2020.10.13,

Տեսակետ

«Մարդկանց ճնշման տակ են նաև լրատվամիջոցները ուշադրություն դարձնում պատերազմի վրա»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայ-ադրբեջանական պատերազմը լուսաբանող շատ հայաստանցի լրագրողներ բարդ իրավիճակում են: Խոսքը անգամ ոչ թե ֆիզիկական անվտանգության մասին է, որը պարզապես չի կարող լինել երաշխավորված, այլ տեղեկատվական ֆիլտրերի: 

Ռազմական դրության ժամանակ գործող սահմանափակումներից  բացի գործի է անցնում նաև ինքնախմբագրումը: Որպեսզի շտապելով չհաղորդես մի բան, որը կարող է կյանքեր արժենալ:

Սիվիլնեթի լրագրող Անի Փայտյանը ռեպորտաժներ է պատրաստել հրետակոծվող Ստեփանակերտից, հավաքել պատմություններ թիկունքից, արել հարցազրույցներ ու ուսումնասիրել միջազգային մեդիայի արձագանքը, շփվել առաջնագծում աշխատող միջազգային լրագրողների հետ: 

Անին նկատել է շատ նուրբ սահմանագիծ, որն անցնում է լրագրողների լիակատար թափանցիկության ու տեղեկատվական սահմանափակումների միջով:

Բոլոր գլխավոր լուրերը առաջնագծից են: Դա փոխու՞մ է լրագրողի աշխատանքը: 

Մարդիկ կարծում են, որ լրագրողները միշտ ավելի շատ ինֆորմացիա ունեն, քան ժողովուրդը: Իրականում, հիմա այդպես չէ:

Իհարկե, լրագրողների աղբյուրները տարբեր են, նաև ոչ ստուգված աղբյուրներ են, տեսակետներ, վարկածներ: Եվ շատ դժվար է ճշտել, թե որքանով են դրանք հավաստի:

Օրինակ, երբ հայտարարվում է, որ ադրբեջանցիները որևէ բնակավայր են գրավել, բոլորն այստեղ մերժում են դա: Անգամ եթե մենք իմանանք, որ հակառակորդի զորքերը առաջխաղացում ունեն, մենք չէինք կարող դրա մասին գրել: Մեր աղբյուրները պաշտոնական չեն, և նաև շատ վտանգավոր էր նման տեղեկատվությամբ վնասելու հնարավորությունը:

Մեր ներքին քննադատը, ներքին խմբագիրը թույլ չի տալիս հրապարակել նման տեղեկատվություն: Ի վերջո, բացի լրագրող լինելուց մենք նաև Հայաստանի քաղաքացիներ ենք:

Երևի հիմա իրոք ճիշտ ու սխալ լինելուց բացի առավել թանկ է չվնասելու սկզբունքը: Իսկ վնասել ու կյանքեր արժենալ կարող է ինչպես հապաղումը, այնպես էլ ոչ պատեհ պահին հայտնած ճիշտը:

Եթե պաշտոնական մարմինները չեն հայտարարում որևէ իրադարձության մասին, մենք իրավունք չունենք հղում անելու ոչ պաշտոնական աղբյուրներին: 

Բարդ է նաև օգտագործել ականատեսների ասածները որպես աղբյուր, քանի որ իրավիճակը արագ է փոխվում և արագ ստուգել տեղի ունեցածի ճշմարիտ լինելը պարզապես չենք կարող:

Միջազգային մեդիայում ընդունված է հաղորդել երկու կարծիք, (մի կողմն ասում է, մյուսը հերքում է, մեկը՝ պնդում է, մյուսը՝ համարում ապատեղեկատվություն, մեկը՝ մեղադրում է, մյուսը՝ ժխտում): Այս սիմետրիկ նյութերը մի քիչ արհեստական են, և դրսի լսարանին թույլ չեն տալիս  հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում:

Դա լուրջ հարց է: Ես ինքս դրսում եմ մեծացել, լրագրողական կրթություն ստացել Բելգիայում ու լավ գիտեմ, որ գնահատվում է չեզոք լրագրողական դիրքորոշումը, երբ պետք է անպայման ներկայացնել երկու կողմերը ու հնարավորինս նեյտրալ:

Հասկանալի է, որ դա անում են, որ նյութերը չլինեն միակողմանի: Բայց խնդիրն այն է, որ հիմա հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում շատ լրագրողներ չեն կարող մուտք գործել Ադրբեջան ու այնտեղ տեղի ունեցածը ներկայացնել դեպքի վայրից: 

Ստացվում է, որ չեզոքությունը չի պահպանվում: Չի կարող պահպանվել, անգամ եթե պարզապես հավասարապես մեջբերեն պաշտոնական տեսակետները, իսկ ցույց տան միայն մեկ կողմում արված սեփական կադրերը:

Օրինակ, հետևելով ֆրանսիական ու բելգիական մեդիային, կարող եմ ասել, որ հիմա մեդիայի դիսկուրսը զգալիորեն փոխվել է: Սկզբից Ֆրանսիայի մեդիան ընդհանրապես չէր լուսաբանում իրավիճակը մեր տարածքում, հիմա արդեն Արցախի պատերազմը ավելի ակտիվ է լուսաբանվում, հոդվածներն ավելի ընդարձակ են, հաճախ նաև նյութերը հայտնվում են լրատվամիջոցների առաջին էջերում, ինչը թեմայի կարևորության մասին է փաստում:

Բելգիայում նույնպես ավելի շատ են խոսում մեր տարածաշրջանի մասին ու պատերազմի մասին նյութ պատրաստելիս, միշտ ներկայացնում են Արցախի տեսակետը: Եվ դա նաև այն բանի շնորհիվ է, որ Հայաստանը թույլ է տալիս միջազգային լրագրողներին մուտք գործել Արցախ ու լուսաբանել իրավիճակը ներսից:

Այսինքն, եթե լրագրողն այստեղ է, բնականաբար այստեղի մասին էլ գրելու է:

Բայց իհարկե, մեծ դեր ունի քաղաքականությունը, որը ազդում է մեդիայի վրա: Ֆրանսիայի նախագահն, օրինակ, ուղիղ տեքստով ասում է, որ Թուրքիան պետք է դադարի իր խաղերը: Իսկ շատ այլ երկրներում, օրինակ, ԱՄՆ-ում, մեդիան լռում է, քանի որ լռում են քաղաքական գործիչները:

Հիմա հայերը ԱՄՆ-ում ցույցեր են անում: Դա էֆեկտի՞վ քայլ է:

Կարծում եմ, որ հայերը կարող էին ավելի վաղ ու ավելի մեծ ցույցեր անել ԱՄՆ-ում: Պիտի երևաս, որ քեզ հաշվի առնեն: 

Մարդկանց ճնշման տակ են նաև լրատվամիջոցները գոնե ուշադրություն դարձնում պատերազմի վրա:

Բայց տեսնում ենք, որ որքան էլ հույսը դնենք մեդիա արձագանքների, միևնույն է վճռորոշը ռազմական հաջողություններն են: Եթե հաղքում ենք ռազմի դաշտում, լրահոսն էլ է փոխվում:

Որքան էլ ճշմարտությունը լինի քո կողմում, բայց վերջիվերջո, այո, ռազմի դաշտն է տալիս հիմնական ինֆորմացիոն առիթները:

Երբ սկսվեց պատերազմը Սիրիայում (արդեն ինը տարի է անցել), սկզբից բոլոր լրատվամիջոցներն անընդհատ խոսում էին պատերազմների արհավիրքներից՝ զոհերի, փախստականների, պայքարի, էթնիկ խմբերի դիմադրության մասին: Օրինակ, քրդերի, որոնք դրական էին ընկալվում միջազգային մեդիայում: Եվ ի՞նչ եղավ… Մեծ հաշվով, ոչինչ: Հիմա գրեթե ոչ մի լրատվամիջոց չի խոսում Սիրիայի մասին:

Պատերազմներում, ի վերջո, հաղթում է կամ ռազմական, կամ քաղաքական որոշումը: 

Իհարկե, լրագրողները խոսում են, ուշադրություն հրավիրում, փորձում բազմակողմանի ներկայացնել իրավիճակը, բայց միևնույն է որոշ ժամանակ անց դա էլ է մարում: Լսարանը տեսնում է, որ պատերազմը լուծում չի առաջարկում: Եվ որքան տեսնում եմ, հոգնելու են նաև լրատվամիջոցները:

Անկեղծ ասած՝ հիմա իրոք կասկածում եմ, որ մեդիան կարող է իրականում լուրջ բաներ փոխել:

Վերջերս խոսում էի Արցախ մեկնել ցանկացող միջազգային լրագրողների հետ, և շատերը նեղսրտել էին, որ Արցախի կառավարությունը որոշեց իրենց չթողնել մտնել Արցախ: Նպատակն այն էր, որ լրագրողները չնկարահանեն շինությունները, քաղաքի ենթակառուցվածքները, մարդկանց, ինչը օգտագործում էր ադրբեջանական կողմը՝ ավելի ստույգ թիրախավորելով իր հարվածները:

Բնակչության ապահովության համար արված այդ քայլը, շատ էր բարդացրել մեր աշխատանքը Արցախում: Դա թեև հասկանալի էր հայաստանցիների համար, բայց արտասահմանցիները դժգոհ էին: 

Ասում էին՝ եկել, հասել ենք, ուզում ենք ցույց տալ իրականությունը, իսկ դուք մեզ սահմանափակում եք: Փորձում էինք իրենց հասկացնել, որ հիմա այստեղ կյանքի ու մահվան խնդիր է:

Եվ ամենակարևորը էթիկական հարցերն են:

Մենք որպես տեղական լրատվամիջոց նյութ պատրաստելիս անընդահատ ուշադրություն ենք դարձնում, որ հանկարծ շատ բան չհայտնենք զուտ կադրերով: Օրինակ, եկեղեցու նկուղում գտնվող ապաստարանները նկարահանելիս, առավելագույնս նեղ ու խոշոր պլաններով էինք մոնտաժում, որ հանկարծ չհասկացվի, որ սա եկեղեցի է և ակամայից չբացահայտենք մարդկանց գտնվելու վայրը:

Բայց հենց այդ նույն ժամանակ երկու արտասահմանյան լրատվամիջոց հանգիստ ցույց էին տվել ամեն ինչն ու հայտնել, որ ապաստարանը եկեղեցում է:

Այսինքն, նրանք խնդիր չեն տեսնում դա հաղորդելիս, քանի որ սովոր են, որ ամեն ինչը պիտի լինի թափանցիկ: Նրանք իրենց գործն են անում, առանց առանձնապես մտածելու տեղացի ժողովրդի կյանքի մասին: Լուսաբանում են այսօրը և շատ դեպքերում հետոն իրենց չի մտահոգում: 

Երևի դա դեմոկրատիայի հակառակ կողմն է: Կամ պիտի փակես ինֆորմացիոն աղբյուրները Ադրբեջանի պես, կամ բացես, ինչպես Հայաստանը: Դեմոկրատիան միշտ ռիսկ է, բայց առանց դրա չի լինում:

Իհարկե, հասկանալի է, որ բոլորս էլ ուզում ենք առավելագույն թափանցիկություն, բայց երբեմն պիտի սահմանափակվի ինֆորմացիան, թեկուզ ներքին մղումով, եթե այն վնաս է պատճառում մարդու կյանքին:

Իսկ նոր սահմանափակումները հրապարակումների մասին, որքանո՞վ կարող են վնասել Հայաստանի հեղինակությանը հետագայում:

Կարծում եմ՝ արդեն իսկ վնասում են: Եթե աշխարհը տեսնի, որ մենք էլ ենք սահմանափակում լրագրողական նկարահանումները (անգամ եթե դրանք պատճառաբանված են), դրսում դա լավ չի ընդունվի: 

Որքան հասկացա իմ շփումներից լրագրողների հետ, նրանք դա ընդունում են ոչ թե որպես ապահովության համար արված քայլ, այլ որպես գրաքննություն ու դիկտատուրայի դրսևորում:

Եվ չէի ուզենա, որ վաղը մենք էլ նրանց աչքում դառնանք Ադրբեջանի նման սահմանափակումները արդարացնող երկիր, որտեղ լուսաբանումը խոչընդոտվում է:

Հիմա մենք ունենք ընդամենը երկու պաշտոնական անձ, որոնք խոսում են պատերազմի մասին՝ Շուշան Ստեփանյանն ու Արծրուն Հովհաննիսյանը: Եվ երկուսն էլ անընդհատ խոսում են շատ ոգևորված, պատմում առավելապես հաղթանակների մասին: Բացասական դիսկուրսը նրանց խոսքում չնչին տոկոս է կազմում: Եվ խնդիրն այն է, որ տեղում աշխատող լրագրողներն այդպիսի տպավորություն չունեն: 

Պաշտոնական ու իրական տեղեկատվության որոշակի խզում կա:

Երբեմն դրական լուրերի գերակայությունը նույնպես կասկածելի է: Երևի եթե ասվի, որ ջանք էինք թափել, բայց դեռ չի ստացվել, ավելի լավ կլինի, քան անընդհատ շեշտել, որ հաղթելու ենք:

Մենք հիմա կարծես միայնակ ենք ողջ աշխարհի դեմ ու ինձ թվում է, որ չարժե անընդհատ կրկնել, որ այդպես միայնակ կկարողանանք հաղթել:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *