2021.10.25,

Տեսակետ

«Տեղի է ունենում մտքի բռնաբարություն՝ լրահոսի միջոցով»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Արվեստի պատմաբան ու համադրող Վիգեն Գալստյանը վերջին շրջանում գրեթե միշտ աշխատում է հիշողության գաղափարի հետ։ Գրում է տեքստեր, կառուցում ցուցահանդեսներ, դասավանդում, համակարգում Հայաստանի Կինոկենտրոնի ժառանգության բաժինը։ Եվ բոլոր դեպքերում փորձում է հիշողությունը դարձնել մեկնակետ՝ նորի համար։ 

Ի վերջո, եթե չենք հիշում, դատապարտված ենք ամեն բան սկսել զրոյից ու անգամ հարուստ ժառանգությունը չի կարող լինել օգտակար (մենք այն պարզապես հիշողությունների դաշտում չենք տեղավորում)։

Վիգեն Գալստյանի հետ զրույցը ցանցային հիշողության ու մեդիայում տեսանելի լինելու կանոնների, բայց առաջին հերթին ինֆորմացիոն հոսքերի ու մեր՝  այդ հոսքերով հոսող նանոմասնիկների, մասին է։

Լրահոս կարդալը դարձել է շնչելու պես մի բան։  Ամեն օր ահռելի քանակի լուրեր են հայտնվում մեր շուրջը՝ ստիպելով կարդալ, արձագանքել, բորբոքվել։ Կախվածությու՞ն ենք ձեռք բերում լուրերից։

Ինձ համար հարց է՝ արդյո՞ք մենք իրոք ընթերցում ենք լուրերը։ 

Առնվազն հպանցիկ, իմանալու համար՝ ի՞նչ կա-չկա։

Արմատական խնդիրն այն է, որ մենք իրականում չենք ընթերցում լուրը։ Ասենք, տեքստը կարդալուց հետո չենք հասցնում յուրացնել դրա բովանդակությունն ու դրա շուրջ միտք կազմել։ Եվ լրահոսն էլ չի աշխատում այն ավանդական ձևաչափերով, որոնցով լրագրությունը աշխատել է նախկինում։ Չկան որոշակի համակարգված ֆորմատներ՝ թերթի կազմվածք, խորագրեր, լուրերի դասավորություն և այլն։

Սա լրիվ նոր ձևաչափ է, և հասարակությունը դեռ չի կարող հասկանալ, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Մարդը միայն գերակտիվորեն արձագանքում է այդ լրահոսին։

Հետևաբար, տեղի է ունենում մտքի բռնաբարություն՝ լրահոսի միջոցով։ 

Քանի որ այսօր այն ձևաչափերը, որոնցով առնչվում ենք արտաքին աշխարհի կամ արտաքին աշխարհից եկող լուրերի հետ, իրական առնչություն չեն, այլ բառիս բուն իմաստով մտքի բռնաբարություն, մենք նույնիսկ չենք հասցնում հասկանալ, թե մեզ հետ ինչ է կատարվում։ 

Մենք ընդամենը հայտնվում ենք հոսքի մեջ և չենք կարողանում ոչ մի բանից բռնվել, քանի որ հոսքը տանում է մեզ իր հետ։

Նախկինում մարդիկ ունեին իրենց նախընտրած մեդիա հարթակները կամ ուղղորդիչները, որոնց հետևում ու վստահում էին։ Այսօր դա չի աշխատում, քանի որ նույնիսկ չես կարողանում ընտրել։ 

Ընտրության հնարավորություն չկա, որովհետև դու հետևում ես Ֆեյսբուքին կամ Թվիթերին, որոնք քեզ բերում են տեղեկատվության մի մեծ ու հոծ ծավալ, հոսող գետ, հոսք։ Արդյունքում միակ ընտրությունը որ կարող ես անել, այդ հոսանքից փոքր-ինչ հետ կագնելն ու կողքից դրան նայելն է։ 

Դա նման է անհասկանալի կրկեսանման հանդիսանքի։ Եվ լուրն ինքնին դառնում է հանդիսանք։ 

Մեր կարդացածն արդեն լուր էլ չէ, քանի որ չես կարող կողմնորոշվել՝ այդ լուրը ճի՞շտ է քեզ մատուցվում, թե՞ ոչ, հավաստի՞ է, թե՞ ոչ, ի՞նչ հետևանքներ է ենթադրում, ի՞նչ կապեր նախանշում և այլն։

Ես տեսնում եմ նաև լսարանի զգայարանների խորը բթացում և շատ վախենալի անտարբերության ու ապատիայի մթնոլորտի ձևավորում։ 

Անգամ ժամանակի ընկալումն է խեղաթյուրվում։ Օրինակ, լրահոսում տեսնում ենք, որ որևէ հին լուր սկսում է նորից շրջանառվել, բայց քանի որ նոր է հայտնվում քո տեսադաշտում, դու միանգամից ընկալում ես այն որպես նոր ու թարմ ինֆորմացիա։ Այսինքն, խախտվում է նույնիսկ քրոնոլոգիական ընթացքը։

Դա հանգեցնում է այն բանի, որ հայտնվում է պատնեշ՝ մեր զգայարանների ու արտաքին աշխարհում կատարվող իրադարձությունների միջև։ 

Եվ միակ բնազգային ռեակցիան, որը մեզ մնում է, փակվելն է, մեկուսանալն ու հեռու մնալը։ Եվ հնարավորինս պաշտպանել ներաշխարհը, որ կարողանաս զուտ գոյատևել։

Պարզապես անհնարին է այդ քանակությամբ նորությունների մեջ ապրել։ Նորմատիվից դուրս է, երբ ամեն ինչը դառնում է լուր։ 

Օրինակ, քեզ ամեն օր հայտնում են նոր ապրանքների ու ծառայությունների մասին, մտնում ես տրանսպորտ ու ինչ-որ նոր բան ես լսում, հեռախոսդ անընդհատ միացրած է ու ստանում ես հրավերներ ու ծանուցումներ։

Այսինքն, անընդհատ միացած ես տեղեկատվության հոսանքին և նույնիսկ ժամանակ էլ չես ունենում կանգնել ու մտածել, թե որտեղ ես հայտնվել։ 

Մտածես ու մարսես ստացած ինֆորմացիան։ Այսպես ասած՝ մետաբոլիզմի ենթարկես։

Սոցցանցերի ալգորիթմն աշխատում է այնպես, որ խրախուսում է արագ ու շատ արձագաները, բևեռացումը։ Անգամ եթե բան չունես ասելու, պիտի արձագանքես։ Տատանումներ ստեղծես։

Բնականաբար։ Ինձ թվում է, որ անընդհատ խոսելու ու արտահայտվելու ցանկությունը ևս բնազդային է։ Պաշտպանական բնազդ է։

Իհարկե, սոցցանցերը քաջալերում են, որ քո փոխհարաբերությունը և փոխառնչությունը շրջապատի հետ լինեն իրենց մեխանիզմի ներքո։ Հետևաբար, եթե ուզում ես լինել տեսանելի, անպայման պետք է արտահայտվես, այլապես քո տեսանելիության հնարավորությունները կտրուկ սահմանափակվում են։ 

Պարզ ասած՝ եթե մեդիայում չես, դու գոյություն չունես։ Այսօր իրական իրավիճակը դա է։

Եթե գոյություն չունենք մեդիա հարթակներում, ապա հարց՝ բա որտե՞ղ ենք մենք և ո՞վ է մեզ տեսնում կամ մեզ հիշում։

Կա նաև մեկ այլ լուրջ խնդիր. այսօր հասարակության հիշողությունը զավթված է մեդիա ցանցերի կողմից։ Այսինքն, հիշելու գործառույթը (թե՛ գիտելիքի, թե՛ ապրումների տեսանկյունից) մենք հանձնում ենք սոցիալական մեդիային։ Մեր փոխարեն հիշում են Ֆեյսբուքի գրառումները, Ինսթագրամի սթորիները և այլն։

Կարծես մենք ինքներս արդեն տեղ չունենք մեր հիշողությունը պահելու։ Իսկ եթե չենք հիշում, նաև չենք կարողանում նոր երևույթներին պատշաճ ձևով արձագանքել։ Ի վերջո, հիշողությունն է ձևավորում մեր գիտակցությունը։

Վերջերս ինքս ինչ բռնացրեցի այն գործողության վրա, որ եթե չեմ հիշում, թե ինչ եմ արել մի քանի օր առաջ, մտնում եմ ցանց, որ իմ հրապարակած գրառումներով, նկարներով կամ տեղաշարժի հետքերով վերականգնեմ իմ քայլերը։ 

 

Ես այդ միտքից սարսափեցի։

Եթե չենք կարողանում տարրական բաներ ինքներս մեր ձեռքում պահել, ո՞նց կարող ենք ընդհանրապես լուրերի կամ նույնիսկ միմյանց հանդեպ ձևավորել որոշակի առողջ հարաբերություններ։ Իսկ թվում է, որ այսօր դա հնարավոր չէ։

Եվ երբ խոսում ենք տեքստ ընթերցելու մասին, պիտի հաշվի առնենք, որ տեքստը շատ լայն հասկացություն է։ Ընթերցումը, բնականաբար, ենթադրում է մեկնաբանություն։ 

Գիտելիքն ընդհանրապես ուտելիքի պես է։ Կոպիտ ասած՝ ընթերցում ես, որ ուտես։ Բայց այսօր հաճախ տեսնում ենք, որ մեդիա ֆորմատը աշխատում է այնպես, որ բովանդակության նեցուկը ամփոփված է մեկ-երկու նախադասության կամ անգամ բառակապակցության մեջ, և յուրացվում է միայն դա, առանց բովանդակությունը մարսելու։

Դա է վաճառվում, ու լրատվամիջոցներն են նաև այդպես կառուցում իրենց նյութերը, որ կարդացվի ու վաճառվի։ 

Հասկանալի է, որ աշխատում է քլիքբեյթ հասկացությունը։ Եվ եթե չունես նման կարճ շրջանակում կամ ուշադրություն գրավող վերնագիր, այսինքն, եթե չես հետևում խաղի կանոններին, ակամայից ընկնում ես անտեսանելիության դաշտ՝ չես ունենում հետևորդներ, ընթերցողներ, գովազդատուներ և այլն։ Եվ պարզապես չես կարողանում աշխատել այդ համակարգում։

Իհարկե, կարելի է այդ ամենը գիտակցել, բայց հարց՝ արդյո՞ք կարող ես դրանից հրաժարվել ու գնալ ալտերնատիվ մեդիա հարթակներ, ինքդ դառնաս մեդիա։ Ի վերջո, այսօր տեխնոլոգիաները տալիս են հնարավորություն, որ ինքդ դառնաս լրագրող ու բովանդակություն ստեղծող։

Ինչպես Ինսթագրամը բոլորիս դարձրեց լուսանկարիչ կամ վիդեոգրաֆիկա անող, այնպես էլ Թվիթերը բոլորիս դարձրեց լրագրող։ Եվ լրագրողի մասնագիտությունն ինքնին շատ մեծ հարցականի տակ է։ 

Եթե ինքս կարող եմ վկայել իմ շուրջը եղած իրականության մասին, հետևաբար ինձ պետք չէ այդ միջնորդը։ Եվ ընդհանրապես միջնորդների (լրագրողների, արվեստաբանների, պատմաբանների և այլն) գործառույթը, որի շուրջ ավանդապես կառուցվել է քաղաքակրթությունը, գնալով դուրս է մղվում գործածությունից։ 

Եվ դեմ առ դեմ են մնում ահռելի ու աներևակայելի կապիտալիստական ալգորիթմը և սպառողը։ Իսկ արանքում չկան բուֆերներ, որոնք կօգնեն այդ երկուսի միջև ստեղծել որոշակի պաշտպանական մեխանիզմներ (միգուցե, անջրպետներ), որ կարողանանք դիմադրել այս հսկայական համակարգին։

Բայց մյուս կողմից չէի ուզի, որ սարսափի ու մղձավանջի տպավորություն ստեղծվեր, քանի որ վստահ եմ, որ այսօր ձևավորվում է նոր մարդ։ 

Այդ նոր մարդը ծնվել է՝ ունենալով ինտերնետը ձեռքում, մտքում ու գրպանում։ Նույնսիկ որպես իր մարմնի մաս։

Մարդկանց մարմինը շատ առարկայական ձևով կապված է տեխնոլոգիաների հետ։ Նյարդերի ցանցի պես։

Բայց եթե Արևմուտքում հիմա ակտիվորեն մշակվում են տեսություններ, օրինակ, կապված տրանսհումանիզմի հետ և դրանք ուղղակիորեն առնչվում են այդ թվում նաև լրագրության դաշտի հետ, ապա Հայաստանում դրա շուրջ որևէ միտք չի ձևավորվում։ 

Հետևաբար, այդ նոր մարդու հասկացությունը, որը ծնվում է այս տեխնոլոգիական փոխակերպումների արդյունքում, տարերային ու անկանոն ձևով է մեզ հասնում։

Ինչպե՞ս խոսել ապագայի մասին, եթե նույնիսկ պատվաստումների շուրջ են ծաղկում դավադրական վարկածները։

Օրինակ, առնվազն ձևավորելով խոսակցական ցանց՝ դրա շուրջ։ Որը կսկսվի ակադեմիաներից ու ինստիտուտներից և կավարտվի, ասենք, նույն Թվիթերում։

Կարծում եմ՝ մեզ մոտ ցանցային տրամաբանությունը լավ չի աշխատում։ Պետք է, որ խոսակցությունը սկսվի մի կետից, գնա մյուս կետ ու ավարտվի երրորդ կետում։ Ու ճանապարհին չկորչի կամ աղավաղվի։

Համաձայն եմ, միշտ կարծես խոսակցությունը սկսում ենք զրոյից, մոռանալով անգամ, որ արդեն խոսել ենք կամ ունեցել նախադեպ։

Հիշողության բացակայությունը հանգեցնում է այն բանի, որ վաղը մեկին կարող է թվալ, որ խոսակցություն չի էլ եղել ու հետևաբար պետք է նորից ու անընդհատ նույն բանը կրկնել։ Եվ այդպես շարունակ ամեն ոլորտում։

Դա՞ է պատճառը, որ սկսեցիր զբաղվել ժառանգության պահպանմամբ ու համակարգել Հայաստանի կինոարխիվը։ 

Այն, որ մենք ունենք իրոք մոռացված հիշողություն, փաստ է։ Ես միշտ ասում եմ երիտասարդ ռեժիսորներին, որ եթե ունեք նոր փառահեղ հայկական կինո ստեղծելու ձգտում, ուսումնասիրեք հիշողությունները, արդեն եղած փաստերը։ 

Մշակույթը շատերի պատկերացմամբ կարծես գոյություն ունի զուտ սիմվոլիկ տիրույթում, հիմնված է ոչ թե նյութական բազայի ու հիշողության վրա, այլ կազմված է մի քանի մեծ վիրտուալ մետանշաններից։

Իսկ նոր հորիզոնների բացահայտում երբեք տեղի չի ունենա, եթե պատկերացումները հայկական կինոյի մասին սահմանափակվեն ընդամենը երեք-չորս ֆիլմերով, որոնց շուրջ կառուցվում է հայ կինոյի մասին մետանառատիվը։ 

Մինչդեռ մեր ունեցածն այնքան տարօրինակորեն բազմազան է և ահավոր հակասական, որ մտածելու լիքը տեղ է տալիս։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *