Արվեստագետ Կարեն Անդրեասյանը վաղուց ու հաճույքով ուսումնասիրում է քաղաքական շարժումներն ու հաղորդակցության կապերը և վերածում դրանք արվեստի նախագծերի: Նրան հետաքրքրում է քաղաքական ու էմոցիանալ լանդշաֆտը, որը և ձևավորում է հանրային տարածքներ:
Մարդկանց անմիջական մասնակցության վրա հիմնված նրա նախագծերում՝ «Օնթոլոգիական զբոսատեղիներում» (Ontological Walkscapes, 2009) քայլող մարդը դիտարկվում է որպես ֆենոմեն, որը նվաճում է իրեն հակադրվող տարածքը՝ առանց այդ մասին հայտարարելու ու անգամ վերլուծելու:
Պարզապես քայլում է, առանց ակտիվ գործողությունների, բնազդաբար փնտրելով երջանկություն, իսկ կյանքը նրա հետ միասին ու նրա ազդեցությամբ փոխվում է:
Փոխվում է, քանի որ նրա գծած զբոսանքի քարտեզում անընդհատ նոր երթուղիներ ու մարդիկ են հայտնվում, հատվում ու անհետանում: Քարտեզը ցանցային տրամաբանություն ունի ու միշտ գործ ունի ներկա պահի հետ:
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իր նշանային կետերով շատ հարազատ էր Կարեն Անդրեասյանի հետազոտական մեթոդին: Նա մի քանի նախագծեր է արել, որոնք կապված էին հանրային երջանկության գաղափարի հետ:
2005-ին, Արագած լեռան շուրջ կազմակերպած միասնության շուրջպարի օրինակով տեղի ունեցավ մեկ այլ շուրջպար, որը, հակառակ բնօրինակի, ոչ թե գովազդային իմաստ ուներ, այլ փորձում էր կարևորել ակցիայի վայրը: «Պապլավոկ» սրճարանում, որտեղ տեղի էր ունեցել սպանություն ՀՀ նախագահի մասնակցությամբ, մարդիկ ձեռք ձեռքի բռնած, փակեցին տարածքը՝ վերաշեշտադրելով հենց վայրը:
«Պապլավոկի» փերֆորմանսից հետո փորձ արվեց հանրային երջանկության գաղափարը մտցնել հանրային դաշտ թե՛ որպես նուրբ արտիստիկ համագործակցություն, թե՛ որպես իրավական ձևակերպում:
«Հետո երբ պատրաստվում էինք 2015-ին փոխել ՀՀ Սահմանադրությունը, մեդիայով և արվեստի դաշտով արշավ սկսեցինք՝ փորձելով ամրագրել հանրային երջանկությունը որպես պետության գերնպատակ»,- պատմում է Կարենը:
Այսինքն, անել այն, ինչը չհաջողվեց ԱՄՆ սահմանադրության հեղինակ Թոմաս Ջեֆերոսոնին, որն ուզում էր մարդկանց երջանիկ լինելու մղումը նշել հատուկ դրույթով:
Մոտ երեսուն մարդ էր այս նախագծի վրա աշխատում, ստեղծվեց միջազգային արվեստի ցանց, հայտնվեցին հովանավորներ, թերթում տպագրվեց հատուկ ներդիրներ: Բայց նախագիծը այդպես էլ թափ չհավաքեց՝ մնալով որպես արխիվ:
Կարենի հետազոտությունների ու վավերագրական պրոեկտների հիմքում այն միտքն է, որ երջանկությունը չի կարող լինել միայն անձնական դաշտում, այն անպայման ձգտում է հաղորդակիցներ գտնել, տարածվել ու վարակել մյուսներին:
Նա վստահ է, որ արդեն 2018-ին Հայաստանը այնպիսի զգայուն ու հիմնական կետերի վրա է շեշտադրումներ արել, որ վատ լինել չի կարող:
Փոխվում են տեքստերը (դառնում են իրավաբանական), լեզուն (այն նմանվում է համակարգչային կոդի), թիրախները (կարևորվում է հիշողությունն ու հոգատարությունը) ու ամենակարևորը՝ հրաժարվում ենք անցյալի մատրիցայից, որի հիմքը սովետական պրոգրեսիվ նոստալգիան է:
«Ազատ ու երջանիկ քաղաքացիներ» ասելով՝ Նիկոլ Փաշինյանը կարծես լուրջ ռեսուրսներ բացեց: Ինչու՞ է կարևոր երջանիկ լինելու շեշտադրումը:
Դա ամենակարևորն է: Հանրային երջանկությունը ներկայացվում է որպես գերխնդիր: Այսինքն, ցույց է տրվում, թե որն է պետության գոյության իմաստը: Հանուն ինչի՞ ենք պահում պետություն, ո՞րն է վերջնական նպատակը:
Նպատակը ոչ թե անձնական, այլ հանրային երջանկությունն է, քանի որ հաշվի է առնում համատեղ գործելու գործոնը: Միասին ինչ-որ բան ոգևորված անելը:
Նիկոլ Փաշինյանը հզոր բնազդ ունի, և այն, ինչն անում է, զգալի էֆեկտ է ունենում: Օրինակ, մայիսին ԱԺ-ում ելույթի ժամանակ օգտագործեց հիանալի մի ձևակերպում՝ «քաղաքական երջանկություն»: Այսինքն, երջանկության կողքին դրեց քաղաքական գործոնը:
Ես կարող եմ դա մեկնաբանել որպես քաղաքական ընկերություն, որը ժամանակավոր ընկերությունն է և հենց դրանով է հետաքրքիր: Այսինքն, դա հավերժ ու ընդմիշտ բան չէ, այլ պայմանավորվածություն է պրոեկտի շուրջ:
Քաղաքական երջանկությունը ժամանակավոր երջանկությունն է, և լավը այն է, որ այն ամեն անգամ պետք է վերանայվի, քանի որ դու ընկերության գերին չես:
Հասկանալի է, որ «հանրային երջանկություն»-ը հնչում է որպես աբստրակցիա: Դժվար է ընկալել, թե ինչ է դա նշանակում, քանի որ հասկանալի չէ, թե հանրայինը որն է: Դա բացում է բարդ խոսակցություն:
Իրականում, միայն 2008-ին ես հասկացա, թե հանրայինի կոնստրուկցիան որն է: Դա ոչ համաձայնության վրա հիմնված հանրային է (ըստ Շանտալ Մուֆի): Հանրայինը ձևավորվում է ոչ թե կոնսենսուսի, այլ դիսենսուսի հիմքի վրա:
Լավ աշխատած գաղափարներից մեկն էր նաև 1,1,1 շարժումը, որը սկզբում կրում էր 1+1 անվանումը, բայց հետո գումարած նշանը դուրս եկավ: Երբ ասում ես՝ մեկին գումարած մեկ, նշում ես, որ քո ռեսուրսը մոնոլիտ, փակված զանգված է:
Իսկ երբ հանում ես «գումարած» բառն ու բոլորին դարձնում ինքնաբավ 1-եր, առաջանում է դիստանցիա, որը անգամ չես էլ կարող արտասանել: Ինչպե՞ս ասես՝ մեկ, մեկ, մեկ… Դա ավելի բարդ միասնության կառույց է:
Իրականում հենց այն է, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, նա բարդ կոնստրուկցիա առաջարկեց: Ժողովուրդը դա կոչեց «ցանցային», և դրա հիմքում հենց 1-երն էին, ոչ թե մեկ գումարած մեկը: Որպեսզի գումարած լինի, որևէ մարդ պիտի սկսի գումարման պրոցեսը, կանգնի ու գոռա՝ մեկ գումարած մեկ, իսկ եթե գումարած չկա, բոլորը մեկ են:
1+1-ը 2008-ի կառույց էր, իսկ առանձին 1-երն՝ արդեն 2018-ի, երբ ամեն տեղ 1-եր էին հավաքվում: Դա լուծեց ռեսուրսը միացնելու խնդիրը:
Եվ լուծեց ինքնակազմակերպման միջոցով, որի խթանը դարձավ համատեղ աշխատանքի ու հանրային երջանկության շեշտադրումը:
Երջանկությունը համատեղ գործողությունն է, միասին ինչ-որ բան անելու փաստը: Եվ նշանակություն չունի, թե ինչ ես անում:
Այդ երջանկության կոդով հիմա ցանկացած մարդու կարող ես փոխել: Մարդը միանում է, վերանայվում է: Իրականում Նիկոլի դրված սահմանումները շատ հստակ են: Քաղաքական երջանկության կոնստրուկցիան ուներ նաև «Հիմա» շարժումը (ունես 30 վայրկյան ու ընտրում ես):
Ինձ շատ է դուր գալիս, որ Նիկոլն անընդհատ բերում է այնպիսի ֆորմատներ, որոնք մղում են գործողության:
Իսկ ինչու՞ հնարավոր դարձավ 2018-ին անել այն, ինչը չստացվեց 2008-ին:
Ահռելի տարբերություն կա 2008-ի ու 2018-ի շարժումների միջև, քանի որ Նիկոլ Փաշինյանը կարողացավ ջրբաժան գծել անցյալի միջև, ինչը չարեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նիկոլը կարծես փակեց գորբաչևյան-ելցինյան պրոեկտը, ինչը չափազանց կարևոր էր: 2008-ին վերնախավը (մշակութային, տնտեսական) ամբողջովին սովետական ծնունդ էր և չէր կարող դրանից դուրս գալ:
Ելցինյան գաղափարը (իհարկե, իմ կարծիքով) հիմնված էր հատուկ ծառայությունների վրա, այսինքն մշակույթը ստվերային-ուժային էր: Ուժ կա, բայց այն երևացող չի, էֆեկտիվ է՝ գործելով ստվերում: Բայց այդ էֆեկտը փուչ էր:
Գորբաչյովից, Ելցինից հետո եկավ Պուտինը, որն այդ նախագծին տվեց բովանդակություն: Եվ դա պրոգրեսիվ նոստալգիան էր, որի արդյունքում հետսովետական տարածքում սկսեցին ապրել սովետի կարոտախտով, հատկապես 1960-70-ականներով: Եվ նույնը փաթաթեցին նաև մեզ վրա:
Նիկոլի շեշտադրումները այնքանով էին զիլ, որ կարողացան հասարակությունը հանել պրոգրեսիվ նոստալգիայից:
Այն, ինչ հիմա նա անում է, հետսովետական համակարգի ջախջախումն է: Ի վերջո, Հայաստանում չկա Սովետ, պետք էր հանել նաև չեղածի նոստալգիան:
Տեսնում ենք, որ շատ մեծ դեր ունի հենց Նիկոլ Փաշինյանի կերպարը, որին մարդիկ սիրում, պաշտում ու երկրպագում են:
Ես, իհարկե, հույս ունեմ, որ Նիկոլը կներմուծի օպերացիոն համակարգ, որտեղ խարիզմատիկ առաջնորդն այլևս չի երևա: Համենայնդեպս մինչ հիմա նրա բոլոր քայլերը վկայում են, որ իր համակարգն արդեն փոխվում է: Նա վերաարծարծեց բոլոր համակարգերը՝ ԿԳԲ-ից սկսած (այն արդեն ԱԱԾ է):
Եվ ինստալյացիա արեց իրադարձությունները այնպիսի օպերացիոն համակարգ, որն արդեն, անկախ նրա ցանկությունից, զարգացման իր տրամաբանությունն ունի, որտեղ իր խարիզմատիկ կերպարը դանդաղորեն դադարելու է խաղալ կարևոր դեր:
Նոր օպերացիոն համակարգում առաջնորդը չի հանդիսանում կամերտոն (Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիսանում էր):
Շատ կուզենայի, որ դա վերածվի լրիվ մեխանիկական ինստալյացիայի, երբ մեքենան կգործի ինքնուրույն, ավտոմատ կերպով: Իրականում, այդպես էլ արվում է: Դրա օրինակը դատավորներին ուղղված՝ ինքնուրույն լինելու կոչն էր:
Իհարկե, հիանալի կլիներ, որ նոր օպերացիոն համակարգը բաց կոդով լիներ, որտեղ հնարավոր կլիներ ավելացնել, ջնջել, փոխել: Այն պիտի նման լինի ոչ թե, ասենք, Windows-ի, որը պատրաստի են վաճառում, այլ աշխատի ավելի բարդ աշխատանքային ռեժիմ ենթադրող բաց կոդով: Եվ իհարկե, բոլորին բաժանվի անվճար:
Նոր համակարգը պետք է անընդհատ պահանջի մասնակցություն, բայց եթե սկսեց աշխատել, անպայման կերևա այն 1-ը, որը միշտ կարող է միանալ ու ինչ-որ բան փոխել:
Եթե այդ մեքենան ներդրվի, լիդերը կարող է հանգիստ խղճով դուրս գալ խաղից ու դադարել լինել մեդիա պերսոնաժ (որը հիմա է): Բայց դա դանդաղ է կատարվում:
Քաղաքական գործչի ցանկությա՞մբ:
Հայտնի ձևակերպում կա, որ լավ քաղաքական գործիչը նա է, ով արտադրում է պարադոքսներ (Ժակ Ռանսյեր): Իրականում Նիկոլը հաղթում է քաղաքական բանավեճերում, քանի որ օգտագործում է հենց պարադոքսների ուժը՝ անընդհատ շրջանառելով նոր գաղափարները: Իմիջիայլոց, Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքով բարևելը նույնպես պարադոքսալ քայլերից էր, որը սակայն չդարձավ համակարգային՝ մնալով զգացմունքային դաշտում:
Կամ պիտի պարադոքսը կարևորող դիսկուրս ունենանք, կամ ինտուիտիվ ռեժիմ: Նիկոլի ինտուիցիան շատ կարևոր բաղադրիչ է:
Ինչպես հասարակության մեջ է զարգանում երջանկության գաղափարը, այնպես էլ մարդու մեջ է զարգանում ինտուիցիան: Երկու դեպքում էլ դրանք գերնպատակ են:
Ամորֆ բաները ձևակերպելը հզոր քայլերից է: Յոզեֆ Բոյսն ունի մի աշխատանք, որը կոչվում է «Ինտուիցիա»: Արկղ է՝ ճաքով: Իրականում, պարադոքսը հենց ճաքն է, ինչ-որ պահի ստեղծված դատարկությունը, որը «կախում» է ողջ համակարգը ու տեղ բացում նորի շրջանառության համար: Եվ այդ ճաքերն են օգնում, որ ներս թափանցի լույսը:
Ինչ էին անում հին իշխանությունները: Փակում էին ճաքերը՝ ստեղծելով մոնոլիտ նյութ, որտեղ ամեն ինչ պիտի իմաստավորված լինի, առանց անհեթեթությունների նշույլի: Այդպես է կատարվում վերահսկումը: Եվ փիլիսոփաների դիմադրությունն էլ առաջին հերթին ուղղվում է հենց իմաստային վերահսկողության դեմ:
Իշխանությունները իմաստը կապում են մեծ-մեծ բաների հետ, իսկ Նիկոլը շեշտադրեց փոքր քայլը ու դրանով ապակենտրոնացրեց ողջ տարածքը:
2008-ի մարտի 1-ից հետո մենք արեցինք «Քաղաքական զբոսանքը», որի առանցքում փոքր քայլն էր ու բաց լինելը: Ով ուզեր, կարող էր միանալ: Մեր պրոեկտը դարձավ նաև համաշխարհային ցանց, որին միացան տարբեր ազգեր՝ բասկերը, իռլանդացիները, իտալացիները:
Ժամանակին մենք ասում էինք, որ հասարակությունը ոչ թե ծառ է, այլ այգի, որը տարածվում է ռիզոմատիկ՝ հորիզոնական ելումուտների տարբերակով (Ժիլ Դելյոզ): Լայն իմաստով հեղափոխությունը հենց դա է:
Դժվարությունը այլ է՝ խորհրդային ժառանգությունից դուրս գալը, որը փոփոխվող մոդելի, ծորող ժամանակի հետ չի կարող համակերպվել:
Պետք է փորձել դուրս գալ անձնականից ու շրջանառել գաղափարներ, բայց, նախևառաջ, տեսնել նորը: Այն մարդիկ, որոնք հիմա ուզում են նորերին քննադատել ու լինել ընդդիմություն, ի վերջո, համակարգային ձևով չեն հասկանում տեղի ունեցածը:
Նոր ներդրվող օպերացիոն համակարգում անգամ «ընդդիմություն» բառն է բացառվում, քանի որ ձևակերպվում է, որ կան ոչ թե երկու, այլ շատ ավելի կողմեր, նույնիսկ մի քանի հոգուց կազմված կուսակցություն: Ընդդիմություն ունենալու կոնստրուկցիան պարզապես դառնում է ժամանակավրեպ:
Պոպուլիստական, հայրենասիրական, վեհ բաներին հղում անող տեքստերը կկրճատվե՞ն: Դրանք, իրոք, խանգարում են:
Բարդ է կտրուկ հանել գողական, սովետական տեքստերը, օգնում է պոպուլիզմը, որը միացնում ու սինխրոնիզացնում է մարդկանց: «Սերն ու համերաշխությունը» սինխրոնիզացիայի նշաններ էին, ամպլիտուդաներ, որոնցով մարդիկ միանում էին ոգևորությանը:
Հիմա ունենք ուրիշ շեշտադրումներ, որոնք բերում են ուրիշ տեքստեր: Իրավաբանական տեքստեր, որոնք մինչ այդ չենք ունեցել:
Ունեցել ենք մշակութային, փիլիսոփայական և այլ տիպի տեքստեր, հիմա դրանք իրավաբանական են: Կարևոր են դառնում ոչ թե գրողի կամ բանաստեղծի տեքստերը, այլ մաքուր իրավաբանությունը: Դա է քաղաքացիական հասարակություն կառուցելու կարևոր կետը:
Ստույգ իրավաբանական լեզվով խոսելիս, կարելի է հասնել մեքենայական աշխատանքի, քանի որ դա չեզոք լեզու է:
Օրինակ, քաղաքական երջանկությունը պայմանագիր է, որտեղ շեշտադրվում է ոչ թե զգացմունքային շերտը, այլ փաստերը: Ավտոմատացումը տալիս է գործիքներ (ինչպես մուրճը), որոնք կարող է օգտագործել յուրաքանչյուրը՝ միանում ես ցանցին ու սկսում աշխատել:
Լացակումած ոճը արմատից պիտի դուրս գա: Տեքստը պիտի լինի չեզոք, որ այն կարելի լինի օգտագործել որպես ինստրուկցիա, ուղեցույց:
Ասենք, ինչ կոճակ սեղմես սարքի վրա, որ այն աշխատի: Նման տեքստեր կային Սովետի առաջին տարիներին՝ մինչև 1928-ը, հետո տեքստերը դարձան վատ իմաստով բովանդակային:
Բռնապետությունը սկսվեց երբ «Պրոլետարիատի դիկտատուրա» կարգախոսը փոխարինվեց «Իշխանությունը սովետներին» լոզունգով, և այդ կետից հեղափոխությունը վերջացավ (Հաննա Արենդտ):
Հեղափոխությունը բազմություններն են, իսկ մենք մինչև հիմա սովետականի ու գողականի ինստալյացիայում ենք ապրում: Հիմա համակարգային կերպով պիտի դուրս գանք:
Մենք նոր ենք սկսում կառուցել քաղաքացիական հասարակություն: 2008թ-ին նշմարվեց, շեշտադրվեց, բայց դրա մեջ կար պրոգրեսիվ նոստալգիա, հղումները ուղղված էին դիսենդատական, ինտելիգենտական շերտին:
Իսկ Նիկոլը ոչ մի հղում չի անում: Եվ դա հիանալի է, նա կարծես անում է իր անձնական պրոեկտը՝ գործի դնելով իր անձնական փորձը, և այդ փաստն իրականում բերում է ռեդուկտիվ, պարզ տեքստ:
Նա պարզեցնում է բարդը, իսկ Լևոնն անում էր հակառակը: Իհարկե, նա խոսում էր գեղեցիկ, լավ հայերենով, իրավիճակային, հետաքրքիր, բայց այդ տեքստը գործիքային չէր: Հաջողության հասնելու համար գործողությունները պետք է հասցված լինեն ռեդուկցիայի, առավելագույն պարզեցման: Այդպիսի պարզեցում էր քայլելը…
Լավ քաղաքական գործիչը նման է լավ արվեստագետի, քանի որ, որպես պարադոքսներ արտադրող, գործ ունի անհնարինի հետ: Ի վերջո, արվեստը հենց անհնարինի հետ աշխատելն է: Նիկոլը ներդրեց հասարակության մեջ անհնարինը՝ ասելով, որ անհնարին բան չկա:
Ներդրվում է փոփոխվող մոդել, չկան կոնստանտ միավորներ, նորմը հենց փոփոխություններն են: Անհնարինը դա է՝ կայունի ու փոփոխվողի պարադոքսը: Կայունը հենց փոփոխվողն է…
Բավականին խառը ու անկայուն վիճակ է մեդիայում:
Ժամանակակից բոլոր նախագծերը մեդիատիվ են: Սերժ Սարգսյանն ամեն ինչը, բոլոր ասպարեզները (տնտեսական, մշակութային) դարձրեց մեդիատիվ ու ինֆորմատիվ, քանի որ ինֆորմացիան վերահսկելը հեշտ է ու այն կարելի է ցանկացած պահի աղավաղել: Օրինակ՝ լցնել ֆեյքերով, ինչն էլ անում էին:
Ֆեյքը ինֆորմացիոն միավոր է, ինչպես սպամը:
Այսինքն, նախկին իշխանությունները համակարգված կերպով բոլոր ասպարեզները սարքեցին ինֆորմացիոն ֆեյքերով: Ու մեծ եռանդով անում էին սուպեր մանիպուլյացիաներ:
Եվ քանի որ փակվածություն ու ինքնաբավություն չկա, կարող էին նաև ներխուժել ցանկացած տեղ՝ համալսարաններ, արվեստի դաշտ, մեդիա դաշտ, և փչացնել միջավայրը:
Մեդիայի հիմնակետերը, գաղտնի ջրանշանները մնացել են Սովետից: Երբ կոչ արեցին լրատվամիջոցներին հակապետականորեն չգործել, դա երևի առաջին հերթին ուղղված էր նոստալգիայով ապրող լրատվամիջոցներին, բլոգերներին:
Լրատվամիջոցները շեշտադրումները դնում են սարսափելի լուրերի վրա: Ես կասեի, որ ավելի լավ է լինել Նիկոլի նման փափուկ ու աշխատել գաղափարական իմպուլսներով:
Մեր միջավայրը պիտի մասնատվի, դառնա այգի, որտեղ կաճեն և՛ բարձր կուլտուրայի բույսերը, և՛ մոլախոտերը, դարավոր ծառերն ու միամյա հատապտուղները: Խնդիրն այն է, որ հասարակությունը պիտի լինի կոմպետենտ:
Եթե կոմպետենտ է, նրան չեն կարող խաբել:
Արվեստի դաշտում ո՞ր հենարաններով է պետք փոփոխության հասնել:
Առաջին հերթին պետք է վերանայվեն թանգարանները՝ կոնցեպտից սկսած, վերջացրած դիզայնով: Այսօրվա լուրջ թանգարանը աշխատում է ազատ մարդու հետ, իսկ մեր թանգարանները աշխատում են իշխանության վրա:
Ժառանգության պահպանման հիմնարկին անպայման պետք է ևս մի բաղադրիչ ավելանա՝ հիշողությունը: Եվ հիմնարկը կոչվի՝ ժառանգության պահպանման և հիշողության հիմնարկ:
Հիշողությունը պետք է դարձնել ինստիտուցիոնալ բառ, որը մինչ այժմ զրկված էր շրջանառությունից: Ժառանգություն կա, իսկ հիշողություն չկա: Մինչդեռ հիշողությունը ավելի կարևոր է, քան ժառանգությունը:
Օրինակ, Լեհաստանում լյուստրացիան սկսվեց Հիշողության ինստիտուտի հիմնումից: Լյուստրացիան դաժան բառ է, և այն պետք է փափկեցնել, դարձնել մեղմ դիսկուրսի թեմա:
Շատ գործ կարող է անել հիշողության հիմնարկը՝ դպրոցների, թանգարանների կապը դարձնելով սովորություն: Թանգարանները իմաստ են ստանում քաղաքական դեպքերով, բայց երբ քաղաքականը վերջանում է, առօրյան պիտի լցվի հոգատարությամբ ազատության ժեստի նկատմամբ:
Նիկոլը արթնացրեց ազատության ժեստը՝ իր քայլարշավով, մարդիկ միացան այդ ազատությանը, բայց եթե հաջորդ օրն արդեն մոռանան այդ ազատության մասին, կարող են լիքը ախմախ բաներ անել, քանի որ ամեն օր ազատության մասին մտածելու ռեժիմ ու սովորություն չունեն:
Ազատության մասին հոգ տանելը պետք է դառնա սովորություն, առօրյա, այնպես, որ այլևս դրա մասին չմտածես:
Դա երջանկություն է…
Ոգևորությունը զիլ ուժ է, ռեսուրս, էներգիա, որը տաքացնում է իրավիճակը: Բացարձակապես պետք չի նյարդայնանալ ոգևորությունից: Որտե՞ղ է տաքությունը: Հայաստանում:
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: