2021.06.18,

Տեսակետ

«Ով էլ գա իշխանության, մեծ հաշվով կլինի նույնը, քանի որ այս խաղի մեջ քայլերն առանձնապես շատ չեն»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Պատմաբան ու սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանը մեդիայի ծագումը շատ հեռվից բերում ու կապում է այսօրվա հետ՝ բազմաթիվ զուգահեռներով ու կորելյացիաներով։ Նա առաջարկում է ինքներս մեզ նայել ավելի լայն տեսադաշտից՝ կենտրոնի ու արվարձանի, անհատականի ու հանրայինի, տեխնոլոգիաների ու հույսի, գենդերի ու ազատությունների։

Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը հայերին համարում է անվախ հասարակություն։ Եվ վստահ է, որ մեզ առաջին հերթին պետք է համահայկական շաբաթօրյակ՝  կառուցելու, վերանորոգելու, մաքրելու…

Եվ առանց նոստալգիայի, երբ թվում է, որ նախկինում ավելի լավ էր։ «Նախկինում ոչ թե լավ էր, այլ ուրիշ էր»,- ասում է նա։ Եվ հիշեցնում, որ նախկինում կային Բիթլզը, Գագարինն ու Չե Գեվարան։ Այսօր նման կուռքեր չկան։ Հիմա կարելի է հարց տալ՝ ի՞նչն է ավելի շատ երջանկացնում։

Կարելի՞ է սպասել, որ արտահերթ ընտրություններից հետո կլինի ավելի մեծ լարվածություն, քան հիմա է։

Միշտ անհնար է կանխատեսել ժողովրդական ցասումի պաշարը։ Բայց երբ հանդիպում եք հանրային կարծիքի ուսումնասիրության, միշտ նայեք, թե ով է այն անում, ով է այն վճարում և հետո արեք հետևություններ։ 

Հարցը, թե որտեղից է փողը, կարևոր է նաև մեդիայի դեպքում։ Եվ կարող ենք ասել, որ անկախ ու ազդեցիկ մեդիա չի կարող լինել։

Լենինը լավ հոդված ունի կուսակցականության մասին գրականության մեջ։ Լենինն իրոք քաղաքականության հանճար էր, որը հաղթում էր այնտեղ, որտեղ թվում է, որ բացարձակապես պարտվողական իրավիճակ էր։

Եկեք նայենք, թե որտեղից է ծագել մեդիան։

Մոտավորապես 400 տարի առաջ սկզբից Վենետիկում, հետո այլ քաղաքներում, առևտրականները, որոնք սովոր էին նորություններ փոխանակել, գնում էին պանդոկներ։ Հիմա էլ է այդպես, ընկերներ ունեմ, որոնք պարբերաբար հանդիպում են ու դա կոչում են գործնական գինարբուքներ։ Այդ ընթացքում տեղեկանում են ու պայմանավորվում։

Եվ երբ առևտրականների նավերը գալիս էին նավահանգիստ, սկսվում էին ակտիվ շփումներ։ Հետո ինչ-որ մեկի մտքով անցավ հիանալի միտք՝ ստեղծել այն, ինչն այսօր կանվանեինք՝ newsletter, լրատու: Այսինքն, հիմնական նորությունները սկսեցին տպագրվել։ 

Եթե նայենք ծայրահեղ պահպանողական լոնդոնյան Թայմսի առաջին էջը, ապա մինչև 1950-ականներն այնտեղ հրապարակվում էին ոչ թե քաղաքական նորություններ, այլ լուրեր, թե ինչ նավ եկավ նավահանգիստ ու ինչ բեռ ուներ։

Հետո հայտնվեցին քաղաքական թերթերը։ Սովորաբար դրանք հայտնվում են հեղափոխությունների ժամանակ՝ անգլիական, ֆրանսիական և այլն։ Կային հատուկ մարդիկ, որոնք այդ թերթերը բարձրաձայն կարդում էին անգրագետ մարդկանց համար: 

Ամերիկացի լրագրող Ջոն Մարկոֆֆը սարքել էր լուրերի քարտեզ (օրերով, վայրերով), թե ինչպես էին գյուղացիները այրում ֆրանսիացի արիստոկրատների կալվածքները։ Պատմության մեջ մնացել են ահռելի քանակի նամակներ, որոնք իրար էին գրում ֆրանսիացի արիստոկրատուհիները՝ պատմելով, թե ինչպես են իրենց տների մոտ հավաքվում մարդիկ, գոռգոռում, պատուհանից ներս շպրտում սատկած կատուներ, առնետներ, հրդեհում ունեցվածքը և այլն։ 

Իսկ ի՞նչ է մնացել նրանցից, որոնք դա անում էին։ Ոչինչ, քանի որ գյուղացիները անգրագետ էին։

Եվ երբ ստեղծում ես իրադարձությունների քարտեզ ու օրերով տեղադրում դեպքերը, հանկարծ պարզվում է մի շատ հետաքրիր բան՝ հրդեհներն ու անկարգությունները սկսվում էին այն օրերին, երբ Փարիզից գալիս էր փոստը։

Ո՞րն է կապը։

Ահա, դա է հետաքրքիր։ Կենտրոնից թերթ բերեցին, գյուղացիները հավաքվեցին պանդոկում ու պանդոկապանը, որը սովորաբար թերթերի հիմնական բաժանորդագրվողն էր, սկսում է այն կարդալ բարձրաձայն։ (Ի դեպ՝ թերթի թարմ համարը ամրացվում էր փայտի վրա՝ դրոշի պես, ու դրվում սեղանին, մարդիկ սուրճ էին խմում, զուգահեռ կարդում ու քննարկում։ Դա հին գերմանական ավանդույթ է՝ 18-րդ դարից)։

Ու երբ կարդում են, որ Փարիզում Ազգային ժողովը պատրաստվում է հրաժարվել ֆեոդալական հարկերից, սկսվում են հրդեհները։

Մոտավորապես դա էլ տեղի ունեցավ Հայաստանում։ 

Գյուղապետերը (շեվալյեները) հասկացան, որ այլևս չի կարելի փող պահանջել՝ իրենց ալրաղացում ցորեն աղալու կամ ճանապարհից օգտվելու համար։ Եվ ուրեմն, ի՞նչ անել։ Սկզբից, իհարկե, չուզեցին մեղք վերցնել իրենց վրա ու սպանել, սկսեցին սատկած կատուներից, առնետներից։ Այսինքն, փորձեցին ակնարկել՝ հեռացեք այստեղից, իսկ ավելի լավ է ՝ արտագաղթեք։

Եվ երբ հրդեհում էին, ապա առաջին հերթին տիրոջ աշխատասենյակը՝ ոչնչացնելով փաստաթղթերը, արխիվը, պարտքի մասին վկայությունները։

Զրոյացնու՞մ էին իրավիճակը։

Այո, իսկ հետո ավելի հետաքրքիր է։ Հրդեհների շառավիղը օրեցօր աճում էր։ Երբ այրում են 10 կմ հեռավորության վրա գտնվող տունը ու տեսնում, որ արձագանք չեղավ ու Փարիզից չուղարկեցին զինվորների գունդ, սկսում են այրել արդեն 50 կմ հեռու գտնվող տները։

Այսինքն, ժողովուրդը նայում է, տեսնում, որ իրենց արածը մնում է անպատիժ, ու շարունակում է։

Այդ մարդիկ մահացել են 200 տարի առաջ, և հնարավոր չէ անցկացնել սոցիոլոգիական հարցում։ Բայց կարելի է տեսնել, թե այդ հրդեհված գյուղերի բնակիչներից քանիսն են երեք տարի հետո զորագրվում բանակին ու 1793-ին գնում պաշտպանելու օրինակ, Լը Մարս-ը՝ երգելով՝ մեր թշնամիների արյամբ կօծենք մեր հողերը։ Կամ քանիսն են 1942-ին մասնակցելու ֆաշիստների դեմ դիմադրությանը:

Այսպիսի կորելյացիաներ գտնելը դարերի միջից շատ հետաքրքիր է։

Թուղթը, որը ընդունվում է կենտրոնում, դեռ ոչինչ չի նշանակում, քանի տեղում իրավիճակն այլ է։

Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ 

Այն, որ հեղափոխությունը պարտվեց պատերազմում, ժխտում է մեր բոլոր պատկերացումները հեղափոխությունների մասին, քանի որ հեղափոխությունները միշտ լավ են կռվում։

Դրանք կարող են ամեն ինչում տապալվել, բայց պատերազմում՝ ոչ։ 

Նայեք բոլշևիկներին, Ֆիդել Կաստրոյին, յակոբիններին, Ռոբեսպյերին՝ բոլորն իրենց տանը կարող են կազմակերպել տեռոր (հատուկ ծառայություններ, սով և այլն), բայց երբեք տանուլ չեն տալիս պատերազմը։

2018-ին տեղի ունեցածը հեղափոխություն չէ՞ր։

Հեղափոխությունը իշխանությունների փոփոխությունն է՝ բռնի կերպով ու զանգվածների ներգրավմամբ։ Փառք Աստծո, Հայաստանում բռնություն չեղավ, բայց տեղի ունեցածը իրականում հեղափոխություն էր՝ գահընկեց արվեց իշխող դասակարգը, որը շատ բան կորցրեց։

Այդ պատճառով էլ հիմա խաղադրույքները շատ բարձր են։

Բարձր խաղադրույքնե՞րն են պատճառը, որ քաղաքական ուժերը վարում են այսքան ագրեսիվ, հայհոյանքներով լի, գրեթե մահացու պայքար։

Ընդհանրապես մարդիկ չեն սիրում մահացու բաներ։ Իսկ հայհոյանքը իրական ագրեսիայից խուսափելու միջոցներից մեկն է։ (Սկսվում են տղայական խաղեր՝ այ, ես քեզ հիմա ցույց կտամ… Չէ, ես քեզ հիմա ցույց կտամ…)։

Սոցիոլոգները ահռելի քանակի տվյալներ ունեն բռնության մասին։

Մեր օրերում մարդիկ ամենից շատ սիրում են լուսանկարել կռիվները՝ փողոցային բախումները, ծեծկռտուքները մարզադաշտում կամ սրճարանում, ոստիկանության ընդհարումները ցուցարաների հետ և այլն։

Իսկ դա իրականում տվյալների բազա է և սոցիոլոգների համար հրաշալի նյութ, որի շնորհիվ տեսնում ենք, թե ում աչքերը որ կողմ են նայում։

Եվ որպես կանոն ստեղծվում է տպավորություն, որ կռիվներում ընդգրկված է շատ քանակի մարդ, մինչդեռ դրանք կարող են լինել իրականում երեք-չորս հոգի։ Մարդիկ հետագայում անկեղծորեն չեն հիշում, թե ինչ է տեղի ունեցել, բոլորին թվում է, որ իրենք էլ էին կռվում։ Ու անպայման հաղթել են։

Մարդկային տեսակետից՝ եթե կա հայհոյանք, հազվադեպ է հասնում ձեռնամարտի։ Բռնությունը կիրառվում է, երբ զոհն ակնհայտորեն փախչում է, այդ դեպքում նրա վերջը տալիս են։ 

Օրինակ, այն, ինչը տեղի ունեցավ Սումգաիթում, շատ պարզ բացատրություն ունի. զոհերը փախչում էին։

Իսկ ընտրություններից հետո վախենալի բաներ սպասվու՞մ են։

Ոչ։ Ով էլ գա իշխանության, մեծ հաշվով կլինի նույնը, քանի որ այս խաղի մեջ քայլերն առանձնապես շատ չեն։

Կարևորն այն է, թե ով կկարգավորի պետական կառավարումը։ Եվ ցանկացած պարագայում, այն կարգավորվելու է, դա պահանջում են և Արևմուտքը, և Մոսկվան, և Հայաստանի հասարակությունը։ 

Շատ բան կախված կլինի նրանցից, ովքեր մասնակցում են ընտրություններին ու հույս ունեն պաշտոններ ստանալ։ Ավելին, ոմանք հնարավոր է նաև հայտնվեն բանտում։

Հայաստանի այս ընտրություններում մի շատ հետաքրքիր բան կա՝ երկու հիմնական թեկնածուներն իրենց իշխանության օրոք միմյանց պահել են բանտում։ Եվ բաց են թողնվել…

Մտածելու առիթ է։

Իսկ ի՞նչ դեր ունի հասարակությունը։

Հասարակությունը բաժանված է դասակարգերի։ Դուք ու՞մ նկատի ունեք՝ կնոջը, տղամարդուն, այսօրվա հային, անցյալի հային։

Մարդու, որն ապրում է թվային դարաշրջանում, ունի հասանելիություն տարբեր տեղեկատվությանը ու ռմբակոծվում է այդ տեղեկատվությամբ։ Ու անկախ սեռից ու տարիքից մտնում է Ֆեյսբուք, որ տեսնի, թե ինչ է կատարվել աշխարհում։

Ֆեյսբուքը դա բազարն է, դասական իմաստով։ Բակի նստարաններին նստած տատիկները կամ սուրճ խմող ու նարդի խաղացող տղամարդիկ հրաշալի տեսնում են, թե ով ուր գնաց, ում հետ և ինչի համար, և այդ մասին պատմում են բոլորին։

Ֆեյսբուքը նույն բանն է, գումարած, իհարկե, չարամտորեն տարածվող բամբասանքները։

Լինում են այնպիսի պահեր, երբ հասարակությունը չափազանաց քաղաքականացվում է։ Բայց՝ հայերը անվախ հասարակություն են, նրանք ոչնչից չեն վախենում։

Ես եղել եմ երկրներում, որտեղ վախենալու շատ բաներ կան։ Այնտեղ մարդիկ են անհետանում, հիմա անուններ չեմ տա, բայց դրանց շարքում են շատ արաբական երկրներ, Ադրբեջանն է շատ մոտ հասել այդ եզրագծին, շատ լավ գիտեք, թե ինչ է կատարվում Թուրքիայում լրագրողների հետ։

Անվախությունը ազատությա՞ն նշան է։

Նշաններից մեկը։ Փառք Աստծո, այստեղ իշխանությունները թույլ են, և հարց է առաջանում՝ իսկ ումի՞ց վախենալ։

Հայաստանի հասարակությունը հանդուրժում է հարուստներին, քանի դեռ նրանք հարստությամբ կիսվում են ժողովրդի հետ։  2016-ի պատերազմից հետո, օրինակ, գլխավոր հարցը սա էր՝ իսկ որտեղի՞ց գեներալներին նոր Մերսեդեսների փող։ Շատ երկրներում ոչ ոք նման հարց բարձրաձայն չէր տա։ Ասենք, Պակիստանում։

Եվ այս մի քիչ հիմար ու պարզ հարցը ազատության նշան է։ Հայաստանն այդ իմաստով սկզբունքորեն շատ ազատ երկիր է և բավականին գավառական։ Թվում է, որ Հայաստանն ու Վրաստանը իրար նման երկրներ են, բայց իրականում ոչ մի նմանություն չունեն։ Նայեք այդ երկրներների կանանց։ Տեսեք, թե քանիսն են մեքենա վարում ու քանիսն են ծխում, կամ որքան շատ են մանուշակագույն մազերով կանայք։

Ազատությունն ավելի անկեղծ կոնֆլիկտն է։ 

Բայց իրականում ես չգիտեմ, թե ինչ է ազատությունը, քանի որ դա գիտական հասկացություն չէ, այլ եկել է փիլիսոփայությունց, արվեստից։ Մարդիկ դրա մասին կարող են մտորել, և մտորել շատ գեղեցիկ, բայց չափել չեն կարող։ 

Կարող եմ ասել, որ Հայաստանում անվտանգ է, անգամ՝ աննորմալ անվտանգ։ Եվ կանայք այստեղ ոչնչից չեն վախենում։

Հետաքրքիր է, որ ամեն ինչ չափում եք կանանցով։

Իրականում, դա շատ կարևոր չափման միավոր է, գենդերային հարցերը կիրառելի է նաև տղամարդկանց հանդեպ, ինչը հաճախ չեն հասկանում ֆեմինիստական շարժումների ակտիվիստները։ 

Ես մի հոդված էի գրել իսլամական ահաբեկիչների կերպարի մասին որպես գենդերային դերի։ Ու դա այն մասին էր, որ եթե տղամարդը արժանապատիվ աշխատանք չունի ու չի կարող իր դերը ընտանիքում կատարելով՝ համարվել իսկական ջիգիթ, մնում է ահաբեկչությունը։ 

Հայաստանում, իհարկե, իշխում են կանայք և նիստուկացը շատ ավելի ընտանիքամետ է, ավելի շուտ գյուղական։

Հայերը դարձան գյուղացիների, կոշկակարների ու տերտերների ազգ։ Պարզապես տերտեներին փոխարինեցին մտավորականները։

Այսպիսի հարց՝ ի՞նչ անել հիմա Հայաստանում։

Ապրել։ Բարելավել կյանքը, ընտանիք կազմել, երեխաներին սովորեցնել։

Այն, թե ինչ պիտի անել տնտեսության մեջ, հասկանալի է։ Բացարձակապես անհասկանալի է, թե ով է դա անելու։

Սկզբից հայտարարում ենք համահայկական շաբաթօրյակ։

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են այսքան շատ տաքսիներն ու երթուղայինները։ Որովհետև փլուզվեցին գործարանները։ Իսկ տղամարդիկ, որոնք միշտ սովոր են գործ ունենալ երկաթեղենի հետ, մնացին առանց աշխատանքի։ Նրանց մնում է կամ գնալ ծառայել պրոֆեսիոնալ բանակում, կամ տաքսի վարել։ Երկու դեպքում էլ՝ նրանք գործ կունենան երկաթի հետ։  

Հիմա հարկավոր է բոլորին հավաքել, բաժանել բահեր ու ասել՝ սիրելիներ, հիմա կառուցելու ենք՝ քաղաքներ, գյուղեր, ճանապարհներ։ Կամ վերանորոգելու ենք՝ մուտքեր, փողոցներ։ Այդ ամենի համար, իհարկե, փող է պետք։ Կարելի է պատանդ վերցնել օրինակ, Նուբար Աֆեյանին ու ասել, որ գոնե տասը միլիարդ տա։ Եվ նրա նման այլ հայերի։

Իսկ եթե լուրջ, ապա սփյուռքի հետ պետք է նրբորեն աշխատել, հետևել բոլորի հաջողություններին ու սիրաշահել բոլորին։

Դա պիտի նման լինի ամերիկյան համալսարանների ոճին, երբ ամեն հաջողակ շրջանավարտ արժանանում է հատուկ ուշադրության՝ նրան նամակ են գրում, հիշեցնում ուսանողական տարիների մասին ու սպասում գումարի։

Հաջորդ քայլը՝ համալսարանների ու Գիտությունների ակադեմիայի լուծարումն է։

Պիտի ստեղծվեն դպրոցներ՝ ունակ պատրաստելու այնպիսի աշակերտների, որոնք կարող են ընդունվել Հարվարդ կամ տեխնիկական բարձրակարգ բուհեր։ Եվ միայն հանուն այդ դպրոցների շատ մարդիկ կգան Հայաստան՝ ապրելու։ Դա կլինի գրավիչ ու ուրախ։

Մենք հիմա Փարաջանովի թանգարանում ենք, և ես վստահեցնում եմ, որ թանգարանի հիմնադիր Զավեն Սարգսյանը շատ ավելի է արել Հայաստանի համար, քան բոլոր նախարարությունները։ Կասեի, որ Զավենը «թալանեց» Վրաստանը ու բերեց Հայաստան։

Ուտոպիա է համարելը, որ ֆիզիկոսին կարելի է տալ կրթություն հայերեն լեզվով։ Վերջ, գիտության լեզուն անգլերենն է, դա պիտի ընդունենք։

Պատերազմը տրավմա էր, որը նորից բացեց տրավմայի դիսկուրսը, նաև՝ ցեղասպանության։ Այն խանգարու՞մ է, թե՞ կարող է լինել օգտակար։

Այն պարզապես ոչ մեկին պետք չէ, բացի նրանցից, ովքեր այդ թեմայով ատենախոսություններ են պաշտպանում։ Նույնիսկ նրանց էլ պետք չէ, քանի որ դա փակուղային ճանապարհ է։ 

Տրավմայի դիսկուրսը կարևոր է միայն նրանց համար, ովքեր ոչ մի այլ բան չունեն։

Միգուցե այն կարող է լինել կարևոր որևէ ստեղծագործական վերնախավի համար, որը կարիք ունի լսարանի արձագանքների: 

Փարաջանովն, օրինակ, շատ լավ զգաց պահի կոնյունկտուրան, նա ընդհանրապես կոնյունկտուրայի վարպետ էր, այդ բառի ամենաբարձր իմաստով։ 1960-ականներին Սովետական միությունում գաղափարախոսական դիկտատուրա էր, որը խոստանում էր պայծառ ապագա և այլն։ 

Իսկ երբ ունեք եկեղեցի (այն ժամանակ դա պետությունն էր), ձեզ մոտ կարող են լինել նաև հերետիկոսներ։ Իսկ եթե եկեղեցի չկա, հերետիկոսություն էլ չկա։ Կարող ես քարոզել այն, ինչ ուզում ես։ 

Հիմա փոփոխությունները կանգ են առել։ Ինչու՞։ Որովհետը գյուղեր չկան, անգամ Չինաստանում, դրանք ներհոսեցին քաղաքներ։ Եվ վերջին 30-40 տարիներին սոցիալական փոփոխությունները դադարեցին։ 

Ի դեպ՝ դրա ցուցիչներից մեկը աղմուկն է, որն առաջանում է տեխնոլոգիաների շուրջ։ Տեխնոլոգիական փոփոխություններն այլևս չեն թեթևացնում ոչ մեկի կյանքը։

Երբ հայտնվեց զուգարանակոնքը կամ կերոսինե լամպը, տեղի ունեցան լուրջ փոփոխություններ՝ երկարեց աշխատանքային օրը, փոխվեց կացութաձևը։ Հետո եկավ ավտոմեքենաների դարը՝ կառուցվեցին ճանապարհներ, բենզակայաններ, խանութներ, հայտնվեցին վաճառքի մասնագետներ, քիմիական, նավթային ինդուստրիան սկսեց ավտոների համար աշխատել։ 

Սմարթֆոնները փոխեցին մեր կյանքը՝ ոչնչացնելով շատ մասնագիտություններ և կրճատելով աշխատատեղեր՝ այլևս բանկ չես գնում, տոմսերը գնում ես օնլայն և այլն։ 

Անգամ լրագրողներ այլևս չկան, քանի որ բլոգերներն անվճար լրագրողներ են։

Եթե նախկինում լրագրող լինելը պատասխանատու գործ էր (կային խմբագիրներ, սրբագրիչներ, փաստերի ստուգողներ, իհարկե, նաև գրաքննիչներ), ապա հիմա ամենաթողություն է։ 

Մարդիկ սնվում են ասեկոսեներով։ Երբեմն զարմանքից աչքերս դուրս են պրծնում, երբ կարդում եմ հայկական մամուլն ու տեսնում, թե ինչ աղբյուրներին են հղում անում։  

Այսինքն, տեխնոլոգիական փոփոխությունները այլևս չե՞ն տանում դեպի զարգացում։

Հույս չեն տալիս։ Իսկ էլեկտրական լամպը հույս էր։

Սմարթֆոնն էլ է հույս տալիս, գոնե պատրանք, որ աշխարհի ինֆորմացիան գրպանումդ է։

Եվ արդյունքում կարդում եք ասեկոսեներ կամ մանր լուրեր։ Դա ձեզ երջանկացնու՞մ է։

Օրինակ, եթե հիմա հարցնեն՝ ի՞նչն եք ավելի շատ գնահատում՝ սմարթֆոնը՞, թե՞ զուգարանակոնքը, որը կընտրեք։ Ինչի՞ց ավելի շուտ կհրաժարվեք։ 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *