2021.01.20,

Տեսակետ

«Երևի կա կասկած, որ սոցիալական մեդիայում գրածս կգնա մի տեղ, որ ոչ մի տեղ է, անէություն, անընչություն»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Գրող, բանաստեղծ Աննա Դավթյանը Հայաստանին նայում է որպես ստեղծագործելու տեղ: Բայց ավելացնում է, որ գործելիս/ստեղծագործելիս չես կարող բավարարվել եղած գործիքներով ու հնարավորություններով՝ ինչ էլ անես, պիտի անես քո ունեցածով ու քո համատեքստով։ Այդպես է թե՛ գրականության, թե՛ քաղաքականության մեջ։

Եթե մասնագիտություն ես դարձնում գրականությունը, ակամայից բախվում ես սոցցանցային շատախոսությանն ու գրելու բոլորովին այլ դրդապատճառների հետ։ 

Աննա Դավթյանը գրականության մարդ է իր ողնաշարով ու աշխարհին նայող լայն բացված աչքերով։ Նրա «Խաննա» վեպը, որ հրապարակվեց 2020-ի աշնանը, արդեն մտնում է մեր կյանք որպես բոլորովին նոր՝ բաց ու համարձակ գործ, որը միաժամանակ հավակնություն չունի լինելու բաց ու համարձակ։ Վեպն այնպես է կառուցված ու գրված, որ կարծես ինքը լինի ցանց, որի ալգորիթմը գրականության մարդ է գրել։ Այսինքն, մարդ, որը գիտի, թե ինչ ճանապարհներով և ուր է ուզում տանել ընթերցողին, որ կյանքը թվա ավելի բաց ու համարձակ։

Գնամ մի քիչ Ֆեյսբուք կարդամ… Շատերս ենք ասում դա։ Այդպես ասում է նաև Աննա Դավթյանը, որը սոցցանցերում շատ գրելու պահանջ չունի, բայց հաճույքով ինքն իր մտքերը ստուգում է՝ բառերի հետ աշխատող մարդու ջանասիրությամբ։ 

Միշտ հետաքրքիր է գրելու ցանկության ծնունդը։ Մանավանդ հիմա, երբ սոցցանցերը ընտելացրել են մտքի եկածը գրել ու հրապարակել, անգամ առանց երկրորդ անգամ կարդալու: Ինչո՞ւ են բոլորը ուզում գրել սոցցանցերում։

Դրա մասին երևի լավ կխոսեն թվային մարդաբանները կամ հոգեբանները, որոնք ուսումնասիրում են դաշտը: Ֆեյսբուքն ինձ համար շերտավոր է, որտեղ երևում է, թե ով է խոսում, ինչ է ուզում: 

Ես, օրինակ, համակրում եմ շատ քարկոծված այն մարդկանց, որոնք  տարածում են ծաղկեփնջեր, Զատկի ձվեր, Հիսուսի նկարներ և այլն: Ես հասկանում ու սիրում եմ այդ մարդկանց: Բայց միևնույն ժամանակ հապաղում եմ ընկալել միջին կամ միջինից բարձր խավի (պայմանական ասած, լոֆթ ոճը սիրող ծրագրավորողների, դիզայներների, ՀԿ-ականների և այլն) աշխուժությունը՝ կապված առողջ սննդի, ֆիթնեսի, զուսպ կահույքի, մոդայիկ զսպության հետ և այլն: Այդ ամենը ինձ քաղքենի է թվում։

Երբեմն սոցցանցերն իրոք օգնում են մարդուն արտահայտվել, խոսել, զգալ կապը աշխարհի հետ: Եվ երբ տեսնում եմ, որ, ասենք, հորս քեռու հարսը կիսել է գրառում այն մասին, որ եթե տարածես այս նկարը ու լուռ աղոթես, Հիսուսը քեզ հրաշք կպարգևի, անկախ ամեն ինչից՝ հսկայական համակրանք եմ զգում այդ մարդու հանդեպ: 

Հրաշքին սպասելու ջանքը այնքան փխրուն ու գնահատելի է, որ չի կարող անտարբեր թողնել:

Կարծես հանդիպում ես Վարդան Ջալոյանի ասած «մյուսներին»։

Ֆեյսբուքում հետաքրքիր են այդ «մյուսները»: Համենայնդեպս, ես նաև իրենց մասին մտածելով եմ գրում իմ վեպերը:

Նաև տարօրինակորեն հետաքրքիր են ռաբիզ օլիգարխները, նրանց ներքին տվայտանքները, ճաշակի հնությունը, անօգնականությունը՝ ունեն շատ փող ու սիրում են փայլուն ու ճոխ բաներ: 

Չափազանց անձնական գրելու պակասը չի թողնում, որ Ֆեյսբուքում շատ գրեմ: Չափազանց անձնականը, ներքին փորձառությունը արդեն գրականությունն է, ոչ թե սոցցանցային գրառումը: Ես իսկապես կարիք չունեմ գրելու սոցցանցերում: Հազվադեպ դեպքերում նախընտրում եմ մտնել բանավեճի մեջ, քանի որ այդտեղ իմ և ուրիշների մեկնաբանությունները կարող եմ սուբյեկտիվից տանել օբյեկտիվության դաշտ: 

Երևի չեմ նախընտրում հայտնիությունը: Գրքիս վրա անգամ լուսանկար չեմ դրել։ Իհարկե, ուզում եմ, որ մարդիկ գիրքս կարդան, բայց ընդհանրապես չեմ սիրում խոսել: 

Երևի կա կասկած, որ սոցիալական մեդիայում գրածս կգնա մի տեղ, որ ոչ մի տեղ է, անէություն, անընչություն։ Մինչդեռ այլ տեղում՝ գրքում, օրինակ, մտածելու գործիք կլինի։ Նախևառաջ ինձ համար։ 

Ավելի շուտ ռեպլիկների ձևով եմ ներկա սոցցանցերում: Եթե բան ունեմ ասելու, ընտրում եմ գրականությունը։

«Խաննա» վեպի հրապարակումը համընկավ պատերազմի օրերի հետ, երևի այն դեռ նոր պիտի սկսի իր ճանապարհը (հուսով եմ նաև ֆիլմի սցենար կդառնա)։ Իսկ արձագանքներից գո՞հ ես։ Հատկապես հիմա, երբ ամենաշատը կարդում ենք Ֆեյսբուքի ստատուսներ։

Վեպը հետաքրքրեց շատ լայն շրջանակների: Կարդում են կանայք ու տղամարդիկ՝ տարբեր տարիքի, տարբեր կարգավիճակների։ Ուրախալի է, որ տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն:

Նույնիսկ անոտացիա ու նախաբան չեմ գրել, որ թողնեմ ընթերցողներն իրենք որոշեն, առանց ուղղորդումի, թե ինչ է այս վեպն իրենց համար՝ պատերազմ, սեր, բիզնես, սեքս, երկիր կամ այլ մի բան: 

Իրականում շատ տպավորված եմ, որ մեր հասարակությունը ընկալեց «Խաննա»-ն: Այն կարող էր դառնալ սկանդալային մի պատմություն, բայց շատ ավելի թանկ արձագանքներ ստացավ։ Դա խոսում է ահագին բանի մասին։

Վեպի ու լուսանկարի հեղինակ՝ Աննա Դավթյան

Նկատել եմ նաև, որ հիմա ահավոր մեծացել է մոտիվացիոն գրականության պահանջարկը: Անգամ ամենափոքր գրախանութը ամիսը վաճառում է այդ տեսակ գրականության 500-1000 օրինակ:

Մարդիկ հիմա ձեռք են բերում գրքեր, թե ինչպես հեշտ ապրել, ինչպես առողջ սնվել, ինչպես սկսել բիզնես, ինչպես կառուցել հարաբերությունները տղամարդկանց/կանանց հետ, ինչպես ստեղծել ստարտափ, ինչպես հաղթահարել սթրեսն ու այլ վտանգներ:

Եվ նշանակություն չունի թե դրանք ինչ լեզվով են՝ կարող են լինել ռուսերեն, անգլերեն, կամ էստեղից-էնտեղից արտագրած ու հայերեն սարքած տեքստ-խորհուրդներ: 

Հիմա գալիս են մոտիվացնողները, որոնց իմ աշակերտները համարում են ժամանակակից գրողներ: 

Իսկ ինչպե՞ս խոսել հետոյի մասին:

Երբ այդ մասին մտածում եմ, ի վերջո, հասնում եմ մի պատի, որն ինձ ասում է՝ եթե մտածում ես դրա մասին, գնա և ինքդ արա: Ասենք, ես պետության կառավարման որևէ ոլորտի մասնագետ չեմ, բայց կարող մարդ եմ: Ինչպես նաև մեզանից շատերը:

Պետությունը մինչև հիմա դնում է կոնցեպտ՝ կա այս գործը, ո՞վ կարող է անել: Իսկ եթե պետությունը դներ նաև՝ կա այս մարդը, ի՞նչ կարող է նա անել:

Իրականում, կարող ու ունակ մարդիկ շատ են, բայց եթե գնան տարբեր նախարարություններ ու գերատեսչություններ, նրանց տապալվելու հնարավորությունը մեծանալու է:

Պատերազմի օրերին պատգարակների փոքրիկ արտադրություն բացեցինք կամավոր, նաև ընկերների ներդրած միջոցներով բահ ու քլունգ էինք ուղարկում դիրքեր: Բահ գնելն ինձ մոտ ընտիր էր ստացվում: Եվ եթե պետությանը պետք լիներ, կարող էի գիրք գրելուն զուգահեռ բահերի գնումներով զբաղվել☺։

Մտածել եմ, որ հնարավոր է ստեղծել մի օղակ, որը կլիներ հասարակության ու պատկան մարմինների արանքում. հասարակությունից կստանար ուղերձներ ու դրանք կուղարկեր պատկան մարմիններին: Եվ կարևոր է, որ այդ օղակը ունենար լիազորություն՝ սեղմելու այն կոճակները, որոնք պետք է սեղմել: Եթե նման սեղմող օղակ լինի, շատերը կարող են այնտեղ գործ անել։

Այդպես եմ հասկանում այս իրավիճակը, քանի որ տեսնում եմ, որ քաղաքական ուժերն իմ ուզածը չեն կարող իրագործել այնպես, ինչպես ես եմ դա պատկերացնում:

Եվ իհարկե, ինչպես ասում է իմ ընկեր նկարիչ Հրաչ Արմենակյանը, ինչ էլ անենք, չենք կարող դա անել Հայաստանը փրկելու ծրագրով: Ով եկավ Հայաստանը փրկելու գաղափարով, տապալվելու է: Հարկավոր են լայն աշխարհահայացք ու թարմ ծրագրեր, մեծ ու խիզախ, ամեն կողմից մտածված, գցած-բռնած, աշխարհը դեպի նոր տեղեր ծռող գաղափարներ:

Պատերազմը փոխեց մեր կյանքի համատեքստը: Ինձ համար «Խաննան» պատերազմի վեպ էր, հիմա նորը կլինի պատերազմից դուրս գալու ուղիների մասին:

Եվ, այո, եթե ուզում ենք, որ բան փոխվի, պիտի դառնանք քաղաքական գործիչ՝ զուգահեռաբար փոխելով նաև քաղաքական գործչի մասին եղած հղացքները:

Ակումբային, փաբային քաղաքականությունը, ինչպես շատերը ձևակերպում են, վատ խաղաց իր դերը։

Շատ ընկերներ պատերազմի օրերին ասում էին՝ ուղարկեք մեզ Ստեփանակերտ կամ Գորիս, ասեք, ինչ անենք, մենք պատրաստ ենք ցանկացած կազմակերպչական գործի: Բայց կար լռություն:

Կիսատությունը մեզ կերավ։ Ու պաթոսը։ Հիմա կա՞ շանս վերանայելու վերացական ու պաթետիկ խոսքի վտանգը:

Երբ պետությունը սկսեց քաղաքների վահանակների վրա գրել, որ «պետությունը օջախ է», միանգամից փչացրեց ամեն բան:

Ես շատ կապված եմ գյուղի հետ ու տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ արձագանքում ամեն նորին: Նրանք իսկապես ի վիճակի են բաների մեջ խորամուխ լինել։ 2018-ից հետո էլ մեծ հաշվով հանրային խոսույթում բան չփոխվեց՝ նույն օջախը, թասիբը, խորովածը, արհեստավորի կուլտը:

Հետաքրքիր է մտնել վեճի մեջ՝ հասկանալու համար, թե քո մտածածը որքանով է դառնում օբյեկտիվ: Ես դա անում եմ պարբերաբար զրուցելով ու բզբզելով իմ բարեկամներին ու ծանոթներին։  

Շատ բան պիտի վերանայենք՝ սիրո ու ընտանիքի կոնցեպտից սկսած, մինչև կյանքի ու վաղվա կոնցեպտները: Ամեն ինչ մեզ մոտ աղավաղված է:

Օրինակ, երբ ասում ենք անբարոյականություն, մեծ հաշվով նկատի ունենք կանանց, որոնք սեքս են սիրում, այլ ոչ թե այն մարդկանց, որ գռփում-ջռփում են, փախցնում-թռցնում ու հանգիստ լողում են կոռուպցիայի մեջ: 

Ընկերներիս միշտ լուրջ կամ ծիծաղով ասել եմ, որ ուզում եմ դառնալ Արթիկի քաղաքապետ, որ փորձեմ գտնել փոքր քաղաքը կառավարելու մոդել՝ սովորելու մեծը: Բայց դա ուզում էի Սերժ Սարգսյանի օրոք, և երբ եկավ Նիկոլ Փաշինյանը, մտածեցի՝ դե արդեն եկել են մարդիկ, որոնք ամեն ինչ կանեն, իմ ներկայությունը պարտադիր չէ։ 

Թերևս կարելի է նորից մտածել Արթիկի մասին…

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “«Երևի կա կասկած, որ սոցիալական մեդիայում գրածս կգնա մի տեղ, որ ոչ մի տեղ է, անէություն, անընչություն»”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *