2020.12.02,

Տեսակետ

«Ամենահեշտը մարդկանց մութ բնազդների վրա խաղալն է, քանի որ դա եկամտաբեր պրոցես է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լրագրող, «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, քարոզչության մասին խոսելիս, ասում է, որ 30 տարի շարունակ պետական խողովակներով եկող ինֆորմացիան հետևողականորեն դեգրադացվել ու արժեզրկվել է:

Եվ մենք կարծես ամեն ինչ արեցինք, որ այսօր քննություն տանք ու հասկանանք, որ իրականում, ոչինչ չենք արել:

Հիմա Հայաստանում լարված իրավիճակ է: Պատերազմի ընթացքում ի՞նչ դեր խաղաց պրոպագանդան: 

Պիտի կարողանանք սահմանազատել ինֆորմացիան պրոպագանդայից, քանի որ դրանք հակոտնյաներ են: Ինֆորմացիայի մեջ կարող է լինել քարոզչական մասնիկ, բայց եթե անգամ 1% պրոպագանդա կա, ինֆորմացիայի որակը կտրականապես նվազում է: Դա նույնն է, որ մեղրի կարասի մեջ մուկ գցես: Այդ դեպքում մեղրն արդեն ուտելի չէ, այն պետք է թափել:

Պրոպագանդան այդպիսի յուրահատուկ հատկություն ունի. կպնում է մի բանի ու ամեն ինչ վերափոխում է: Ինֆորմացիան աշխատում է բանականության, ինտելեկտի հետ, իսկ պրոպագանդան աշխատում է մարդու էմոցիաների, զգացմունքների հետ: Պրոպագանդայի առաջին թշնամին հենց բանականությունն է:

Հիշենք, որ պրոպագանդան կարող են իրականացնել երեք հիմնական համակարգեր՝ պետություն, կուսակցություն, եկեղեցի: Այս երեքի համար քարոզչությունը իրենց գաղափարախոսությունը տարածելու միջոց է: 

Իսկ գաղափարական բնույթի բովանդակությունը նախևառաջ հակասում է հասարակության ինֆորմացիոն շահերին: Այն կապ չունի եղելիության հետ:

Կարելի՞ է ասել, որ մնացինք պրոպագանդայի բեռի տակ, և վստահությունը պաշտոնական տեղեկատվության հանդեպ զրոյացավ:

Հայաստանում պետական խողովակներով եկող ինֆորմացիան վերջին 30 տարում հետևողականորեն դեգրադացվել է, դրանով իսկ արժեզրկվել: Մարդիկ չեն հավատում պետական լրատվությանը, որը կարելի է կոչել պաշտոնական: 

Իրականում, Հայաստանում ոչ ոք չգիտի, թե որն է պաշտոնական լրատվությունը, քանի որ դրա սահմանումը չկա:

Եվ բնական է, որ վստահությունը պաշտոնական տեղեկատվությանը պարբերաբար անկում է ապրում: 

Օրինակ, 2008-ի մարտի 1-ին, երբ հայտարարվեց արտակարգ դրություն, պահանջվեց, որ լրատվամիջոցները տարածեն միայն պաշտոնական լրատվություն՝ այդ թեմայով: Բայց ոչ ոք չգիտեր, թե պաշտոնականը որն է:

Այդ ժամանակ ես աշխատում էի Հանրայինում: Դատախազությունը, Քննչական կոմիտեն, նախագահականը և էլի տարբեր մարմիններ մեզ ուղարկում էին իրենց տեսանյութերը, ասելով՝ սա է պաշտոնականը: Մենք իրավունք չունեինք դա որևէ ձևով ստուգելու: Խմբագրական ինքնուրույնության ու քաղաքականության մասին խոսք անգամ լինել չէր կարող: Ուղարկում էին և վերջ:

Անհայտ էր, թե այդ պաշտոնական լրատվությունը ով է վերահսկում:

Նույն իրավիճակը շարունակվեց երկար ժամանակ, նաև այս վերջին պատերազմի ընթացքում:

Մենք ենթադրում ենք, որ եթե տեղեկատվությունը պաշտոնական կայքերում է, այն պաշտոնական է: Իսկ եթե ասենք, վարչապետը մի բան է գրում Ֆեյսբուքում, դա պաշտոնակա՞ն է:

Այո:

Իսկ եթե ինֆորմացիան ջնջվու՞մ է: Այդպես մի քանի անգամ եղել է: 

Պաշտոնական ինֆորմացիան չի կարող ջնջվել, այն կարող է ստանալ ուղղում, ճշտում, հերքում:

Բազմաթիվ մամուլի խոսնակներ, մարզպետներ և պետական ծառայողներ իրենց սոցցանցերի էջերում ու տարբեր կայքերում կարող են ասել տարբեր բաներ, ընդ որում՝ այդ կայքերի անվստահելիության աստիճանը կարող է լինել շատ բարձր, բայց միևնույն է՝ նրանց ասածը դիտվում է որպես պաշտոնական խոսք:

Ու դրանից հետո պաշտոնական ներկայացուցիչը կարող է ասել, որ իրեն սխալ են հասկացել կամ սխալ են թարգմանել: 

Բայց եթե ինֆորմացիան պաշտոնական է, այն չպիտի սխալ հասկացվի:

Պատերազմի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը 44 օր հաղորդում էր պաշտոնական լուրեր, և հայաստանյան մեդիան, հատկապես հեռուստաընկերությունները, այդ լուրերը սրբորեն վերահեռարձակում էին, քանի որ այդպես պահանջում էր օրենքը:

Բայց պարզվեց, որ դրանք լուրեր չէին և ոչ էլ պաշտոնական էին: Արծրուն Հովհաննիսյանը, որը ՊՆ ներկայացուցիչ էր, հետագայում ասաց, որ ինքն էլ շատ բան չգիտեր, թեև պատերազմի օրերին վստահեցնում էր, թե ամեն լուր ճշտում է իր խողովակներով: ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ պատահական մարդ չէր (ասենք, անկախ վերլուծաբան), նա ներկայացնում էր պետական կառույց:

Եվ պարզվեց, որ 44 օրերի ընթացքում ՊՆ-ն ստել է:

Կազմել է քարոզչական տեքստեր՝ չունենալով նման տեքստեր կառուցելու լիազորություն և հմտություն: Իսկ քարոզչությունը մի բան է, որը պետք է սովորեն բոլոր նրանք, ովքեր դրանով են զբաղվելու:

Եվ եթե տանուլ են տալու պրոպագանդան, ուրեմն տանուլ են տալու նաև այն ինֆորմացիան, որը ներկայացվում էր պրոպագանդայի սոուսով:

Երևի պրոպագանդային վստահելը փրկարար դեր է խաղում, երբ գերլարված ես ու անգամ պատրաստ, որ մի քիչ էլ չափազանցվի, բայց քո ուզածը լինի:

Կարող ես վստահել լրատվությանը, բայց քարոզչությանը վստահելն անմտություն և անհեթեթություն է:

Չէ՞ որ այդ քարոզչությունը ուղղված է ոչ թե տեղեկություն հաղորդելու, այլ ինչ-որ մեկի կանխակալ գաղափարական դրույթները մեր ուղեղի մեջ ճխտելու: Քարոզչությանը վստահում է միայն ինտելեկտուալ պրոբլեմներ ունեցող մարդը, որը առանձնապես չի հասկանում դա իրեն առողջացնում է, թե թունավորում է:

Եթե աղբյուրը մի քանի անգամ խաբում է, թերի ինֆորմացիա է տալիս կամ ինքն իրեն չի ուղղում, ուրեմն դա անվստահելի աղբյուր է:

Եվ եթե նորից ես ձեռք մեկնում այդ աղբյուրին, նշանակում է խաղում ես կրակի հետ:

Հայաստանում մարդիկ սոցիալական ցանցերում պատրաստ են ամեն մի հիմարություն վերատարածել, արձագանքել, քննարկել, առանց  հասկանալու, թե աղբյուրը որն է:

Պրոպագանդայի դեմ ամենալավ պատնեշը վստահելի ու հեղինակավոր լրատվամիջոցներն են, որոնք այնքան կոմպետենտ են ու անկախ, որ իրենք են աղբյուրը, ստուգողն ու ֆիլտրի դեր կատարողը: 

Ես կարծում եմ, որ լրատվամիջոցը նման է սուպերմարկետի: Մտնում ես ու փնտրում այն, ինչ ուզում ես: Սովորաբար մեկ մուտքով փնտրում ես միաժամանակ մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր բաներ:

Չես կարող ասել՝ այս սուպերմարկետին վստահում եմ, իսկ մյուսին՝ ոչ: Ինքդ ես ընտրում այն ապրանքը, որը քեզ պետք է: Մի ապրանքը ուզում ես, մյուսը՝ ոչ:

Իհարկե, լրատվական դաշտը Հայաստանում դեռևս կազմավորման փուլում է: Եվ չգիտեմ, թե դա որքան է տևելու:

Բայց խոշոր մեդիա կառույցները, որոնց դրամաշրջանառությունը ակնհայտորեն մեծ է, 30 տարիների ընթացքում եղել են ոչ թե ինքնուրույն խաղացողներ, այլ քաղաքական համակարգի կցորդներ: Կամ գովազդային շուկայի ու կլիպային արտադրության կցորդներ:

Նրանք չեն կարողացել իրենց քաղաքականությունը թելադրել, այլ ենթարկվել են հարակից բիզնես շահերին: 

Այդ պատճառով լուրջ, կայացած, հեղինակություն վայելող խոշոր հեռուստաընկերությունները չեն կարողանում վարել ինքնուրույն լրատվական քաղաքականություն: Մնում են մեկ այլ շուկայի, տվյալ դեպքում քաղաքական շուկայի կցորդ:

Եվ այդ կցորդի կարգավիճակը կմնա այնքան ժամանակ, մինչև այդ հեռուստաընկերությունները կամ կզրկվեն իրենց լիցենզիայից, կամ ժամանակի ընթացքում կսնանկանան, կամ էլ կկարողանան այնքան մեծացնել իրենց ֆինանսական հոսքերը, որ կդառնան քաղաքական համակարգերին հավասարազոր խաղացողներ՝ հասկանալով, որ քաղաքական թելադրանքը խանգարում է իրենց տնտեսական շահին:

Ամեն դեպքում, Հայաստանում պետական, կուսակցական և կրոնական կառույցների գաղափարական թելադրանքից ազատ մեդիա շերտը շատ թույլ է:

Այն տարալուծվում է աղմուկի մեջ, իսկ մարդիկ չեն կարողանում զատորոշել, թե ում կարելի է կոչել ազատ և անկախ մամուլ:

2018-ի թավշյա հեղափոխությունից հետո մեդիա դաշտը այլևս նույնը չէ: Ի՞նչ փոխվեց իրականում: 

Չէր կարող փոխվել հենց այն պատճառով, որ «թավշյա հեղափոխություն» բառակապակցության մեջ 50%-ը մանիպուլյացիա է: Այո, դա թավշյա էր, քանի որ արյուն չթափվեց, բայց դա հեղափոխություն չէր, քանի որ տեղի չունեցավ սոցիալ-տնտեսական կացութաձևի փոփոխություն: Մասնավոր կապիտալն էլ ինչպես կար Հայաստանում, այնպես էլ մնաց:

Հայաստանի պես երկրներում, որոնք նոր զարգացող դեմոկրատիայի պրոցեսում են, հիմնական խնդիրը իշխանությունների թելադրանքն է: Հենց իշխանությունների ներսում ռեֆորմներ չկան:

Օրինակ, Հանրային հեռուստատեսությունը ինչպես եղել էր տվյալ պահի իշխանավորի թելադրանքը կատարողը, այնպես էլ մնաց:

Երկուսուկես տարի առաջ տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր բան: Բոլոր հեռուստաընկերությունները ենթարկվում էին Բաղրամյան 26-ին ու ներգրավված էին իշխանությունների քարոզչական համակարգում, քանի որ նրանց Բաղրամյան 26-ից իջնում էր միևնույն առաջադրանք-պատվերը:

Այն քարոզչական մոդելը, որով բոլորին նույն տեքստն էր թելադրվում, այլևս չկա:

Քարոզչական համակարգում կարևորագույն խնդիրը մեկ կենտրոնից քարոզչական տեքստերով ուղղորդելն է: Եթե ստեղծվում է երկրորդ կամ երրորդ կենտրոնը, քարոզչության բնագավառում ստեղծվում է քաոս:

2018-ին հեռուստաընկերությունների դաշտում տեղի ունեցան կարևոր փոփոխություններ, քանի որ խաթարվեց քարոզչական մոդելը, և ի հայտ եկան ընդդիմության ձեռքում հայտնված ալիքներ: Ինչը չկար մինչ այդ:

Դա ազատականացման նշան է: Այն օգնե՞ց, որ բարձրանա հեռուստաարտադրանքի և հատկապես լրատվության որակը խոշոր մասնավոր ալիքներում, որոնք ակամայից դարձան ընդդիմադիր, առանց անգամ դրա ցանկության: 

Հանգամանքների բերումով այդ լրատվամիջոցները դարձան իշխանավորի շահերը չսպասարկող, ինչը անհնար էր պատկերացնել երկուսուկես տարի առաջ:

Ալիքները հնարավորություն ստացան քննադատել իշխանավորին, սա չլսված բան էր:

Չեմ կարող ասել, թե դա ինչպես ազդեց որակի վրա, բայց խմբագրություններում մարդիկ զգացին ազատության շունչը:

Անկախ այն բանից, տալիս են որակյալ ապրանք, թե ոչ, լրագրողները թոթափեցին Բաղրամյան 26-ից վախենալու սինդրոմը:

Պետական քարոզչությունից ազատվելը ընկալվեց նաև որպես հակաքարոզչություն անելու շանս: Իսկ դա դժվար է համարել ազատություն:

Ինֆորմացիայի որակը չի բարելավվի, եթե մեդիան կուսակցական է, քանի որ դա անազատության նշան է: 

Բայց լրագրողները հասկանում են, որ կարող են նաև քննադատել իշխանություններին: Եվ դա բեկումնային փոփոխություն է:

Արդյո՞ք կարող են քննադատել բոլորին, թե՞ թիրախը միայն իշխանավորն է:

Այդ հարցի պատասխանը պետք է տրվի հաջորդ իշխանափոխությունից հետո: Միայն այդ դեպքում կտեսնենք, թե անցած տարիները որքանով էին արդյունավետ:

Եթե իշխանության գա այն քաղաքական ուժը, որը որևէ հեռուստատեսության հովանավորն է, ուրեմն այդ հեռուստաընկերությունը պետք է քննություն հանձնի ու ինքն իրեն հարցնի՝ եթե մինչ այդ քննադատում էի իշխանություններին, հիմա էլ եմ շարունակելու՞ անել նույնը, թե՞ ոչ, եթե իշխանություններն իմ հովանավորն են:

Խնդիրն այն է, որ հրաժարվենք այն լուրերից, որոնք պարտադրում են մեր խմբագրությունից դուրս գործող կառույցներն ու հիմնարկները: Որ չասեն՝ սա հաղորդիր, իսկ սա՝ ոչ:

Իմ կարծիքով՝ դա է խմբագրությունների ինքուրույնության կարևոր կետը: Եվ եթե որոշվում է ցածրակարգ լուրեր կամ ինֆորմացիոն աղմուկ հաղորդել, դա պիտի լինի լրատվամիջոցի քաղաքականությունն ու իր հարաբերությունը լսարանի հետ: 

Եթե դա կարողացան անել, գուցե և կկայանա ազատ մեդիայի ինստիտուտը: Հակառակ դեպքում, նորից գովերգելու են ապագա իշխանություններին և փնովելու այսօրվանին, որն այսպես թե այնպես դառնալու է ընդդիմություն:

Եվ նորից հայտնվելու ենք նույն ծուղակում:

Հիմա լսարանը ընկճված ու զգայուն է, և շատ հեշտ է ցնցել լուրերի ընտրությամբ: Հաշվի առնու՞մ եք լսարանի հոգեվիճակը:

Ոչ, մենք աշխատում ենք նույն ձևով: Պարզապես, աշխատանքն է ավելացել, իսկ մեր սկզբունքները չեն փոխվել: Աշխատում ենք չհաղորդել չճշտված լուրեր, հանել էմոցիոնալ շերտը, անկախ այն բանից, հեղափոխություն է, թե ոչ, պատերազմ է, թե ոչ:

Հանում ենք լաչառությունը, մարդկանց ողբերգությունից հնդկական ֆիլմ չենք սարքում, փորձում ենք չդիպչել հեռուստադիտողի մութ բնազդներին:

Ամենահեշտը հենց բնազդների վրա խաղալն է, քանի որ դա եկամտաբեր պրոցես է: Եվ միշտ կարելի է դա ներկայացնել հայրենասիրական սոուսով:

Այդ դեպքում մեծ է հավանականությունը ներկայանալու որպես կարևոր սոցիալական խնդիրներ ներկայացնող ու լուծող հարթակ:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *