Նատալյա Միրիմանովան անկախ հետազոտող ու կոնֆլիկտների կարգավորման մասնագետ է: Նա մեծ փորձ ունի հատկապես հետսովետական տարածքի հակամարտությունների կարգավորման, երկխոսություն կազմակերպելու գործում: Աշխատել է Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Եվրոպայի երկրներում:
Նա եղել է խորհրդատու ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, նաև տարբեր երկրների պետական ու քաղաքացիական նախաձեռնություններում, որոնք նպատակ ունեն կանխարգելել ու լուծել իրենց տարածքում բռնկվող կամ շարունակվող կոնֆլիկտները:
Լեռնային Ղարաբաղի և ընդհանրապես հայ-ադրբեջանական հակամարտության սրացման տարբեր փուլերում Նատալյա Միրիմանովան փորձել է կազմակերպել դիալոգներ ու գտնել լուծումներ երկխոսելու ճանապարհով:
Եվ հիմա, երբ առաջին փորձերից անցել է գրեթե 30 տարի, նա բավականին հոռետեսորեն է դիտարկում երկխոսության անգամ ամենափոքր հնարավորությունը:
Եթե մինչ պատերազմը դեռ կարելի էր խոսել որոշակի դիալոգի մասին, ապա հիմա անգամ դժվար է պատկերացնել, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են որևէ ձևով հաշտ ապրել կողք կողքի՝ մոռանալով հենց հիմա շարունակվող ռազմական գործողությունները: Չափազանց մեծ է թափված արյան գինը:
Ցավոք, բոլոր նման պատերազմներից հետո լինում է նման զգացողություն: Այն կար նաև ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Բայց հիմա կարծում եմ՝ տարբերությունը մեծ է:
Առաջին պատերազմի ժամանակ և անգամ դրա ավարտից անմիջապես հետո մնում էին որոշակի մարդկային հարաբերություններ: Նույնիսկ բարկություն, չարություն, վիրավորվածություն, ատելություն: Զգացմունքները տարբեր էին, բայց դրանք մարդկային զգացմունքներն էին: Ոմանք հիշում էին նախկին համատեղ կյանքը, հուշերը կարող էին լավը կամ վատը, բայց դրանք իրական էին:
Այն տարիներին, կազմակերպելով երկխոսություններ, մենք հասկանում էինք, որ մարդիկ կարողանում էին դիմացինի մեջ տեսնել մարդուն: Բարի, բարկացած, ագրեսիվ ատելի… դա կարևոր չէր, կարևորը, որ տեսնում էին անձերի:
Իսկ հիմա պատերազմում են մարդիկ, որոնք երբեք միմյանց չեն տեսել: Հայեր, որոնք իրենց կյանքի ընթացքում երբեք չեն տեսել ադրբեջանցուն, և ադրբեջանցիներ, որոնք երբեք չեն տեսել հային:
Նրանք մեծացել են միֆականացված իրականության մեջ: Այս տարիներին ստեղծված տեղեկատվական տարածքը մեղմ ասած չէր նպաստում գոնե նվազագույն մարդկային հարաբերությունների կառուցմանը:
Եվ դա նաև մեր մեղավորությունն է, քանի որ երկխոսությանը միտված մեր բոլոր նախագծերն ու ֆիլմերը, որոնք հաշվարկված էին մեծ լսարանի համար, ներգրավեցին նեղ շրջանակներ: Կամ էլ ունակ չէին կոտրելու գերիշխող գաղափարախոսական օրակարգը:
Երբեմն ինձ մոտ տպավորություն է, որ հիմա կողմերը պատերազմում են այլմոլորակայինների հետ, ասենք, Մարս մոլորակից: Այսինքն, հակառակորդին պատկերացնում են որպես ստվարաթղթե տրաֆարետ, այլ ոչ թե որպես մարդ, որն ունի արյուն, ոսկոր, մտքեր, ցանկություններ, հույսեր և այլն:
Եվ դա ամենասարսափելին է այս պատերազմում:
Առաջին պատերազմի ժամանակ կային դեպքեր, երբ հայերն ու ադրբեջանցիները կարող էին մի սեղանի շուրջ նստել, խմել միասին, հետո յուրաքանչյուրը տեղափոխվեր իր խրամատ: Դա մարդկանց պատերազմ էր, իսկ հիմա սա պատերազմ է կոլեկտիվ չարիքի դեմ, այլմոլարակայինների, և կարծես չկան հիմնարար նախապայմաններ դիալոգի համար: Չկա որևէ ցանկություն ճանաչելու միմյանց, ծանոթանալու…
Բոլոր միջնորդները նախազգուշացնում էին, որ պատերազմը բացի արհավիրք լինելուց, նաև խոչընդոտելու է (առնվազն տասնամյակներ, եթե ոչ ընդմիշտ) երկխոսության փորձերը:
Հասկանալի է, որ բոլոր խոսակցությունները խաղաղ համակեցության մասին հիմա չեն գտնի արձագանք որևէ կողմում:
30 տարիների ընթացքում կային կամուրջներ կառուցող տարբեր ծրագրեր՝ լրագրողների այցեր, ստեղծագործական նախագծեր և այլն: Շատ էին նաև հայ-թուրքական պլատֆորմները: Դրանք հետք չթողեցի՞ն:
Կարող եմ ասել՝ և՛ այո, և՛ ոչ: Դրանք այն փորձակումներն էին, որոնք հիմա հստակ ցույց են տալիս, թե մասնակիցներից ովքեր էին այս նախագծերի իրական կորիզը և ովքեր պարզապես զբոսաշրջիկ էին:
Հայ-թուրքական նախագծերի մասին խոսելիս, չմոռանանք, որ շատ թուրք մասնակիցներ, հատկապես հայտնի լրագրողներ, հիմա կա՛մ գտնվում են բանտում, կա՛մ չկան, ենթարկվել են տարբեր հետապնդումների, Էրդողանի կողմից ճնշվել և լռեցվել են:
Ինչպես հայտնի է՝ պատերազմը իշխանության շուրջ միախմբվելու մեթոդներից է:
Ենթադրում եմ, որ Ադրբեջանի դեպքում պատերազմը համախմբեց նրանց, ովքեր Ալիևի կոշտ ընդդիմախոսներն էին (իսկ այդպիսիք շատ էին մեր երկխոսություններում): Հիմա բոլորը դարձան Ալիևի ակտիվ սատարողներ, նրանց ընդդիմադիր ոգին պարզապես հօդս ցնդեց: Ի դեպ՝ այդ խմբերի որոշ մասնակիցներ իրենց անունից են ողջունում պատերազմը, ինչն ուղղակի անընդունելի է:
Այդ մարդիկ ոչ միայն պարզապես իրենց ժողովրդի կողքին են (ինչը կարելի է հասկանալ), այլև հենց նախագահի: Եվ դա ինձ համար վատ ազդանշան է, որը ցույց է տալիս, որԱդրբեջանում դեմոկրատիայի ապագան մեծ հարցականի տակ է: Առնվազն տեսանելի ապագայում:
Հայաստանում հասարակությունը միախմբված է, բայց որքան տեսնում եմ, մեդիան աշխատում է առնվազն ավելի պրոֆեսիոնալ:
Իհարկե, դժվար թե հիմա հայտնվի որևէ քննադատական ռեպորտաժ ՝ հաշվի առնելով ռազմական դրությունը, բայց Հայաստանում մեդիան ավելի ազատ է: Եվ միշտ է այդպես եղել: Բացի դա, սկսած 2018-ից ժողովրդավարությունը Հայաստանում դարձել է ամենօրյա պրակտիկա, հասարակությունը ենթարկվել է խոր վերափոխումների:
Հայ լրագրողները սովոր են աշխատելու էթիկական նորմերով և դիմայանուն են քարոզչությանը, ի տարբերություն Ադրբեջանի իրենց գործընկերների:
Դա կապված է լրատվամիջոցների գործունեության ավանդույթի և քաղաքական իրողությունների հետ, այլ ոչ թե «ազգային բնութագիր» է:
Որքանո՞վ են կարևոր խոսքի և մամուլի ազատության չափանիշները: Թե՞ այդ ցուցանիշները ոչինչ չեն փոխում պատերազմի ընթացքում և ամեն ինչ որոշվում է զենքով:
Իհարկե, դրանք կարևոր ցուցանիշներ են:
Պատերազմը միշտ բերում է սահմանափակումներ, դա հասկանալի է: Եվ պետք է լինես շատ ուժեղ ու անկախ լրատվամիջոց, եթե որոշես, օրինակ, ամերիկյան լրատվամիջոցների պես գնալ Իրաք ու նկարահանել հակաամերիկյան ռեպորտաժ, ինչպես եղավ ժամանակին:
ԱՄՆ-ում տեղի ունեցող հակապատերազմական հավաքների հեռարձակումը ուժեղ գործոն էր, որ ամերիկյան զորքերը դուր բերվեն Վիետնամից:
Բայց այս իրավիճակում նման բան պատկերացնելը դժվար է այն պատճառով, որ յուրաքանչյուր կողմ պատերազմը համարում է արդարացի:
Իհարկե, հիմա արդեն կասկած չկա, որ ռազմական գործողությունները սկսել է Ադրբեջանը, բայց այսունամենայնիվ, կողմերը կարծում են, որ պատերազմ վարելը արդարացի գործ է, ավելին՝ բարոյական:
Տարիների ընթացքում մենք պատրաստել ենք հիանալի մեդիա արտադրանքներ, որոնց մասնակցել են երկու կողմերն էլ: Դժվար է պատկերացնել, թե ինչպես հիմա կարելի է նույն կազմով նստել մի սեղանի շուրջ ու քննարկել: Թերևս դա անհնարին է:
Ուզում եմ օրինակ բերել 2008-ի ռուս-վրացական պատերազմը, որի ավարտից ընդամենը 40 օր անց մենք կարողացանք մի սեղանի շուրջ հավաքել վրացիներին, օսերին ու աբխազներին: Բոլորը կարողացան գալ, չնայած, որ կորցրել էին իրենց հարազատներին և հոգեբանորեն շատ բարդ էր երկխոսելը:
Արդյունքում ստացվեց շատ մարդկային հանդիպում, որտեղ զարմանալի պատմություններ եղան: Օրինակ, մի վրացի, որը ստիպված էր հապճեպ հեռանալ Հարավային Օսիայից, երազում էր հետ բերել իր հանգուցյալ դստեր տեսագրության ժապավենը: Եվ օսերը գնացին նրա տուն, վերցրեցին ձայնագրությունն ու ճանապարհ գտան այն փոխանցելու:
Մեկ այլ վրացու մոտ էլ հասունացել էր ընկույզի բերքը, և օսերը հավաքեցին ընկույզը, վաճառեցին ու փողը ուղարկեցին այգու տիրոջը:
Թեև երկարաժամկետ առումով դա չհանգեցրեց լուրջ քաղաքական բեկման, կողմերի հանդիպման փաստն ու երկխոսության մեջ ներգրավումը շատ կարևոր էր և օգնեց պահպանել նախկին երկարաժամկետ գործողությունները ՝ ուղղված հարաբերությունների և վստահության կառուցմանը:
Կարծում եմ՝ նման հանդիպումները շատ կարևոր են:
Ներկայիս պատերազմը դաժան է՝ բազմաթիվ զոհերով և անսահմանափակ հավակնություններով Ադրբեջանի կողմից, որի ռազմական արշավի վերջնական նպատակն անորոշ է:
Նրանք ուզում են ոչնչացնել Ղարաբաղում ապրող բոլորի՞ն: Այս հարցն է գերիշխողը Հայաստանի հանրային ոլորտում:
Հնարավո՞ր է սպասել, որ Լեռնային Ղարաբաղը կճանաչվի ինքնուրույն միավոր և դրանով կստանա միջազգային պաշտպանություն:
Այո, դա հնարավոր է: Ես տեսել եմ այն փաստաթղթերը, որոնք հավաքում են հայկական գործընկերներս՝ Remedial Recognition, այսինքն, «ճանաչում հանուն փրկության» բանաձևը կիրառելու Լեռնային Ղարաբաղի դեպքում:
Ոչնչացման սպառնալիքը այն չափանիշներից է, որը կարող է ճանաչում բերել միջազգային իրավունքի տեսանկյունից: Այդպես իրենց անկախությունը ստացան Հարավային Սուդանը և Արևելյան Թիմորը:
Երբ կա բնակչության ոչնչացման վտանգ, և մնացած բոլոր տարբերակները սպառված են, այս բանաձևը կիրառվում է:
Այո, կարծում եմ, Ղարաբաղի ճանաչումն ունի իր տրամաբանությունը: Չեմ կարող ասել, կհաջողվի դա անել, թե ոչ, բայց հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի առաջարկում որևէ կառուցողական օրակարգ (ինչպես բոլորը հասկանում են մշակութային ինքնավարությունը ո՛չ լուրջ է և ո՛չ էլ իրատեսական), մնում են ճանաչման տարբերակները:
Ադրբեջանը խոսում է տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին՝ Ղարաբաղի ինքնավար մարզ ստեղծելով, նորմալ հարաբերություններ կառուցելով ու տնտեսական զարգացման նախագծերով, բայց անդադար ռմբակոծությունները ժխտում են այս հայտարարությունները:
Եթե նպատակը միավորված երկրի վերականգնումն ու նոր քաղաքացիների ինտեգրումն է, ապա պատերազմը ամենա ոչ խելամիտ գործիքն է:
Ի դեպ, Վրաստանը դա գիտակցեց շատ ուշ: Ընդունեց, որ պատերազմը չպետք է լինի աբխազների և օսերի հետ կամուրջներ կառուցելու զինանոցում: Եվ առաջարկեց հումանիտար հարաբերությունների ռազմավարություն, օգնություն հակամարտության գոտիների բնակիչներին: Այն ամբողջովին փոխեց պաշտոնական հռետորաբանությունը, սկիզբ դրեց առողջապահական և կրթական լուրջ ծրագրերի, որոնցից օգտվում են աբխազներն ու օսերը:
Բայց ամեն ինչ սկսվեց հենց հռետորաբանությունից ու վերաբերմունքից:
Միխաիլ Սաակաշվիլին Աբխազիայի ղեկավարներին անվանում էր բանդիտներ, տեռորիստներ և այլն:
Իսկ հետո բառապաշարը փոխվեց, հիմա չեն խոսում այնտեղի իշխանություններին ճանաչելու կամ չճանաչելու մասին, այլ մյուս կողմում գտնվող ժողովրդին են անվանում եղբայրներ և ընկերներ: Չկան ռազմական ճանապարհով վերահսկողությունը վերականգնելու մասին խոսակցություններ, խոսքը հարաբերությունների վերականգնման մասին է:
Եթե Վրաստանի ղեկավարները նույնը անեին 20 տարի առաջ, շատ խնդիրներից կարելի էր խուսափել: Բայց դա այն օրինակներից է, երբ պետությունը նպատակ չէր դրել ոչնչացնելու բնակչությանը, այլ ընդհակառակը, ներգրավվում էր նրանց, թեկուզ երբեմն միայն հայտարարությունների մակարդակում:
Վերջին երեք տասնամյակում Ադրբեջանի քարոզչությունը լրիվ հակառակ տրամաբանությամբ է աշխատել:
Եթե միջին վիճակագրական եվրոպացին փորձի հասկանալ այս պատերազմի ողջ պատկերը, կարո՞ղ է անել դա միջազգային մեդիային հետևելով: Հաճախ տեսնում ենք, որ մեդիա անդրադարձները մակերեսային են կամ արհեստականորեն հավասարեցնում են երկու կողմերին:
Կարծում եմ՝ Եվրապայի համակրանքը Հայաստանի և հայերի կողմն է, բայց ոչ թե այն բանի շնորհիվ, որ մարդիկ վստահ են, որ Հայաստանը իրավացի է այս կոնֆլիկտում, այլ որովհետև կա համակրանք թավշյա հեղափոխությունից հետո սկսած նոր դեմոկրատական փուլի հանդեպ:
Դրան նպաստում է նաև հայկական սփյուռքի արդյունավետ և ակտիվ աշխատանքը:
Բայց եթե խոսենք մեդիա լուսաբանումների մասին, հաշվի առնելով լրագրողական ստանդարտները, ապա կտեսնենք, որ հավասարակշռվում են հիմնականում մարդկային պատմությունները:
Ֆրանսիական ռեպորտաժներում, օրինակ, ցուցադրվում են զոհերն ու մարդկային ողբերգությունները թե՛ Ստեփանակերտում, թե՛ Գյանջայում: Այս հարցում հավասարակշռությունը պահպանվում է:
Բայց երբ խոսքը հասնում է քաղաքականությանը, չկա ընդգծված հավասարակշռություն: Ալիևի ռեժիմը Եվրոպայում ընկալվում է միանշանակորեն, բոլոր վարկանիշների համաձայն՝ դա բռնապետական ռեժիմ է՝ հաշվի առնելով կոռուպցիայի մակարդակը, քաղաքական բռնաժնշումները, մեդիայի վրա ճնշումները և այլն:
Այդ պատճառով էլ միջին վիճակագրական եվրոպացին դժվար թե կարեկցի բռնատիրական ռեժիմին:
Եվրոպացիների քաղաքական ու մշակութային նախապատվություններն ու համակրանքը կոնֆլիկտում միշտ ավելի դեմոկրատական երկրի կամ զոհի կողմն են:
Նորից օրինակ բերեմ Հարավային Սուդանը, որտեղ մարդիկ ըմբոստացան բռնապետի դեմ ու հասան անկախության: Միջազգային հանրության համակրանքը նրանց կողմն էր: Թեև դա չի նշանակում, որ այդ կողմն էր ավելի խաղաղասեր և չէր պատճառում մահ և ավերածություն մյուս կողմին:
Իսկ ո՞րն է Ռուսաստանի դերը: Հայստանում և Ղարաբաղում անարգելք ցուցադրվում են ռուսաստանյան դաշնային ալիքների ծրագրերը՝ քարոզչական թոք շոուներով: Դա ազդու՞մ է Ռուսաստանի հանդեպ եղած ավանդական վստահության վրա:
Ես չեմ դիտում այդ ծրագրերը, պարզապես բարոյական ուժ չունեմ:
Այս իրավիճակում Ռուսաստանը ցույց տվեց իրեն որպես անվստահելի գործընկեր, ոչ թե որպես հզոր կողմ:
Բացատրությունը, որ Ռուսաստանը չի միջամտում ռազմական գործողություններին, ելներով միջնորդի դերից կամ միջազգային իրավունքի սահմանափակումներից, չի արտացոլում ամբողջական պատկերը:
Օրինակ, Ուկրաինայի պարագայում Ռուսաստանը երկար չմտածեց, պարզապես առաջ գնաց և անեքսիայի ենթարկեց Ղրիմը, իր ռազմական զորախումբը տեղակայեց Դոնբասում, չնայած ստորագրել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը երաշխավորող Բուդապեշտի հուշագիրը: Այս դեպքում Ռուսաստանը կոպտորեն խախտեց միջազգային իրավունքը:
Ռուսաստանը, ինչպես որոշ այլ պետություններ, արտաքին քաղաքականության մեջ կիրառում է երկակի ստանդարտներ:
Հայաստանն ու Ռուսաստանը ստրատեգիկ ռազմական գործընկերներ են (բացի ՀԱՊԿ-ին անդամակցումը), և բնական է, որ ունեն պարտավորություններ:
Իհարկե, Հայաստանը հույս էր դրել Ռուսաստանի վրա, առաջին հերթին ՝ պաշտպանության հարցում: Հակառակ դեպքում, ինչու՞ էր իր ռազմավարական ռեսուրսներն ու օբյեկտները հանձնում Ռուսաստանին, հրավիրում ռուս սահմանապահներին, անդամակցում ՀԱՊԿ-ին, որտեղ Հայաստանը խորթ է որպես ժողովրդավարական երկիր, որը սերտ մշակութային կապեր ունի Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ:
Վերջերս Թյուրքական խորհուրդը, որի անդամների շարքում նաև ՀԱՊԿ-ի անդամ երկրներ են, վճռականորեն աջակցեց Ադրբեջանին՝ ընթացող պատերազմում:
Ավելին, գտնվելով Ռուսաստանի աշխարհաքաղաքական ուղեծրում, իմ կարծիքով, Հայաստանը կրեց հեղինակության կորուստներ:
Հայաստանը չքվեարկեց վրացի փախստականների Աբխազիա և Հարավային Օսեթիա վերադարձի ՄԱԿ-ի բանաձևի օգտին: Ղրիմի անեքսիայի հարցի քվեարկությունն էլ անհաջող էր:
Այդ քայլերը Հայաստանին դրեցին բավականին բարդ իրավիճակում և պոտենցիալ դաշնակիցները, օրինակ, Վրաստանն ու Ուկրաինան, իհարկե, դա տեսնում են:
Հասկանալի է, որ Հայաստանն այլ ելք չուներ, բայց դա խանգարեց որոշ կարևոր երկկողմանի հարաբերություններին:
Ընդհանրապես, Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար բարդ է: Պարզ էր, որ պաշտպանությունը ռազմական ագրեսիայի դեպքում այն գինն է, որը Հայաստանը վճարում է հետևելով Ռուսաստանի աշխարհաքաղաքական օրակարգին: Բայց այդ պաշտպանությունը չնյութանականացավ:
Տա Աստված, պատերազմը վերջանա, և Հայաստանը կարողանա մտածել իր հետագա գեոպոլիտիկ ուղղության ու գործընկերության մասին:
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: