2021.07.29,

Տեսակետ

«Անցումը դեպի ավելի խիզախ ու որակյալ հեռուստաընկերություն պետք է լինի սահուն»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, այժմ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանը կարծում է, որ մեդիա դաշտի հիմնական կարգավորող գործիքները պետք է հիմնված լինեն ֆինանսների թափանցիկության ու էթիկական կոդեքսների վրա։

Հանրայինի նոր եթերարաշրջանը նա համարում է լավը և այս փուլում առաջին հերթին կարևորում է ֆինանսական հաշվետվողականությունը։

Եթե խոսենք ոչ թե լրատվամիջոցների բովանդակության, այլ թափանցիկ գործունեությունից ու ֆինանսական աղբյուրներից, կարելի՞ էր ավելի արդյունավետ քայլեր առաջարկել օրենսդրական դաշտում։

Մեդիա դաշտի խնդիրը հենց բովանդակությունն է։ Համաձայն եմ, որ կարելի էր ավելի խիստ մոտենալ, օրինակ, սեփականության իրավունքի պահանջին, բացահայտել լրատվամիջոցների դոնորներին, ֆինանսական աղբյուրներն ու այլն։ 

Կար նման մտահղացում (հանքարդյունաբերությունից հետո հերթում մեդիան է), բայց առաջնային համարվեց տեսալսողական մեդիայի մասին օրենքը, որը կարգավորելու էր ներքին իրավահարաբերությունները։ 

Բովանդակության կարգավորման տեսակետից այդ օրենքը միայն պարտադիր դարձրեց հանրօգուտ բովանդակության առկայությունը և այն էլ՝ միայն հանրային մուլտիպլեքսի սլոթերն օգտագործող մեդիայում։

Տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ ցանկացած մարդ առանց որևէ խոչընդոտների կարող է արտադրել ցանկացած քանակությամբ տեքստ՝ ցանկացած լսարանի համար։ Եվ տեխնոլոգիաներն ակնհայտորեն շատ ավելի արագ են զարգանում, քան մարդու միտքն այն ուղղությամբ, թե ինչպես կարելի է կանխել դրանց բացասական հետևանքները։

Հարցը, թե որտեղից է գոյանում լրատվամիջոցի գումարը, հեշտորեն կարելի է ներկայացնել ասենք՝ դրամահավաքի կամ նվիրատվության ձևով։

Եվ եթե լրատվամիջոցին փող նվիրաբերած անձը կամ կազմակերպությունը ցանկանա դա անել անանուն, հանգիստ կարող է մնալ ինկոգնիտո, քանի որ ունի դրա իրավունքը։ 

Ֆինանսական աղբյուրների տեսանելիության հարցը պահանջում է ավելի նուրբ օրենսդրական լուծումներ, որոնք պետք է կարգավորվեն ԶԼՄ-ների մասին օրենքով։ Խորհրդարանում աշխատանքներ տարվում էին, բայց կիսատ մնացին՝ համավարակն ու պատերազմը հետևանքով։

Մեդիա դաշտի ներքին մշակույթի հետ ուղղակի կապ ունի նաև ինքնակարգավորման մոդելը։

Վերջերս, օրինակ, ինքնակարգավորող ամենախոշոր մարմիններից մեկը՝ Դիտորդ մարմինը, ընդունեց որոշում, որ որպես երկրորդ կողմ կարող է հանդես գալ նաև ՀՌՀ-ն, որը բովնադակությանը միջամտելու իրավունք չունի (և իմ կարծիքով՝ չի կարող ունենալ)։ 

Այսինքն, ՀՌՀ-ն հանրային մուլտիպլեքսում սփռվող ալիքներից ստացած էթիկայի կոդեքսների խախտման դեպքում հնարավորություն ունի դիմելու Դիտորդ մարմին և կիրառելու որոշակի կարգավորումներ։

Ի վերջո, հենց այդ էթիկական կոդեքսներն են դարձել ալիքների լիցենզիոն պայման։

Եվ եթե ալիքն իր իսկ ներկայացրած պայմանը խախտում է, հանձնաժողովը ստանում է մեխանիզմ կիրառելու պատժամիջոցներ։

Ստացվում է, որ կա կարգավորման երկու կարևոր գործոն՝ էթիկան և փողը։ Եվ երկուսի հետ էլ կապ ունի քաղաքականությունը։

Մեդիան չի կարող չքաղաքականալ, եթե իր գոյության հիմնական միջոցները վերցնում է կոնկրետ քաղաքական խմբավորումներից կամ կուսակցություններից։ Դա ենթադրում է, որ լրատվամիջոցը անմիջական ազդեցության տակ է։ Անիմաստ է օգտագործել «ծախված լրագրող» արտահայտությունը, քանի որ ազդեցությունը անխուսափելի է ոչ միայն ֆինանսների տեսակետից։

Լրագրողն ու պատվիրատուն շփվում են, ընկերանում ու, ի վերջո, դառնում համախոհներ ու գաղափարակիցներ։

Իսկ լրատվամիջոցները չեն կարող լինել կուսակցական գաղափարակիցներ կամ էլ քաղաքական նկատառումներից ձևավորված ինչ-որ խմբերի ընկերներ։ Լրատվամիջոցի համար ավելի վատ ճակատագիր պատկերացնելն անհնարին է։ Իսկ մեզ մոտ իրականում հիմա հենց այդպես է։

Ցավով արձանագրենք, որ քաղաքականցված է նաև մեր բիզնեսը։ Եվ դրանից ազատվելը երկար գործընթաց է։

Մենք փորձեցինք ստեղծել մի հիմնադրամ, որը կֆինանսավորվեր կառավարության կողմից և որոշակի հնարավորություն կտար լրատվամիջոցներին ձեռք բերելու անկախություն։ Բայց հետո ինքներս հրաժարվեցինք այդ մտքից, քանի որ դա նորից ստանում էր քաղաքական կոնյուկտուրայի տրամաբանություն։ Եվ էլի դառնալու էր «ընկերանալու» գործիք։

Ուղղակի ընդունենք, որ ինֆո-բիզնեսը լրատվություն չէ, և հանրությունը ինքը պետք է կարողանա տարբերակել ու պատժել ինֆո-բիզնեսմեններին, որոնք փող են ստանում դիտումների, այցելությունների քանակից։

Այսինքն, նորից կարևորվում է կրթությունը, և հատկապես, մեդիագրագիտությունը։

Կրթված մարդը միշտ իր հարցերը լուծում է ինքնուրույն, և այդ դեպքում կարիք չի լինում օրենքների կամ պատժամիջոցների։

Եվ չմոռանանք, որ անկախ չլինելն, ի վերջո, վնասում է հենց լրատվամիջոցին։ Ո՞նց հանգիստ քնես գիշերը, եթե գիտես, որ չես կարող գրել մի բան ու պարտավոր ես գրել մեկ այլ բան։

Տարբեր հանձնաժողովները, նաև Հանրային հեռարձակողի խորհուրդը,  ունեն բավականին լիազորություններ, բայց կարծես ցանկություն չունեն կիրառելու դրանք։ Կարելի՞ է ասել, որ այժմ արդեն նոր անդամներ ներառած Հանրայինի խորհուրդը կունենա այդ ցանկությունը։

Հանրային հեռարձակողի խորհուրդը իրականում մեծ լիազորություններ ունի, այդ թվում նաև գործադիր տնօրեններ նշանակելու ու եթերային քաղաքականություն հաստատելու (իհարկե, չչեղարկելով ստեղծագործական ազատությունը)։

Հիմա մեր խորհուրդը ակտիվ աշխատում է, համարյա ամենօրյա ռեժիմով։ Առայժմ դեռ մոնիթորինգի տեսքով և շփվելով Հանրայինի մաս հանդիսացող հինգ մեդիա միավորների գործադիր մարմինների հետ։ 

Կարծում եմ՝ հիմա այն փուլն է, երբ պետք է հստակեցվեն բոլոր խաղի կանոնները, և մուտք գործենք հանգիստ արտադրական ընթացքի մեջ։ 

Չգիտեմ, նախկինում ինչպես էր, բայց հիմա շատ երկար է տևում եթերաշրջանի ծրագրային ցանցը հաստատման գործընթացը։

Նոր եթերաշրջանը տարբերվելու՞ է։ 

Եթե նայենք օբյեկտիվորեն, լավ եթերաշրջան կլինի։

Ճի՞շտ եմ հասկանում, որ ավելանալու են պաթետիկ ու ժամանցային ուղղվածության հաղորդումները։

Ավելանալու են և՛ պաթետիկ, և՛ ժամանցային հաղորդումները։ Այսինքն, Հանրայինի նախաձեռնությամբ էականորեն մեծանալու է հաղորդումների դիապոզոնը՝ ռեալիթի շոուից սկսած, երաժշտական հաղորդումներով վերջացրած։ Նաև ակնկալվում է հանրօգուտ բովանդակության մեծ ծավալ։

Հանրայինը նախապատրաստում է նաև բացել արխիվային ալիք, մանկական ալիք, լրատվականի ալիքի բացումը արդեն եղավ։

Կարելի՞ է սպասել, որ Հանրայինը ոչ այնքան կառավարության PR-ը կանի (և հաճախ անորակ ձևով ու լեզվով), այլ կդառնա ավելի ինքնուրույն և որ ամենակարևորն է՝ ոչ մակերեսային։

Հանրայինը ոչ թե դառնում է ինքնուրույն, այլ արդեն իսկ ինքնուրույն է, կառավարությունից չի եղել ճնշում կամ թեկուզ միջնորդավորված միջամտություն։ 

Իհարկե, Հանրայինի ու կառավարության համագործակցությունը անխուսափելի է, թեկուզ այն պատճառով, որ կառավարությունն է որոշում բյուջեի այն չափաբաժինը, որը հատկացվելու է Հանրայինին (օրենքով հաստատված նվազագույն գումարից բացի)։ Սպասել, որ Հանրային ալիքները կֆինանսավորվեն հանրության կողմից, չենք կարող։

Շատ տարբեր են ողնաշարային պատկերացումները, թե ինչպիսին պիտի լինի Հանրայինը։

Առնվազն խորհրդի այս կազմը պատրաստ է լսել տարբեր մարդկանց՝ ստանալ առաջարկներ, մշակել, մարսել ու մատուցել դրանք։

Խորհուրդը նաև այդ օղակն է, որը կապում է հանրությանը Հանրայինի տնօրենների հետ:

Այսինքն, կա՞ պահանջ երաժշտական շոուի։ Ուսումնասիրությու՞ն է արվել։

Միգուցե հնչի որպես դեմագոգիա, բայց դա նույնն է, որ հարցնենք, արդյոք մեզ պե՞տք է մասնակցել Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը, թե՞ ոչ։ Այսինքն, կան բաներ, որոնք ապրիորի հասկանալի են, քանի որ դրանք ոգի են բարձրացնում, ստեղծում են տրամադրություն, փոխում են մտածելակերպ, զարգացնում են մշակույթ և այդպես շարունակ։ 

Այո, կարծում եմ, որ Հանրայինում լավ եթերաշրջան է լինելու ու ցանկացած հաջորդ եթերաշրջան լինելու է ավելի լավը, քան նախորդը։ Համենայնդեպս, պիտի գնանք այդ ուղղությամբ՝ ընդլայնելով դիապոզոնը։ 

Ոչ թե ստանձնենք խրատ անող ուսուցչի դեր, այլ բավարարենք այն բոլոր պահանջները, որոնք հանրությունն ակնկալում է Հանրայինից։

Եվ իհարկե, սահմանենք բարձր որակ, որ ակնկալիքներն էլ մեծանան։

Դա, իհարկե, ճիշտ է։ Բայց անթաքույց կերպով երևում է, որ եթերը հատկապես իր հնչերանգով ու բովանդակությամբ հիշեցնում է, որ հիմքում սովետական ստանդարտներն են։

Շատ կարևոր է ձևակերպել, թե ինչ է ստանդարտը ու հատկապես սովետական։ Եթե կարողանանք իրոք ձևակերպել այդ ստանդարտը, կկարողանանք նաև դիպուկ կերպով փոփոխություններ անել։ Բայց քանի որ սովետականությունը ստացվում է օդում կախված կարծիք, որը հիմնված է զգացողությունների ու որոշ մարդկանց պատմական հիշողությունների վրա, արդյունք չի լինի։ 

Հարկավոր է պայմանավորվել, թե ինչ եզրույթներ ենք օգտագործում։

Հանրայինում հիմա շատ երիտասարդներ են աշխատում, և դժվար թե նրանք ժառանգած լինեն այն, ինչի մասին ասում եք։ 

Կարող ենք դա անվանել պրոգրեսիվ նոստալգիա։ 

Անցյալում եղած ճիշտը վերամատուցելու՞ մասին է։ Վստահեցնում են, որ ոչ ոք չի ուզում տեղում դոփել, և Հանրայինը ոչ միայն պետք է պրոգրեսին համահունչ լինի, այլև լինի պրոգրեսի առաջամարտիկներից։ 

Իսկ ինչպիսի՞ն կլինի մեր հանրությունը երեք տարի հետո, որին և դիմելու է ապագայի Հանրայինը։ 

Հանրայինը դիմում է մտածող, խոսքի արժեքը գիտակցող և վերլուծող մարդկանց։

Գումարած՝ ունի միտում բարելավելու մշակութային միջավայրը, սահմանելու նոր նշաձողեր։ Որ լսարանը չփոխի ալիքը՝ ակնկալելով, որ Հանրայինում կգտնի իրեն բավարարող բովանդակություն։

Հիմա մեր մեդիա դաշտը շատ է բևեռացված, լի ատելության, ուղղակի հոյհոյախառն խոսքով և այլն։ Արդյոք դրա հակաշիռը չեզոք, ստերիլ, անատամ ու անդեմ խոս՞քն է (ասենք պաթոսախառը, որը միշտ անդեմ է)։ Եվ արժե՞ Հանրայինից  սպասել այդ էներգիան։

Սա հետաքրքիր թեմա է, բայց էլի կարիք ունենք ճշտելու եզրույթները։ Կարծում եմ, որ Հանրայինի չեզոքությունը (ոչ թե իներտությունը) մեծ ձեռքբերում է։

Այլ հարց է, որ պետք է խիզախ քայլեր անել, և այդ հնարավորությունը մենք ունենք հեռանկարում։ 

Հանրայինը, ցավոք, վերջին տասնամյակներում, հանրության կողմից ընկալվում է որպես իշխանությունների խոսափող։ Այսինքն, լայն իմաստով այն, ինչ արվում է, դիտարկվում է որպես պետական քաղաքականություն։ 

Եվ անցումը դեպի ավելի խիզախ ու որակյալ հեռուստաընկերություն պետք է լինի այնքան սահուն, որ այն հասկանալի ու ընդունելի լինի բոլորի կողմից։ Հիմա սպասելի է, որ այդ խիզախ քայլերը տարբեր օղակներում անմիջապես ենթարկվելու են մանիպուլյացիաների։

Հիմա ժամանակն է Հանրայինի անկախությունը գրագետ օգտագործելու ու տեսանելի դարձնելու, որ սա ոչ թե իշխանության, այլ հանրության կարծիքը ներկայացնող ալիք է։ 

Բայց դա պիտի լինի սահուն կերպով, քանի որ շատ ամուր է արմատավորված այն կարծիքը, որ Հանրայինում ցուցադրվում է իշխանությունների ուզածը։ Դա իրականում վտանգավոր կարծրատիպ է, որն ազդում է առաջին հերթին հենց Հանրայինի վարկանիշի վրա։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *