2020.05.04,

Տեսակետ

«Համերգ հեռարձակելը երբեք ճիշտ քայլ չեմ համարել»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ինքնամեկուսացումը շատերի համար առիթ է՝ մի նոր բան որոնելու, փորձարկելու կամ պարզապես դադար վերցնելու: Հաճախ նաև՝ բարկանալու կամ տխրելու, որ խախտվեց բնականոն կյանքի ռեժիմն ու ձախողվեցին պլանները:

«Հովեր» կամերային երգչախմբի հիմնադիր և ղեկավար, Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն այն մարդկանցից է, որը վաղուց ու հաճույքով փորձում է գտնել նոր ֆորմատներ: Օրինակ, տարիներ առաջ «Հովերը» խաղաց (իսկապես խաղաց, ոչ միայն երգեց) թատերական ներկայացում՝ փորձելով գտնել բեմական նոր լեզու, ինչը, ճիշտն ասած, քչերն են հանդգնում անել:

Սոնա Հովհաննիսյանը բծախնդիր երաժիշտ է և չի շտապում հավասարության նշան դնել կենդանի կատարման ու ուղիղ հեռարձակման միջև:

Նա ասում է, որ  կատարողական արվեստը հիմա ամենուր փնտրում է նոր ձևաչափեր՝ պատրաստվում ու հրապարակվում են կարճ ֆիլմեր, տեսանյութեր կամ անիմացիա: Համերգներ կազմակերպում՝ թեկուզ առանց հանդիսատեսի: 

Երևի տխուր ու անբնական է ելույթ ունենալ առանց հանդիսատեսի, երբ չկա կենդանի արձագանք, երկխոսություն իրական ժամանակում:

Կյանքը ստիպեց, որ շատ երաժիշտներ հանդես գան համերգներով առանց հանդիսատեսի: Բայց քանի որ մենք երգչախումբ ենք, արտակարգ իրավիճակում չենք կարող ողջ կազմով ելույթներ ունենալ: Հիմա աշխատում ենք ավելի թույլ ռեժիմով: 

Բայց կարծում եմ, հիմա էլ կարելի է հազար ու մի ձև մտածել, դա երևակայության հարց է:

Ապրիլի 24-ին կազմակերպած ուղիղ հեռարձակում-մարաթոնը շատերը դիտեցին: Ու միտք առաջացավ, թե որքան բազմազան ու հարուստ երաժշտական պաշար ունենք, բայց եթերում միշտ լսում ենք նույն փոփը: Դա շրջադարձայի՞ն համերգ էր: 

Ինձ թվում է, որ այն ամենը, ինչը ջրի երեսին է, մի տեսակ պաշարված է: 

Տեսնում եմ, որ ցուցադրվում ու հայտնվում են եթերում այն մարդիկ, որոնք կարծես խմբավորված պաշարել են մեդիա դաշտը, որտեղ ակադեմիական երաժիշտներն անգամ փորձ չեն անում մտնելու:

Կարծում եմ, որ եթերն ունի իր հստակ օրենքները, որոնք հակասության մեջ են համերգային տեսակի ձևաչափի հետ:

Անգամ ամենաբարձրակարգ համերգը, հեռարձակվելով որպես մաքուր համերգ, անպայման տուժում է:

Նույնիսկ դառնում է հակագովազդ, քանի որ մաքուր համերգ հեռարձակելը երբեք ճիշտ քայլ չեմ համարել: Ոչ նախկինում, ոչ հիմա:

Համերգային դահլիճն իր օրենքներն ունի, եթերն՝ իր: 

Եվ եթե ուզում ենք ստանալ հետաքրքիր ու թարմ արտադրանք՝ այդ երկուսի օրենքները պետք է հարգվեն: Այդ դեպքում կստեղծվի մի երրորդ տեսակի պրոդուկցիա, որն իսկապես հետաքրքիր կլինի դիտել թե՛ պարզ հանդիսատեսին, թե՛ քմահաճ պրոֆեսիոնալին: Դա կլինի նյութ, որը գրավում է ուշադրությունը: 

Չեմ ասում, որ պիտի աճպարարություններ անենք և ամեն ինչը վիզուալիզացնենք: Ի վերջո, երաժշտական արվեստը շատ աբստրակտ է, և յուրաքանչյուր մարդ իր երևակայությամբ է ընկալում, պատկերացնում երաժշտությունը, ազդվում դրանից: Այն պահանջում է անհատական, այսինքն, տարբեր ընկալում: 

Մեր արվեստի հմայքը հենց աբստրակտ լինելն է:

Եվ երբ համերգային դահլիճներում անընդհատ էկրաններ ենք տեսնում՝ հոգնածություն ենք զգում: Նաև հոգնում ենք, երբ անընդհատ տեսնում ենք այս կամ այն համերգի հեռարձակումը դահլիճից: Դա հանդիսատեսի համար համոզիչ չէ: 

Կարծում եմ, որ պետք է փոխվի նաև այսօրվա բեմը: Կարիք կա համերգը դարձնելու ավելի ժամանակակից, միգուցե թարմ լուծումներով, փոքր շտրիխներով, լուսային հնարքներով և այլն: 

Իսկ հիմա մեզ կարծես գցում են բեմ, որտեղ մերկ ենք: Այսինքն, առանց հատուկ լուսավորության կամ ձայնային ռեժիսուրայի:

Կարելի՞ է ասել, որ բեմից եթեր տեղափոխումը ստացվեց մեխանիկական: 

Պահանջն ընդամենը այն էր, որ ընտրությունը լինի այդ օրվան համահունչ և փոքր կազմերով՝ հինգ մարդուց ոչ ավելի: Իհարկե, տուժեցին մեծ նվագախմբերը, կամերային խմբերն ու երգաչախմբերը: Բարդ է ելույթ ունենալ փոքրացված խմբերով, մանավանդ, երբ երկար ժամանակ փորձեր էլ չես արել: 

Ընդհանրապես, շատ կարևոր է, որ երգեցիկ խմբերը երբեք չերգեն փողոցներում, քանի որ դա ակուստիկ արվեստի ձև է, որը սիրում է կամար, արձագանք: Եվ հնչողությունը ձայների ձուլումներից առաջացող երևույթ է: 

Իսկ երբ առանձին միկրոֆոններով ենք երգում, դառնում ենք սոլիստների խումբ: Խախտվում է համաձուլվածքը, և մեր աշխատանքը բոլորովին տեղ չի հասնում:

Էլ չասեմ խոտանի մասին, որն, իհարկե, ինձ համար ցավալի է, բայց ուղիղ հեռարձակման ժամանակ նաև՝ հասկանալի: Մեր ելույթի որակը ընկավ, բայց ինչևէ, հասկանալի է, որ հիմա ինչ-որ կերպ փորձում ենք լինել ճկուն ու հարմարվել արտակարգ իրավիճակի պայմաններին:

Կարծում եմ, որ ամեն տեսակի արվեստ պետք է զարգանա իր օրենքների համաձայն, և կարողանանք հարգել հենց այդ օրենքները:

Իսկ տեղափոխությունները մեկ դաշտից մյուս լինեն շատ մտածված ու պրոֆեսիոնալ: 

Մենք չունենք այնպիսի ձայնային օպերատորներ, որոնք կկարողանան ապահովել ցանկալի արդյունք: Իսկ դա շատ արդիական է:

Վերջերս մեզ հրավիրեցին Հանրային հեռուստատեսություն, բայց ես հրաժարվեցի: Եվ ոչ թե այն պատճառով, որ մեծամիտ եմ ու գերբնական պայմաններ են պահանջում, այլ որովհետև համոզված եմ, որ այնտեղ չկա ձայնային օպերատորի բավարար պրոֆեսիոնալիզմ: Եվ հանկարծ կարող է հնչել այնպիսի բան, որը բացարձակապես կապ չունի մեր աշխատանքի հետ:

Ինչպե՞ս ասեմ… Մեր արվեստը ձեռակերտ է:

Բոլոր ակադեմիական երաժիշտների դժվարությունը հիմա, այդ թվում նաև Կոնսերվատորիայի, այն է, որ մենք հենց ներկա պահին միջավայր ստեղծող օրգանիզմ ենք: 

Այդ «ձեռակերտ» բառը, hand made-ը, հենց մեզ համար է ասված: 

Կարելի է արտադրել այս կամ այն մասսայական ապրանքը, բայց միևնույն է թանկը վարպետի ձեռքի ջերմությամբ ստեղծված որևէ բանն է: Դա մի հատիկ է, եզակի է: 

Այս առումով, մենք նուրբ օրգանիզմ ենք և իհարկե փորձում ենք գտնել ձևաչափեր, որոնց օգնությամբ կարելի է իրականացնել այս պայմաններում ծնված գաղափարները:

Կենդանի կատարման ժամանակ անգամ խոտանն է դառնում արժեք, երբ կարող է երգչի շունչը չհերիքել, ֆալշ նոտա հնչել և այլն:

Ամեն ինչ կարելի է անել, բայց չկաղապարվելով: Նույնիսկ սխալները բերում են նոր կենդանություն, քանի որ սրբագրված չէ, մշակված չէ: 

Իհարկե, անմիջական, անուշ տպավորությունը, որը թողնում է համերգը կամ ցանցակած կենդանի արվեստը, շատ թանկ բան է, որը նաև պետք է փայփայվի:

Իսկ ինչպե՞ս են փոխվում մարդիկ հոգեբանորեն, երբ անընդհատ գտնվում են լուրերի ճնշման տակ ու ուզում են ինքնաարտահայտվել: 

Երևի մինչև համավարակն էլ շատերս զգում էինք, որ այս արագության մոլուցքը՝ տեմպիզմը, մի բանով պիտի արգելակվեր: Մի ահավոր տեմպ էր, խրախուսվում էր որքան հնարավոր է շատ համերգներ թողարկելը, անընդհատ քանակություն ապահովելը: 

Ես համոզված էի, որ ինչ-որ կերպ մեր այս կյանքի ռիթմն արգելակվելու է, որովհետև մարդը պիտի ներքին կուտակում ունենա, որ կարողանա համերգների մաս լինել:

Ցանկացած որակյալ բան ժամանակ է պահանջում: 

Հաճախ լսում ենք, որ առաջադեմը գերլարված ու գերակտիվ մարդն է, որն ամեն ինչի մասին տեղյակ է ու ամեն ինչին արագ արձագանքում է: Ճիշտն ասած, ինձ համար այս մոտեցումը խորթ է: Չի ստացվի ամեն առիթով խոսել թեկուզ միայն այն պատճառով, որ դա լավ բան չէ:

Չի կարելի տեմպը դարձնել նորմա:

Իհարկե, սոցցանցերում արձագանքում ենք, երբ ունենք դրա ցանկությունը, բայց համերգն ու արվեստի արտադրանք թողարկելը լրիվ այլ պրոցես է: Պիտի շատ մտածված լինի, ներքին դրամատուրգիայի կառուցմամբ:

Կոնսերվատորիան երևի ամենից շատ խնդիրներ ունեցող բուհն է՝ հեռավար կրթության պայմաններում:

Շատ բարդ է, քանի որ կոնսերվատորիայի յուրահատկությունը կենդանի շփման արվեստ ձևավորվելն է: 

Մենք ամեն մի նոտայի վրա դողում ենք, իսկ այդ նոտան՝ մտնելով համակարգիչ, դառնում է բոլորովին ուրիշ մի բան: 

Դասավանդողները կարգավորում ու մարզում են երգչի կամ երաժշտի յուրաքանչյուր մկանն անհատապես:

Իսկ հիմա կարծես այդ նուրբ աշխատանքը անում ենք ծանր կոշիկներ հագած:

Տեսական առարկաներն ու կոմպոզիցիան ինչ-որ կերպ հնարավոր է կազմակերպել հեռավար, բայց մեր կրթական համակարգի մի մեծ մասը կատարողական մասնագիտացումներն են, որոնք, իհարկե, շատ են տուժում:

Բայց փորձում ենք գտնել միջանկյալ լուծումներ ու այս կիսամյակում շեշտը դնում ենք ավելի շատ տեսական գիտելիքի վրա: Բարդություններ ունենք նաև մեծահասակ դասախոսների հետ, որոնք շատ հեռու են ժամանակակից տեխնոլոգիաներից: Խնդիրները շատ են:

Հուսով եմ, որ կկարողանանք ընտելանալ այս վիճակին ու զգուշորեն վերադառնալ մեր ռիթմին:

Այս դադարը, կարծում եմ, բոլորիս պետք էր՝ հոգեբանորեն անդրադառնալու, վերարժևորելու, կարգավորելու մեր կյանքի ճիշտն ու սխալը: Ամեն ինչը…

Հաստատ կրթությունը չի լինելու նույնը՝ դպրոցից սկսած: Կստացվի՞ դուրս գալ իներցիայից ու ընդունել, որ լիքը խնդիրներ ունենք, այլ ոչ թե ձևացնենք, որ սովորում կամ սովորեցնում ենք:

Կարծում եմ, էլի շարունակում ենք ձևացնել: Հիմա շատերը չեն ուզում սովորել՝ պատճառաբանելով, որ հեռավար ուսուցումը լիարժեք և պրոֆեսիոնալ չէ: Բայց այդպես մտածելը առնվազն այս պահին օգտակար չէ, էլ չասած բարոյական կողմի մասին:

Այո, դասընթացները շատ դեպքերում լիարժեք չեն, բայց դա չի կարող դառնալ գործ չանելու պատճառ:

Եվ այդ շահարկումները երկուստեք են՝  թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների կողմից: Ի վերջո, խնդիրները տեսանելի են բոլորիս համար:

Բոլորս հասկանում ենք, որ դպրոցն ու բուհը միայն գիտելիք ու մաքուր ինֆորմացիա չեն, նաև միջավայր են, տեղ, որտեղ սովորում ենք իրար հետ շփվել: Հեռավար կրթությունը չի կարող փոխարինել ամեն ինչը: Օրինակ, ամփոփիչ քննությունների անցկացումը:

Ինքնամեկուսացման պայմաններում շատերը տնային համերգներ են հեռարձակում, երգում՝ լայվ, բացում արխիվները: Դա օգնու՞մ է լավ երաժշտությունը դարձնել նորաձև:

Եթե այդպես է երևում, ուրեմն լավ է: Բայց արատավորն այն է, որ երգել չիմացողները սկսում են երգել, նվագել չիմացողները՝ նվագել: Ամեն ինչ խառնվում է: Հասկանալի է, որ մարդիկ ինչ-որ ձևով ինքնաարտահայտվում են:

Հիշում եմ, որ կար ժամանակ, երբ բանաստեղծություն գրելը համարվում էր կիրթ մարդու հատկանիշ: Դա բնավ չէր նշանակում, որ բանաստեղություն գրողը պոետ է, կարևոր էր փորձել ու կարողանալ դա անել՝ որպես բարեկիրթ մարդ:

Դա վարժություն էր, ինչպես մաթեմատիկական խնդրի լուծումը:

Ես վստահ եմ, որ մեզ անհրաժեշտ է մշակել կրթական համակարգի համար արվեստի դասավանդման մեթոդաբանություն: Եվ սկսել դա դպրոցներից:

Ոչ թե շարունակել գոյություն ունեցող սարսափելի երգի դասերը, որոնք արդեն մանուկ հասակում ստեղծում են հակակրանք՝ բոլոր տեսակի երաժիշտների նկատմամբ: 

Երեխաները ժամերով նստում են՝ լսելով ֆիզիկա, քիմիա, հայոց լեզու, այսինքն՝ անընդհատ բառեր ու տեքստեր են կարդում, հետո նրանց ասում են՝ դե, երգիր: Եվ այս՝ մի վիճակից մյուսին անցնելու սարթ սահմանը (միայն մեկ առարկայով) ուղղակի վանում է երեխաներին: 

Արվեստը, հայտնվելով ճշգրիտ գիտությունների կողքին, շատ լուրջ ձևով ազդում է ներաշխարհի վրա: Պիտի կարողանանք տարալուծել գեղագիտությունը առարկաների մեջ: 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “«Համերգ հեռարձակելը երբեք ճիշտ քայլ չեմ համարել»”
  1. Յուրաքանյուր մարդ իրավունք ունի մեդիադաշտում ներկայանալու’ անկախ նրանից’ այդ տխրահռչակ “ակադեմիական” շրջանակներն ընդունում են, թե ոչ:
    Եվ, շատ հաճախ այդ մի կողմ շպրտված մարդիկ շատ ավելի շնորհալի եւ տաղանդավոր են, քան ենթադրում եք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *