակութային ժառանգության վրա, ստեղծել նոր, գեղեցիկ էսթետիկ ֆորմաներ, ոչ թե փոխառել օտարինը։
Զրույցի սկզբում խոսեցինք, որ սոցիալական ցանցերում առկա շատ ինֆորմացիան ու պատկերները պահանջկոտ են դարձրել հանդիսատեսին՝ հատկապես երեխաներին։ Մենք պետք է կարողանանք բավարարել նրանց պահանջը, բայց միևնույն ժամանակ պահենք մեր ինքնությունը։ Այսինքն հասկանանք, որ միջավայրում ենք ապրում, ինչպես ենք այդ միջավայրը ընկալում և հարաբերվում նրա հետ։
Հարցազրույցը՝ Մարիաննա Դանիելյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: