2018.12.14,

Տեսակետ

«Ինձ համար ամենազզվելին «պատվեր» բառն է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո լրատվամիջոցները Հայաստանում փորձում են վերգտնել սեփական տարածքը կամ շավիղից դուրս եկած դերը կրկին շավիղի մեջ տեղավորել: Բոլոր դեպքերում նրանց դասական (կոմերցիոն ու հանրային նշանակության) դերը որոշակի տրանսֆորմացիայի է ենթարկվել:

«Հրապարակ» օրաթերթը, որը նախորդ տասնամյակում աշխատել է շուտափույթ որսալ ու նույնքան արագ էլ արձագանքել լուսանցքային, անգամ միջանցքային լուրերին ու ասեկոսեներին՝ դարձնելով դրանք վաճառվող ապրանք, հիմա էլ շարունակում է նույն մարտավարությունը:

Թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը վստահ է, որ այդպես նրանք լրացնում են հանրային պահանջը: Նա ասում է, որ իր թերթի լրագրողների նյութերին գրեթե չի միջամտում, կամ միջամտում է զգուշորեն ու նրբորեն, քանի որ լրագրողները տարբեր կարծիքներ ունեցող սուբյեկտներ են:

Տպավորություն է, որ հեղափոխության ժամանակ որոշ լրատվամիջոցներ համարեցին, որ դա նաև իրենց ձեռքբերումն էր: Եվ այդպես էլ աշխատում են հիմա:

Այո, հեղափոխությունը տարիներ տևող լրագրողական աշխատանքի արդյունքն էր նաև:

Բայց մեր հասարակությունը դժվար փոփոխվող ու իներտ է, ունի իր պատկերացումներն ու կաղապարները, որոնցից չի կարողանում արագ ազատվել ու կողմնորոշվել:

Երբ մայիսի 8-ին իշխանության եկավ նոր ուժը, հասարակությունը շարունակեց նրան վերաբերվել որպես ընդդիմության, այդպես էլ չհասկանալով, որ իշխանություն ունեցողը բոլորովին այլ կարգավիճակ, պատասխանատվություն ու անելիքներ ունի, քան փողոցում պայքարող ուժը:

Բարեբախտաբար, լրագրողների մի մասը դա շատ արագ ընկալեց: Օրինակ, մենք քաշեցինք սահմանագիծ, ասելով, որ մինչ մայիսի 8-ը եղել ենք հեղափոխություն անող հասարակության և ընդդիմադիր ուժի հետ, նույնը անելու ենք նաև մայիսի 8-ից հետո:

Ուղղահայաց իշխանության ժամանակ փոքր մեդիա-կսմիթները, տեղեկատվական մանր արտահոսքերը, միջանցքներում հայտնաբերված սկանդալները լավ աշխատում էին որպես բացահայտման փորձեր: Խորը հետաքննություններ չկային, բայց կար մակերես: Դա ոճի՞ հարց է:

Կան խնդիրներ ու գործընթացներ, որոնց վերաբերվում ենք այնպես, ինչպես տարիներ առաջ: Ես լրագրող եմ, որը միշտ աշխատել է ընդդիմադիր, այսպես ասած՝ ազատ մամուլում:

Եվ իմ վերաբերմունքը չի փոխվում այն բանից, որ իմ ընկեր Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության ղեկավար է, իսկ իմ փեսա Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի պատգամավոր է:

Ես շարունակում եմ իմ լրագրողական առաքելությունը: Միշտ համարել եմ, որ բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում մամուլը ունի մեկ դեր՝ անկախ այն բանից, թե երկրում ինչ փոփոխություններ են, ով է գալիս և ով է գնում իշխանությունից:

Այդ դերը պահապան շան, սանիտարի, թերություն գտնելու, մատնացույց անելու, բարձրաձայնողի դերն է:

Նու՞յն ոճով:

Մամուլը ոչ միայն ակադեմիական վերլուծություններ, բացահայտումներ ու հետաքննություններ անելու համար է, այլև գրելու փոքր սկանդալային լուրեր, միջադեպեր, ասեկոսեներ:

Մենք պետք է հասարակության հետ համահունչ ապրենք ու աշխատենք, չենք կարող կտրվել այն մարդկանցից, որոնց հետաքրքրում է, օրինակ, թե ինչպիսի հարաբերություններ են «Քաղաքացիական պայմանագրի» ներսում կամ ինչպես է ընթացել վարչության նիստը:

Եթե ունենք նման ինֆորմացիա, ինչու՞ չգրենք այդ մասին:

Նույնկերպ գրում էինք նաև ՀՀԿ-ի նիստերի ժամանակ տեղի ունեցող վեճերի ու կռիվների մասին:

Մեր վերաբերմունքը չի փոխվել, փոխվել են ընդամենը անձերն ու անունները:

Լրատվամիջոցը պետք է բավարարի հանրային հետաքրքրությունները՝ բոլոր առումներով, տեսնի խոցելի տեղերը, թերությունները, սխալները: Ընդ որում՝ ավելի շատ տեսնի իշխանության, քան ընդդիմության սխալները:

Օրինակ, մեր խմբագրությունում կան թե՛ հեղափոխականներ, թե՛ հակահեղափոխականներ, բոլորն իրենց տեսակետն ունեն: Խնդիրն այն է, թե որքանով ենք թույլ տալիս, որ հնչեն այդ բոլոր տեսակետները:

Իմ թերթում տպվող նյութերի ու կարծիքների 70 %-ի հետ ես համաձայն չեմ:

Բայց կարծում եմ, որ մեր լրագրողներն իրավունք ունեն իրենց հայացքը բերելու թերթ:

Չե՞ք միջամտի նույնիսկ այդ դեպքում, եթե խմբագրվելուց կշահի նյութի կառուցվածքը, բառապաշարը կամ ուղերձը:

Ես խմբագրում եմ շատ զգուշորեն, մերժում եմ միայն համամարդկային ակնհայտորեն մերժվող բաները: Օրինակ, թույլ չեմ տալիս, որ օգտագործվի «աղանդավոր» բառը, քանի որ եթե կա կրոնի ու խղճի ազատություն, ուրեմն պետք է հարգանքով վերաբերել բոլոր կրոնական կազմակերպություններին:

Նույնն էլ սեռակա՞ն փոքրամասնությունների դեպքում է: Հարցնում եմ, քանի որ «Հրապարակում» բավականին հաճախ կարդում ենք նույնասեռականների վտանգի մասին:

Հասարակության մեջ կա նաև կաղապարված խավ, և որքան էլ ուզենք ճիշտ սահմանել ազատությունները, կաղապարները միևնույն է սպրդում են թերթ:

Օրինակ, չենք կարող չլուսաբանել ԼԳԲՏ-ի դեմ ակցիաները, որտեղ հնչում են տարբեր կարծիքներ: Եվ մենք նաև այդ կարծիքներ ունեցողներին ենք տեղ տալիս թերթում:

Ընդհանրապես չեմ սիրում, երբ ասում են, որ խմագրությունը պետք է իր գիծը կամ քաղաքականությունը ունենա: Պետք է հնարավորություն տալ, որ երևան, ինչ-որ ձևով արտացոլվեն հասարակության բոլոր շերտերի ու խավերի տեսակետները:

Չես կարող կտրվել հասարակությունից: Իհարկե, միշտ կա հարց. իսկ արդյոք ես ճի՞շտ եմ, երբ կարծիքս պարտադրում եմ ուրիշներին: Բայց կա բացատրություն, որ լրատվամիջոցը հասարակության հայելին է:

Լրատվամիջոցը չի կարող դառնալ մասնակից կամ կողմ: Հիմա երբ քննադատում ենք մի ուժի, ակամայից հայտնվում ենք մյուս ուժի դաշտում: Օրինակ, եթե ասենք, քննադատում ենք Նիկոլի Փաշինյանին, ստացվում է, որ ջուր ենք լցնում հանրապետականների ջրաղացի վրա:

Միշտ կա տվայտանք. ինչպե՞ս անել, որ նայելով քննադատի հայացքով, չհամընկնես նրա հետ, ով նույն բանին նայում է թշնամու հայացքով:

Նախկինում հանրապետականները ատում էին մեզ, պատահում էին խայտառակ բախումներ, մեր մասին ահավոր բամբասանքներ էին տարածում, սպառնում էին, հետապնդում: Այսինքն, մեզ հետ այս տարիներին ամեն ինչ, անգամ հարձակումների շրջան է եղել: Անձամբ իմ դեմ են կազմակերպվել ակցիաներ:

Բայց հիմա անցել է պահը, և այդ նույն մարդիկ ասում են՝ կներես, սխալվել ենք, հասկացանք, որ դու ոչ թե պատվեր ես կատարել, այլ ցույց ես տվել լրագրողական կեցվածք:

Լավ է, որ օգտագործեցիք «պատվեր» բառը: Ժամանակը չէ՞ այն մաքրելու բացասական իմաստից ու դարձնելու նորմալ ու բաց աշխատանքային մոդել: Ի վերջո, պատվերը չի նշանակում սխալ կամ անորակ:

Դա ինձ համար ամենազզվելի բառն է: Պատվերը տեղ չունի լրագրության մեջ:

Իսկ ի՞նչն եք համարում ամենամտահոգիչը:

Հեղափոխությունից հետո ամենալուրջ խնդիրը հոգեբանական ճնշումներն են, որոնք գործադրվեցին մեզ վրա: Մեր հասարակությունում կա մի շերտ, որի մի մասը ֆեյք են, իսկ մի մասը իրական մարդիկ են, բայց ի վերջո մեզ բարդ է դիմադրել հեղափոխությամբ ոգևորվածների ճնշմանը:

Լավ է, որ էյֆորիան երկար չմնաց լրագրողների մեջ, նրանք արագ սթափվեցին ու հասկացան, որ պետք է գործ անեն, այլ ոչ թե դառնան իշխանության մաս: Թեև որոշ լրատվամիջոցներ այդպես էլ դա չհասկացան, ինչի համար ափսոսում եմ:

Ամենից շատ մեր լրատվամիջոցը կարող էր դառնալ իշխանության քարոզչամեքենա, քանի որ փեսաս առաջնային դիրքերում է, իսկ վարչապետը իմ թոռան քավորն է: Նոր թիմում հարյուրավոր ընկեր ու բարեկամ ունեմ:

Բոլոր շանսերը կային, որ գնայի ու կանգնեի իրենց կողքը՝ լինելով ավելի պաշտպանված ու հանգիստ:

Բայց չարեցի, քանի որ իմ պատկերացումներն ունեմ մամուլի դերի մասին: Ավելի լավ է փակեմ թերթը, քան տեսնեմ, որ մի նախարար ապուշություն է ասում, իսկ ես այդ մասին չեմ գրում:

Եթե գրելու թեմա կա, պիտի գրեմ՝ հաշվի չառնելով անձնական դրդապատճառները:

Քննադատության դաշտից դուրս ոչ մեկին չենք դնում: Ասում եմ իմ լրագրողներին՝ որտեղ էլ լսեք մի սխալ բան, կգաք կգրեք առանց մի վայրկյան մտածելու: Իհարկե, մենք սուբյեկտիվ ենք, բայց երբեք մտածված մեկին չենք թիրախավորում, իսկ մյուսին՝ տալիս արտոնություն:

Լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրները հիմնականում ստվերայի՞ն են:

Գուցե նման բան հնարավոր էր ասել տարիներ առաջ, բայց հիմա՝ ոչ: Մենք, օրինակ, ունենք 16 պայմանագիր տարբեր գովազդային ընկերությունների հետ, և մեր ֆինանսական միջոցների հոսքն այնպիսին է, որ նույնիսկ տարվա վերջում ավելցուկ ունենք:

Ստացվում է, ավելի շատ գովազդ ունենք, քան ձեզ պետք է:

Այս պահին, այո: Անգամ ունենք եկամուտ:

Իհարկե, այն լրատվամիջոցը, որն ունի լյուստրացիայի կարիք, պետք է բացահայտի իր ստվերային տնտեսությունը, մանավանդ եթե չունի գովազդ, այցելուներ և դիտումներ: Մենք նման խնդիր չունենք: Ունենք տասը աշխատող և փոքր խմբով անում ենք առավելագույն աշխատանք:

Կարծում եմ, Հայաստանում կայացած լրատվամիջոցները ծածկում են իրենց ծախսերը:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *