Միջազգային լրատվամիջոցները բավականին շատ են Արցախում: Պատերազմի առաջին օրերից այստեղ է աշխատում
Ալ-Ջազիրա լրատվական գործակալության անգլերեն ալիքը, որը ամենօրյա ռեժիմով ռեպորտաժներ է պատրաստում հենց դեպքի վայրից: Լրագրող Բերնարդ Սմիթը պատմում է, որ Արցախ գալուց առաջ շատ բան չգիտեր հակամարտության մասին, բայց անընդհատ ուսումնասիրում էր ու խորասուզվում պատմության մեջ:
Բերնարդ Սմիթը հաճախ է եղել պատերազմական գոտիներում ու թեժ կետերում: Լուսաբանել հակամարտությունները Իսրայելում, Պաղեստինում, Մադագասկարում: Եղել է Քաշմիրում, Սուդանի և Զիմբաբվեի մի շարք հակամարտող տարածքներում:
Մինչ Ալ-Ջազիրայի թիմին միանալը նա աշխատել է բրիտանական մեդիայում՝ Sky News-ում, BBC-ում և Մանչեսթերի տեղական հեռուստատեսությունում:
Ի՞նչ է նշանակում լուսաբանել ճգնաժամերը, հակամարտությունները, պատերազմները:
Ես հաստատ չեմ փնտրում հակամարտության վայրեր, ինձ ուղարկում են այնտեղ: Չեմ կարող ինձ համարել պատերազմի թղթակից: Պարզապես նորությունների թղթակից, որը երբեմն լուսաբանում է հակամարտությունները: Իհարկե, դրանք կարող են լինել սարսափելի: Օրինակ, երբ 18 ամիս Աֆղանստանում էի:
Պատերազմներն իրոք երբեմն շատ վտանգավոր են: Եվ անձամբ ես դա սարսափելի եմ համարում:
Ինչպե՞ս պատրաստվել և լինել հնարավորինս անվտանգ: Յուրաքանչյուր հակամարտություն տարբերվում է անվտանգության տեսանկյունից:
Պատերազմները տարբեր են, բայց սպառնալիքները նման են, քանի որ բռնությունը միշտ բռնություն է: Հակամարտության առաջին ռիկսը կրակի նշանակետում հայտնվելն է: Եթե ապստամբության, խռովության վկա եք, ձեզ կարող են հարվածել քարերով, բեկորներով, բաց թողնել արցունքաբեր գազ կամ տարբեր առարկաներ նետել ձեր ուղղությամբ: Ես եղել եմ քարերի, արցունքաբեր գազի, բեկորների և փամփուշտների ճանապարհին:
Հակամարտության գոտի մեկնելիս, մենք անցնում ենք մեդիա թրեյնինգներ, որոնք շատ կարևոր են: Անպայման կրում ենք զրահաբաճկոններ և սաղավարտներ, որոնք իսկապես կարևոր են գլուխը պաշտպանելու համար:
Զանգվածային խռովությունների ժամանակ հաճախ կրում ենք պաշտպանիչ բաճկոններ, որոնք պակաս ծանր են, քան զրահաբաճկոնները: Երբեմն մեզ ուղեկցում է նաև անվտանգության աշխատակիցը, որն օգնում է հսկել իրավիճակը: Եվ ամենակարևոր գիտելիքը առաջին բուժօգնությունն է: Փառք Աստծո, որ ես դեռ ստիպված չեմ եղել օգտագործել առաջին բուժօգնության հմտությունները, բայց այս դասընթացն ամենակարևորն է, քանի որ կյանքեր է փրկում:
Այնպես որ, պիտի վստահ լինեմ, որ հիշում եմ իմ առաջին բուժօգնության դասընթացները:
Ղարաբաղյան հակամարտությունը անվտանգության տեսանկյունից տարբեր է, այնպես չէ՞:
Մեզ համար, երբ ռեպորտաժներ ենք անում Ղարաբաղից ու Ստեփանակերտից, սպառնալիքը օդից է:
Պետք է հիշել, որ երբ սկսվում է օդային հրետակոծությունը, հարկավոր է անմիջապես փնտրել ապաստարան և որքան հնարավոր է մոտ գտնվող: Մեզ այստեղ չեն կրակել, դրա ռիսկը մեզ չի սպառնացել, անվտանգության սպառնալիքը եղել է օդից: Դրան մենք առերեսվեցինք: Եվ պետք էր իմանալ, թե որտեղ անմիջապես պատսպարվել:
Ի՞նչն է կարևոր հակամարտությունների լուսաբանման ընթացքում՝ մարդկային պատմությունները, զոհերը, վիճակագրությունը, թվերը: Որպես դեպքի վայրում աշխատող լրագրող՝ անձամբ ի՞նչ եք փնտրում:
Միշտ փորձում ենք գտնել մարդկային պատմություններ, քանի որ դա օգնելու լավագույն միջոցն է, հատկապես հեռուստատեսության դեպքում:
Դա է պատմությունը պատմելու լավագույն ձևը, քանի որ պատերազմում չկա ոչ մի գլամուրային ու գրավիչ բան: Դա իրականում վտանգավոր ու սարսափելի է, մարդիկ են սպանվում:
Մենք փորձում ենք պատմել մարդկանց մասին, որոնք օգնում են բացատրել, թե ինչ է պատերազմը:
Լեռնային Ղարաբաղում փնտրում եմ նրանց, ում տունը խոցել է ռումբը, որպեսզի նրանք պատմեն, թե ինչ է տեղի ունեցել: Նրանց պատմությունները կօգնեն մեզ ներկայացնել տեղի ունեցածը: Եթե մարդը տանն էր, երբ իր տունը ռմբակոծվեց կամ այստեղ է ապրում վերջին պատերազմից անցած 26 տարիների ընթացքում, մենք օգտագործում ենք նրա ասածները: Եվ այդպես պատմություն կառուցում:
Պատերազմական գոտում աշխատող որոշ լրագրողներ, հատկապես տեղական լրագրողներն, ասում են, որ կանեն ամեն ինչ իրենց պատմության համար: Պատմությունն ընդդեմ անվտանգության է: Ո՞րն է ավելի կարևոր: Լրագրողը կարո՞ղ է վտանգի տակ դնել կյանքը իսկապես լավ պատմություն գտնելու ու գործողություն վավերագրելու համար:
Ոչ, կյանքը շատ կարճ է: Այնպես որ, իմ և ինձ հետ աշխատող թիմի տեսակետից՝ ամենակարևորը մեր կյանքն ու մեր անվտանգությունն են:
Իհարկե, պատմությունների համար պետք է ռիսկի դիմել, բայց դրանք միշտ հաշվարկված ռիսկեր են: Օրինակ, թեկուզ զրահաբաճկոն ու սաղավարտ կրելով են հաշվարկվում: Այս հակամարտության ժամանակ վիրավորվեցին դեպքերը լուսաբանող լրագրողներ, որոնք դա չէին արել: Միջազգային լրագրողների ստացած վնասվածքները հնարավոր է պակաս լուրջ լինեին, եթե նրանք կրեին բազային պաշտպանիչ հանդերձանք:
Իհարկե, մենք այդքան ներգրավված չենք պատմության մեջ, որքան տեղացի լրագրողները: Մենք պատմության մի մասը չենք: Հասկանալի է, որ նրանք կարող են ավելի մեծ ցանկություն և կիրք զգալ`պատմություն պատրաստելիս:
Մեր պարագայում՝ մենք քննարկում ենք մեր թիմի հետ, գնահատում ենք իրավիճակը սեփական փորձով ու անցած ճանապարհով, և եթե որևէ մեկը չի ուզում գնալ դեպքի վայր, մենք չենք գնա: Ոչ մեկի վրա ճնշում չենք գործադրում, չենք շտապում: Ինքներս ենք գնահատում ռիսկերը և մեր գլխամասային գրասենյակի հետ խորհրդակցելուց հետո որոշում՝ պե՞տք է տվյալ պահին գնանք ինչ-որ տեղ, թե՞ ոչ:
Հակամարտությունն ունի երկու կողմ, դուք լուսաբանում եք մի կողմից: Ինչպե՞ս եք պահպանում հավասարակշռությունը, երբ լրագրողը, որը աշխատում է հակամարտության մյուս կողմում, գտնվում է ճնշման տակ:
Հավասարակշռությունը պահպանելը շատ դժվար է, բայց շատ կարևոր: Երբեմն դա անելը դժվար է, քանի որ մի կողմը ակնհայտորեն տառապում է մյուս կողմի ագրեսիայից: Երբեմն երկուսն էլ մեղավոր են, այդ դեպքում հավասարակշռություն գտնելը բարդ է:
Կոնկրետ այս պատմության դեպքում ես Բաքվում գործընկեր ունեմ: Ալ-Ջազիրայի մոտեցումը, հավանաբար, լավագույնն է: Այն թույլ է տալիս վստահ լինել, որ երկու կողմերի տեսակետները որպես մեծ պատկերի էլեմենտներ ներառված կլինեն մեր ամենօրյա ռեպորտաժներում: Եվ մենք դա ենք անում:
Մի կողմում գտնվող լրագրողին (ինչպեսև ցանկացած լրագրողի) կարող է հիասթափեցնել, երբ իր նյութերը կիսվում կամ պարզապես տրվում են մեկ ուրիշին: Բայց իմ պատրաստած ռեպորտաժներում կտեսնեք, որ օգտագործվել են նյութեր Ադրբեջանից, իսկ իմ գործընկերն օգտագործել է նյութեր Հայաստանից՝ դրանք հավասարակշռելու համար:
Մեր հեղինակությունը կախված է հավասարակշռված լինելուց, և մենք գիտենք, որ այդ հարցում բավականին հաջող ենք աշխատում ենք, քանի որ երկու կողմից էլ ստանում ենք քննադատություն: Ինչը նշանակում է, որ եթե ոչ ոք գոհ չէ, ապա գուցե մենք ճիշտ բան ենք անում:
Կարևոր է ստուգել փաստերը, թվերն ու կարծիքները: Ինչպե՞ս եք կարողանում ստուգել փաստերը, երբ ամենօրյա ռեժիմով աշխատում եք ճշգրիտ պատկեր ներկայացնել:
Փաստերի ստուգման համար մենք ապավինում ենք ձեզ նման տեղական լրագրողներին, որոնց հետ համագործակցում ենք մեզ հետ տեղում աշխատելու համար: Փորձում ենք գտնել հնարավորինս փորձառու մարդկանց: Իհարկե, մենք օգտագործում ենք վստահելի լրատվական գործակալությունների՝ Reuters, AP և AFP լուրերը: Երբ դրանք օնլայն նյութեր են հրապարակում, մենք փորձում ենք ստուգել, և խնդրում Ձեզ ստուգել տեղական աղբյուրները:
Պարզ է, որ մենք չենք խոսում հայերեն, թուրքերեն կամ ադրբեջաներեն, այնպես որ ինչ-որ մեկը դրանք ստուգում է: Երբ համոզվում ենք, որ աղբյուրները հավաստի են, սկսում ենք աշխատել այդ տեղեկատվության հետ:
Բայց նաև հիմնվում ենք այն փաստերի վրա, որոնք փոխանցում են պատմությանը լավ ծանոթ մարդիկ, հարգանք ունեցող լրագրողները և նրանք, ում տեղեկությանը կարող ենք վստահել: Ոչինչ չենք հրապարակում առանց համոզվելու, որ կան այդ ինֆորմացիան հաստատող կամ ճշտող տեղական աղբյուրներ:
Դուք լուսաբանում եք մոլորակի տարբեր անկյուններից և ամեն անգամ ավելի ու ավելի խորասուզվում դեպքերի մեջ: Մի քանի օր անց պատմությունը դառնում է անձնական: Ի՞նչ անել, որ պատմությունը չսկսի կլանել լրագրողին:
Դե, իհարկե, ես լրագրող եմ և միշտ էլ հրապուրվում եմ նոր պատմություններ հայտնաբերելով: Խոստովանեմ, որ նախքան Լեռնային Ղարաբաղ գալը շատ բան չգիտեի: Հիշում էի 80-ականների դեպքերը, այն ժամանակ սովորում էի համալսարանում: Այս հակամարտությունը հեռավորությունից եմ հիշում, թեև, իհարկե, այն ժամանակ էլ շատ բան չգիտեի դրա մասին: Գիտելիքներս ընդհանրական էին, և ես կարդում էի որքան հնարավոր է շատ և ավելի խորացված:
Եվ իհարկե, քանի որ ես ամեն օր այստեղ եմ եղել՝ վերապրելով այս պատմությունը, իմ գիտելիքներն օրեցօր աճում էին: Այնպես որ, դա հետաքրքիր ու կլանող գործ է: Ահա, թե ինչու եմ ես լրագրող և ինչու եմ անում այս գործը՝ նոր բաներ հայտնաբերելով և պատմելով մարդկանց այն պատմությունները, որոնք նրանք սովորաբար չեն լսում:
Պետք է ասեմ, որ Ալ-Ջազիրայում աշխատելու գեղեցկությունն այն է, որ մենք հնարավորություն ունենք գնալ տարբեր վայրեր և ավելի շատ ժամանակ անցկացնել պատմություններ հայտնաբերելու համար, քան դա կարող են անել այլ հեռարձակողներ և այլ լրատվական կազմակերպություններ:
Դա արտոնություն է, և ես վայելում եմ դա որպես մասնագետ: Բայց այո, կա պահ, երբ փոքր-ինչ ներքաշվում ենք պատմության մեջ, քանի որ հանգամանքներն ավելի լավ ենք հասկանում: Մասնավորապես, հիմա գիտեմ, որ այս պատմությունը գրեթե անլուծելի է: Դա նման է Հնդկաստանի և Պակիստանի, Իսրայելի և Պաղեստինի իրավիճակին: Դա շատ դժվար լուծելի հարց է, համաձա՞յն եք:
Մարտահրավերներից մեկն այն է, որ աշխատում ենք հեռուստատեսության համար: Ունենք երկուսուկես րոպեանոց ռեպորտաժներ՝ լուրերի փաթեթներում և շատ դժվար է դրանց մեջ ամեն ինչ ներառել: Հեռուստատեսային լրատվական թողարկումներում ասում են, որ երկուսուկես րոպեանոց ռեպորտաժը երկար է: Իմ խմբագիրներից շատերը կգերադասեն մեկուկես, երկու րոպեն:
Իսկ ամենամեծ մարտահրավերը սցենարն է: Երբ գրում եմ սցենարը, հավաքում եմ ամբողջ նյութը և ստիպված հետո ամեն բան ֆիլտրում եմ՝ փորձելով նվազագույնի հասցնել իմ խոսքը, որպեսզի այն տեղավորվի երկուսուկես րոպեում, մինչդեռ իմ տեքստը կարող է հասնել 45 րոպեի: Եվ պետք է բոլոր տեսանկյունները ներկայացնեմ և հնարավորինս շատ տեղեկատվություն ներառեմ:
Ամեն ինչ այդ կարճ ժամանակային հատվածում է: Դա այս աշխատանքի ամենադժվար մասն է:
Հարցազրույցը Գեղամ Վարդանյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: