2020.05.26,

Տեսակետ

«Լրագրողական մոտեցումը շատ է խանգարում որոշում ընդունողներին»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ազգագրագետ Գայանե Շագոյանը այն գիտնականներից է, որը ներկայի պատկերը մանրակրկիտ հավաքում է՝ փորձելով ուրվագծել արդիական խնդիրները: 

Եվ այս զրույցն ավելի շուտ ստացվեց գիտական և լրագրողական հակադիր ձեռագրերի մասին: Երբ լրագրողական մոտեցումը լավ օգնական չէ :

Խայտաբղետ ու լարված այսօրվա վիճակը՝ համավարակի դեմ պայքարի մեթոդները, մահերի ու վարակակիրների թվի աճը, շփոթված ու մեդիա գրոհներին ենթարկվող լսարանը, պետական որոշումները և դրանց հիմնավորումները, և գլխավորը՝ կրթական համակարգի փոփոխությունների արգելակումը, նա դիտարկում է հասարակական պահանջի տեսանկյունից: 

Իսկ այդ պահանջը նախևառաջ ձևավորում են կրթական հաստատատություններն ու մեդիան:

Եվ հիմա, երբ ականտես ենք կրթական ոլորտի ճգնաժամային հերթական պտույտին (ոլորտի կառավարիչներին ուղղված պլագիատի ու «թայֆայաբազության» մեղադրանքները ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանի կողմից), առաջ են գալիս հարցեր, և առաջինը՝ հանուն ինչի ենք ռեֆորմներ անում: 

«Որքան էլ ցանկանանք բացառել հովանավորչությունը, այն միևնույն է սողոսկելու է ու միշտ մնալու է կասկած: Համակարգը պիտի լինի այնպիսին, որ սա բացառվի»,- ասում է Գայանե Շագոյանը:

Նա ճիշտ չի համարում այն իրավիճակը, երբ համալսարանի ռեկտորին ընտրում է հոգեբարձուների խորհուրդը, որի ցանկությունը կառավարելի ռեկտորի թեկնածու ունենալն է: Եվ նույնքան անարդյունավետ է համարում գաղափարը, որ ռեկտորին կարող է նշանակել ԿԳՄՍ նախարարությունը:

Նա վստահ է, որ պետք է գտնել լավագույն տարբերակը խորը ուսումնասիրելուց հետո միայն:

«Հասկանում եմ, որ դա երկու տարվա անելիք չէ, բայց երկու տարում կարելի էր արդեն ստեղծել ճանապարհային քարտեզ՝ քայլերի հաջորդականությամբ: Կրթությունը այնպիսի ոլորտ է, որը չես կարող ամեն տարի ենթարկել ռեֆորմների»,- ասում է նա:

Հիմա խնդիրը լսելի լինելն է, կամ ավելի ճիշտ՝  մասնագիտական ներուժի ներգավումը: Ընդ որում՝ դա անհրաժեշտ է բոլոր ոլորտներում:

Մեզ վրա ինֆորմացիայի ահռելի ծավալ է թափվում ամեն օր, կարծես տիկնիկ լինենք լրահոսի ձեռքում: Նաև այն պատճառով, որ ինֆորմացիայի հետ ինչ ասես, անում են, թեքում, ուր ուզում են: Ու հավատում ենք ամեն վարկածի ու ստի: Ինչու՞:

Ինձ թվում է, որ մեդիան շատ վատ է աշխատում, որովհետև տարված է ավելի շատ քաղաքական խնդիրներով, մինչդեռ նորմալ բանականությամբ մարդիկ կարիք ունեն լսելու և հասկանալու ամեն օր իրավիճակին հետևող մասնագետի խոսքը, ոչ թե քաղաքական գործչի:

Եթե մեր հեռուստաեթերը կամ օնլայն լրատվամիջոցներն այսօր լցված լինեին մասնագետներով՝ վիրուսոլոգներով, էպիդեմիոլոգներով, վիճակագրական մասնագետներով, որոնք պրոֆեսիոնալ տեսանկյունից և հասկանալի լեզվով կբացատրեին եղած իրավիճակը, գիտական մոտեցումները, ընթացող քննարկումները, մարդիկ մի կողմից՝ ավելի ադեկվատ կլինեին տեղեկատվական հոսքերի նկատմամբ, մյուս կողմից՝ ավելի զգաստացած:

Այլ ոչ թե կփորձեին հետևել, տարածել, միմյանց փոխանցել, ասենք, տարբեր հոգևորականների ու կեղծ հեղինակությունների հիստերիկ ելույթները:

Մենք ազգագրագետներով փորձում ենք ինչ-որ չափով հետևել դավադրապաշտական տեսություններին ու շրջանառվող ֆեյքերին:

Մի կողմից դրանք արտացոլում են այդ չիմացությունը, անվստահությունը, վախերը, որոնք իրականում, նորմալ ռեակցիա է այս իրավիճակում:

Երբ չգիտես, թե ինչ է կատարվում, բայց կարիք ունես քիչ թե շատ հավասարակշռված վերաբերմունքի, սկսում ես հորինել ավելի պարզ պատկեր, և դավադրության տեսություններն ըստ էության լուծում են մարդու այդ սպասելիքը՝ տալով իրականության մասին պարզեցված պատկեր:

Միշտ հարմար է գտնել գլխավոր վտանգավորին, մինչ այդ դա Սորոսն էր, հիմա, օրինակ, Բիլ Գեյթսը, որին չես էլ հասկանում, թե ինչում են մեղադրում՝ 5G ստեղծելու, չիպավորման, թե վակցինա վաճառելու նպատակ ունենալու:

Դա արդեն էական չէ, կարևորը, որ հայտնվում են գաղտնի պլաններ և գլխավոր «վատը», որի վրա կարելի է ամեն ինչ բարդել:

Մյուս կողմից՝ եթե կողմնորոշվում ենք առանց հասկանալու, ապա պիտի գիտակցենք, որ նման արձագանքը, պտտվող սյուժեները, ի վերջո, այսօրվա բանահյուսությունն է:

Եվ դրան վերաբերվենք որպես բանահյուսության նմուշի, որը ծնվում է վախերից և իր հետ բերում է անհեթեթ պատմություններ:

Ցանկացած դավադրական տեսությանը պիտի ցույց տրվի իր ճիշտ տեղը: Որ մարդը հասկանա, որ դա լուր չէ, այլ բանահյուսություն է:

Եվ երբ նա սկսի դա լրջորեն քննարկել, հայտնվի ծիծաղելի մարդկանց խմբում, որոնց չի կարելի լուրջ վերաբերվել: Կամ էլ շրջապատը ընդունի, որ նա հոգեբանական խնդիրներ ունի:

Ճիշտն ասած, դա իմ ուսումնասիրության դաշտը չի եղել, բայց հատուկ այսօրվա իրավիճակի վրա որևէ ձևով մասնագիտորեն ազդելու համար մենք ուսումնասիրում ենք կեղծ լուրերի ազդեցությունը:

Տպավորություն է, որ լսարանն ավելի առաջադեմ է, քան այն մեդիա արտադրանքը, որը նրան առաջարկում են լրատվամիջոցները:

Այդ խնդիրը մեզ մոտ եղել է միշտ: Իհարկե, ես մեդիա տեխնոլոգիաների մասնագետ չեմ, բայց կփորձեմ նշել մի քանի հանգամանք, որոնք կարող են այդպիսի պատկեր ստեղծել:

Երբ սոցիալական դաշտում մեր մտերիմների հետ հարաբերությունները և քննարկումները համեմատում ենք պաշտոնական մեդիայի էջերի հետ (անկախ այն բանից, մենք ենք ճիշտ, թե իրենք), մենք ավելի հարմարավետ ենք զգում մեր միջավայրում՝ զգալով, որ մեր պատկերացրած ռացիոնալ աշխարհն ավելի ճիշտ է, քան հակառակ տեսակետ ունեցողինը:

Ստեղծում ենք մեր կոմֆորտի զոնան կամ գնում-մտնում ենք այն տարածք, որին ավելի հակված ենք հավատալու մեր անձնական տարբեր պատճառներից ելնելով:

Ասենք, որևէ մեկին աշխատանքի (և անհրաժեշտ աշխատանքի) գնալու համար պետք է հիմնավորում, որ Բիլ Գեյթսն է մեղավոր, իսկ իրականում վտանգավոր իրավիճակ չկա:

Նման պարզ պատկեր նկարագրելով և այդպիսով վախը հեռացնելով՝ նա ձեռք է բերում հոգեբանական հանգստություն:

Բայց սա ընդամենը բացատրություններից մեկն է, թե ինչու են մարդիկ մտնում իրենց ամպերի մեջ և այնտեղ են շարունակում գործել:

Դա չի բացատրում, թե ինչու է մեր մեդիա արտադրանքը մեծամասամբ (որքան հասցնում եմ հետևել) թույլ, քիչ և թերի: Չունի այն որակն ու մակարդակը, որը ցանկալի է:

Բացատրություններից մեկն այն է, որ կրթության մասնագետների որակավորումը մեղմ ասած՝ կարող էր ավելի բարձր լինել: Երկրորդը՝ մանիպուլյացիաների հնարավորությունն է:

Բնականաբար տարբեր լրատվամիջոցներ ունեն տարբեր քաղաքական շահեր և առաջ են տանում դրանք: Դա եղել է միշտ: Բայց նաև այդ պատճառով է կարևոր, որ մեդիան խոսք տա մասնագետներին ու գիտնականներին:

Կա գաղափար, որ Գիտությունների ակադեմիան պետք է միանա համալսարանին: Դուք դեմ եք այդ գաղափարին: Ինչու՞:

Ցանկացած հետազոտական հիմնարկի համար պետք է բարեփոխումների այնպիսի տրամաբանություն, որը մտածված է, այլ ոչ թե արվել է միայն այն պատճառով, որ պետք է հապճեպ որևէ բան անել: Տեսլական ունենալով, հետազոտելով և համեմատելով այլ երկրների փորձի հետ, հաստատ կգտնենք այն ձևը, որը ինստիտուտներին կբերի առողջացում:

Հետազոտական հիմնարկը կցել համալսարանին և դրանով սպանել հետազոտական ներուժը, անհասկանալի տրամաբանություն է: Եթե բուհը հիվանդ է, ինչու՞ ենք դրան միացնում Ակադեմիան:

Չկա հետազոտություն, որը ցույց է տալիս, որ բարեփոխման հենց այս տարբերակն է լավագույնը մեզ համար: Իսկ դա անհրաժեշտ է մինչ եղած գիտական համակարգը փոխելը մյուսով: Թվեր ու պատկերներ են պետք, որ հասկանալի լինի, որ տարբերակը օդից չի վերցվել:

Հիմա նախարարությունում աչքի առաջ ունեն ոչ թե եվրոպական, այլ ամերիկյան մոդելը, որտեղ համալսարաններում կա հետազոտությունների հնարավորություն, բայց մեզ մոտ չկան այն ահռելի ֆոնդերն, ու առկա չէ հարուստ մասնավոր սեկտորը, որն ի սկզբանե ամերիկյան համալսարանները ունեցել են:

Եթե մարդը փող չունի, դա պետք է կարողանա տարբեր ֆոնդերի միջոցով ստանալ կրթություն: Օրենսդրությունն ու տրամաբանությունն այնպիսին են, որ ֆոնդերն ունեն հազար ու մի հարկային առավելություններ, շահագրգռվածություն, ձեռնարկություններ, որոնք սպասում են նոր մասնագետներին:

Ամերիկայում ամբողջ տնտեսությունը կառուցված է այդ տրամաբանությամբ, իսկ մենք չունենք այդ տնտեսությունը: Տեսնում ենք, որ եթե փակվում է մեքենաների առքուվաճառքը, ողջ տնտեսությունն անկում է ապրում:

Եվ այս պայմաններում, այսպես կոչված, բարեփոխում անելը, ինձ թվում է ուղղակի արկածախնդրություն և ոչ պատասխանատու որոշում, ինչպես, ասենք, մեր այս երկու ամսվա կարանտինը:

Սկզբից ծիծաղելով, թեթևությամբ սկսեցինք կարանտինը, և միայն հիմա պնդեցինք, որ պետք է դիմակ կրել: Ե՞րբ ենք անում դա: Երբ արդեն հաստատվել է վատագույն սցենարը և օրական գրեթե հինգ հարյուր հաստատված վարակակիրներ ունենք:

Այո, մենք հիմա ունենք ամենավատ սցենարը հենց այն պատճառով, որ առանց հաշվարկելու ու առանց պատասխանատվության ենք որոշումներ ընդունել:

Իհարկե, մենք սիրում ու վստահում ենք այս իշանություններին, բայց կներեք՝ մարդիկ մահանում են: Օրական մինչև տասը մարդ: Եվ սրանից ավելի վատ բան ի՞նչ պիտի լինի, որ զգաստանանք: Հիմա լրջանալու ժամանակն է:

Կա մի ընդհանուր օրինաչափություն. այն երկրներում, որտեղ իշխանություններն ունեն բարձր լեգիտիմություն և կորոնավիրուսի պայմաններում քայլեր են ձեռնարկում, պատկերն ավելի վատ է, քան այն երկրներում, որտեղ իշխանություննները չունեն այդ աստիճանի լեգիտիմություն:

Դրա բացատրություններից մեկն էլ միգուցե այն է, որ մի դեպքում իշխանությունները վախենում են սխալ քայլեր անել և ավելի զգուշավոր են գործում՝ հասկանալով, որ կարող է սկսվել դիմադրության ալիք:

Իսկ մյուս դեպքում՝ զգալով, որ ավելի հարմար պայմաններում են, պատրաստ են տարբեր փորձարկումներ անել: Նաև պարտվել կորոնավիրուսի դեմ պայքարում:

Ո՞վքեր են կայացնում որոշումներ, քանի՞ մասնագետի հետ են խորհրդակցել, ի՞նչ ուսումնասիրությունների վրա եմ հիմնվում. սրանք հարցեր են, որոնց պատասխանները չունենք:

Ինձ մոտ տպավորություն է, որ գիտական հաշվարկ անելը չի կարևորվում: Կներեք, բայց դա լրագրողական մոտեցում է, որը շատ է խանգարում որոշում ընդունողներին: Եվ լրագրողները հիմա շատ տեղերում են, բայց լրագրողական մոտեցումը մեզ չի օգնում:

Ինչու՞:

Լրագրողները շատ դեպքերում կարող են պատկերացումներ ունենալ այս կամ այն ոլորտի մասին, քանի որ հոդված գրելու համար կարճ ժամանակով մտնում են տարբեր դաշտեր, բայց որպես կանոն լրագրողը (եթե նույնիսկ մասնագիտացած է որևէ նեղ ուղղությամբ), միշտ մնում է լրագրող, չի դառնում ոլորտի մասնագետ:

Եվ միաժամանակ՝ իր մոտ ստեղծվում է թյուր կարծիք, որ ինքը գիտի այդ ոլորտը:

Իհարկե, կարող է ոլորտի մասին շատ բան իմանալ, նույնիսկ այնպիսի մանրուքներ, որոնք անգամ ֆունդամենտալ գիտնականը չգիտի, բայց լուծումներ փնտրելիս, ծրագրեր կազմելիս լրագրողը միշտ ուղղորդվելու է այլ տրամաբանությամբ:

Գիտնականը որոշում կկայացնի հաշվարկների, իսկ լրագրողը՝ տպավորությունների հիման վրա:

Եվ հիմա ես տեսնում եմ, որ մեզ մոտ որոշումները կայացվում են հենց տպավորությունների հիման վրա:

Ջնջեցիք մեր մասնագիտությունը: Բայց համաձայն եմ, քիչ-քիչ գիտենք ամեն ինչից ու սիրում ենք խոսել, անգամ շատախոսել:

Ազգագրագետները հաճախ են հայտնվում նույն իրավիճակում: Դա ասում եմ՝ նաև ինձ հաշվի առնելով: Երբ լրիվ նոր թեմայով հետազոտություն ենք անում, զգում եմ, որ տասն օր հետո թեմայի փորձագետները սկսում են ինձ հետ խոսել հավասարի պես:

Հասկանում եմ, որ շատ արագ եմ տիրապետում թեմային, բայց եթե ինձ ասեն, որ պետք է գյուղատնտեսական ծրագիր գրեմ, պարզ է, որ չեմ կարող անել, թեև բազմաթիվ բաներ ենք քննարկել տարբեր գյուղտնտեսների հետ, ու ինձ ընդունել են որպես գիտակի:

Լրագրողի մոտ տարբեր հարցազրույցների միջոցով պատրանք է ստեղծվում, որ նա դարձել է ոլորտի մասնագետ:

Երևի ինֆորմացիայի դասավորման տարբեր մոտեցումներ են: Կամ պետք է իրարից բխող պնդումներ անել, կամ գտնել կապեր, որոնք կարող են լինել նաև տպավորությունների ու մանրուքների տեսքով:

Ոչ միայն դասավորման հարց է: Նաև այն, որ մենք՝ գիտնականներս, միշտ ուշանում ենք:

Որպեսզի կարողանաս որևէ գիտական հետազոտություն անել, ժամանակ է պետք: Չես կարող նստել ու իրար կցելով տարբեր մտքեր, վազելով հոդված գրել: Պիտի հազար բան համեմատես, համադրես, չափես-ձևես, ավելացնես ու այլն:

Գիտական մոտեցումը շատ հստակ գծում է սահմանները, թե ինչը իրավունք չունես անելու: Իսկ լրագրողն ունի լրիվ հակառակ խնդիր՝ նա պետք է կապեր գտնի ու ցույց տա կապեր երբեմն նաև այն տեղերում, որտեղ կապեր չկան: Դա անհրաժեշտ է, որ տեքստը լինի համոզիչ:

Եվ այս պարագայում, երբ իշխանությունները հաճախ խոսում են պոպուլիստական ոճով (ոչ վատ իմաստով, այլ հասկանալի լինելու ցանկությամբ), նրանք դա անում են լրագրողի տրամաբանությամբ:

Բերում են կապեր, որոնք այնպես չեն գործում, ինչպես իրենք են պատկերացնում ու ներկայացնում: Եվ լավ կլինի, որ նրանք չխոսեն ամեն առիթներով, այլ տեղ տան մասնագետներին:

Գիտակցված մասնագիտական խոսքի, կուռ ինստիտուցիաների գոյության հասարակական պահանջի ստեղծումը նաև մեդիայի խնդիրն է: Որպեսզի ամեն ինչը կախված չլինի անձերից ու նրանց փրկության տեսիլքի ամրագրումից:

Ճիշտ է, հիմնական խնդիրը կրթությունն է, բայց այսօրվա հիբրիդային աշխարհում մեդիան մեծ դեր ունի:

Բայց այդ դերի գիտակցումը նախևառաջ չկա մեդիա ոլորտի մասնագետների մոտ, որպեսզի կարողանան հասարակական պահանջը արտացոլել և տեղ հասցնել:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *