2019.02.15,

Տեսակետ

«Զգացի, որ եթե մարդիկ ինձ կարդում են, պետք է զբաղվեմ փաստերի ստուգմամբ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Տեղեկությունների ստուգումը դարձել է մեր կյանքի կարևորագույն զբաղմունքներից մեկը, անգամ կարելի է ասել՝ սուրբ պարտականությունը, քանի որ ինֆորմացիայի ահռելի շերտերից գլուխ հանելը այլևս յուրաքանչյուրի գործն է:

Եվ դա լրագրությունից անջատ մասնագիտություն է, գրեթե՝ գիտություն: Նաև քաղաքական ակտիվիզմ:

Համենայնդեպս հենց այդպես է բնութագրում իր գործը Conflict Intelligence Team-ի (CIT) հետաքննական խմբի հիմնադիր Ռուսլան Լևիևը, որը փաստերի մանրակրկիտ ստուգումը համարում է առանձին տեղեկատվական միավոր՝ իր մեդոթներով ու գործիքներով:

Ռուսլան Լևիևը հայաստանցիների համար անցկացրեց «Տեղեկությունների ստուգման օնլայն գործիքներն ու տեխնոլոգիաները» դասընթացը, որը պիտի օգնի ստուգել փաստերը՝ օգտագործելով բաց աղբյուրները, տեսանյութերը, աշխարհագրական տեղանքի, օդանավերի չվերթների վերլուծությունները, անշարժ գույքի, ընկերությունների և անձերի կոռուպցիոն հետքերը:

Ռուսլան Լևիևը իրավաբան է, բայց համալսարանում սովորելու վերջին տարում որոշեց ուսումը չշարունակել. «Իրավաբանությունը Ռուսաստանում ոչինչ է, քանի որ անգամ եթե լավ մասնագետ ես ու հիանալի գիտես օրենքները, չես կարող վստահ լինել, որ կհաղթես դատարանում: Հաղթում է նա, ով ավելի շատ կապեր կամ փող ունի, այլ ոչ թե նա, ով լավ գիտի օրենքները»:

Եվ նա իր կապերը, միջոցներն ու գիտելիքները ներդնում է փաստերի ստուգումը դարձնելո համար զուգահեռ գործող օրենսդրական հարթություն: Ոչինչ հնարավոր չէ թաքցնել, եթե պատրաստ ես բոլոր թաքստոցներում որոնումներ կատարել:

Լրագրությունը կորցնում է լրահոս ձևավորելու մենաշնորհը: Լրագրողը չէ այն հեղինակությունը, որը իր նյութերով բացատրում ու բացահայտում է իրականությունը: Հայտնվում են այլ օղակներ: Օրինակ, դուք՝ ստուգողները:

Լրագրությունն ավելի շուտ ձևափոխվում է: Այո, կար ժամանակ, որ լրագրողն ու լրատվամիջոցն էին տեղեկության հիմնական աղբյուրը: Նախկինում լսարանն էր որոնում տեղեկությունն ու հետևում լրատվամիջոցին, իսկ հիմա լրատվամիջոցներն են մրցակցում են լսարանի ուշադրության համար:

Բայց մրցակցում են ոչ թե մյուս լրատվամիջոցների հետ, այլ սոցցանցերի:

Փոխվել են լրագրողների աշխատանքի առաջնահերթությունները, բայց մասնագիտությունը բնավ էլ չի զիջում իր դիրքերը և պատրաստ չէ թառամելու: Իհարկե, եթե նկատի չունենանք ասենք, Ռուսաստանը, որտեղ լրագրությունը կորցնում է իր կշիռը:

Բայց աշխարհում լրատվամիջոցներ կան, որոնք զարգացել են՝ հասնելով աներևակայելի մակարդակի:

Փաստերի ստուգումը հիմա շատ պահանջված է: Այն անջատվու՞մ լրագրությունից՝ դառնալով առանձին մասնագիտություն:

Մենք մեր գործը առանձնացնում ենք լրագրությունից, քանի որ լրագրողներն ամեն դեպքում ունեն մասնագիտական սահմանափակումներ, իսկ մենք ավելի շուտ քաղաքական ակտիվիստներ ենք, որոնք ավելի ազատ են:

Օրինակ, կարող ենք ներկայանալ տարբեր անուններով ու գտնել ինֆորմացիոն գլուխկոտրուկի տարբեր մասերը:

Նաև չենք ուզում, որ մեր գործունեությունը հարվածի տակ դնի լրագրողներին: Նրանք անում են իրենց գործը, իսկ մենք՝ մերը:

Տեխնոլոգիաների բնական զարգացումն ու տեղեկատվական հասարակության ձևավորումը փոխեցին իրավիճակը: Ինտերնետն ու սոցցանցերը դուրս են մղում լրատվամիջոցներին ինֆորմացիոն դաշտից:

Սոցցանցերը մրցակցում են լրատվամիջոցների հետ՝ ցանկանալով դառնալ մարդու համար առաջնային տեղեկատվական աղբյուր:

Բայց ի տարբերություն լրատվամիջոցների՝ մարդիկ ինտերնետում որպես կանոն փաստերի ստուգմամբ չեն մտահոգված: Նրանք դա անել չեն սովորել և դա նրանց պետք չի:

Դա է պատճառը, որ կա՛մ միտումնավոր, կա՛մ պատահականորեն հայտնվում են ֆեյքերն ու ապատեղեկատվությունը: Մեկը կարող է պարզապես սխալվել՝ հրապարակելով կեղծ տեղեկություն, իսկ մյուսը՝ դա անում է հատուկ՝ մոլորեցնելու նպատակով:

Եվ ինչպես ասենք, համոզվում ենք Ռուսաստանի օրինակով, ապատեղեկատվությունը դարձել է հզոր զենք:

Մենք բառիս բուն իմաստով տեսնում ենք, թե ինչպես են Ռուսաստանի իշխանությունները օգտագործում այս կամ նառատիվները՝ առաջ տանելու համար սեփական շահերը: Ընդ որում՝ ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև ռուսաստանյան հասարակության մեջ:

Գործի են դրվում այն նառատիվները, թե մենք Ուկրաինայում պայքարում ենք հանուն ռուսերենի, Դոնբասում կռվում ենք ֆաշիստների դեմ, իսկ Արևմուտքը փորձում է մեզ ստրակցնել:

Իհարկե, թշնամու կերպարը քարոզչության հիմքերից է: Բայց արդյոք լսարանը չի՞ փոխվում՝ ապրելով ավելի բաց տեղեկատվական միջավայրում ու ավելի արագ շփումների ռիթմով:

Այն պատճառով, որ տարիներ շարունակ ռուսաստանյան գլխավոր լրատվամիջոցներում փաստերի ստուգման պահանջ չի եղել (առանցքային ինֆորմացիան պարզապես փոխանցվում է վերևից), լրագրողներն էլ կորցրել են առաջին հերթին կասկածելու հիմնարար հմտությունը:

Ցանկացած լուր պիտի կասկածի տակ առնվի, մանրամասն ստուգվի և հրապարակվի միայն այն դեպքում, երբ հարյուր տոկոսով վստահ ես:

Կանոնը շատ պարզ է. վստահ չես, մի հրապարակի: Իսկ եթե հրապարակել ես սխալը, անպայման հերքում տեղադրի ու ներողություն խնդրի:

Մինչդեռ մենք տեսնում ենք, երբ հատկապես ռուսաստնյան դաշնային լրատվամիջոցներում հրապարակված ոչ ճիշտ ինֆորմացիան երբեք չի ուղղվում ու չի հերքվում, անգամ այն դեպքերում, երբ ապատեղեկատվությունը ապացուցվում է ու սուտը բացահայտնվում: Նույնիսկ հպարտանում են դրանով:

Ինչպե՞ս ստեղծվեց ձեր խումբը: Եվ արդյո՞ք հետաքննում ենք միայն ռուսաստանյան հետքերը:

Քանի որ մեր խմբում հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներ են, մեր հետաքրքրություններն էլ կապված են Ռուսաստանի հետ, հիմնականում ռազմական կոնֆլիկտների, որոնց մեջ այսպես թե այնպես ներգրավված ենք՝ Ուկրաինա, Սիրիա, Վենեսուելա, աֆրիկյան երկներ:

Այսինքն, հետաքննում ենք այն դեպքերը, երբ կա՛մ պատերազամում ենք, կա՛մ ունենք ռազմական ազդեցություն:

Ռուսաստանն է մեր ուշադրության կենտրում, քանի որ դա մեր հայրենիքն է ու նրա ապագան թանկ է մեզ համար: Ուզում ենք, որ մարդիկ տեսնեն, թե ինչպիսի գին ենք վճարում՝ միջազգային ասպարեզում վարելով ռազմական գործողություններ:

Ի վերջո, չես կարող զորք մտցնել այլ երկիր, հաղթել, իսկ քո երկրում միանգամից կզարգանա տնտեսությունը, ու մարդիկ կդառնան հարուստ, երջանիկ ու բարի: Ռուսաստանում սիրում են ասել, որ երկիրը այդպես կբարձրանա ծնկաչոք վիճակից:

Մենք փորձում ենք մեր նյութերում ցույց տալ, որ ցանկացած գործողություն իր լուրջ հետևանքներն է թողնում ողջ հասարակության վրա:

Ընդ որում՝ ոչ միայն իշխանությունների (ասենք, պատժամիջոցների տեսքով), այլ յուրաքանչյուրի վրա:

Հետաքրքիր է, թե ինչպե՞ս են դառնում քաղաքական ակտիվիստ: Երևի պետք է մաշկիդ վրա զգաս անարդարությունը:

Ինձ հետ հենց այդպես էլ եղավ: Երկար ժամանակ սովորական, խաղաղ ու հանգիստ քաղաքացի է, ոչ մի հավաքների չէի մասնակցնում ու ոչինչի խառնվել չէի ուզում: Պարզապես բլոգներ էի կարդում ու ուսումնասիրում էի սոցցանցերը:

Բայց 2011-ին, երբ մեզ մոտ տեղի ունեցան զանգվածային ընտրակեղծիքներ, առաջին անգամ դուրս եկա փողոց՝ մասնակցելու ընդդիմության հանրահավաքին: Եվ ինձ միանգամից ձերբակալեցին:

Ոստիկանները կոպտորեն դուրս քաշեցին ինձ մարդկանց շարքերից (ընդ որում՝ հավաքն ավարտված էր և ես տուն էի գնում) ու բանտախուց տարան՝ հայտարարելով, որ ես իբրև թե կոչ էի անում այրել բոլորին ու ամեն ինչ: Հետագայում դատարանն էլ որոշեց, որ ոստիկաններին չհավատալու հիմք չկա:

Լկտիության այդ մակարդակը ու ամենթողությունը սկզբից մեջս արթանացրեցին անասելի չարության, հետո բանտախցում գտնվելու ժամանակ տեսա, թե ինչպես են բոլորովին անծանոթ մարդիկ օգնություն հասցնում բանտարկյալներին ու ինչպես են փորձում սատարել մեզ:

Համադրելով այդ մտքերը՝ հասկացա, որ պայքարող լինելու համար անպայման չէ մարգինալ լինել, որ քաղաքական ակտիվիզմն ունի լուրջ հասարակական աջակցություն:

Հետո ծանոթացա Ալեքսեյ Նավալնու հետ, որոշ ժամանակ աշխատեցի նրա մոտ՝ անելով կոռուպցիոն բացահայտումներ և պատրաստելով վերլուծություններ նրա ընտրական շտաբի համար:

Այդ ողջ ընթացքում աճեց սոցցանցերի իմ լսարանը: Այսինքն, մարդիկ սկսեցին ինձ կարդալ: Եվ երբ տեղի ունեցան Ղրիմի բռնազավթումը և առաջին ռազմական գործողությունները Դոնբասում, զգացի, որ որոշ իմաստով պատասխանատու եմ տեղի ունեցածի համար, որ եթե մարդիկ ինձ կարդում են, ուրեմն պետք է զբաղվեմ ռազմական վերլուծություններով ու փաստերի ստուգմամբ:

Իսկ փաստերի ստուգումն ինձ մոտ լավ էր ստացվում, քանի որ ծրագրավորողի մասնագիտությունը օգնում էր ինտերնետից փաստերի բեկորներ հավաքել, համադրել, ստուգել և ամբողջացնել:

Սկզբում միայնակ է դա անում, բայց շատ արագ գործն այնքան ծավալվեց, որ հասկացա՝ պետք է համախմբվենք:

Նույն գործը անող մի քանի մարդու առաջարկեցի միասին աշխատել՝ բաշխելով գործողությունները, քանի որ այդպես օգուտն ավելի մեծ էր, իսկ արդյունքներն՝ արագ:

Այդպես ձևավորվեց մեր թիմը, որը սկզբում կոչվում էր «Պատերազմը Ուկրաինայում» (քանի որ կարծում էինք, որ այդ պատերազմով ամեն բան կսահմանափակվի), հետո երբ տեսանք, որ Պուտինը դեռ երկար է իշախանություն ունենալու, 2014-ին վերանվանվեցինք Conflict Intelligence Team-ի:

Այդ նույն ժամանակ ծանոթացանք «Բելինգքեթ» թիմի հետ ու սկսեցինք սերտորեն համագարծակցել: Չորս տարի աշխատել եմ որպես «Բելինգքեթի» աշխատակիցների մարզիչ, մեր թիմի անդամներն են օգնել նրանց, նրանք՝ մեզ:

Ռուսլան Լևիևը Երևանում դասընթացի ժամանակ

Դուք մասնակցել եք նաև Սկրիպալների թունավորման աղմկահարույց գործի բացահայտմանը, որը հետաքննում էր Մեծ Բրիտանական ոստիկանությունը: Թունավորման համար մեղադրվողներ անձերի իսկությունը պարզելը ձե՞ր նախաձեռնությունն էր:

Երբ հանդիպում ենք նորությունների, որոնք այսպես թե այնպես կապված են լինում Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների հետ (ըստ բրիտանական ոստիկանության հայտարարության՝ թունավորողները իբրև թե Բաշիրովն ու Պետրովն էին, որոնք Ռուսաստանի ՊՆ աշխատակիցներ էին), միանգամից գործի անցանք ու սկսեցինք որոնել այդ մարդկիանց իսկական անունները:

Հետաքրքիրն այն է, որ հետաքննությունը զուգահեռ էինք անում «Բելինգքեթի» հետ, բայց իրարից անկախ հետաքննական խմբերով:

Եվ որպեսզի արդյունքներն ավելի համոզիչ լինեն լսարանի համար, որոշել էինք, որ երկու թիմերը չպիտի կիսվեն որևէ տեղեկությամբ, իրենք մեզ չէին ասում Պետրովի ու Բաշիրովի իսկական անունները, մենք էլ՝ իրենց:

Պարզապես պայմանավորվել էինք, որ մեր հետաքննությունները հրապարակելու ենք նույն օրն ու նույն ժամին: Եվ միայն հրապարակումից հետո պարզեցինք, որ թեև մեր հետազոտական մոտեցումները շատ տարբեր էին, բայց արդյունքը նույնն էր, իրական անունները համընկան:

Մենք, Չեպիգայի ու Միշկինի անունները պարզեցինք ավտոմեքենաների հաշվառման բազայով, իսկ նրանք՝ ռազմական ուսումնական հասատատությունների շրջանավարտների տվյալների օգնությամբ:

Իսկ հիմա կարծես այդ գործի հետաքննությունները կանգ է առել:

Ոչ, «Բելինգքեթը» նոր հետաքննությամբ բացահայտելու է երրորդ կասկածյալի անունը:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *