2021.06.29,

Տեսակետ

«Այն, ինչը պիտի լիներ արյունով, դառնում է էմոջիների պատերազմ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Խոսքը՝ ասված հանրային վայրերում ու հանրային նշանակության մարդկանց շուրթերով, հաճախ ձեռք է բերում յուրահատուկ ազդակի դեր, հուշում, որ արդեն կարելի է։ Օրինակ, կարելի է ցանկացած հայհոյանք ու նվաստացնող բառապաշար օգտագործել, անտեսել տարբեր մանր ու մեծ տաբուներ, բարձրացնել ամենաթողության մակարդակը։

Ու թեև ծայրահեղ լարված իրավիճակներում խոսքը զենք է, բայց ինչ-որ պահից սկսած կարող է դառնալ իր իսկ հակազենքը։ 

Գրող, հրապարակախոս, Հայաստանի ՓԵՆ կենտրոնի նախագահ Արմեն Օհանյանը կարծում է, որ ագրեսիվ խոսքը, որը հորդաց վիրտուալ աշխարհում, նաև մեղմացնող գործոն էր, քանի որ մարդիկ իրենց ներսում կուտակվածը կարողացան բաց կերպով արտահայտել ու խուսափել քաղաքացիական պատերազմից։ Խոսքը մնաց խոսք, չվերածվեց գործի։

Նա ասում է, որ խաղաղության խոսույթը առաջին հերթին ուղղված է ներքին խաղաղությանը։ Եվ հիմա խնամքի, հարգանքի, ամոքման ու համախմբվածության ժամանակն է։

Պատերազմից հետո ու հատկապես ընտրություններից առաջ ատելության խոսքը մեծ ծավալով հնչում էր ամենաբարձր ամբիոններից ու եթերից։ Կոչերը՝ վառելու, ոչնչացնելու հակառակ կերպ մտածողներին (ասելով՝ թուրք, դավաճան, ազգի թշնամի և այլն) կարելի՞ է համարել ֆաշիստական մտածելակերպի տարր։

Ինձ թվում է՝ տեղի ունեցավ հակառակը։ Ընտրությունները շշից բաց թողեցին բոլոր ջիններին։ Ազգայնականությունը նորություն չէ մեզ համար, 1960-ականներից մենք այդ ստալինյան ազգայնականության խոսույթի մեջ ենք։ Ուղղակի հիմա այն հասավ իր գագաթնակետին։

Եվ եթե նայենք իրավիճակին մյուս կողմից, կտեսնենք, որ Հայաստանում երբեք չի եղել այս մակարդակի բացախոսություն, երբ ով ինչ ուզի, կարող է ասել։ Կարող է հայհոյել թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը։ 

Իհարկե, հայհոյախոսության այդ տարափն առաջին տպավորությամբ, շատ վախեցնող է, բայց մենք տեսնում ենք, որ դա նաև հանգստացնող է, որովհետև մարդիկ իրենց մեջի ասելիքը հանեցին դուրս։

Պատկերավոր ասած՝ դուրս եկավ կուտակված թույնը, թարախը, մաղձն ու նավսը։ 

Հետընտրական զարգացումները ցույց են տալիս, որ այդ ամենը խոսքով դուրս եկավ և այդ պատճառով էլ չվերածվեց գործի։ Հանգստություն է իջել մարդկանց վրա։ 

Եվ մեր վախերը, որ այսպես չի կարող շարունակվել, քաղաքական ուժերը կարող են իրար մորթել ու իրար գլուխ ջարդել, որ կա քաղաքացիական պատերազմի վտանգ, փաստորեն մեղմվեցին։ Չենք կարող ասել, որ վտանգը վերացավ, բայց այն մեղմվեց նաև շնորհիվ այն բանի, որ մարդիկ ազատորեն կարող էին հայհոյել։

Հայհոյանքը մնում է վիրտուալ դաշտում ու չի անցնում իրականություն, չի վերածվում քաղաքացիական պատերազմի։ Այն, ինչը պիտի լիներ արյունով, հիմա դառնում է էմոջիների պատերազմ՝ ջղայն սմայլիկներով կամ սրտիկներով։

Կարծում եմ՝ բացախոսության ոչ մի դրսևորում վախենալու չէ։

Ուրիշ հարց է, որ պետք է կարմիր գծեր քաշվեն ատելության խոսքի դիմաց, և աշխատեն օրենսդրական կարգավորումները։

Բայց անձնապես ես օրենսդրական կարգավորումների կողմնակիցը չեմ, քանի որ դրանք երկսայր սուր են։ Էսօր դու ինչ-որ մարդկանց բերաններ փակում ես՝ մեղմելու համար վաղվա հնարավոր բախումները, բայց իրականում այդ խոսքը չի վերանում։ Մարդիկ այդ ատելությունը ներս են գցում։ 

Ավելի վատ է, երբ ասելու բան ունես, բայց չունես հնարավորություն մտածածդ բաց ասելու։ 

Եվ բացվում են անդունդներ…

Հիմա տեսանք, որ մեր հասարակության մի մասը մտածում է մի բան, իսկ մյուս մասը՝ ռադիկալ այլ։ Այսինքն, պատկերացումները միատարր չեն։ Եվ միշտ լավ է, երբ հասարակությունը դիֆերենցացված է, կա բազմակարծություն, տարակարծություն։ 

Նույնիսկ երբ տարբերությունը շատ է սրվում, միևնույն է դա ավելի նախընտրելի է, քան բոլորին նույն գծի մեջ տեղադրելով՝ գնալ առաջ։

Նման բացախոսությունը անվերապահորեն լա՞վ է, թե՞ ամեն դեպքում այն ուղղորդվում էր՝ ստեղծելով քաոսի ու անկման պատրանք։ Հատկապես մեդիայում։

Դա մեր բոլոր ժամանակների խոսույթն է, որը հիմա լեգիտիմացվեց և երևաց բոլոր մակարդակներում՝ ամենստորինից մինչև ամենավերին։ 

Այսօր հասարակությունը դուրս է գալիս նաև այդ դիխոտոմիայից՝ ժեխի ու էլիտայի, գյուղացիների ու քաղաքացիների, հայաստանցիների ու ղարաբաղցիների։

Այս բոլոր բաժանումները վաղուց եղել են, դրանք նորություն չեն։ Դա շատ երկար տևած խոսակցություն է, որն անընդհատ բլթբլթում էր ու հիմա եռալով դուրս եկավ, հորդաց։

Ինչ-որ առումով պատերազմը նաև կեղծիքի, միֆի փլուզման գործընթաց էր։ Հասարակությունը հանկարծ իր ազգային իդեալների, պատկերացումների, երազանքների, միֆերի փլուզման ֆոնին հայտնվեց շատ բարդ իրավիճակում։ Եվ սկսեց արտահայտվել։

Իհարկե, բարդ է ասել, թե այդ հայհոյախոսությունը որքան էր ուղղորդվել ու ենթարկվել մեդիա մանիպուլյացիաների, բայց այդ խոսույթը միշտ եղել է։ Եվ շատ լավ է, որ հիմա այն երևաց։ Ես դրական եմ գնահատում հենց դրա երևալու պահը։

Եվ արժե նաև թեթև նայել հայհոյանքին, ի վերջո, դա մեր լեզվի հարստության մի մասն է։

Հայհոյանքը՝ ուղղված ծնողներին, հատկապես մորը, առնվազն տաբու էր հանրային խոսքում։ Իսկ հիմա ո՞չ։ 

Բայց եկեք նայենք, թե ով է դա ասում (ես օրինակ ոչ մեկին չեմ հայհոյել)։ Մեր կողքին կան մարդիկ, որոնք ոչ մի դեպքում իրենց դա թույլ չեն տա։ Ով դա ասում է, թող ինքն իրեն հարցնի՝ ինչու՞ եմ հասել այդ վիճակին, որ կարողանում եմ այդ բառերը հանրային վայրերում ասել։

Այս բոլոր հարցերը պետք է ուղղվել այն մարդկանց, որոնք այդ խոսույթը ողջունել են կամ հրահրել են։ Ու անհասկանալի են մնացել…

Բայց միևնույն է, ես չէի կառչի միայն բառերից։

Իրականում մենք հետպատերազմական տրավմայի մեջ գտնվող ու գետտոյացված հասարակություն ենք, որը սկսել է իր անկախությունը կառուցել Ղարաբաղյան շարժումից, և հանկարծ այդ շարժումը ինչ-որ պահի թեքվել է ու դարձել խնդրահարույց։ 

Թե ո՞ր պահին դա եղավ, ինչու՞ կատարվեց պայմանական բաժանումը ոչմիթիզականների ու իրավունքի պաշտպանների, դրանք գաղափարական հարցեր են։ Բայց փաստը մնում է փաստ՝ այդ բաժանման արդյունքում մենք հայտնվեցինք այնպիսի մեկուսացման մեջ և այնքան երկար մնացինք միայնակ, որ այլևս հնարավոր չէր տարածաշրջանում մեր համագոյակցությունը հարևանների հետ: 

Իհարկե, դա միայն մեր մեղավորությունը չէ, պարզ է, որ պատերազմը հակառակորդը լավ պլանավորել էր ու ճիշտ պահին իրականացրեց տասնամյակներով մշակված իր պրոեկտը։

Տրավմայից դուրս գալու համար, կարծում եմ, պետք է լինի համապարփակ ամոքման քաղաքականություն, որն այս պահի դրությամբ չունենք։ 

Հաշվի առնենք, որ որպես հասարակություն, ժողովուրդ հնարավորություն չունեցանք սգալու մեր երեխաների մահը, անցնելու սգի բոլոր փուլերով՝ մինչև համակերպում։ Այդ հնարավորությունից ժողովուրդը զրկված է։ 

Հիմա բոլորը խոսում են խաղաղության մասին, և դա առաջին հերթին խոսույթ է ներքին խաղաղության մասին։ Ոչ թե հարևանների հետ միանգամից հաշտվելու, այլ երկրի ներսում խաղաղ լինելու։ 

Որ մարդիկ վերագտնեն Հայաստանում ապրելու ու արարելու հույսը։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ համերաշխության օրակարգերը իսկապես կսկսեն աշխատել։

Որո՞նք են դրանք։

Խնամք, հարգանք՝ ամեն անհատի, ընտանիքի հանդեպ։ Համերաշխությունը դա է՝ մենք շատ տարբեր ենք, բայց բոլորս նույն կաթսայի մեջ ենք։ 

Շատ տարբերները պետք է իրար հետ համերաշխ լինեն, քանի որ նրանք, ովքեր իրար հետ լեզու գտնում են, այսպես թե այնպես, շարունակելու են լեզու գտնել։

Մտավորականները, որոնք ցուցակագրվում են ու միասին  աջակցում, քարկոծում կամ բողոքում, հավակնություն ունեն էլիտա լինելու, բայց ավելի շուտ հիշեցնում են սովետական անցյալ։ Դա չի՞ խանգարում լայն իմաստով համերաշխության գաղափարին։ 

Լևոն Տեր-Պետրոսյանը ասել էր, որ մի Սարտր Ֆրանսիայում կարող էր շատ բան փոխել, ու՞ր են Հայաստանում այդ մարդիկ։

Ես էլ հարցնում եմ՝ իսկ որտեղի՞ց պետք է հայտնվեն այդ մարդիկ։ Չգիտեմ, թե ինչու է անընդհատ չարաշահվում մտավորական ասվածը, որը, այո, սովետական իներցիայով պատկերացում է և մինչև հիմա մեր մեջ նստած է։ 

Էլիտա ասելով, երևի ավելի շուտ պատկերացնում ենք մարդկանց, որոնք կարող են միջազգայնորեն ազդեցիկ լինել։

Մենք այդպիսի մտավորականություն չունենք, մերը ներքին լսարանին (և այն էլ, ոչ ամբողջ լսարանին, այլ մասնատված հատվածին) ուղղված խոսք է ընդամենը։

Ունե՞նք հայ, որը կասի մի բան, որը հետաքրքիր կլինի չինացուն, պարսիկին, ֆրանսիացուն, ռուսին, այսինքն, բոլորին։ 

Մենք ունեցել ենք կործանարար շրջան, երբ հանրության անգրագիտացումը եղել է եթե ոչ միտումնավոր ու ուղղորդված, այլ ինչ-որ քաղաքական օրակարգով թելադրված։ Այսինքն, եղել է միտք, որ չկրթված մարդիկ իբրև թե հեշտ կառավարելի են, ոնց ուզես՝ կխաբես նրանց։ Բայց ինչպես փորձը ցույց տվեց, բնավ էլ այդպես չէ։

Մարդիկ, որոնց մաշկին են կպնում ու արժանապատվությանը հասնում, սկզբում կարող են վիրավորանքը կուլ տալ, բայց սպասելու են պատասխանի հնարավորությանը։

Չեմ պատկերացնում, թե ոնց կարելի է վեց հարյուր հազար մարդու, որոնք ընտրություն են արել, ասել՝ թուրք։ Էլ չեմ ասում՝ բոմժ, ժեխ բառերի մասին։ 

Այդպես ասելով ուժերն իրենք իրենց լուսանցքայնացնում են, կանգնում են ինչ-որ թշնամական դիրքում, և դրանից հետո երկխոսություն չի լինում։

Իհարկե, և՛ զայրույթը կարող է լինել արդարացի, և՛ ցասումը, բայց երբ դա վերածվում է արդեն անհասկանալի զառանցական հիստերիայի, այլևս ոչինչ չես կարող անել։ Արդեն կլինիկական դեպք է։

Լրատվամիջոցներն ու անհատապես լրագրողները մեծ հաճույքով են տարածում այդ բառապաշարով տեքստերը։

Լրագրողական համայնքն էլ պետք է ինքնակարգավորման մեխանիզմներն ավելի ուժեղացնի։ Ի վերջո, լրագրողները վնաս են բերում առաջին հերթին իրենց դաշտին, քանի որ այդպես լրագրողի հեղինակությունը, հանրային վարկանիշն է ընկնում։ 

Մարդկանց աչքում նրանք դառնում են ինչ-որ ծախու գրչակների հավաքածու: 

Եթե դուրս ես գալիս որևէ գաղափարական պայքարի, ապա իքս կետից սկսած արդեն չես հասկանում, թե ինչ ես անում, այնքան ես մտնում խաղի մեջ, որ ինքդ քեզ ես վնասում։

Եվ պետք է լինում մի քիչ հետ քաշվել ու հասկանալ, թե ինչն ես սխալ արել։ Նկատի ունեմ ոչ միայն մեդիա դաշտը։

Կարծում եմ՝ հիմա դրա ժամանակն է։ Եվ հրաշալի շանս է գոնե տեսնելու մեր ներքին հարցերը (արտաքին քաղաքական մարտահրավերները հիմա չքննարկենք)։ 

Ներքին համախմբվածության, մաքրման ու ամոքման պրոցեսով հանրությունը պիտի անցնի։

 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *