2020.12.18,

Տեսակետ

«Կա ինքնուրույն, մեծ ծրագիր ստեղծելու և իրականացնելու վախ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Միջազգայնագետ, իրավաբան, Վաշինգթոնում աշխատող Արմեն Խարազյանի կարծիքով՝ եթե Հայաստանը չվարի սեփական շահերից բխող ինքնուրույն քաղաքականություն, ապա Հայաստանի իրադարձությունների լուսաբանումը ևս չի կարող քաղաքական հարցադրումներ ներկայացնել: Այն կսահմանափակվի միայն հումանիտար բնույթի հարցադրումներով։ 

Բայց այսօր պահանջվում է անել ավելին՝ գնալով աշխարհի հետ անմիջական շփման, առանց միջնորդի, սեփական շահերի չխեղաթյուրված, հստակ գիտակցումով։ 

Արմեն Խարազյանը ԱՄՆ-ում Հայաստանի փոխդեսպանն էր (1999-2000) և ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում ՀՀ պատվիրակության անդամ (1994-98)։ Այժմ նրա մասնավոր իրավաբանական պրակտիկայի ուղղություններից մեկը արտահանման վերահսկման համակարգն է՝ իրավակարգավորիչ մի շրջանակ, որով կարգավորվում է ռազմական ու երկակի տեխնոլոգիաների և առևտրի ոլորտում միջազգային համագործակցությունը:

Արմեն Խարազյանն առաջարկում է «գույքագրել» մեր հեռանկարներն ու հետամուտ լինել դրանց կենսագործմանը։ Կրկին առանց միջնորդների:

Պատերազմի ընթացքում անաչառ տեղեկատվության մեծ պակաս կար: Կարծես բոլորս մնացինք քարոզչության բեռի տակ: Որքա՞ն կարևոր է մեդիայի դերը և նաև թերացումը: 

Ես չէի քննադատի մեդիան, քանի որ դա Հայաստանում բավականին կայացած և բազմազան ոլորտներից մեկն է: Բոլոր դեպքերում մեդիան վերջինն է, որը պետք է իր վրա կրի Հայաստանի ինֆորմացիոն դաշտի բացթողումների մեղքը, թեև իհարկե, այն տարիներ շարունակ օգտագործվել է որպես լծակ՝ ազդեցություն ու վերահսկողություն ձեռք բերելու համար: Բայց այդպես է բոլոր երկներում:

Արցախյան պատերազմի օրերին աշխատող բոլոր լրագրողներն ու լրատվամիջոցներն են արժանի գնահատանքի ու երախտագիտության, վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը, նրանք կատարել են իրենց մասնագիտական պարտքն ամենաբարձր մակարդակով։

Ի պատիվ Հայաստանի՝ նույնիսկ պատերազմական իրավիճակում, Հայաստանում հիմնականում ապահովվեց խոսքի ու մամուլի ազատությունը, թեև պետական մարմինների կողմից փորձեր եղան կարգավորելու ու սահմանափակելու այն՝ ոչ առանց հիմքի, սակայն բավականին չմտածված հիմնավորումներով։ 

Հայաստանում չարգելափակվեց ոչ մի սոցիալական հարթակ։ Ի տարբերություն մեզ, Ադրբեջանում խոսքի ու մամուլի ազատությունները սահմանափակված էին, իսկ սոցիալական հարթակները՝ երկար ժամանակ արգելափակված կամ վերահսկողության տակ։    

Տեղեկատվության մասին խոսելիս՝ պիտի տարբերակենք մեդիան և պետությունը:

Եվ հիմնական հարցերը ուղղված են պետական տեղեկատվական աղբյուրներին:

Մեզ համար միշտ կարևոր է եղել միջազգային կառույցների ու խոշոր մեդիայի արձագանքնը: Անգամ բարկանում ենք, որ այն հապաղում է: Եվ երբ, օրինակ, Ադրբեջանը հայտարարում է, թե Երևանը, Սևանը իր պատմական տարածքն է, դա չի՞ առաջացնում միջազգային հարթակների դիմադրությունը:

Կարծում եմ՝ պատերազմի օրերին միջազգային խոշոր լրատվական միջոցներն ու կառույցները բավարար չափով լուսաբանել են մեր իրադարձությունները։ Բայց չմոռանանք, որ Երևանում խոշոր լրատվական գործակալությունները մշտական ներկայացուցչություն չունեն, հիմնականում սպասարկվում են հարակից տարածաշրջաններում տեղակայված գրասենյակներից կամ համագործակցում են հայաստանյան ազատ լրագրողների հետ՝ պայմանագրային հիմունքներով։  

Դա, իհարկե, որևէ բացասական բան չի ասում Հայաստանից դուրս եկող լրատվության մասին, բայց լրահոսի ծավալն ու կշիռը կշահեն, եթե Հայաստանում լինի միջազգային լրատվական աշխարհի ավելի լուրջ ներկայություն։ 

Մյուս խնդիրը հայկական անգլալեզու բարձրորակ լրատվական ծառայության պակասն է, որը լուրջ թերացում է, և պետք է վերացվի։

Ոչինչ չի խանգարում, որ պատշաճ ֆինանսավորմամբ Հայաստանն ունենա ԱլՋազիրայի կարգի գործակալություն՝ գլոբալ հասանելիությամբ ու լսարանով։ Եվ որակյալ անգլերենով:

Պատերազմի հետ կապված ինֆորմացիան, օրինակ, հիմնականում աշխարհին էր հասնում Մարդու իրավունքների գրասենյակից: Արձագանք ստացան նաև Հայաստանում պատրաստված ապատեղեկակատվության մասին մի քանի հոդվածներ և դեպքի վայրից ռեպորտաժներ: 

Բայց կազմակերված լրատվություն Հայաստանից դուրս չի գալիս:

Մեծ հաշվով Հայաստանը ինտեգրացված չէ միջազգային մեդիա դաշտին: Եթե իրական միջազգային ստանդարտներով, օբյեկտիվ լուսաբանում լինի, այլ ոչ թե տարածվեն նյութեր, որտեղ Հայաստանը միայն լավ լույսի ներքո է ներկայացվում ու զբաղվում է ինքնագովազդով, կլինի պահանջարկ:

Մեդիա դաշտը Հայաստանում ունի մասնագիտական կոմպետենտություն, ինտեգրվածություն և իրավակարգավորիչ մեխանիզմների պահանջ:

Իսկ ադրբեջանական զանազան հայատյաց հայտարարությունների մասին կարող եմ ասել, որ արձագանք եղել է, սակայն չափավոր։ Ի վերջո,  տարբեր միջազգային լրատվական աղբյուրներ այդ հայտարարությունների մասին խոսում են այնքանով, որքանով դա իրենց հետաքրքրում է: 

Եթե իրականությանը նայում ենք Հայաստանից, տեսնում ենք մի պատկեր, իսկ դրսից նայելով՝ բոլորովին այլ: Օրինակ, այն, թե Էրդողանը Բաքվում ինչ ասաց, այնքան էլ կարևոր չէ դրսի լսարանի համար: Շատ ավելի մեծ արձագանք է ստանում այն, թե ինչ է անում Թուրքիան ոչ թե Կովկասում, այլ Էգեյան ծովում:

Հայաստանն ինքն իրեն չի հաստատել որպես ինքնուրույն քաղաքական գործոն Կովկասում:

Իսկ եթե Հայաստանում չկա ինքնուրույն քաղաքականություն, Հայաստանից դուրս եկող տեղեկատվությունն էլ չի ունենա քաղաքական հարցադրումներ: Դրանք կարող են լինել հումանիտար հարցադրումներ, բայց ոչ քաղաքական:

Որքանո՞վ է մեծացել ապատեղակտվության ծավալը: Եվ ո՞ր աղբյուրներն են առավել վտանգավոր:

Հայաստանում ապատեղեկատվության ու թյուր տեղեկատվության ուսումնասիրմամբ այսօր Վաշինգտոնում զբաղվում է Ատլանտյան Խորհրդի DFRLab (Թվային փորձագիտական հետազոտությունների լաբորատորիա) ստորաբաժանումը:

Այն ունի ուշագրավ վիճակագրություն, թե մեդիայում, այդ թվում սոցիալական մեդիայի հարթակներում, որքան է մեծացել թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա աղբյուրների կողմից տարածվող ապատեղեկատվությունն ու թյուր տեղեկատվությունը։ 

Այդ աղբյուրները հիմնականում միտված են Հայաստանում ռուսական ազդեցության տարածմանը՝ մի քանի հայտնի մեթոդներով, որոնց նպատակը հայկական պետականության նկատմամբ հանրային վստահության խարխլումն է, հանրության շրջանում անկարողության, լքվածության, միայնակության զգացման խորացումն ու զուգահեռաբար Ռուսաստանից կախվածության անխուսափելիության քարոզումը:

Շահարկվում են նաև զանազան սոցիալական խնդիրներ ու տարածվում են դավադրապաշտական տեսություններ՝ Արևմուտքին վարկաբեկելու, Հայաստանն Արևմուտքից օտարելու և Ռուսաստանին մերձեցնելու ակնհայտ աշխարհաքաղաքական միտումնավորությամբ։ 

Իհարկե, կան նաև ադրբեջանական, թուրքական և այլ ծագման քարոզչական գործողություններ, որոնց ուսումնասիրմամբ ու կանխարգելմամբ պետք է ավելի հիմնավոր զբաղվել։ 

Սակայն, ըստ իս, հայաստանյան մեդիա դաշտում շահարկման ու ապատեղեկատվության հիմնական սպառնալիքը գալիս է ռուսական աղբյուրներից, կամ, որ ավելի հետաքրքիր է՝ այնպիսի աղբյուրներից, որոնք թեև հայաստանյան ծագում ունեն, բայց զբաղվում են ռուսական ազդեցության տարածմամբ։ 

Երբեմն նկատվում է ակնհայտորեն ռուսական ծագում ունեցող ապատեղեկատվության միջադեպը իբրև թուրք-ադրբեջանական ներկայացնելու ցանկություն։ 

Հասկանալի չէ, թե ինչու է Հայաստանը այդ աստիճանի ոչ զգայուն ռուսական պետական պրոպագանդա տարածող լրատավական գործակալությունների և աղբյուրների հանդեպ:

Մի օրինակ բերեմ: Պատերազմի ժամանակ Գյումրիի ռուսական ռազմաբազայից հնչեցին հայտարարություններ, որ ռուսները խոցել են 4-10 թուրքական «Բայրաքթար»: Այդ ինֆորմացիան մեր մեդիան երբեք չի ճշտել: Եթե ճշտեր, պարզ կդառնար, որ տարածվող լուսանկարների խոցված թուրքական ԱԹՍ-ներն իրականում ընկել են 2016-ին, Լիբիայում: Չհրապարակվեցին նաև դրոնների սերիական համարները, որոնցով հնարավոր կլիներ նույնականացնել, թե որ դրոններն են խոցվել:

Սա պրոպագանդայի մաքուր օրինակ է, որի նպատակը ցույց տալն էլ, թե ռուսները «Բայրաքթարներին» դիմակայելու միջոցներ ու տեխնոլոգիա ունեն (որն իրականում չունեն):

Ռուսական ապատեղակատվությանը դիմակայելու մշակույթ չկա: 

Որոշակի դեր ունի մեր հանրության շրջանում արմատավորված զսպվածությունը ՝ ռուսների նկատմամբ որևէ քննադատական կարծիք հանրայնորեն արտահայտելու հարցում։ 

Իսկ Արևմուտքի հասցեին քննադատության պարագայում նման սահմանափակումներ չեն գործում։ Արդյունքում, տեսնում ենք, որ օրինակ, Արցախյան պատերազմի ընթացքում քննադատության ամենասուր ծայրն ուղղվում է Արևմուտքին, որն իբր իր «երկակի ստանդարտներով» ու «դատարկ հայտարարություններով» «միայնակ է թողել Հայաստանին», մինդեռ Ռուսաստանը եկավ ու փրկեց մեր ժողովրդին վերջնական կործանումից: 

Եվ ահա, Արևմուտքի կողմից մեզ լքելու այս նարատիվի վրա ոմանք ձգտում են կառուցել լրատվության մի ամբողջ մշակույթ: 

Ռուսական քարոզչությունն ու աղդեցությունը Հայաստանում այնքան խորն են տարածված, որ հիմնական մարտահրավերը ոչ թե դրսից կառավարվող կամ ներմուծված գործողություններն են, այլ Հայաստանում դրանց վերարտադրված և արդեն տեղական կարողությունները։ 

Դրանցից առավել ուշագրավն «ազգային արժեքների» ու պահպանողականության քարոզչություն է և ԼԳԲՏ համայնքի թիրախավորումը։ 

Ի՞նչը կարող է Հայաստանին դարձնել գործոն ու ինքնրուրույն խաղացող: Եթե ընդունենք, որ պարտությունը վերանայման առիթ է:

Պետությանը գործոն սարքում են ռեսուրսայնությունը, նպատակայնությունը, և դրանց միջև օրգանական կապն ու ողջամիտ հարաբերակցությունը:

Հայաստանը կարող է դառնալ գործոն, եթե կարողանա ձախողումից դասեր քաղել ու լրջորեն վերլուծել պատերազմի արդյունքները՝ պետական շահերի տեսանկյունից: 

Այսօր Հայաստանը պետք է վերակողմոնորշվի՝ «գույքագրելով» իր հնարավորությունները: Եվ դա անի առանց միջնորդների:

Հիմա տեսնում ենք, որ փլուզվել է այն թեզը, թե հանուն ազգայնական գաղափարների արժե զիջել պետական և ինքնիշխանության որոշ էլեմենտներ: Այսինքն, պետականությանը ստորադասել ազգայնական գաղափարներին:

Իրականում դա կեղծ մոտեցում է և թյուր ընկալում այն դինամիկայի, որով զանազան պետություններ կառուցում ու կարգավորում են միջէթնիկական հարաբերությունները:

Որպես իրավաբան զբաղվում եք նաև արտահանման վերահսկման խնդիրներով, որոնք պարտադիր են արտաքին աշխարհի հետ ռազմական ու տեխնոլոգիական համագործակցության դեպքում: Ի՞նչ է տալիս այդ համակարգը: Եվ արդյոք դրա մա՞ս ենք:

Այդ համակարգը Հայաստանում կա՝ ստեղծվել է 1990-ականների վերջին, սակայն ապաճած՝ ատրոֆացված, վիճակում է, և թույլ չի տալիս Հայաստանին լիարժեքորեն օգտագործել իր հնարավորությունները։ 

Այն պետք է արդիականացվի, համապատասխանեցվի միջազգային չափանիշներին, եթե Հայաստանը ուզում է լիարժեքորեն մուտք գործել ժամանակակից ռազմական ու քաղաքացիական տեխնոլոգիաների, առևտրի, ուսումնասիրությունների, փորձառության և արտադրության համաշխարհային ասպարեզ։ 

Եթե կատարելագործվի իրավակարգավորիչ դաշտը, կկարողանանք անդամակցել սպառազինությունների վերահսկման մի շարք միջազգային շրջանակներին, մտնել ռազմական ու երկակի նշանակության ապրանքների առևտրի ոլորտ՝ օրինապահ վարկանիշով: 

Նաև համագործակցել արդիական տեխնոլոգիաների առաջատար արտադրողների հետ՝ հատկապես Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ զարգացնելով տարողունակ քաղաքական հարաբերություններ: 

Եթե Հայաստանը բարձր տեխնոլոգիաները հռչակում է գերակա ճյուղ, ապա առանց այդ համակարգի վերակենդացման ոչինչ չի ստացվի անել: Այն պարտադիր պահանջ է, երբ փնտրում ես խողովակներ՝ տեխնոլոգիաները Հայաստան բերելու կամ Հայաստանից արտահանելու համար:

Կարո՞ղ ենք պարզ օրինակ բերել:

Օրինակ, Մայքրոսոֆթը կարող է գրասենյակ բացել Հայաստանում, բայց չի կարողանա արտահանել այստեղ ստեղծած իր ծրագրերը՝ առանց արտոնագրի: Նաև որևէ ՀՀ քաղաքացի չի կարողանա աշխատել Մայքրոսոֆթում և որևէ կերպ ներգրավված լինել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, եթե Հայաստանն այդ համակարգիչ մաս չէ:

Այդ համակարգը կապված է նաև միջազգային պատժամիջոցների հետ: 

Երբեմն ազգային փորձառությունը ներդաշնակեցվում է ընդունված միջազգային պրակտիկային։ Օրինակ, Իրանը ամերիկյան սանկցիաների է ենթարկվում, բայց Ադրբեջանը ունի բացառում և ազատված է Իրանի դեմ սանկցիաներ կիրառել Շահ Դենիզի գազամուղի կառուցման դեպքում: 

Մենք էլ պետք է կարողանանք Հայաստանի համար նման արտոնություններ ստանալ թե՛ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման, թե՛ էներգետիկայի ու բարձր տեխնոլոգիաների, թե՛ ռազմական ոլորտներում:

Ինչու՞ չի արվում:

Կարծում եմ՝ ինքնուրույն մեծ պրոեկտ գծելու ու իրականացնելու վախ կա: 

Եվ դրա արդյունքում է նաև հայաստանյան հանրության մոտ խարխլվում հավատը պետականության, սեփական ուժերի նկատմամբ, թուլանում է քննադատական մտածողությունը: 

Եվ հիմա առիթ է փորձելու վերականգնել աշխարհի ճիշտ ընկալումը: 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *