2023.07.10,

Տեսակետ

«Ինքնակարգավորման հայեցակարգը պետք է նվազեցնի պետության մասնակցությունը լրատվամիջոցների գործունեությանը»

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

20-րդ դարի սկզբից արևմտյան շատ երկրներում լրագրողներն անհանգստացած էին, որ իրենց նկատմամբ վստահությունը նվազում է: Հենց այդ ժամանակ էթիկական նորմերի ձևավորման տարբեր նախաձեռնություններ ի հայտ եկան: 

60-70- ական թվականներին եվրոպական գրեթե բոլոր երկրներում ձևավորվեցին մամուլի խորհուրդներ, որոնք իրավասու էին ու լիազորված էին իրենց կազմի մեջ  ներառված լրատվամիջոցների անունից դիտարկել խմբագրություններին ուղղված բողոքները: 

Հայաստանում 2007-ին ձևավորվեց ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը: Մասնակից լրատվամիջոցները ընդունեցին ընդհանուր վարքականոն: Այս պահին դիտորդ մարմնի կազմում կա 74 լրատվամիջոց:

Արդարադատության նախարարությունը, Ազգային ժողովը և լրագրողական հասարակական կազմակերպությունները, ուսումնասիրելով միջազգային փորձը, քննարկում են Հայաստանում զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող ինքնակարգավորման նոր մեխանիզմներ ստեղծելու հարցը: Մշակվող հայեցակարգի, ինքնակարգավորման մեխանիզմների անհրաժեշտության մասին media.am -ը զրուցել է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:

2007-ից հետո որքանո՞վ է կայացել մեդիայի ինքնակարգավորման մեխանիզմը Հայաստանում: 

Մենք համարում ենք, որ այս տարիների ընթացքում սա էքսպերիմենտալ նախաձեռնություն էր: Մենք էլ համոզված չէինք՝ արդյոք կհաջողվի ազդել մեդիայի առողջացման, որակի բարձրացման վրա, թե ոչ: 

Մենք տարբեր լրատվամիջոցների գործունեության վերաբերյալ բողոքներ ստանում ենք, առանձին դեպքերում քննարկում ենք նաև վարքականոն չստորագրած լրատվամիջոցների դեմ ներկայացված բողոքները: Ամեն դեպքում, երևի ավելի ճիշտ կլինի դիտարկել ոչ թե որպես ինքնակարգավորում, այլ որպես մեդիա քննադատություն, ինչևէ, սա ևս շատ կարևոր է, և ինչ-որ մեկը պիտի զբաղվի դրանով: 

Ինչո՞ւ պետությունը որոշեց, որ պետք է միջամտի լրատվամիջոցների ինքնակարգավորման գործընթացին։

Ես դժվարանում եմ ասել, թե ինչ տրամաբանությամբ է շարժվել կառավարությունը։ Որևէ քննարկում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ չի եղել: Ենթադրում եմ` հաշվի են առել, որ ինքնակարգավորումը լիարժեքորեն իրեն չի արդարացնում, և ընդհանուր կարգավորման դաշտը ձևավորելու համատեքստում անհրաժեշտ է ինչ որ կերպ համատեղել այս երկուսը: Կարծում եմ` սա է պատճառը, որ այս հայեցակարգի մշակման գաղափարը ներառվեց կառավարության 5-ամյա ծրագրում: Դա մեզ համար անսպասելի էր` նույնիսկ մտահոգիչ: 

Մենք համարում ենք, որ ինքնակարգավորումը պետք է զարգանա առանց պետության միջամտության, բայց նաև հասկանում ենք, որ մենք ինչ-որ բանի էինք հավակնում, սակայն միշտ չէ, որ մեր հավակնությունները բավարար հիմնավորված են լինում: Եվ երևի պետությունը իրավասու է նման նախաձեռնությամբ հանդես գալու: 

Եվրոպայում կան շատ զարգացած երկրներ, որտեղ գոյություն ունի համակարգավորման երևույթը, այսինքն` ինքնակարգավորման մեխանիզմները ներառված են նաև կարգավորման համակարգում, օրենքներում: 

Հայեցակարգի ի՞նչ նախագծեր կան այժմ քննարկման սեղանին։ 

Արդարադատության նախարարությունը հայեցակարգի առաջին նախագիծը մշակեց 2021-ի դեկտեմբերին: Մեզ համար անընդունելի էր այդ նախագիծը: Դա այն նախագիծն է, որը հիմա մեծ ուշացումով սկսել է շրջանառվել լրատվամիջոցների կողմից: 

Մենք մշակեցինք այլընտրանքային նախագիծ: Դիտորդ մարմնի և մեդիա ոլորտում աշխատող ՀԿ-ների կողմից մշակված նախագիծը 2022-ից դրված է Երևանի մամուլի ակումբի կայքում, բայց մինչև օրս ոչ մեկ ուշադրություն չի դարձրել դրան: 

Հիմա կառավարության, խորհրդարանի,Եվրոպայի խորհրդի փորձագետների և Դիտորդ մարմնի  միջև քննարկումներ են ընթանում, փորձ է արվում ներդաշնակեցնել 2 նախագծերի մոտեցումները: Պետք է հիշեցնեմ, որ դեռ կառավարության այս նախաձեռնությունից շատ առաջ, երբ Եվրոպայի խորհուրդը ուսումնասիրում էր մեր մեդիա ոլորտի կարիքները, առաջարկել էր, որ պետությունը ուշադրություն դարձնի ինքնակարգավորման զարգացմանը: 

Հիմա վերջնական տեսքի բերված նախագիծ գոյություն չունի։ Պետք է նշեմ, որ միջազգային փորձագետները և մենք նույն շեշտադրումներն ենք անում։ Դեռ կան տարաձայնություններ, սակայն տպավորությունն է, որ դրանք հաղթահարելի են:

Ասացիք, որ կան տարաձայնություններ, որո՞նք են դրանք։ 

Ըստ նախարարության հայեցակարգի նախագծի, պետությունը ձգտում էր ունենալ մեկ՝ բոլորին ներառող ինքնակարգավորման մարմին, որին մասնակցությունը անհրաժեշտ նախապայման էր լինելու, որ ըստ օրենքում կատարվող փոփոխությունների՝ լրատվամիջոցը համարվի լրատվամիջոց: 

Սա անթույլատրելի է մեզ համար։ Ինքնակարգավորման համակարգերում մասնակցությունը պետք է լինի կամավոր։ Կարող են լինել նաև լրատվամիջոցներ, որոնք չեն անդամակցի որևէ ինքնակարգավորման մարմնի։ Եվ չանդամակցելը որևէ ձևով չպետք է խանգարի լրատվամիջոցի գործունեությանը։ 

Այս գործընթացում պետության դերակատարումը ոչ թե ինչ-որ բան լրատվամիջոցներին պարտադրելը կամ նրանց գործունեությունը սահմանափակելը պետք է լինի, այլ խրախուսելը։  

Եվ շատ կարևոր է շեշտել, որ ինքնակարգավորման համակարգերը կարող են բազմազան լինել։ 

Ի՞նչ չափորոշիչների պիտի բավարարի ինքնակարգավորման մարմինը, որ ճանաչվի պետության կողմից։ 

Կառավարության ներկայացուցիչներն ասում էին, որ եթե ինչ-որ քանակի լրատվամիջոցներ միավորված են, ապա դա բավարար է, որպեսզի ինքնակարգավորման մարմինը ճանաչվի։ Մենք ասում ենք, որ թվային մոտեցումը սխալ է։ Միայն որակական չափորոշիչներով պետք է առաջնորդվել։

Առաջարկում ենք, որ ստեղծվի անկախ հանձնաժողով, որն էլ կզբաղվի ինքնակարգավորման մարմինների ճանաչման գործընթացով: Հանձնաժողովը պետք է որոշի՝ արդյոք ինքնակարգավորման մարմնի ներկայացրած վարքականոնը համապատասխանում է միջազգային ստանդարներին, առաջարկվող աշխատակարգը արդյունավետ է, բողոքների քննարկման կամ այլ որոշումների ընդունման մեխանիզմները թափանցիկ են, թե ոչ և այլն։ 

Սուբյեկտիվությունն էլ բացառելու համար առաջարկել ենք, որ բոլոր հայտերը անանուն տարբերակով ուսումնասիրվեն ներգրավված միջազգային փորձագետների կողմից: Նրանց կարծիքը կարող է որոշիչ դառնալ ճանաչման հանձնաժողովի համար: 

Խոսեցիք պետության կողմից խրախուսման մասին, ի՞նչ է սա, և ո՞ր դեպքում լրատվամիջոցը կարժանանա այդ խրախուսանքին։ 

Այն լրատվամիջոցները, որոնք ներգրավված կլինեն վերոնշյալ հանձնաժողովի կողմից ճանաչված ինքնակարգավորման մարմիններում, բարեխիղճ, որակյալ, թափանցիկ գործունեություն կծավալեն, նրանք էլ կարող են հավակնել պետության կողմից ինչ-որ խրախուսանքի։ 

Սպառիչ ցուցակ, թե խրախուսման ինչ տարբերակներ կարող են լինել, մենք չենք էլ քննարկելու հայեցակարգի շրջանակում։ Դա կարող է օրենսդրական նախաձեռնությունների միջոցով լինել կամ կառավարության այլ որոշումներով: Կարող է հարկային արտոնությունների տեսքով լինել, կարող է պետությանը կամ ՏԻՄ-երին պատկանող տարածքների արտոնային գներով տրամադրում իրականացվել։  Խրախուսման մեկ այլ եղանակ էլ դատատական պաշտպանությունն է, աղբյուրների պաշտպանության հետ կապված խնդիրների դեպքում լրատվամիջոցը դատարանում պաշտպանված կարող է լինել։ Այս մոտեցումը, օրինակ լայնորեն կիրառվում է Իռլանդիայում:

Երբ դեռ այս հայեցակարգի մասին խոսք չկար, 2019 թվականից լրատվամիջոցների աջակցության հիմնադրամ ձևավորելու գործընթաց էր ընթանում։ Հիմա հնարավորություն կա, որ այդ հիմնադրամը ձևավորվի ոչ միայն պետության կողմից, այլև արտասահմանյան դոնորների աջակցությամբ։ Հիմնադրամ ձևավորելու հեռանկարը կա, և սա կարող է շատ լուրջ խրախոսելու ձև լինել:

Առաջարկվող հայեցակարգը որքանո՞վ կնպաստի մեդիադաշտի առողջացմանը և հասարակության համար ԶԼՄ-ների վստահելիության ցուցանիշի բարձրացմանը։ 

Մենք պետք է կարողանանք համատեղ աշխատանքի արդյունքում մշակել մի հայեցակարգ, որը ոչ թե պարտադրանքներ է պարունակելու, սահմանափակելու է խոսքի ազատությունը, մեծացնելու է պետության մասնակցությունը լրատվամիջոցների գործունեության ոլորտում, այլ հակառակը՝ այս հայեցակարգը և նրանից բխող այլ որոշոմները պետք է նվազեցնեն պետության մասնակցությունը լրատվամիջոցների գործունեության ոլորտում: Ես կարծում եմ, որ շատ առողջացնող և դրական ազդեցություն կարող է ունենալ:

Երբ մեր քաղաքացիները տեսնեն, որ լրատվամիջոցները, ելնելով բարձր պրոֆեսիոնալ ստանդարտներից, կամավորապես գնում են իրենց աշխատանքը սահմանափակելու ճանապարհով, կսկսեն հարգել ու վստահել տվյալ լրատվամիջոցին։ 

Երբ այդ ինքնակարգավորման մարմինների միջոցով առանց դատարանի և պետության միջամտության լուծվեն ԶԼՄ-ների հետ կապված տարբեր խնդիրներ ու վեճեր,այս հանգամանքը ևս կնպաստի լրատվամիջոցների վարկանիշի և վստահության ցուցանիշի բարձրացմանը և վերջնարդյունքում՝ որպես հասարակական ինստիտուտի ձևավորմանը։ 

Հարցազրույցը՝ Մարիաննա Դանիելյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *