2021.03.26,

Տեսակետ

«Ինֆոդեմիայի նկատմամբ իմունիտետը ոչ պակաս կարևոր է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը համավարակի հաղթահարման կարևոր բաղադրիչ է համարում հանրային հաղորդակցությունը։ Առանց հաղորդակցման ճիշտ սխեմաների անպայման ստեղծվելու է ինֆորմացիոն վակուում, որը լցվելու է վնասակար լուրերով։ 

Եվ ամենակարևորը, գործողություններն ու որոշումները չպիտի լինեն ձևական, քանի որ ձևացնելով, թե աշխատում ենք, մենք միայն խորացնում ենք անորոշության ու անվստահության մթնոլորտը։ Ու խաբեության համար դաշտ բացում։

Առողջության հարցերը շատ արագ են քաղաքականացվում, դառնում մանիպուլյացիաների սկիզբ։ Ինչու՞։  

Հանրային առողջությունը և քաղաքականությունը սերտորեն կապված են։ Ամբողջ աշխարհում է այդպես, բնականաբար, մենք էլ բացառություն չենք։ 

Առողջությունը շատ կարևոր ոլորտ է յուրաքանչյուր անհատի համար, և քաղաքական գործիչները դա հաշվի են առնում։ Մյուս կողմից՝ հենց քաղաքական գործիչների կայացրած որոշումներն են ուղիղ կերպով ազդում մարդկանց առողջության վրա։ Այսինքն, կա փոխադարձ կապ։

Այնպես որ, առողջության հետ կապված շահարկումներ միշտ եղել են և հիմա էլ կան։

Օրինակ, երբ 2017-ին պետք է իրականացվեր պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների ծրագիր, այդ ողջ կարևոր միջոցառումը ծայրաստիճան քաղաքականացվեց ու ըստ էության՝ չհաջողեց։ Նույն բանը տեղի ունեցավ նաև Մոլդովայում, Ուկրաինայում։

Այդպես է նաև կորոնավիրուսի դեպքում։ Եթե նայենք, թե տարբեր երկրների կառավարություններն ինչպես արձագանքեցին կորոնավիրուսին ու ինչպիսին էր մարդկանց վերաբերմունքը, ապա կտեսնենք, որ դա անգամ դարձավ պատճառ, որ մի հզոր պետության նախագահ փոխվի։ ԱՄՆ-ի նախագահի փոփոխության պատճառներից էր, օրինակ, հենց արձագանքը կորոնավիրուսին ու հանրային հաղորդակցման խնդիրները։

«Հանրային առողջություն» տերմինը բավականին անսովոր է հնչում։ Շատերի համար առողջությունն առաջին հերթին անձնական մի բան է։ Ներքին ձայնը կարծես ասում է, որ հանրայինը ոչ մեկին է, կարիք չկա լինելու հոգատար մյուսների հանդեպ։ Միգուցե դա՞ էր պատճառը, որ մեծ հաշվով տապալվեցին համավարակային ծրագրերը։

Վերլուծելով իրավիճակը, պետք է հաշվի առնենք, որ համավարակի արձագանքն ունի մի քանի բաղադրիչ և դրանք բոլորը պետք է դիտարկել համագումարում։

Օրինակ, մենք չենք կարող խոսել կարանտինի մասին` առանց հաշվի առնելու հանրային հաղորդակցությունը։

Իդելական արձագանքը ներառում է նաև մարդկանց հաղորդակցումը, այսինքն, մարդկանց ճիշտ ուղերձներ ներկայացնելը, որ մարդիկ իրենց վարքագծով նաև նպաստեն համավարակային միջոցառումներին՝ հետևեն կանոններին, գիտակցեն, որ վարակը վտանգավոր է ու համապատասխանաբար փոխեն իրենց վարքագիծը։

Թեև իհարկե, վարքագծի փոփոխությունը դժվար հասանելի փոփոխություն է։

Անցյալ տարվա փետրվար-մարտ ամիսներին մենք չցուցաբերեցինք ռազմավարական մոտեցում ու առավելևս չունեցանք մարդկանց հետ հաղորդակցվելու որևէ ընդունված սխեմա։ Իսկ այդ սխեմաները, շրջանակային մոտեցումները շատ տարածված են ամբողջ աշխարհում և հստակ հուշում են, թե ինչը և երբ պետք է անել։

Մենք նման սխեմա չունեցանք, և սկզբնական փուլում եղան իրար հակասող, հակասական հայտարարություններ՝ տարբեր պաշտոնյաների կողմից։ Եվ դրա հետևանքով էր նաև, որ հասարակությունը սկսեց ընկնել կամուկացի մեջ, ինքն իրեն հարց էր տալիս՝ վարակը վտանգավո՞ր է, թե՞ ոչ, ի՞նչ անել, որ լինել պաշտպանված։

Հետո, երբ հայտարարվեց արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն, Հայաստանում ի հայտ եկավ (համենայնդեպս, փաստաթղթի առաջին տարբերակով) գրաքննություն՝ կորոնավիրուսի մասին խոսելու։ 

Ընդ որում՝ շատ խիստ գրաքննություն, երբ ոչ միայն չես կարող արտահայտել քո մասնագիտական կարծիքը, այլև չես կարող հղում անել մյուսների ծանրակշիռ կարծիքին։ Եվ դա հանգեցրեց ինֆորմացիոն վակուումի։ 

Մի կողմից չունեինք հաղորդակցման ռազմավարություն, մյուս կողմից՝ լսում էինք հակասական, իրարամերժ, ցավոք նաև որոշ դեպքում՝ ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ։ Եվ դրա հետ մեկտեղ՝ ցենզուրա։

Ինֆորմացիոն վակուումը նպաստող միջավայր է, որ տարբեր հարթակներում տարածվեր թերի կամ կեղծ տեղակատվություն։

Արդյունքում, մարդկանց մեծամասնությունը չգիտակցեց վտանգը, և ստեղծվեց անվստահության մթնոլորտ։

Ցենզուրայի հարցում եղավ լուրջ ճնշում լրագրողական կազմակերպությունների կողմից, և արդյունքում փոխվեց այդ կետը։ Բայց նման բան չտեսանք բժշկական համայնքի կողմից։ Ի վերջո, կոմպետենտ համայնքի դիմադրությունն է, որ շտկում է պետության ծրագրերը։

Հայաստանում բավականին քիչ են կայացած բժշկական ասոցիացիաները, որոնք կարող էին բարձրաձայնել խնդիրների մասին։ Կարող եմ ասել նաև, որ անգամ բժիշկների կողմից եղան գիտական հենք չունեցող հայտարարություններ, վերլուծություններ, մեկնաբանություններ։

Հաղորդակցման ռազմավարությունը պարզապես գեղեցիկ խոսք չէ, դա կոնկրետ գործիքակազմ է։

Շատ կարևոր է, որ մասնակցային աշխատանք լինի լրատվամիջոցների հետ։

Օրինակ, առնվազն պետք է կազմակերպվեին օնլայն սեմինարներ լրագրողների համար, թե ինչպես լուսաբանել համավարակը։ Նաև համագործակցել հայտնի բլոգերների հետ, որոնք մեծ լսարան ունեն։ Աշխատել համայնքների հետ՝ գյուղապետերի, քաղաքապետների և այլն։ 

Այսինքն, անել հնարավորը ճիշտ ինֆորմացիան որքան կարելի է լայնորեն տարածելու համար։

Իսկ ինչպիսի՞ մանիպուլյացիաներ էին արվում վարակի շուրջ։ Եվ ինչու՞ էին դրանք հայտնվում պարարտ հողի մեջ ու ծաղկում։

Ինֆոդեմիային հակազդելու միջոցները ևս համավարակային ռազմավարության ցանկում են։

Հակազդելու համար նախ պետք է անել մշտադիտարկում, օրինակ, պարբերականորեն հավաքել վարակի շուրջ ծագող միֆերը։

Մեր կայքը արել է և անում է դա։

Բայց լավ կլիներ, որ ձեր կայքի աշխատանքը հասներ որոշում կայացնող մարմիններին, որոնք էլ լրագրողական աշխատանքի հիման վրա կխմբագրեին իրենց ռազմավարությունը։

Եթե խոսենք մարդկանց դյուրահավատության մասին, մի քանի պատճառներ կտեսնենք։ Առաջինը կրթությունն է (շատերը մեդիագրագետ չեն, բայց ակտիվ օգտատերեր են), միաժամանակ ունենք ճիշտ ինֆորմացիայի պակաս։ 

Բերեմ օրինակ. շատ տարածված է այն միֆը, թե կորոնավիրուսի դեմ պատվաստումը հանգեցնում է աուտիզմի։ Եվ երբ վերլուծեցինք, տեսանք, որ այդ միֆը սկսվել է մեկ հրապարակումից, որն այնքան է տարածվել, որ մինչ այսօր դրա դեմը չեն կարող առնել։

Սոցիալական ցանցերը փոխել են տեղեկատվության սպառումն ու տարածումը։ Եվ դա նաև պետք է հաշվի առնել՝ կառուցելով հաղորդակցման սխեմաները։

Մենք այսօր էլ ունենք ճիշտ ինֆորմացիայի պակաս, և դա առաջացնում է անվստահություն, վախ, անորոշություն։ Մարդիկ սկսում են հավատալ այն բանին, ինչին հավատալն ավելի հեշտ է։ 

Ասենք, հեշտ է հավատալ, որ վարակը դավադրություն է, քան փոխել սեփական վարքագիծը։

Հիմա մենք կանգնած ենք շատ կարևոր գործողության՝ պատվաստման, մեկնարկի առջև։ Բայց նորից տեսնում ենք, որ դասեր չենք քաղել ու չենք հաղորդակցվում մարդկանց հետ՝ առաջացող հարցերին պատասխաններ չեն տրվում։

Մարդիկ, օրինակ, չգիտեն, պետք է պատվաստվե՞լ, թե՞ ոչ, եթե արդեն վարակվել են, արդյո՞ք դա անվտանգ է, ի՞նչ տարբերություն կա պատվաստանյութերի միջև և այլն։

Նման լուրջ հարցերին պատասխանում են միայն էնտուզիաստները, չկա համակարգված շրջանակային մոտեցում։

Իսկ հիմա մենք սկսու՞մ ենք պատվաստվել, թե՞ դեռ ոչ։ Եվ ի՞նչ պատվաստանյութով։

Դուք հարց եք տալիս, բայց դրա հստակ պատասխանը չկա, քանի որ ակնհայտ է հաղորդակցման պակասը։ Որքան մենք հասկանում ենք՝ մարդկանց փոքր շրջանում սկսվել է ռուսաստանյան Sputnik V-ով պատվաստումը, խոսքը 15 հազար չափաբաժնի մասին է, որը կուղղվի առաջին հերթին բուժաշխատողներին։ 

Ասվում էր, որ մարտին պետք է մեկնարկի AstraZeneca-ով պատվաստումն արդեն ռիսկային խմբերում՝ համաձայն ուղեցույցի։ Բայց իրականում, չգիտենք, արդեն բերվել է այդ պաստվանյութը Հայաստան, թե ոչ։

Սրանք հարցեր են, որոնք տրվում են վակուումում։ Իսկ վակուումը ծնում է կասկածներ, դավադրապաշտական վարկածներ։

Նման մեծ զանգվածային ու կարևոր արշավներն անպայման պետք է ուղեկցվեն շփումով՝ տարբեր հաղորդակցման ուղիներով (հեռուստատեսությունից մինչև դեմ առ դեմ հանդիպումներ՝ փոքր թիրախային խմբերի հետ)։

Եվ դա չի կարող անել մեկ գերատեսչություն։ Բոլորը պետք է իմանան իրենց կոնկրետ անելիքները, կոնկրետ չափելի արդյունքները։

Կորոնավիրուսը կսկսի նահանջել, երբ ձևավորվի հանրային իմունիտետ (բնակչության 70%-ը վարակվի ու բուժվի)։ Կարելի՞ է ասել, որ դա նույն կերպ է գործում ցանկացած վարակի դեպքում։ Եվ հանրային իմունիտետ կլինի, եթե մեծ մասը վարակվի ու հաղթահարի ինֆոդեմիան։ Կոպիտ ասած՝ կեղծ ինֆորմացիայով էլ պետք է վարակվել ու բուժվել։ 

Բնակչության 70%-ը պիտի լինի իմունիզացված, որ կարողանանք ասել՝ կորոնավիրուսը հանրային առողջության տեսակետից վտանգ չի ներկայացնում։

Իսկ ինֆոդեմիայի նկատմամբ իմունիտետը ոչ պակաս լուրջ խնդիր է։ Դա ցույց տվեց թե՛ պատերազմը, թե՛ տեղի ունեցած նախկին իրադարձությունները։

Ինֆոդեմիան կարող ենք հաղթահարել գիտելիքի տարածման, կրթության վերագնահատման միջոցով։ Նկատի ունեմ լայն իմաստով կրթությունը՝ թե՛ մեդիագրագիտությունը, թե՛ առողջության մասին գրագիտությունը։

Աշխարհում կա տարածված առարկա՝ առողջության գրագիտություն (health literacy), որը դասավանդվում է դպրոցներում։

Երեխաները վաղ հասակից իմանում են, թե ինչ է հիվանդությունը, ինչպես են տարածվում վարակները և այլն։ Նաև այդպես է դրվում հիմք, որը պաշտպանում է դավադրության տեսություններից։

Եվ շատ լավ կլիներ, որ Հայաստանում էլ լիներ նման առարկա, քանի որ «Առողջ ապրելակերպ» առարկան ընդգրկում է հարցերի շատ նեղ շրջանակ։ Իսկ ընդհանուր առողջության մասին գրագիտությունը մեզ մոտ, ցավոք, չի կարևորվում։ Արդյունքում, մարդիկ զբաղվում են ինքնաբուժությամբ, չեն դիմում բժիշկներին, չեն վստահում համակարգին։ 

Պետք է մեր հասարակության համար գտնել ընդունելի մի մոդել՝ մարմնի ու առողջության մասին խոսելու համար։ Եվ չմոռանանք, որ այն, ինչը լավ աշխատում է այլ երկրներում, կարող է մեզ մոտ ունենալ հակառակ էֆեկտ։

Ինքս խորհուրդ եմ տալիս խուսափել ծրագրերի քոփի փեյսթերից։ Գաղափարները միշտ պետք է տեղայնացվեն՝ հաշվի առնելով տեղական նրբությունները։ Եթե չարվի, անգամ ամենալավ գաղափարը կմնա ձևական գործություն, ընդամենը թղթի վրա արված նշում, որը մեծ հաշվով մարդկանց կյանքում ոչինչ չի փոխի։

Ձևացնելը միշտ վատ հետևանքներ է թողնում։

Ասենք, ձևացնում ենք, որ պայքարում ենք համավարակի դեմ, ձևացնում ենք, որ թվեր ենք հրապարակում, ձևացնում ենք, որ գործ ենք անում։ Կարծես այդ ամենը ընդամենը լայք հավաքելու, փուչիկ ստեղծելու համար է։

Իսկ իրականում, մարդիկ գնում են հիվանդանոց, որտեղ տեղ չի լինում։ Կարող են լինել վարակված, բայց թեստը սխալվի։

Մի դեպք պատմեմ առաջին դասարանցիների կյանքից։ Քանի որ երեխաները դասերի ժամանակ պետք է լինեն դիմակով, բայց դիմակը անընդհատ հանում են, ուսուցիչը պայմանավորվում է, որ երբ դասասենյակ մտնեն ստուգողները, նա հատուկ նշան կտա երեխաներին ու բոլորը միանգամից դիմակները կբարձրացնեն դեմքին։ Այսինքն, ստեղծվում է ներքին պայմանավորվածություն, որ ձևացնելը միակ ելքն է։ Կարծում եմ, սա շատ բան է ասում մեր հասարակության մասին։

Ձեր պատմածը ազգային ողբերգություն է։ 

Այդ դրվագում երկու լուրջ խնդիր կա։ Նախ՝ երեխաներին փոքր հասակից սովորեցնում են խաբել ու օրենքը խախտել։

Բայց կա նաև ավելի լուրջ աղետ. այն պահանջը, որը դրված է երեխաների առջև, ի սկզբանե իրատեսական չէ, չունի գիտական հիմնավորում և մեծ հաշվով անիմաստ է։

Մենք վերլուծել ենք վերջին տվյալները․ ցածր դասարաններում դիմակ կրելու պարտադրանք չկա գրեթե ոչ մի երկրում։ Ապացուցված է, որ դա համաճարակային արդյունավետություն չունի, այդ մասին հրապարակումներ են արել ամենահեղինակավոր կառույցները։

Բայց քանի որ մեզ մոտ պայքարը միայն թղթի վրա է տարվում, պահանջները չեն վերանայվում։ 

Ուսուցիչը մեղավոր չէ, նման պահանջն է անիմաստ։ Ոչ ոք չի վերանայում, թե մշակված նորմերը հնարավո՞ր է կիրառել իրական կյանքում, թե՞ ոչ։

Եվ ցավալին այն է, որ չհիմնավորված պահանջների հեղինակներն իրենք էլ գիտեն, որ դրանք չեն կատարվելու։ Բայց երևի մտածում են՝ ոչինչ, որ չեն կատարվելու, կարևորը ես դա անում եմ, որ վաղն ինձ չմեղադրեն, որ գործ չեմ անում։

Մարդիկ էլ շատ լավ հասկանում են, որ գործնականորեն չիրագործվող պահանջերի տակից կարելի է դուրս գալ միայն խաբելով։ Ստիպված են խաբում։ Եվ դրանից տուժում են թե՛ առողջությունը, թե՛ երեխաները, թե՛ բարոյականությունը։

Եվ բոլորս ակամայից դառնում ենք խաբեության մի մաս։ 

Երևի դա սովետական մտածողության ստվերն է։

Համաձայն եմ, մեր խնդիրներից շատերի արմատները գալիս են Սովետից։ Բայց, ի վերջո, պետք է փոխվել։ Արդեն երեսուն տարի է անկախ պետություն ենք։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *