2021.05.12,

Տեսակետ

«Եղած խախտումները ուռճացվելու են, չեղածները՝ նույնիսկ բեմականացվելու»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լրատվամիջոցները Հայաստանում հաճախ կատարում են խոշոր կամ մանր տրամաչափի զինատեսակի դեր, որով պատերամում են տարբեր քաղաքական կամ ֆինանսական խմբավորումները։ Եվ իհարկե, դա անում են հանուն ազգի փրկության ու ապագայի։ Այսինքն, քարոզչության ու լրագրության սահմանը գրեթե անհետանում է։ 

Հիմա նաև պաշտոնապես է այդպես, քանի որ Հայաստանը նախընտրական փուլում է և քարոզը դրա բաղադրիչն է։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը լրատվամիջոցների ու պրոպագանդիստների տարանջատումը համարում է այն քայլը, որը պետք է անի յուրաքանչյուրը։

Ատելությամբ ու հայհոյանքով լի լրատվական դաշտ ունենք արդեն մի քանի տարի։ Լրատվամիջոցների մեծ մասը դարձավ ընդդիմադիր, բոլորովին չձգտելով այդ դերին։ Պատճառը դա՞ է։

Որոշ իմաստով, այո, քանի որ հենց այդ լրատվամիջոցներն են փորձում հայհոյանքը դարձնել նորմալ երևույթ։ Բայց կարծում եմ՝ մեդիա դաշտն ունի ավելի խորքային խնդիրներ։ 

Երկար տարիներ Հայաստանում լրատվական դաշտը կամ ցենզուրայի տակ էր, կամ, եթե ազատ էր, մեղմ ասած՝ այդքան էլ ազդեցիկ չէր։

Արդյունքում, գրաքննվող մեդիան ոչ էլ փորձում էր նորմալ լուսաբանել իրադարձությունները։ Եվ առանձնապես կարիք չուներ ո՛չ հայհոյելու, ո՛չ էլ հայհոյանքից խուսափելու։

Հիմա կա՞ այդ կարիքը։ Այդպիսի՞ն են խաղի կանոնները։

Հիմա ունենք մի իրավիճակ, երբ լիբերալացումը որոշ իմաստով հանգեցրել է անարխիայի։ Իսկ անարխիայի պայմաններում խաղի կանոններ ընդհանրապես չկան։

Ըստ էության՝ ցենզուրան հենց խաղի կանոն է։ Իսկ հիմա կանոններ ուղղակի չկան, հետևաբար, ամեն ինչ կարելի է։

Մարդիկ ընտելանում են ապրել հրաբխային մեդիա ուղեկցությամբ։ Ամեն վայրկյան պատրաստ, որ ժայթքում կլինի։

Դա այն տխուր իրականությունն է, որին մենք գնում ենք ու որին արդեն հասնում ենք։ Մարդիկ արդեն հակված են չհավատալու ու չվստահելու մեդիային, ու դա արդեն սովորական է ընկալվում։

Ինձ թվում է, որ այս իրավիճակում կարեղ են ազդեցիկ լինել դրական նախաձեռնությունները։

Այսինքն, պետությունն ամեն կերպ պետք է խրախուսի այն լրատվամիջոցներին, որոնք մարդավարի են աշխատում։ Եվ պարտադիր չէ, որ դա արվի փող տալով, այլ օրինակ, հաճախականություններ տրամադրելով, ԱԺ-ում կամ այլ կարևոր վայրերում լրագրողներին հավատարմագրելով և այլն։

Իհարկե, այդ ամենը պետք է արվի շատ զգուշորեն, որ չվերածվի մեկ այլ ծայրահեղ ցենզուրայի։

Բայց, կարծես, բոլորս էլ հասկացանք, որ ինքնակարգավորումը ոչ մի կերպ չի օգնելու։ Դա նման է նրան, որ սպասենք, թե հայհոյողների մեծամասնությունը ինքն իրեն կարգավորելու է։ Այսինքն, ինքնակարգավորումը պարզապես չի գործի։

Իրականում, հիմա շատ մեդիա հարթակներ լավ էլ կարգավորում են իրենց լրատվական օրակարգը՝ փոխանցումներով ու իրար լրացնելով ստեղծում են իրենց ուզած մեդիա աղմուկը։ Եվ հիմնականում դրանք են լսելի։

Դրա լուծումը ես տեսնում եմ դրական պետական քաղաքականության մեջ։  Պետք է աջակցել դաշտում եղած այն խաղացողներին, որոնք իսկապես լրատվամիջոց են ու իրենց գործը նորմալ են կատարում։ 

Երբ նրանց տեսակարար կշիռը դաշտում մեծանա, հանրությունն էլ կտեսնի, որ բոլորը նույնը չեն։ Արդյունքում հայհոյախառն պահվածքով մեդիան ստիպված կլինի համակերպվել նոր խաղի կանոններին։

Սա է հիմնական ճանապարհը, որին իհարկե, պետք է գումարվեն նաև օրենսդրական կարգավորումները։ Օրինակ, եթե լրատվամիջոցը զրպարտություն կամ կեղծ լուր է տարածում՝ հղում անելով անանուն աղբյուրներին կամ ֆեյք էջերին, ինքը պետք է կրի պատասխանատվություն, և լինի հնարավորություն լրատվամիջոցին դատի տալու։

Բայց երեք տարում օրենսդրական փոփոխություններ առանձնապես չեղան։ Տեսալսողական մեդիային վերաբերող օրենսդրությունն է մի քիչ փոփոխվել, և վերջ։ 

Զրպարտանքի ու վիրավորանքի մասին օրենքի նախագիծը, որով մեծանալու էին փոխհատուցման չափերը, բայց առանց որևէ բովանդակային հստակեցման, չի մտել ուժի մեջ։ Անգամ եթե այն գործի, դեռևս պարզ չի, թե ինչ ազդեցություն կունենա։

Կարծում եմ, որ կարելի էր մշակել ավելի լավ օրենսդրական փոփոխություններ, տալ կարգավորումներ, որոնք չէին հանգեցնի ցենզուրայի, այսինքն, չէին դիտվի որպես ծայրահեղ միջամտություն։ 

Եվ առնվազն մեդիա դաշտում օգտագործվող բառամթերքի առումով կգծեին ողջամիտ շրջանակներ։

Հիմա պաշտանապես քարոզարշավ է, ինչը նշանակում է, որ պրոպագանդան նույնացվում է կամ ներկայացվում է որպես լրագրություն։ Սահմանները կորում են։

Ես կասեի՝ այդ սահմանները լավ լղոզվում են։ Եվ դրա արդյունքում մենք կանգնում ենք լուրջ խնդիրների առջև։

Հարցը անգամ կեղծ լուրերը չեն, այլ կեղծ նառատիվները։

Օրինակ, մենք հիմա աշխատում ենք ոստիկանության բարեփոխումների վրա։ Հասկանալի է, որ այս ոլորտը քննադատելու շատ օբյեկտիվ հիմքեր կան, բայց  լրատվամիջոցները հիմնականում տարածում են կեղծ նառատիվներ այդ ռեֆորմի մասին։ Ասենք, գրում են, որ  քննությունների ժամանակ պարեկային ծառայողներին հարցնում են՝ արդյո՞ք տրանսգենդեր մարդկանց մերսում կանեն, թե չեն անի։ Եվ եթե հանկարծ պատասխանում են, որ չեն անի, ուրեմն քննությունը չեն հանձնում։ 

Իհարկե, շատերը հասկանում են, որ նման հարցեր չեն կարող լինել։ Բայց հենց տրասգենդերի մերսման շուրջ է սկսում պտտվել նառատիվը։ Դա են քննարկում լրատվամիջոցներն ու դարձնում լրատվական օրակարգ։ 

Արդյունքում լուրջ հարցերը հանցագործությունների, խախտումների, լիազորությունների մասին մնում են ստվերում ու ընդհանրապես չեն քննարկվում։

Մինչդեռ դրանք իրական հարցեր են, որոնք տեղ ունեն բոլորիս կյանքում։

Կարծես մեդիան ստեղծում է զուգահեռ իրականություն։

Կարելի է նկատել, որ որոշ դրվագներ բեմադրվում են հենց այն նպատակով, որ հայտնվեն լրատվամիջոցներում։ Քարոզարշավը կլինի՞ նման արհեստական ու ագրեսիվ շոուի առիթ։

Ակնհայտ է, որ հայհոյախառն մեդիան փորձելու է ցույց տալ, որ ընտրությունները սարսափելի վատն էին։

Սոցցհարցումները ցույց են տալիս, որ այդ մեդիայի տերերն ու փող վճարողները չեն հաղթելու մոտակա ընտրություններում։ Համենայնդեպս, առայժմ հարցումները դա են վկայում։

Կլինեն նաև խախտումների իմիտացիա անելու փորձեր։

Իհարկե, չի կարելի ասել, որ խախտումներ չեն կարող լինել, բայց եղած խախտումները ուռճացնելու են, չեղածները՝ նույնիսկ բեմականացնելու։

Մի շատ հետաքրքիր դեպք էր եղել Ռուսաստանում, երբ բեմականացվել էր անգամ ընտրական տեղամաս, այսինքն ստեղծվել էր ֆեյք վայր, որտեղ տեղի են ունեցել խախտումներ, դիտորդները մարդկանց են ծեծել և այլն։ Այդ ամբողջ աղմուկը մեդիան նկարահանել է ու տարածել, մինչդեռ դա բեմականացում էր՝ իրականում գոյություն չունեցող տեղամասում։

Երևի հիմա մեր ընտրությունների դեպքում կարևոր է, որ լրատվամիջոցները մնան իրական նառատիվների սահմաններում։ Ու մենք էլ որպես հասարակություն տարանջատենք լրագրողներին պրոպագանդիստներից։

Ու հիշենք, որ լրատվամիջոցը քարոզչամիջոց չէ։

Պրոպագանդիստները պատվերով, փողով գործ անողներ են, և նրանց դիմել, հորդորել կամ կոչ անելն անիմաստ է։

Դա նույնն է, որ պատերազմի ժամանակ կոչ անես ադրբեջանական բանակին, ասելով՝ մի հարձակվիր։ 

Պրոպագանդիստներին պետք է չեզոքացնել, նրանց դեմն առնել։  Օրինակ, զրկելով հավատարմագրությունից խորհրդարանում։

Դա կհամարվի ճնշում, քանի որ նրանք համարում են իրենց ոչ թե պրոպագանդիստ, այլ ազատ մեդիա։

Ադրբեջանն էլ իրեն չի համարում ռազմական հանցագործ։ Եվ ի՞նչ։ Կարող է մարդասպանն էլ իրեն չհամարի մարդասպան։

Իհարկե, կարևոր են գնահատական տալու անկախ ու անաչառ մեխանիզմները։ Որ չհայտնվենք երկու ծայրահեղությունների արանքում։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *