2019.05.07,

Տեսակետ

«Կյանքի ու բեմի լեզուն հեռացել են իրարից ու առաջացել է սուտ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը երկար ժամանակ գտնվում էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Բայց պատճառը ոչ թե բեմադրություններն էին, այլ ետնաբեմում տեղի ունեցող պայքարը, նշանակումները, հրաժարականները, հետո լուրերը լուծարման հրամանի մասին:

Այն, ինչը տեղի ունեցավ թատրոնի հետ, իսկական դրամա էր, որը հանգիստ կարող էր դառնալ հումք վավերագրական բեմադրության համար:

Հեռացավ նախորդ գեղարվեստական ղեկավարը, մշակույթի նախարարը ասաց, որ թյուրըմբռնում է եղել, ու թատրոնը չի լուծարվում, ինչի արդյունքում թատրոնը նոր ղեկավար ու տնօրեն ընտրեց (ինքնուրույն) և ոգևորությամբ անցավ գործի: Այսինքն, բեմադրությունների:

Թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ասում է. «Թատրոնին օդի պես է պետք ազատությունը, որը ստեղծագործելու հող է: Գեղարվեստական ղեկավարն ընդամենը օգնում է, որ լավ մարդիկ իրար հանդիպեն ու բոլորովին չի խառնվում ստեղծագործելու պրոցեսին»:

Վերջերս Նարինե Գրիգորյանը բեմադրեց «Հաղթանակի գենեզիս» վավերագրական ներկայացումը, որը շատ թանկ փորձ է թատրոնի համար՝ հավաքագրելու, մշակելու իրական մարդկանց իրական հիշողությունները:

Դերասաններն իրենց իսկ հուշերը կատարում են որպես դեր: Դա սթափեցնող ու էմոցիոնալ քայլ է՝ դուրս գալու կեղծ հնչերանգից ու խոսելու առաջին դեմքով:

Փաստն ու թատրոնը միացան, որպեսզի ծնվի երկխոսությունը:

Մեդիան ուշադրությունը սևեռեց թատրոնի վրա, ու թատրոնը սկսեց աշխատել այնպես, ինչպես չէր աշխատել երբեք: Այդպիսի տպավորություն է հիմա, երբ թատրոնը ընտրեց իր ղեկավարին, ալլ ոչ թե լուռ ընդունեց հրամանը:

Մեդիան նպաստեց, որ մարդկանց ուշադրությունը ու սերը թատրոնի նկատմամբ աճի:

Միգուցե հենց մեդիայի շնորհիվ մենք բոլորս հասկացանք, որ շատ կարևոր, անհրաժեշտ թատրոն ենք ու ունենք շատ հետևորդներ, որոնք նույնիսկ ուզում էին ֆլեշմոբ անել, տոմսեր գնել ու գնալ թատրոն՝ ներկայացում դիտելու:

Թատրոնի աշխատանքում կարևոր է ռիթմը, որը հիմա գտել ենք ու արդեն հայտարարել ենք յոթ նոր պրեմիերաների մասին:

Իհարկե, այս ամենը տեղի ունեցավ մեդիայի աղմուկի շնորհիվ: Ես էլ բացի նրանից, որ երբեք չէի եղել թատրոնի գեղարվեստական ղեկավար, նաև չէի հայտնվել այդքան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Երեք ամիս շարունակ մենք լրահոսում էինք, և բոլորը մեր կողքին էին:

Թատրոնը լրահոսում կարծես ազատամարտիկ լիներ:

Մեծագույն սխալը սկսվեց, երբ մեզ ասվեց՝ դուք ընդամենը դերասաններ եք ու պիտի ենթարկվեք:

Ոչ մի խոսքի ու արարքի համար մենք չենք ափսոսում:

Նույնիսկ խնդրում էինք մեր թատրոնի միաժամանակ տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանին՝ դուրս եկեք թատրոնից, քանի որ մենք չենք ուզում մտնել մեդիա դաշտ: Բայց նրա հետ երկխոսություն երբեք չէր ստացվում: Դիմեցինք նախարարություն՝ որոշելով, որ մամուլին կդիմենք ծայրահեղ դեպքում ու որքան հնարավոր է նրբորեն: Դա մեր նախապայմանն էր:

Բայց առաջինը մամուլին դիմեց Չալդրանյանը՝ մեզ անվանելով «տեռորիստներ», որոնք ինքնաթիռ են մտել ու ուզում են այն գրավել: Ամենանյարդայնացնողը իրականում այն էր, որ մեզ հետ ոչ ոք բացարձակապես չէր պատրաստվում հաշվի նստել: Ու երբ մեզ ասացին, որ ուզում են ներկայացնել նոր գեղարվեստական ղեկավարին, հրավիրեցինք մամուլի ասուլիս:

Եվ այդտեղից սկսեց բացվել, զարգանալ լրատվական կծիկը, հայտնվեցին նաև մանիպուլյատիվ նյութեր:

Որո՞նք են ժամանակակից թատրոնի նշանները:

Կարծում եմ՝ առաջին հերթին դրամատուրգիան: Երբեմն տպավորություն է, որ մեր թատրոնները լավ չեն ճանաչում ժամանակակից թատերագիրներին ու անընդհատ նույն պիեսներն են բեմադրում: Մեկը մի բան է բեմադրում, մյուսները անում են նույնը:

Ինքս միշտ պայքարել եմ ժամանակակից դրամաներ բեմադրելու համար ու քանի որ հիմա հնարավորություն է ընձեռվել, անելու ենք:

Իրականում, հեղափոխությունը թատրոնում ցանկալի չէ: Դերասանները կտրուկ քայլերից միայն վատ են իրենց զգալու: Պարզապես թատրոնը իր ֆորմայով պետք է ժամանակակից լինի:

Կարո՞ղ է փոխվել խաղացանկային մոդելը, երբ ներկայացումները ապրում են տարիներով ու անփոփոխ:

Կարծում եմ, ժամանակն ու տարածությունն է թելադրում խաղացանկը: Մեծ քաղաքներում թատրոնները կարող են իրենց թույլ տալ մեկ ներկայացումը խաղալ տարիներով, բայց մեզ մոտ այդպես աշխատելը, կարծում եմ, ամոթ է:

Փոքր քաղաքում մոտավորապես գիտես, թե որն է քո հանդիսատեսը, երբ է հարկավոր խաղալ և երբ դադարել խաղալ:

Հիմա տեսնում եմ, որ մի թատրոնում որոշում են խաղալ «Պատվի համար»-ը, հետո նույն գործը բեմադրում է մյուսը, կարծես աշխարհում ուրիշ պիես չկա: Ի վերջո, 16 թատրոն կա՝ քիթ քթի կպած, իսկ ժամանակակից դրամատուրգիան անծայր է:

Իհարկե, իմ ձայնը տաք տեղից է գալիս, քանի որ աշխատել եմ ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանի հետ, որը հինգ լեզու գիտի, նոր պիեսներից տեղյակ է, հետևում, ընտրում ու թարգմանում է:

Նոր դրամատուրգիական կառույցի օրինակ էր «Հաղթանակի գենեզիս» վավերագրական բեմադրությունը, որը թարմ ու հետաքրքիր գործ է: Ես միշտ մտածել եմ, որ մեզ պակասում է իրական նյութերի մուտքը բեմ: Թեկուզ որպես դեպքերի դայջեսթ, որը կբեմականացվի կարճ ժամանակով ու կլինի արդիական թեմաներով:

«Հաղթանակի գենեզիս»-ը շատ երկար է նախապատրաստվել: Սառա Նալբանդյանը սկզբից գրել էր պիես՝ հարցազրույցներ անելով տարբեր մարդկանց հետ 1990-ականների մասին: Դա պիտի լիներ վերբատիմ ոճի ներկայացում, երբ մարդկանց իրական հուշերը բեմում ներկայացնում են դերասանները:

Բայց տեղի ունեցավ տարօրինակ բան. մենք դերասաններով կարդացինք պիեսը ու անցանք մեր սեփական հուշերին: Պատմեցինք իրար մեր պատմությունները, որոնք ավելի հարազատ էին մեզ: Եվ քանի որ դրանք այնքան շատ էին ու ոչ համակարգված (մեկը մի բան էր պատմում, մյուսը շարունակում էր), մեր աշխատանքը երկարեց ու թվում էր, որ հուշերի փոխանակումը անվերջ պրոցես է:

Դերասանների համար կարևոր էին իրենց իրական հուշերը:

Հասկանալի է, որ եթե ավելի լայն շրջանակի հուշերը հավաքեինք, ավելի ամուր դրամատուրգիական հիմք կլիներ, քանի որ ավելի հետաքրքիր ճակատագրեր կան: Բայց դերասանները կտրականապես դեմ էին, որ իրենց հիշողություններին խառնվեն դրվագներ, որոնք իրենք չեն վերապրել, անգամ երբ դրամատուրգը ուզում էր մի քիչ «ծաղկացնել» տեքստը:

Սառան նորից վերափոխեց պիեսը, և մնացին միայն այն հուշերը, որոնք մերն են, և ոչինչ հնարված չէ: Մենք ենք ու մեր հուշերը. Արման Նավասարդյանը՝ Շամշադինից, Վարշամ Գևորգյանը՝ Երևանից ու ես՝ Արցախից:

«Հաղթանակի գենեզիս»-ի աշխատանքը սկսվել էր երկու տարի առաջ, բայց ավարտին չէր հասնում, անընդհատ հետաձգվում էր, սառեցվում: Եվ քանի որ շատ լավ գիտենք, որ կիսատ մնացած գործը մնում է որպես սպի ու անընդհատ ցավեցնում է, խորը շունչ քաշեցինք ու երբ հայտնի դարձավ, որ Չալդրանյանը հեռանում է, հենց ասուլիսի ժամանակ հայտարարեցինք պրեմիերայի մասին:

Կարծես խոստացել էինք մեդիայով ու պիտի անեինք:

Երկու տարի համարյա ոչինչ չենք արել, հիմա տարվա ընթացքում 7 պրեմիերաներ ենք նախատեսել: Ամեն ներկայացում իր ռեժիսորն ու նկարիչն է ունենալու: Սովետական մոդելը, երբ կա գլխավոր ռեժիսոր ու գլխավոր նկարիչ, վերջապես պետք է վերանա: Ամեն մարդ թարմություն է բերում:

Դոկումենտալ թատրոնի ուրիշ փորձ լինելու՞ է:

Սառան հիմա մեզ համար նոր պիես է գրում, որը հիմնված է համացանցի, անընդհատ իրար գրելու ու իրար գրածը կարդալու սովորության վրա: Մարդիկ ապրում են համացանցում, և պիեսը ստեղծվել է համացանցի բնակիչների ապրումների հիման վրա:

Հուշերի ֆորմատը թույլ է տալիս խոսել ինքնաբուխ, խճճված, «չօսլայված» մտքեր ունեցողների մասին: Այսինքն, այնպիսի մարդկանց, որոնք մեզ նման են:

Թատրոնի ու հանդիսատեսի միջև կա անջրպետ: Թատրոնը արհեստական է դառնում նաև լեզվի պատճառով, քանի որ կյանքի ու բեմի լեզուն հեռացել են իրարից ու առաջացել է սուտ: Տարբեր մեծ ու փոքր ստերը հիմա հենց թատրոնում են:

Ոչ միայն բեմից հնչող, այլև քննադատական հոդվածների լեզուն շատ խրթին է: Միգուցե այդ պատճառով էլ վանող է:

Սուտը նաև պաթոսն է: Օրինակ, թատերագիտական վերլուծություններում իմաստը հաճախ կորչում է վսեմաշուք-ճաճանչափայլ բառերի կույտի հետևում, երբ ասենք, գրում են՝ խորանի ներքո ոսկեզօծ զոլերը…

Շատ քիչ թատրոններ կան, որոնց գեղարվեստական ղեկավարը կին է: Դուք ոչ միայն ղեկավար եք, այլև պահանջված դերասան:  Կինոդերերից գո՞հ եք:

Ինչքան դեր առաջարկում են, բոլորը ողբերգական են: Կարծես կինը կինոյում պիտի անպայման տառապի. կամ լինի Եղեռն վերապրած ու մինչև հիմա Եղեռնով ապրող, կամ՝ զոհ, պատերազմի կամ հանգամանքների: Ասենք, կորցրած լինի երեխային:

Երբ դեր են առաջարկում, ասում են՝ հայ դժբախտ մայր պիտի խաղաս: Հարցնում եմ՝ ինչու՞ է հայ մայրը անպայման դժբախտ: Խնդրում եմ ռեժիսորներին գոնե բացատրել մոր դժբախտության աստիճանները: Հնարավոր է, որ մայրն ունի կամային հատկանիշներ կամ գոնե հումորի զգացում: Ոչ, ստացվում է, որ հայ մայրը միայն դժբախտ պիտի լինի:

Մի պահ անգամ զգացի, որ որքան դժբախտ մայր կա էկրանին, արդեն իմ դեմքով են:

Դա հոգնեցնող դիմակ է, և հիմա սովորաբար կատեգորիկ կերպով հրաժարվում են կատարել հերթական տառապող մոր դերը:

Ժամանակն է, որ հայ կինը կինոյում ներկայանա նաև որպես ինքնաբավ մարդ:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *