2020.09.09,

Տեսակետ

«Կլինի տխուր, եթե պարզապես անարդյունավետ խոսեն բոդի շեյմինգի ու բուլինգի մասին ու մոռանան»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Նկարիչ, իլյուստրատոր Արմինե Հարությունյանը հայտնի դարձավ որպես Գուչչի նորաձության տան կերպարներից մեկը, երբ 2019-ին մասնակցեց Միլանի բարձր նորաձևության շաբաթին որպես մոդել: Նրա հայտնությունը փոքր ռումբ էր, քանի որ Արմինեի ոչ ստանդարտ, արտահայտիչ և կարևորը միանգամից հիշվող արտաքինը դարձավ լուրջ քննարկումների, ատելության խոսքի, վիրավորանքների թիրախ: 

23-ամյա Արմինեն ակամայից դարձավ առիթ, խոսելու ոչ միայն նորաձևության/գեղեցկության ինդուստրիայի մասին, այլև հանրային բարդույթների ու կարծրատիպերի:

Մեդիան որքան ուժ ունի, մեզ թելադրել ու մեզ վրա է փաթաթել անիրական, գոյություն չունեցող, ֆոտոշոփած, արհեստականորեն կերտած ու ստանդարտացված գեղեցկությունը: Եվ հիմա ցանկացած բան, որն այդ քառակուսի սահմանումից դուրս է պրծնում, ինքնաբերաբար մերժվում ու անգամ զայրացնում է:

Արմինե Հարությունյանը զայրացրեց շատերին և դրանով իսկ դրեց նոր չափ՝ հուշելով, որ կաղապարները (բյութի, ֆեշըն, մեդիա) չեն գործում նախկինի պես: Որ հետաքրքիրը ոչ թե միանման լինելն է (հագնվելը, լուսանկարվելը, կոսմետիկ միջամտություններ անելը), այլ եզակիությունը:

Գուչչի ցուցադրությունը իր կոնցեպտով նաև դա էր ակնարկում՝ բեմ հանելով այն գաղափարը, որ նորաձևությունը զսպաշապիկ հիշեցնող համազգեստի պես իշխում է հասարակության վրա՝ դառնալով վերահսկման միջոց:

Արմինե Հարությունյանը շատ խաղաղ, ինքնաբավ ու բարյացակամ մարդ է, իր էությամբ բնավ էլ մարտիկ չէ: Եվ խոստովանում է, որ իր արտաքինը ընդունելը պահանջել է մեծ ուժ: Ի վերջո, իդեալին ձգտելը միշտ ավելի հեշտ է, քան հաշտվելը ոչ իդեալ լինելու գաղափարի հետ:

Զանգվածայինի ու եզակիի բախումը միշտ հետաքրքիր է: Երբ կա իդեալ, դրան ուզում ես նմանվել, ձգտում ես ընդօրինակել: Եվ որքան ունիվերսալ ու հեշտ ընդօրինակելի լինեն պահանջները, այնքան կերպարը կդառնա զանգվածային: Արմինեին չես կարող նմանվել: Նա իդեալ չէ: Եվ նրա փոքր հեղափոխությունը այդտեղից է սկսվում:

Հիմա, երբ Գուչչիի ցուցադրությունից անցել է մեկ տարի, նա դեռ շարունակում է իր արտասովոր (և միաժամանակ բնական) կերպարով բորբոքել մեդիայի ուշադրությունն ու խոսակցությունները կարծրատիպերի մասին: 

Դա բարդ ու ցավոտ մի բանավեճ է՝ ստանդարտների և դրանց կազմաքանդման մասին:

Ինչու՞ նորից ծագեցին քո կերպարի շուրջ վեճերը: Սոցցանցերն ու լրատվամիջոցները ալեկոծվում են, և դու դառնում ես արտաքին տեսքի կոպիտ քննադատության (բոդի շեյմինգի) առիթ:

Ես ինքս դա չեմ հասկանում: Ինձ համար էլ է գաղտնիք, թե ինչու են անընդհատ քննարկում իմ տեսքը: Ի վերջո, ես միակ մոդելը չեմ ոչ ստանդարտ արտաքինով: Եվ իմ հայտնությունն էլ պոդիումում մեկ տարի առաջ էր: 

Երևի պատճառը Ֆորբսի հոդվածն էր, որտեղ ի դեպ սխալ կար: Նրանք գրել էին, որ երկու անգամ եմ մասնակցել Գուչչիի ցուցադրությանը, բայց իրականում ընդամենը մեկ անգամ էր:

Հատկապես Իտալիայում է հիմա մեծ հետաքրքրությունն իմ նկատմամբ:

Շատ են հրավիրում հարցազրույցների, գրում են, որ Իտալիայում շատ կարծրատիպեր եմ փշրել:

Վերջին ամսում շատ ամսագրեր ու թերթեր, որոնք կապված են նորաձևության հետ, գրեցին նյութ իմ մասին՝ Կոսմոպոլիտենը, Ֆորբսը, Վենիթի Ֆեյրը և այլն: Հիմա հետաքրքրությունը Իտալիայում մեծ է: Չգիտեմ, թե որքան կտևի:

Իհարկե, լավ կլինի, որ խոսակցությունները ճյուղավորվեն ու զարգանան:

Հուսամ, որ արդյունք կլինի ու մի լավ բան կստացվի: Անկեղծ ասած՝ մի քիչ կտխրեմ, եթե պարզապես անարդյունավետ խոսեն բոդի շեյմինգի ու բուլինգի մասին ու մոռանան:

Իմ կարծիքով՝ այս ուշադրությունը ավելի մեծ կապիտալ է, քան անգամ մոդելային ոլորտում դասական իմաստով հայտնի դառնալը: 

Իհարկե, հետաքրքիր է, երբ դառնում ես վեճերի ու բանավեճերի առիթ: 

Բայց անկեղծ ասած՝ ինձ շատ վատ էի զգում, նեղսրտում էի, տխրում, երբ լսում ու կարդում էի իմ հասցեին հնչող կարծիքները:

Բայց հիմա կարծես սովերեցի անտեսել ստորացուցիչ մեկնաբանություններն ու փորձում եմ իրոք լսել նրանց, ովքեր այս վեճերում դրական բան են ուզում ասել:

Կարդու՞մ էիր բոլոր մեկնաբանությունները սոցցանցերում: Տպավորություն է, որ կարդալիս կարելի է խելագարվել:

Սկզբից կարդում էի, հիմա՝ ոչ: 

Իրականում, գրեթե բոլորը դժգոհ են իրենց արտաքինից և հաշտ ապրելը սեփական մարմնի հետ, բարդ է: Չի եղե՞լ գայղթակղություն մոտենալու ավելի զանգվածային ստանդարտներին:

Այո, իհարկե, դա գայղթակղությունն է: Միշտ էլ մտածում ես, որ կարելի է մի բան ուղղել, մի բան ավելացնել, կտրել, գեղեցկացնել, որ սա լինի այնպես, մյուս բանը՝ այնպես: 

Բայց երևի տարիքի հետ գալիս է այն գիտակցումը, որ քո արտաքինը… չգիտեմ ո՞նց ասել… քո ինքնությունն է: Երևի դա է ճիշտ բառը…

Արտաքինը արտացոլում է անհատականությունը: Իսկ դա ամենակարևորն է:

Սոցցանցերում մեծ լսարան ունեցող ու հանրային կարծիք ձևավորողները հիմնականում հենց գեղեցկության, նորաձևության, փոփ մշակույթի մարդիկ են, որոնք մոնետիզանցնում են իրենց հայտնիությունը: Դրա ապացույցներից է նաև մեր սիրելի Քիմ Քարդաշյանը: Քեզ մոտ կա՞ ցանկություն խաղալու այդ կանոններով, հատկապես, որ բավականին շատ հետևորդներ ունես, օրինակ, Ինստագրամում:

Ինձ թվում է, որ ես իմ կերպարով և իմ անվան շուրջ ստեղծված պատմությունով՝ խաղի կանոններից դուրս եմ: 

Նաև դուրս եմ սոցիալական մեդիայի կանոններից, քանի որ ո՛չ մեյք ափ եմ անում, ո՛չ հատուկ ֆիլտրերով մշակում լուսանկարները, ո՛չ էլ զբաղվում եմ գովազդով: Ուզում եմ լինել բնական և հենց այդ մոտեցմանը հետևել նաև, օրինակ, Ինստագրամում:

Կամ հակառակը՝ ավելի սուր քաղաքացիական-քաղաքական հարցերի մասին գրառումներ անել: 

Մենք ընկերներով թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներ էինք: Ընդամենը այդքանը: Ավելին չեմ էլ պատկերացնում: Միգուցե անգամ դա լինի հակասական, իմ բնությանը հակառակ:

Եթե չուզելով անեմ մի բան, հաստատ վատ կստացվի:

Արմինե Հարությունյան մոդել ինստագրամ

Արմինե Հարությունյանը Երևանում։ Լուսնակարը՝ Արմինե Հարությունյանի Ինստագրամի էջից

Ես մասնագիտությամբ նկարիչ եմ, գրաֆիկ դիզայներ, սովորել եմ նաև բեմանկարչություն: Եվ ավելի շատ փորձում եմ այդ ոլորտներում գտնել ինձ՝ համատեղելով աշխատանքն ու իմ սեփական դիզայնն անել:

Ունեմ երազանք կազմակերպելու ցուցահանդես:

Մոդելի կարիերան ընդամենը հոբբի է: Ավելի շատ դրական հույզեր ստանալու աղբյուր: Բայց ուրախ կլինեմ, որ այդ հոբբին շարունակվի ու նաև ավելի լրջանա:

Ես անգամ պատկերացնել չէի կարող, որ նման խոսակցություններ կծագեն: Արել եմ այն, ինչ ինձ հաճելի էր ու ինչ կարողացել եմ:

Եթե, օրինակ, քեզ տեսնելով, երիտասարդները չուզենան լինել մեյնսթրիմ՝ նույն հագուստով, տեսքով, դիմահարդարմամբ, դա կլինի ակամայից սկզիբ առած հեղափոխություն:

Ուրախ կլինեմ, եթե իրոք այդ հեղափոխությունը տեղի ունենա: Աշխարհում հիմա կոտրվում են կարծրատիպերը և փոխվում են դոգմաները:

Եվ կանանց արտաքին տեսքն էլ արդեն միայն տղամարդու ցանկությունների արդյունքը չէ: Կանանց տեսքը միայն կանանց ուղեղի, մտքերի, զգացմունքների արտացոլանքն է:

Ես օրինակ, երբեք չեմ ձգտել դառնալ բոլորի իդեալը ու լավը բոլորի համար: Բայց ինչպես ցանկացած անհատ ուզում եմ, որ գնահատվի անհատականությունը: 

Կարծում եմ՝ շատ բան կախված է մեր դաստիարակությունից, ընտանիքից, միջավայրից, որտեղ մեծանում ես: Ես, օրինակ, մեծացել եմ նկարիչների ընտանիքում: Կարելի է ասել, որ մենք տոհմական նկարիչներ ենք, քանի որ, ծնողներս, պապիկս, տատիկս ու մեծ պապիկներս էլ են նկարիչներ: 

մոդել Արմինե Հարությունյանը տանը

Արմինե Հարությունյանը տանը։ Լուսնակարը՝ Արմինե Հարությունյանի Ինստագրամի էջից

Ես միշտ ազատ եմ եղել իմ ընտրության մեջ, և երևի դա օգնեց ինձ չնմանվել ուրիշներին, այլ ավելի շուտ գտնել ինքս ինձ այս աշխարհում:

Իհարկե, միշտ կա ձգտում լինելու ավելի լավը, բայց եթե ընտանիքդ քեզ ճիշտ խորհուրդներ է տալիս, հասկանաում ես, որ պետք չէ հետևել ժամանակավոր չափանիշներին:

Չէ՞ որ դարեդար փոխվում են գեղեցկության շաբլոնները և երբեք չի գնահատվում նույն բանը: 

Վերածնունդը գնահատում էր գեր ու փարթամ կանանց, մյուս դարերը՝ հոնքեր չունեցող կամ չափազանց նիհար:

Շատ բան է փոխվել գեղեցկության ընկալումներում և հիմա էլ փոխվում է: Ոչ մի հստակ չափանիշ չկա: Միակ հստակը քո անհատականությունն է, որը միայն արտաքնապես չի արտահայտվում, այլև ցույց է տալիս քո ինքնազարգացածությունը, կրթությունը:

Արտաքինը ընդամենը այդ ամենի արտացոլանքն է:

Մեդիա պերսոնա դառնալով, կարծես այլևս քեզ չես պատկանում: Խմբագրու՞մ ես քո կյանքը հիմա:

Երբ ճանաչում են փողոցում, իհարակե, մի քիչ լարվում ես: Դա կարող է ստիպել ուզել փակվել բոլորից: Եվ հիմա փորձում եմ հաղթահարել այդ ներքին լարվածությունն ու փակվածությունը: Սկզբից դա շատ բարդ էր, բայց հիմա կարծես ստացվել է ուշքի գալ ուշադրությունից ու նորից ապրել այն առօրյայով, որին սովոր եմ:

Երբ Հայաստանում ուզում են ցավեցնել ու վիրավորել, սովորաբար ասում են, որ սա ավանդական չէ, թեև ոչ ոք չգիտի, թե ինչով է չափվում ավանդույթը: Ի՞նչ է քեզ համար ավանդույթը:

Ավանդույթները նաև իմ մի մասնիկն են: Ավանդույթները երբեք չեն խոչընդոտում ու արգելք դնում: Կարծում եմ, որ մարդկանց խոչընդոտում է իրենց սահմանափակ ուղեղը:

Ես շատ կուզեմ, որ աղջիկները (տղաները նույնպես) իրենց շատ չքննադատեն ու չվազեն կարծրատիպերի հետևից, այլ փորձեն ինքնակրթվել, ինքնազարգանալ և պահպանել իրենց անհատականությունը, որովհետև անհատականությունը շատ ավելի հետաքրքիր է, քան երբ բոլորը միանման են:

Շատ աղջիկներ ունեն խնդիր՝ սեփական արտաքինը ընդունելու: Եվ ես շատ-շատ կցանկանայի, որ նրանք հաղթահարեն այդ խնդիրն ու թույլ տան, որ ներքինը արտացոլվի երեսի վրա:

Նորաձևությունը, գլամուրային հանդեսները, կերպարները միանմանությունը իրականում մեծ ինդուստրիա է, որտեղ շատ փող կա: Պլաստիկ կլինիկաներից սկսած, վերջացրած մեդիայով, բոլորը սպասարկում են այդ ինդուստրիային: Այդտեղ եզակիությունը ողջունելի չէ, քանի որ հայտնի չէ, թե ինչ են վաճառելու, եթե չլինի մեյնսթրիմ:

Չեմ կարծում, որ ամեն ինչ այդքան անհույս է, քանի որ կան անհատներ, օրինակ, Գուչչիի գլխավոր դիզայներ Ալեսանդրո Միքելեն, որոնք փորձում են դեմ գնալ մեյնսթրիմին ու ամեն տարի ընտրում են անհայտ ու չկրկնկվող արտաքինով մոդելների:

Ընտրում են տարբերվողներին՝ հասկանալով, որ հետաքրքիրը շաբլոնիը չէ, այլ շաբլոնից դուրսը:

Կամաց-կամաց իրավիճակը փոխվում է, քանի որ նաև հասարակությունն է պահանջում նոր բաներ: Կարծես հասարակության պահանջներն էլ աճում են ու հասնում այն կետին, երբ ինդուստրիան ինքն է փոխվում: Կար ժամանակ, երբ պահանջված էր նույնանման լինելը, հիմա այդպես չէ: Պահանջարկն է փոխվում:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *