2017.11.23,

Տեսակետ

«Մեդիայում կարևորը ոչ այնքան սեփականատերն է, որքան պատվիրատուն»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ինտերնետի ակտիվ օգտատեր է: Սոցիալական ցանցերը նրա համար աշխատանք են՝ բավականին մեծ թվով հետևորդների հետ շփվելու ու իր կուսակցության քայլերի մասին տեղեկացնելու համար: Իր ֆեյսբուքյան հաշիվը (վերիֆիկացված), անձնապես է վարում:

Արմեն Աշոտյանը գիտի, ինչպես շփվել լրագրողների հետ ու, որպես հանրային անձ, լավ կողմնորոշվում է մեդիա ծուղակներում: Երբեմն անտեսում է դրանք, երբեմն՝ ցուցադրաբար արհամարհում, իսկ երբեմն էլ՝ ստիպված հաղթահարում:

Նա փորձեց նաև իր ուժերը լրագրողական դաշտում՝ վարելով «Եռանկյունի» քաղաքական թոք-շոուն: «Շատ լավ ժամանակ էր: Հաղորդում վարելը ինձ համար թե՛ ինտելեկտուալ, թե՛ քաղաքական, թե՛ տեխնոլոգիական մարտահրավեր էր, իսկ ես սիրում եմ մարտահրավերներ»,- ասում է նա:

Որպես գլխավոր մարտահրավեր նա ընդգծում է վստահության կառուցումը. «Ցանկացած վեճի ընթացքում (նաև ընտանեկան) ամենահեշտը գոլորշին թողնելն ու իրար վատ բառերն ասելն է: Կարևոր է, թե ինչ ենք անելու հետո: Կարևորը վերականգնման փուլն է»:

Սոցիալական ցանցերում կարծիք ձևավորելը Ձեզ համար անհրաժե՞շտ է:

Ես սոցիալական ցանցերում եմ, քանի որ դա թե՛ ժամանակակից ու թրենդային է, թե՛ օգտակար: Ես երիտասարդ եմ ու քաղաքական գործիչ եմ, և աշխատում եմ լինել այնտեղ, որտեղ կա լսարան: Դա օգտակար է առաջին հերթին ինձ համար:

2008 թվականից գրանցվել եմ Ֆեյսբուքում, և հատկապես ակտիվ եմ այն օգտագործել Կրթության և գիտության նախարար եղած տարիներին, քանի որ դա հաղորդակցության, հետադարձ կապի ու առաջխաղացման լավ միջոց է:

Անգամ երբ ունեի աշխատակազմ, ոչ ոք իմ էջով չէր զբաղվում, իմ անձնական էջը վարում եմ միայն ես:

Երբեք թույլ չեմ տվել, որ որևէ մեկը պատասխանի կամ ինչ-որ բան տարածի իմ էջից: Իհարկե, դա ժամանակ է խլում, բայց արժեր վճարել այդ գինը, քանի որ երբ հասարակությունը տեսնում է, որ անձամբ ես գրում, ավելի է վստահում:

Իհարկե, եղել են նաև չարաշահման դեպքեր, վիրավորանքից մինչև ոչ պարկեշտ ձևակերպումներ, բայց օգտատերերն ընդհանուր առմամբ բայրացակամ են:

Հաճա՞խ եք մոդեռացնում վիրավորանքները:

Ջնջում եմ միայն անձնական վիրավորանքները՝ արված ոչ միայն իմ, այլև իմ քաղաքական մրցակիցների հասցեին: Ընդ որում՝ վիրավորանքներ կան թե՛ ծայրահեղ իշխանական, թե՛ ծայրահեղ ընդդիմադիր ճամբարներից: Հատկապես ֆեյք հաշիվներից:

Շատ ֆեյք հաշիվներ ստեղծում են ՀՀԿ-ի ջատագովները:

Գուցե լինեն նաև այդպիսիք, բայց դա չի կարելի միայն մեզ վերագրել, Ֆեյքեր կան բոլոր քաղաքական ճամբարներում, որոնք հատկապես ակտիվանում են ընտրարշավների ժամանակ:

Այս տեխնոլոգիաներն այլևս հասանելի են: Դրանք տեսանելի էին 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում, իսկ 2017-ին օգտագործվեցին շատ ավելի պրոֆեսիոնալ կերպով: Մենք, օրինակ, սոցիալական ցանցերը օգտագործեցինք որպես քարոզարշավի հարթակ:

Ընտրարշավը ցույց տվեց, որ կարիք կա ոչ թե վարկաբեկված, կարկառուն ու հնաբնակ, այլ թարմ ու քիչ լղոզված դեմքերի:

Ես չեմ ընդունում դասակարգման այդ ձևը, բայց նոր դեմքերի կարիք միշտ կա:

Բնության մեջ զարգացման ամեն փուլ թողնում է իր նստվածքը, շերտերը, որոնք կազմում են Երկրագնդի կեղևը: Մեր կուսակցության կազմում են տարբեր հեղինակության, կրթական ցենզի, մասնագիտության մարդիկ: Մենք ժողովուրդ ենք ներկայացնում, իսկ ժողովուրդը շատ տարբեր է՝ ակադեմիկոսից մինչև մարդ, որի կրթության աստիճանը կարելի է քննել, բայց այսուհանդերձ նա հեղինակություն է որոշակի շրջապատում:

Ընդունում եմ, որ թարմ դեմքեր պետք են բոլորին, և դա համաշխարհային թրենդ է: Քաղաքակրթական հանրույթում ամեն ինչ ինտենսիվացել է, և քաղաքական գործիչների մաշվելու վտանգը շատ մեծ է:

Մենք պետք է լինենք շատ տարբեր: Իհարկե, պետք է իմիջմեյքինգի ու ռեբրենդինգի վրա աշխատել: Բայց մենք թարմանում ենք ու մնում ենք ակտուալ, որովհետև մենք ունենք ամենակարևորը՝ մենք սովորում ենք:

Իսկ ինչպե՞ս կբացատրեք լրագրողների ու քաղաքական գործիչների միջև պարբերաբար ծագող բախումները, երկկողմանի վիրավորանքները:

Այդ խնդիրները ծագում են ամենուրեք: Մի տարածեք դրանք միայն ՀՀԿ-ի վրա:

Նախևառաջ լրագրողները պետք է իմանան, թե ում ինչ են հարցնում: Օրինակ, եթե ինձ հարց տան գյուղատնտեսությունից, չեմ կարողանա պատասխանել, քանի որ սովոր չեմ խոսել այն բաների մասին, որոնցից չեմ հասկանում:

Իսկ երբ լրագրողները մոտենում են մարդուն ու փորձում հարցազրույց «պոկել» (իսկ իրականում, սկանդալային նյութ են փորձում ստանալ), ուրեմն գնահատում են ոչ թե բովանդակությունը, այլ լրատվական աղմուկը:

Իհարկե, քաղաքական գործիչները պետք է հմուտ լինեն, որպեսզի խորշեն նման ծուղակներից, բայց համաձայնեք, որ լրագրողները կարող են մոտենալ պատգամավորներին Ազգային ժողովի միջանցքներում ու, այսպես կոչված, խմբակային հարցազրույցներ անել: Դա կարծես նոր «մարզաձև» է:

Որոշ պատգամավորներին կամ այլ գործիչներին շփման այդ մակարդակը դուր է գալիս:

Կան լրատվական հմայք ունեցող, նյուսմեյքեր քաղաքական գործիչներ, և եթե լրագրողները չեն դադարում նրանցից նմանատիպ հարցազրույցներ վերցնել, ուրեմն իրենց էլ է դա դուր գալիս: Եթե ընթերցողները, լրագրողներն ու քաղաքական գործիչը գոհ են, ուրեմն ընդունենք սա որպես եզակի փաստ:

ՀՀԿ-ն էլ է գո՞հ:

Մենք պարբերաբար քննարկում ենք կուսակցության տեղեկատվական քաղաքականության հիմունքները, հատկապես լուրջ քաղաքական իրադարձությունների շրջանակներում: Ցանկալի է որոշել, թե ով, երբ ու ինչ թեմաներով է խոսելու: Ինչը պետք չի ասել, ինչը շեշտադրել:

Հենց դա եմ ասում՝ մենք մեզ վրա աշխատում ենք:

Խնդիրն այն է, որ որոշումներ կայացնողները բաց ու հասանելի չեն լրագրողների համար:

Պետական ատյանները պարտավոր են լինել բաց ու ապահովել տեղեկատվության ազատության օրենքի դրույթների ոչ միայն տառացի, այլև բովանդակային կատարումը: Սա ակնհայտ ճշմարտություն է:

Վստահ եմ, որ գերատեսչությունների բոլոր գիտակից ղեկավարները կարևորում են տեղեկատվության հասանելիությունը:

Ես, օրինակ, պարտավոր չեմ պատասխանել բոլոր ԶԼՄ-ների բոլոր հարցերին: Կան ժամանակային սահմանափակումներ, բովանդակային նախընտրություններ ու, ի վերջո, նաև անձնական համակրանք ու հակակրանք: Եթե կա լրատվամիջոց, որը պարբերաբար կողմնակալ տեղեկություն է հրապարակում կամ սևացնող ձևակերպումներ է օգտագործում, մենք նրանց հետ չենք աշխատում:

Դուք էլ գիտեք, որ սևացնելը միայն բառերով չէ, նաև՝ անհաջող լուսանկարներով կամ տեսագրություններով, որոնք սիրով հրապարակում են: Արևմտյան լրագրության էթիկայում դա էլ է համարվում black wording:

Կան ԶԼՄ-ներ, որոնք դիտավորյալ հրապարակում են իշխանավորների ամենատգեղ կադրերը:

Եթե ակնհայտ միտում եմ նկատում, հրաժարվում եմ նրանց հետ աշխատելուց: Եվ ոչ ոք չի կարող ինձ մեղադրել, հակառակը՝ հարկավոր է մեղադրել լրատվամիջոցներին, որոնք, լինելով հանրային կարծիքի բարձրախոսներ, չեն փորձում տեղեկատվությունը փոխանցել հավասարակշռված:

Եվ եթե լրագրողը պարկեշտ չէ ու վերնագիրը կտրում է համատեքստից զուտ լսարան հավաքելու համար, ուրեմն գործ ունենք ակնհայտ ոչ պրոֆեսիոնալիզմի հետ:

Օրինակ, երբ Յություբում են տեղադրում տեսանյութ, որպես ստոպ կադր օգտագործում են իշխանավորների ամենատգեղ կադրերը: Անգամ եթե դինամիկայում դա չի երևում, ստատիկ կադրերը ընդգծում են, որ մեկի բերանն է բաց, մյուսի աչքն է ծուռ…

Միգուցե հիմա ես մանրուքների մասին եմ խոսում, բայց դրանք միջավայր ստեղծող մանրուքներ են: Հասարակության մեծ մասը նյութը չի կարդում, միայն նայում է լուսանկարները, կարճ տեսանյութերն ու կարդում է վերնագիրը:

Որքանո՞վ եք կարևորում լրատվամիջոցների ֆինանսավորման թափանցիկությունը: Հաճախ անհայտ է, թե ով է մեդիայի սեփականատերը:

Որքան ստվեր կա բիզնեսում, այնքան էլ՝ համամասնորեն  մամուլում: Մեր մամուլը երբեմն անցնում է լրատվական գրոհների այս կամ այն մարդու դեմ, այսպես ասած՝ կատարում է «օպերացիաներ»:

Փոքր երկիր ենք, և ցանկացած մարդ, որը աշխատել է լրագրողների հետ ու քաղաքական հոտառություն ունի, կարող է ամեն հոդվածի հետևում տեսնել պատվիրատուին: Դա ակնհայտ է:

Կարծում եմ, մեդիայի դեպքում կարևորը ոչ այնքան սեփականտերն է, որքան պատվիրատուն:

Ինչու՞:

Որովհետև սեփականատերը նույնն է, իսկ պատվիրատուները փոխվում են: Իսկ թե ինչու է փակ պատվիրատուների անունները, արդեն լրագրողական կորպորատիվ էթիկայի խնդիր է: Բոլոր պրոֆեսիոնալ ասոցիացիաները պետք է կարգավորող մարմիններից ավելի շատ շահագրգռված լինեն իրենց շարքերում մաքրություն պահպանել:

Ավելի բաց ու անկեղծ ասեմ՝ քաղաքական ու լրատվական դաշտերը հաղորդակից անոթներ են: Եվ կարևորը ոչ թե «Ո՞վ է մեղավոր» հավերժ հրապարակային դիսկուրսն է, այլ փորձերը՝ հասկանալու, թե ինչպես կարելի է այդ երկու դաշտերի մակարդակը միաժամանակ բարձրացնել:

Լրատվական միջոցները քաղաքական գործընթացների հայելին են: Եվ հակառակը: Պետք է ձևավորվի քաղաքական մշակույթ, և դրանից բխող նաև լրատվական մշակույթ: Կարծում եմ՝ դա ժամանակի խնդիր է:

Թաբլոիդները լայն կիրառություն ունեն բոլոր երկներում, դրանք ավելի լավ են վաճառվում, քան լուրջ լրատվամիջոցները: Բայց թաբլոիդները երբեք չեն ստեղծում հանրային կարծիք: Իսկ Հայաստանում, ցավոք, ստեղծում են:

Կան լրատվամիջոցներ, որոնց թվում է, որ իրենք քաղաքական են, բայց իրականում թաբլոիդներ են:

Ես հասկանում եմ այն մարդկանց, որոնք փորձում են այս քաոտիկ լրատվական աղմուկի, մշտական «բզզզոց»-ի մեջ մրցունակ լինել ու միաժամանակ աշխատել մի քանի թիրախային լսարանների հետ: Սա լավ կյանքից չէ, պայքար է ընթանում գովազդի, լսարանի ուշադրության համար: Այսինքն, վարկանիշի, որը փող է բերում:

Բիզնեսը, քաղաքականությունը, մեդիան այնքան են սերտաճել ու վերածվել մենաշնորհի, որ մեդիային գրեթե ինքնուրույն լինելու շանս չի տրվում: Այդ թվում նաև ապրելու զուտ գովազդային հոսքերով:

Չեմ արդարացնում առկա խնդիրները, բայց դրանք նույնն են բոլոր երկրներում, որտեղ կան ֆինանսա-քաղաքական խմբավորումներ: Մենք չենք կարող հորինել հեծանիվ, կան սխեմաներ, բայց դրանք բացարձակ չեն:

Պարզ ասեմ՝ փողը և իշխանությունը միշտ ձգտում են միավորվել:

Որոշ երկրներում դրանք իրարից հեռու են պահում միջանկյալ օղակները՝ արհմիությունները, ԶԼՄ-ները, ՀԿ-ները: Այսինքն, կա զարգացած քաղաքացիական հասարակություն: Իսկ որոշ երկրներում այդ երկու բևեռները այնքան մոտ են, որ դժվար են տարանջատվում:

Եվ մեր խնդիրը քաղաքացիական հասարակություն կառուցելն է: Իսկ դրա սխեման հետևյալն է. շահառու խմբերի միջոցով առավելագույնս հեռացնել փողն ու իշխանությունը:

Եթե փողն ու իշխանությունն արդեն դժվար են տարանջատվում, դրանք անջատելու քայլերը որպես կանոն լինում են ձևական:

Անցումային ժողովրդավարությունը մի օր հաղթահարվելու է ու հանգելու ենք լիակատար ժողովրդավարությանը: Ես անկեղծորեն դրան հավատում եմ:

Ես այսօր եմ քաղաքական վերնախավի ներկայացուցիչ, բայց իմ երեխաները հավերժ այդ կարգավիճակում չեն լինելու:

Եվ քանի որ ուզում եմ տեսնել նրանց Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, իմ խնդիրը կարճաժամկետ արդյունք ստանալը չէ, այլ ապահովումը այնպիսի միջավայրի, որտեղ նաև մեր երեխաները կկարողանան ապրել արժանապատիվ կեցվածքով:

Ի վերջո, մի միջավայրը մաքրելու գործը մի սերունդ պետք է իր ուսերին վերցնի:

Անկեղծ հարց եմ ուզում տալ: Որքա՞ն կարելի է ասել գեղեցիկ բառեր ու կառուցել կաղապար, որի տակը դատարկություն է: Արդեն չի ստացվում ինքնախաբեությամբ ապրել: Ամեն օր վիզը ծռած տրանսպորտ նստող, հնազանդ ու աղքատ մարդը չի կարող լինել արժանապատիվ:

Ես լիովին համաձայն եմ, որ արժանապատվությունը մարդկային կարևոր հատկանիշն է: Բայց մի բարդեք այսօրվա խնդիրները դիտավորյալ տարվող քաղաքականության վրա: Չկա այդպիսի բան:

Բայց կարելի է հեշտությամբ ուղղել թե՛ հանրային տրանսպորտը, թե՛ դպրոցական մոդելը:

Կարող եմ ընկնել հորձանուտի մեջ ու սկսել խոսել որպես կրթության նախկին նախարար, բայց ուզում եմ անկեղծ լինել:

Փոփոխությունների համար պիտի ձևավորվի հանրային դիմադրություն:

Երբ ձևավորվի գիտելիքահեն հասարակության զանգվածային պահանջարկ, շատ բան կուղղվի:

 

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *