2018.06.26,

Տեսակետ

«Նոր իշխանավորի մասին առաջին հերթին անհրաժեշտ է գրել երգիծական երգ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լրագրող, երաժշտական քննադատ, դերասան, ռադիո և հեռուստատեսային հաղորդումների հեղինակ Միխայիլ Կոզիրևը կարևոր ֆիգուր է Ռուսաստանում: Երաժշտությունը, առաջին հերթին ռոքը, նրա տարերքն ու ուսումնասիրության նյութն է:

Միխայիլ Կոզիրևը «Մենք ենք մեդիան» ծրագրի շրջանակում հունիսի 14-ին Երևանում ներկայացրեց բողոքի երգերի «Motherfucking Rock-n-roll» հավաքածու–բանախոսությունը, որի ընթացքում պատմեց այն երգիչների ու երաժիշտների մասին, որոնք վերջին հիսուն տարում փոխել են պետությունների ու հասարակությունների զգացողության ընթացքը (Ջոն Լենոնի ու Յոկո Օնոյի անկողնային տեսահոլովակներից մինչև Շինեդ Օ՝Քոնների հակաեկեղացական մանիֆեստն ու Սերժ Թանկյանի պացիֆիստական ուղերձները):

Բողոքի երաժշտության շարքում էին նաև ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքի երգիծական երգ-հոլովակները, որոնք լարվածություն ստեղծեցին ալիքի ու իշխանությունների միջև:

Բողոքի երգերը օգնում են ճաքեր ստեղծել կարծր իշխանական համակարգերում և որպես կանոն թույլ համակարգերը (տոտալիտար) այդ ճաքերին չեն դիմանում՝ ստիպված լինելով վերափոխվել կամ լռեցնել բողոքի ձայնը:

Երաժշտությունը փոխում է աշխարհը՝ երբեմն անկանխատեսելի ու անկասելի կերպով: Եվ դա կարող է լինել ինչպես պարգև, այնպես էլ անեծք:

Միխայիլ Կոզիրևի շնորհիվ շատ ռուս ռոք երաժիշտներ ձեռք բերեցին լսարան հայրենիքում: Նա եղել է մի քանի ռադիոկայանների («Մաքսիմում», «ՌադիոՈւլտրա», «Մեր ռադիոն») պրոդյուսեր ու երկու խոշոր ռոք փառատոնների («Մաքսիդրոմ» և «Նաշեստվիե») հիմնադիրներից:

«Թվապատում» մեդիա կոնֆերանսի ժամանակ Միխայիլ Կոզիրևը, որը նաև «Դոժդ» ինտերնետային հեռուստատեսության պրոդյուսերն ու հաղորդավարն է, պատմեց, թե ինչպես է «Դոժդը» փորձում լինել ազնիվ ու օպերատիվ մեդիա ոչ հեշտ պայմաններում:

«Մեր ալիքը ծնվեց երազանքից: Դա մեզ համար երազանքի մեդիա էր: Ուզում էինք հակադրվել ստի ու անհեթեթության այն սարսափելի տարափին, որը կար ռուսական մեդիա դաշտում: Իրականում նպատակը շատ պարզ էր՝ պետք էր ցույց տալ այն, ինչը կատարվում է պատուհանից դուրս, քանի որ որքան էլ տարօրինակ թվա, ոչ ոք Ռուսաստանում դա չէր անում»,- պատմեց նա:

Առաջին անգամ 2010-ին «Դոժդը» ուղիղ եթերում ցույց տվեց ֆուտբոլային ֆանատների բախումները, երբ զայրացած երկրպագուները փակել էին փողոցները, իսկ հիմնական ռուսական մեդիան՝ հեռուստատեսությունը, այդ մասին լռում էր: Մեծ լսարան ձեռք բերելու համար պարզապես հարկավոր էր գնալ փողոց ու ուղիղ միացում անել դեպքի վայրից:

Հետագայում երբ «Դոժդը» թափ հավաքեց, լսարան ու հեղինակություն ձեռք բերեց, սկսվեցին խնդիրները, հալածանքն ու եթերազրկումը:  

«Չհասցրեցինք աչք թարթել, մեզ անջատեցին գլխավոր կաբելային հեռարձակող փաթեթներից: Երբ փակվեց մեր թթվածինը, շարունակեցինք եթեր դուրս գալ մի սենյականոց բնակարանից ու նորից սկսեցինք լսարան հավաքել արդեն ինտերնետում: Եվ հիմա էլ, ինչպես և առաջին օրն էր, շարունակում ենք ցույց տալ այն, ինչը կատարվում է պատուհաններից դուրս»,- ասաց Միխայիլ Կոզիրևը, որը ուղիղ եթերում և ուղիղ կապի միջոցով լուսաբանում էր նաև Հայաստանի թավշյա հեղափոխության առաջին՝ վտանգով ու անորոշությամբ լի փուլը:

Նա առաջիններից է, որն ուղիղ եթերից շնորհավորեց «Իմ քայլը» շարժամ հաղթանակը: Ու նաև հարց ուղղեց հեղափոխության մասնակցին՝ պատրաստ են արդյո՞ք դիմադրել այն մտքին, որ «հեղափոխությունը որպես կանոն խժռում է իր զավակներին»:

Միխայիլ Կոզիրևի կարծիքով, հեղափոխությունից հետո լրագրողները պիտի ուժ գտնեն ու շարունակեն հարցեր տալ: Եվ ավելի լուրջ հարցեր:

Մեր զրույցը քաղաքական հումորի ու լրագրողի մասնագիտության մասին է:

Մենք սովոր ենք, որ հեգնանքը պետական պրոպագանդայի զենք է: Հեգնվում է այլը, նորը, տարբերվողը, ընդհանրապես փոփոխության ձգտողը: Նման միջավայրում բարդ է լրջանալը: Միգուցե հեգնանքը նաև բացասական դեր է կատարում:

Հեգնանքը մարդկության փրկությունն է, այն թույլ է տալիս շունչ քաշել, փոքր-ինչ ավելի թեթև նայել այս կամ այն իրավիճակին:

Եվ հետո դա պարզապես զենք է, և կարևորն այն է, թե ում ձեռքերում է այն հայտնվում: Կարող է հայտնվել գիտակ ու տաղանդավոր մարդու ձեռքում, բայց կարող է հայտնվել ոչ կոմպետենտ ու չարացած մարդու զինանոցում:

Հումորի այն մետաֆորֆոզները, որոնք տեսանելի են Ռուսաստանում վերջին երկու տասնամյակում, բավականին տխուր են: Որևէ հանրային-քաղաքական կամ հասարակական երևույթների հանդեպ առաջացած հեգնանքը, սատիրան, սարկազմը գործնականորեն դուրս են մղվել հանրային մեդիա տարածքից:

Շատ կարևոր է հասկանալ, որ ի վերջո, Ռուսաստանում բացարձակապես ամեն ինչը՝ մթնոլորտը, մենթալիտետը որոշում է հեռուստատեսությունը:

Ճիշտ է ասված, որ եթե կաս հեռուստաարկղում, ուրեմն գոյություն ունես, եթե չկաս հեռուստացույցում, ուրեմն ընդհանրապես չկաս:

Հիանալի, սրամիտ կատակերգակ, հեռուսատահաղորդավար Միխայիլ Շացը կորցրեց իր աշխատանքն այն պահին, երբ իր կնոջ՝ Տատյանա Լազարևայի հետ, սատարեց սպիտակ ժապավենների շարժումը: Նրանց ակնթարթորեն դուրս շպրտեցին այն հեռուստաալիքից, որտեղ վարում էին հումորային հաղորդումներ:

Եվ դա իսկական աղետ էր: Նրանք միանգամից ջնջվեցին ամենապահանջված մարդկանց շարքից ու անհետացան մեդիա տարածքի ընդունիչներից:

Մի քանի ամիս առաջ ներկա էի ստենդ-ափ կատակերգակների մրցույթին և ուղղակի ապշած մնացի մատուցվող կատակների բացարձակ անողնաշարությամբ ու ստերիլությամբ:

Կատակերգակների նոր սերունդն իրենց աշխատանքի հիմքում է դնում տենչը՝ ցանկացած գնով հայտնվել հեռուստաարկղում: Եվ քանի որ նրանք բոլորն էլ մեծացել են «Քոմեդի քլաբի» հումորի վրա, այլևս չեն էլ հասկանում, թե ինչի վրա կարելի է ծիծաղել: Ծիծաղի թեմա սկզբունքորեն չկա:

Իսկ Միխայիլ Շացը պատրաստում է նոր շոու, որը կոչվում է «Շաց և մատ»: Դա ցնցող, սրամիտ ու եզրագծում ճոճվող երկու մարդու զրույց է, որի յուրաքանչյուր կատակի համար շատ իշխանավորներ ու օլիգարխներ կպահանջեին կատակերգակներից հրապարակային ներողություն: Դա փայլուն հումոր է: Մարդ, որի կարիերան փլուզվեց, փորձում է նորից այն վերակառուցել արդեն ստենդ-ափ դաշտում:

Եվ իհարկե, նա չի կարող վստահ լինել, որ կունենա լսարան, որովհետև մարդիկ Ռուսաստանում անգամ վախենում են ծիծաղել: Ահա, այսպիսի աստիճանի է հասել այն փակուղին, որի մեջ հայտնվել ենք:

Հումորը որպես լրագրության հավելում անհրաժե՞շտ է:

Իհարկե, հումորի որակը շատ բարդ և աբստրակտ բնութագրվող կատեգորիա է: Կան պարզապես տաղանդավոր ու անտաղանդ մարդիկ:

Բայց լրատվական դաշտում հումորի ու հեգնանքի համար տեղ թողնելը ստեղծագործական ճիշտ ճանապարհ է յուրաքանչյուր մարդու համար, որը չի անտեսում իր շուրջը կատարվող իրադարձությունները:

Եվ հենց այն պահին, երբ քաղաքական գործիչը (անգամ քո ամենասիրելին ու իդեալներին հավատարիմը) գալիս է իշխանության, առաջին հերթին անհրաժեշտ է գրել նրա մասին երգիծական երգ ու դարձնել նրան ստենդ-ափ ելույթի հասցեատեր:

Դա անհրաժեշտ է, որ հասկանալի լինի, որ ծախված ու գնված չես, որ չես պատրաստվում ամեն օր քծնել ու նրա հետույքը շոյել, մինչ նա ղեկավարում է երկիրը:

Քո խնդիրը հակառակն է՝ նրա հետույքը անընդհատ նոր ասեղներ մտցնել: Եվ կարծում եմ, որ դա է գլխավոր առաքելությունը այն արտիստների ու ստեղծագործողների, որոնք անտարբեր չեն հանրապետության ապագայի հանդեպ:

Նույնն էլ լրագրողներն են, որոնք միշտ ու բոլոր պարագայում պետք է շարունակեն սուր և լուրջ հարցեր տալ:

Հայաստանում նոր իշխանությունները վստահության մեծ պաշար ունեն:

Հատկապես լուրջ վերափոխումներից ու հեղափոխություններից հետո լրագրողները ոչ մի դեպքում չեն կարող ընդունել իրականությունը միայն հավատով տոգորված:

Այն պահից, երբ Սերժ Սարգսյանի աթոռը զբաղեցրեց Նիկոլ Փաշինյանը, հենց նրան պետք է ուղղվեն հարցերն ու նրանից ստացվեն պատասխանները:

Լրագրողները պետք է անհարմար վիճակում դնեն իշխանություններին ու նրանցից պահանջեն ճշմարտությունը:

Այլապես, կլինի այն, ինչը տեղի ունեցավ Ռուսաստանում: Արդեն 18 տարի շարունակ մենք ականատես ենք միանձնյա ղեկավարման, երբ մի մարդ կարողացավ ստեղծել այնպիսի վակուումային միջավայր, որտեղ ոչ ոք պարզապես իրավունք չունի նրան անհարմար հարցեր տալ:

Ձեր կարծիքով՝ հիմա լրագրողի մասնագիտությունը փոխվո՞ւմ է, երբ լուր հաղորդելու մենաշնորհն այլևս բոլորինն է:

Կարծում եմ, լրագրության սկզբունքները ոչ մի տեղ և երբեք չեն փոխվում: Տարբերվում են միայն լրագրողական ամպլուաները:

Հիմա լրագրողներն ավելի շատ պետք է հաշվի առնեն տեղեկության սպառման նոր միջոցները: Ի վերջո, նրանց ձեռքերում է թե՛ մասնագիտությունը, թե՛ ինֆորմացիա կառուցելու արվեստը, թե՛ սեփական շնորհքը:

Եթե լրագրողը տաղանադավոր է, կփորձի հաստատել ու վերանվաճել իր դիրքը արդեն նոր պայմաններում: Ասենք, ինքը կսկսի լուրերի օրակարգ ստեղծել ու թելադրել այն: Ասածս վերաբերում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի լրագրողներին:

Հակառակ դեպքում, եթե չկա տաղանդ ու սկզբունքներ, հանգիստ սրտով պետք է դուրս գալ այդ մասնագիտությունից:

Թեև դա գիտակցելն ու առավելևս մասնագիտությունից հրաժարվելը հեշտ չէ, բայց, ի վերջո, մի օր բոլորս էլ պատասխանելու ենք մեր երեխաների հարցին, թե ինչու՞ էինք այդ ամենով զբաղվում:

Վստահեցնում եմ, որ երեխաները շատ դաժան կգտվեն: Եվ ճիշտ կանեն…

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *