Էքստրեմալ պայմաններում չգիտես ինչու, ուզում ենք ավելի շուտ կարդալ մաքուր, բյուրեղացված տեքստեր, քան տեղեկությունների թողարկումներ այն մասին, թե որքան բարդ է ու անհայտ, թե ինչ է լինելու և ինչ պիտի անենք:
Ուզում ենք ավելի շուտ պոեզիա, ոչ՝ լրահոս:
Միգուցե դա ինքնապաշտպանական բնազդ է: Կամ փաստ, որ լսարանն ավելի խորքային-ընդերքային ու տարբերվող բան է ուզում, քան կարող է իրեն տալ շատախոս ու կանխատեսելի լրատվական դաշտը:
Մհեր Արշակյանը լրագրող է, հրապարակախոս, բայց առաջին հերթին բանաստեղծ է, որն արտակարգ դրության պայմաններում ավելի մեծ հաճույքով գրում է բանաստեղծություններ:
Գրողի ու չգրողի մասին, օրինակ, նա այսպես է գրել իր ֆեյսբուքյան էջում.
«Գրել չկարողացողը վատ գրողից շահեկան վիճակում է: Առաջինը կարող է պատրանք ստեղծել, որ կարող է լավ գրել: Երկրորդը դրա հնարավորությունը չունի»:
Մհեր Արշակյանն, իհարկե աշխատում է որպես լրագրող, բայց իր խոսքերով՝ արդեն առանց նախկին ու սովորոկան լարվածության:
Լարված իրավիճակ է, քանի որ մարդիկ դուրս են մնացել այն աշխատանքային ու կենսական ռիթմից, որին սովոր էին: Հնարավո՞ր է, որ սա առիթ է կյանքը վերանայելու:
Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ այս կորոնավիրուսից առաջացած ինքնամեկուսացումը նվեր չէ: Երբ անընդհատ լարված աշխատում ես, երազում ես, որ քեզ կտրվի նաև հանգստի հնարավորություն: Բայց այս հանգիստը մի տեսակ չվաստակած է:
Այսինքն, մարդը չի կարող վայելել այս հանգիստը, որովհետև այս հնարավորության մեջ տագնապ կա:
Ոչ ոք հանգստի պահին չի մտածում, որ կարող է վարակվել կորոնավիրուսով, հիվանդանալ քաղցկեղով կամ այլ մի պայմանական բարդ հիվանդությամբ: Իսկ հիմա մարդիկ արձակուրդում են, բայց վախով են արձակուրդում:
Եվ ոչ ոք չի կարող թուլանալ և վայելել հանգիստը:
Մեծանում է նաև սխալվելու հնարավորությունը: Այդ թվում նաև լրագրողների մոտ:
Ճիշտն ասած, կարծում եմ, որ իսկական լրագրողը միշտ գիտե, թե ինչ անել: Եվ կորոնավիրուսը լրագրողին չի շփոթեցնում: Երևի կարող է շփոթեցնել բոլորին, բայց ոչ լրագրողներին:
Հիմա ավելի շատ մարդիկ ուզում են կարդալ այն, ինչն իրենց կմոտեցնի կարանտինի ավարտին:
Այսինքն, բոլորն ուզում են տեղեկանալ, որ բուժվածներն ավելի շատ են, քան վարակվածները, մահեր չկան և ինչպես ասում են՝ իրավիճակը վերահսկվում է:
Կորոնավիրուսը բոլորին դարձրել է մեկ հիվանդության մասին լուրերի սպառող:
Շատերի մոտ կա նաև ցանկություն՝ անընդհատ ինչ-որ բան սոցցանցերում գրելու, քննարկելու, ինքնարտահայտվելու: Շատախոսությունը ավելացե՞լ է:
Ինձ մոտ կա այդ շատախոսությունը, ավելի շատ եմ գրում: Գրեթե ամեն օր էսսե կամ բանաստեղծություն եմ գրում, ինչը չլսված բան է ինձ համար: Եվ նույնիսկ ինքս էլ չեմ ողջունում դա: Բայց փաստ է, շատ ենք գրում:
Եթե գալիս է գրելու ցանկությունը, պիտի գրվի: Էսսեները ծնվում են ուղղակի ընթացքից՝ փողոցում քայլելիս կամ թեյ խմելիս: Անսպասելի են գալիս:
Օրինակ, հիմա գրում եմ էսսե, որը կոչվում է «Վերադառնա՞լ, թե՞ հետ դառնալ»: Եվ պարզվում է, որ դրանք բոլորովին տարբեր բաներ են: Վերադառնալ կարող է, ասենք, անառակ որդին, իսկ հետ դառնալ… մեզանից յուրաքանչյուրը:
Հետ դառնալու մեջ կարծես բովանդակություն չկա, իսկ վերադարձի մեջ բովանդակություն կա:
Բոլորս մի քիչ փիլիսոփա ենք դարձել: Իմաստավորել ու արտահայտվել ենք ուզում:
Այո, որովհետև առաջին անգամ մարդկանց, այսպես ասած, ցույց տվեցին մահվան տեղը: Իսկ երբ երևում է մահվան տեղը, մարդիկ փիլիսոփայաբար են մոտենում կյանքին:
Հիմա երբ չկա գրելու մենաշնորհ, և գրող են բոլորը, փոխվու՞մ են հեղինակությունները:
Թեև հիմա աշխարհում հեղինակությունները բժիշկներն են, բայց ինձ համար հեղինակությունները պոետներն են:
Հրապարակախոսական նյութերը երբեք էլ մեծ հաճույքով չեմ գրում: Իսկ բանաստեղծությունը միշտ գրվում է մի այլ հաճույքով, ինչպես ասում են՝ կարծես չորս ոտքով մտած ես սուրբ ջրի մեջ:
Նկատել եմ, որ հիմա շատերը ձգտում են ավարտուն ֆորմաների տեքստեր կարդալ: Գիտեն, որ պոեզիայից ստացած ազդակներն անհայտ են և դրանով ավելի ցանկալի, քան լրահոսը:
Մարդկանց կարծես տրվել է ժամանակ՝ մտածելու: Եվ ինչի՞ մասին պիտի մտածեն: Միանալով լուրերին՝ անընդհատ կարդա՞լ այսինիչի մահի կամ նավթի գնի մասին:
Լուրերը փոխանցում են տագնապներ, իսկ մարդն ուզում է շեղվել տագնապից:
Ինքնամեկուսացումից շեղվել չես կարող անընդհատ հեռուստացույց դիտելով կամ հարազատի դեմքին նայելով: Իհարկե, կարող ես, ասենք, ձգտել մասնագիտական գրականություն կարդալ, բայց դա չի կարող երկար տևել:
Իսկ պոեզիան ազատություն է տալիս: Այսպես ասած՝ ուզում ես ազատ շփում տառերի հետ, որոնց մեջ ազատ բովանդակություն կա:
Դա ընթերցանություն է, որի ընթացքում չես փնտրում տեղեկատվություն: Փնտրում ես մի բան, որից ևս կարող ես հայացքդ թեքել, շեղել, նորից վերադառնալ:
Սովորաբար չենք ուզում շեղվել՝ հասկանալով, որ շեղվելու դեպքում կկորցնենք տվյալ նյութի հետ ինֆորմացիոն կապը: Իսկ պոեզիան այլ բան է:
Թակա՞րդ:
Հավանաբար, ոչ թե թակարդ է, այլ պարզության հնարավորություն:
Իսկ դասական լրատվամիջոցները զգու՞մ են, որ հասունացել է ուրիշ խոսքի կարիք: Տպավորություն է, որ լսարանը մի քանի քայլ ավելի առաջ է, քան նրան առաջարկվող լրատվական խոսքի կառույցները:
Չեմ կարծում, որ զգում են: Հավանաբար դրա բացատրությունն այն է, որ փոքր պահանջեր ունեցող երկիր ենք: Միգուցե ավելի մեծ երկրներում դա արտահայտվում է այլ կերպ, իսկ մենք կարծես մտածում ենք, որ շատ քիչ ենք, որպեսզի մտածենք մեծ բաների մասին:
Ավելի շուտ մտածում ենք, թե այս քիչը ոնց է ապրելու, պահպանվելու: Իսկ պոեզիան ինքնապահպանության ամենաուղղակի կամ ամենակատարյալ ազդակը չէ:
Այս կորոնավիրուսը մի քանի նոր բան տվեց մեզ՝ ինքնամփոփություն, ինքդ քո մասին մտածելու ցանկություն: Ինչ-որ բան ավելացրեց մեզ:
Ավելի շուտ ավելացրեց, քան խլեց:
Շատ մոդայիկ է հարցը՝ ի՞նչ կանեք կորոնավիրուսից հետո: Այսինքն, էլի ցանկություն կա պլանավորելու, հետոյի մասին մտածելու:
Ճիշտն ասած, ես այն մարդկանցից չեմ, որոնք անհամբեր սպասում են կարանտինի ավարտին: Եվ այդ հարցի մասին չեմ մտածել: Հավանաբար, մի քիչ ավելի երկար կքայլեմ:
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: