2021.02.05,

Տեսակետ

«Տեղեկատվության պակասից էր, որ Սյունիքում մարդիկ հրադադարից հետո շոկի մեջ հայտնվեցին»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Պատերազմի օրերին Գորիսը խաչմերուկ էր, որը կապում էր Երևանն ու Ստեփանակերտը, այդ թվում նաև միջազգային լրատվամիջոցների համար։ Հիմա ոչ միայն Գորիսը, այլև ողջ Սյունիքն է մի մեծ խաչմերուկ, որտեղ խաչվում են ճանապարհները, սահմաններն ու հակադիր շահերը։

Հակասական ու գերլարված այս մարզը ռազմավարական նշանակություն ունի, բայց պատված է անորոշությամբ։ Դա երևում է նաև մեդիա անդրադարձներում։

Հստակ չէ, թե ինչ քաղաքական որոշումներ են ընդունվելու և ինչ ազդեցություն են դրանք թողնելու բնակիչների կյանքի վրա՝ վաղը, մեկ ամիս հետո, մեկ տարի անց։ 

Լրագրող, Գորիսի մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանն այս իրավիճակը բնութագրում է որպես սպասողական։ Եվ ասում, որ սահմանամերձ դարձած ու փախստականների ընդունած Սյունիքում առաջնային խնդիրը կյանքի անվտանգությունն է։ 

Բայց միաժամանակ՝ պետք է գրի առնել արցախցիների ու սյունեցիների կյանքի պատմություններն ու վավերագրել դրանք։

Մեծ տարբերություն կա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո պատրաստած լրատվական նյութերում։ Կարծես ժամանակն է ավելի ազատ ու իրատեսական խոսելու Սյունիքի մասին, թեև այն բարդ քաղաքական ազդեցություն կրող մարզ է։ Ինչու՞ են հիմա քիչ նյութերը Սյունիքի մասին։

Պատերազմի օրերին գրեթե բոլոր լրատվամիջոցները այստեղ էին՝ Գորիսում, թեկուզ այն պատճառով, որ Ստեփանակերտ գնալու ճանապարհին էին։ Իսկ երբ Ստեփանակերտում շատ վտանգավոր դարձավ, այստեղ տեղափոխվեց նաև տեղեկատվական կենտրոնն, ու այստեղից էին պաշտոնյաները շփվում նաև միջազգային լրագրողների հետ։ 

Պարզապես այդ ժամանակ բոլորն անընդհատ պաթոսի մեջ էին՝ ասելով, որ հաղթելու ենք։ Եվ ինչ-որ առումով այդ հաղթական ու խանդավառված տրամադրվածությունը խանգարեց լրագրողներին՝ գրելու իրականությանն ավելի մոտ բաների մասին։ Շատերն էին հակված գրելու միայն հաջողությունների մասին։

Բայց հետո, իհարկե, իրականությունը մտավ կյանք ու ազդեց նաև մեդիա դաշտի վրա։ Այդ ընդհանուր հուսահատական տրամադրությունը շարունակվում է նաև հիմա։ Երբեմն անգամ, թվում է, որ մարդկանց դուր է գալիս անընդհատ խոսել դժբախտությունների ու ձախողումների մասին։

Իրականում, ինձ համար, որպես գորիսեցու, կարևոր է, որ այդ անհույս ոճը, հուսահատ հնչերանգը փոխվի։ Որ ավելի շատ լինեն կառուցողական լրագրողական նյութերը։ Դրանց կարիքը մեծ է, քանի որ այլ կերպ չի ստացվի հաղթահարել հուսահատ մտքերն ու իրական մարտահրավերները։

Եթե մեդիան պետք է մարդկանց ներկայացնի իրականությունը, ապա այդ իրականության մի մասն էլ այն է, որ կյանքը պիտի շարունակվի։ Ու դրա մասին պետք է խոսել։ 

Իհարկե, դժվար է։ Ես, օրինակ, տեղս չեմ գտնում՝ սգի, վիրավոր երիտասարդների, զոհված զինվորների ծնողների վիճակի մասին լսելով։ Ես էլ ունեմ մտերիմներ, որոնք չկան, նաև մեծ թվով փախստականների եմ ծանոթ Գորիսում: Բայց անգամ այս վիճակում կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է բացել մի փոքր առու, որը այս վշտի ծովում մի քիչ հույս կտա:

Իշխանական վերին օղակներում անորոշություն է, և այն տարածվում է բոլորի վրա: Ինչպե՞ս են այս օրերին լրագրողները համագործակցում մարզային իշխանությունների հետ՝ ապահովելու բնակիչների կյանքի համար անհրաժեշտ տեղեկատվությունը։

Ինձ թվում է, հիմա բոլորի մոտ սպասողական վիճակ է, որը դժվար է նաև լրագրողների համար: Ասենք, կարող ես պատրաստել մի նյութ, և հանկարծ պարզվի, որ լրիվ այլ որոշում է կայացվել և իրավիճակ է փոխվել: Բոլորի նման լրագրողներն էլ են սպասում հստակության։ Եվ արդյունքում առաջացած տեղեկատվական վակուումը լցվում է պատահական, օրվա նյութերով:

Պատերազմից հետո մեր մարզում սկիզբ առավ ամենահանկարծակի իրավիճակներից մեկը. համայնքային իշխանությունները հայտնեցին անվստահություն իշխանություններին: Եվ մյուս կողմից ստացվեց, որ մարզպետարանը այդքան էլ համաձայն չէ այդ քայլի հետ: Արդյունքում առաջացան կրկնակի մտահոգություններ: Եվ լրագրողների համար բարդ է անկողմնակալություն պահել ոչ միայն երկու, այլև երրորդ կողմի՝ հանրության կարծիքների նկատմամբ։

Բայց իհարկե, ամենամեծ խնդիրը կյանքի անվտանգությունն է: 

Բնակավայրները, այգիները, հենց մարդիկ հայտնվել են հայ-ադրբեջանական սահմանին շատ մոտ, և քչերը ռիսկ կանեն այսպես ապրել: Տարածքների կորուստը կամ անվտանգության պակասը նաև նշանակում է կյանքի պայմանների փոփոխություն։ 

Գորիսը թերևս ավելի առանցքային է, քան Երևանը: Ինչու՞ է այն չի դառնում կառավարության հիմնական թիրախ։ 

Սկզբնական շրջանում կառավարության անտարբերությունը հասկանալի էր, թվում է ավելի կարևոր հարցեր կային, բայց նոր իրավիճակում գտնվող Գորիսի, նրա բնակավայրերի հարցը հրատապ է ու պիտի ընդգրկվի առաջնահերթությունների մեջ։ 

Լրագրողներն էլ եթե անգամ պատրաստ են հուսադրող նյութեր անել, որպես կանոն տեղյակ չեն լինում, թե ինչ որոշումներ են ընդունել Երևանում և ոնց են այդ որոշումներին արձագանքելու մարզային, համայնքային իշխանությունները: 

Հրադադարից հետո տեղեկատվության բացակայությունից էր նաև, որ Սյունիքում մարդիկ շոկի մեջ հայտնվեցին. ամեն կերպ թաքցնում էին, օրինակ, այն փաստը, որ Շուռնուխ գյուղի որոշ բնակիչներ պետք է լքեին իրենց տները. դեռ մի բան էլ մտահոգություններն անտեղի էին համարում։ 

Ազնիվ ու ժամանակին հայտնած տեղետատվությունը հնարավոր է չընդունվեր այդքան հիվանդագին, եթե չլինեին ամեն կերպ իրականությունը թաքցնելու իշխանությունների ջանքերը։ 

Իշխանության մոտ մարդիկ շատ ցաքուցրով հարցազրույցներով ասում էին, թե ադրբեջանցին չի հայտնվի Հայաստանի տարածքում, բայց մարդիկ ուրիշ բան էին տեսնում։ Ասենք, իրենց մշտապես երթևեկելի ճանապարհներին մի օր հանկարծ տեսան թշնամու զինվորին։ 

Այլևս սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչներին ոչ ոք չի տեղեկացնում, թե ինչպես է շարունակելու իրենց կյանքը, կարողանալու՞ են մշակել իր սեփականությունը՝ հողը, բերք հավաքել, պլանավորել ապագան։ Ո՞վ է հոգալու սահմանամերձ դաշտում աշխատող հողագործի անվտանգությունը։ Ապավինու՞մ ենք որևէ փորձության չդիմացած հարևանության գաղափարին։

Անվտանգության քարտեզը երկնքից կախված է։ Ու ոչ ոք այդ մարդկանց հետ չի խոսում։

Տեղ համայնքում, օրինակ, կան մի քանի գյուղեր, որոնք գտնվում են թշնամու սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Իսկ Ներքին Խնձորեսկի տների պատշգամբներից երևում են ադրբեջանական դիրքերը: Եվ այդ մարդկանց մասին պատմությունները պիտի գրվեն, պիտի վեր հանվեն նրանց խնդիրները: 

Այդ մարդիկ գոնե մեդիայի միջոցով պիտի կարողանան խոսել ու իշխանություննհերին հարց տալ՝ բա ի՞նչ եք մտածում մեր անվտանգության մասին:

Եթե իշխանություններն ասելիք ունեն, ապա, իհարկե, պետք է լավ օգտագործեն մեդիան: 

Որ կոպիտ ասած պարզ լինի՝ մարդիկ տուն կառուցե՞ն, թե՞, ի վերջո, եղածի վրա էլ խաչ քաշեն: 

Թեև բարեբախտաբար, չեմ տեսել, որ մեր մարզում մարդիկ տրամադրված են հեռանալ հայրենիքից, անգամ ավելին՝ պատասխանատու են իրենց զգում:

Բայց բոլոր դեպքերում անտարբերությունը շատ է ճնշում:

Հիմա իմ կարծիքով՝ Սյունիքի ու համապետական իշխանությունների միջև ստեղծվել է լուրջ անջրպետ: Եվ պատճառը այն չէ, որ համայնքի ղեկավարները անվստահություն են հայտնել կառավարությանն ու պահանջել վարչապետի հրաժարականը, այլ այն, որ սյունեցիները տեսնում են, որ իրենց մասին մտածող ու խոսող չկա: 

Նաև պարզ չէ, թե ինչպես է լուծվելու բնակիչների քաղաքացիական պաշտպանությունը, քանի՞ ապաստարան ու կացարան է կառուցվելու, ո՞ր կազմակերպությունների հետ են մշակելու անվտանգության ռազմավարությունը: Ինչպե՞ս են իրազեկելու մարդկանց տագնապի դեպքում, ո՞ր տեղեկատվական միջոցոնրեով է դա արվելու:

Ինչպե՞ս է դա արվում հիմա։

Պատերազմի օրերին մի քանի օնլայն իրազեկում է ուղարկվել, բայց դա բավարար չէ, քանի որ ոչ բոլորն են քնում՝ հեռախոսը բարձի տակ դրած ու կարող են չլսել ազդանշանը։

Արցախից հետո հաջորդ հրատապ խնդիրը Սյունիքում է։ Եվ այստեղ արտակարգ գործերով զբաղվող կառույցի կարիք ունենք, քանի որ խնդիրներն էլ են արտակարգ։ 

Ստացվեց այնպես, որ անգամ պատերազմի օրերին ՏԻՄ-երն իրենց լիազորությունները թողած զբաղված էին սահման պահելով, փախստականներին կերակրելով և այլն։ 

Իսկ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը մինչև հիմա փախստականների խնդիրները թողել է համայնքային իշխանությունների կամ այլ կառույցների վրա (իհարկե, կա կառավարության որոշում տեղահանվածներին տրամադրել աջակցություն, բայց դա բավարար չէ)։ Արդյունքում, կարող է ստացվել, որ փախասըտականներին բոլորը առաջարկում են տալ մահճակալներ, մինչդեռ նրանք ներքնակների կարիք ունեն։ Կամ բոլորին տալիս են ալյուր, բայց իրականում ալյուրի կարիք չկա։ 

Սա համակարգման խնդիր է։

Օրինակ, հիմա միայն Տեղ համայնքում տեղակայված է 150 ընտանիք Արցախից, իսկ Գորիսի 300 աշակերտ ունեցող մի դպրոցում, 4o-ից ավելի փախստական երեխա կա։ Իհարկե, գորիսեցիները բացառիկ հոգատարություն են ցուցաբերում նրանց նկատմամբ, բայց էլի համայքնային իշխանություններն են հոգում նրանց կարիքները, իսկ պետական կենտրոնացված համակարգում չկա։

Մեր սիրտն էլ է հիմա պայթում, մտածելով, թե ինչպես կարող ենք օգտակար գործ անել, ինչպես ներառենք փախստականներին մեր կյանքում։ 

Հիշում եմ, որ երբ տարիներ առաջ գրի էի առնում Ադրբեջանից Հայաստան եկած մարդկանց պատմությունները, շատերն ասում էին՝ մենք այդպես էլ օտար մնացինք Հայաստանում… Նրանք զգում էին, որ յուրայինների մեջ օտար էին։

Նույնը չպիտի ասեն արցախցիները։

Այդ ներքին օտարության զգացումը շատ ցավոտ է, իհարկե։ Եվ դա հետք է թողնելու։

Բայց կյանքի անվտանգության մասին մտահոգությունները տեղ չեն թողնում խոսելու ավելի փխրուն խնդիրների մասին։ Հիմա առաջնայինը հարցն է՝ շարունակելու՞ ենք անվտանգ ապրել Սյունիքում, թե՞ ոչ։

Անվտանգության ապահովման նոր մարտավարություն պետք է մշակվի։ Բայց ո՞վ, ե՞րբ է դա անելու։

Ինձ թվում է, որ Սյունիքի սահմաններից այն կողմ Սյունիքի վիճակի մասին մտահոգությունները սահմանափակվում են միայն պաթետիկ ելույթներով։ 

Երբեմն ընկերներիս հումորով ասում եմ՝ անձնագրերում ելքի վիզա խփեք, եթե գալու եք Սյունիք։ Դեռ հումոր է…

Բայց իրոք տպավորություն է, որ մեր խնդիրները միայն մերն են։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *