Նունե Հախվերդյան
Լրագրող, արվեստի քննադատ
img_2535_1

Բնապահպանական խնդիրները պայթյունավտանգ թեմա են, քանի որ բոլոր երկրներում էլ առնչվում են մի կողմից խոշոր կապիտալի հետ, իսկ մյուս կողմից՝ ընդերքի հանրային գաղափարի հետ:

Մասնավոր շահն ու հանրային տիրապետումը հավասարակշռող պետական կառույցները հանքարդյունաբերության նավապետերն են: Իրենք են որոշում, թե ինչպիսի ուղով է ընթանալու երկիրը և երբ պետք է կասեցվի մասնավոր շահը հօգուտ հանրային տրամաբանության:

Կարելի է պնդել, որ երբ նավապետերը թեքում են կատարում դեպի շահը (բնականաբար, մասնավոր), ծագող հանրային արձագանքից է կախված, թե ինչպիսի հասարակություն ունենք՝ վստա՞հ, թե՞ անտարբեր:

Էկոլոգիական հարցերը մշտապես կարևորելն ու հնչեղ պահելը փորձություն է ոչ միայն իրավապաշտպանների ու բնապահպանների, այլև լրատվամիջոցների համար:

Բնապահպանական հարցերով զբաղվող իրավաբան Արթուր Գրիգորյանը ուզում է Հայաստանում տեսնել ավելի ազդեցիկ ու պրոֆեսիոնալ մեդիա դաշտ: Եթե մեդիան ոչինչ չի որոշում, հարվածի առաջին գծում մնում են միայն փոքրաքանակ բնապահպանները, որոնց գնահատականները հասանելի չեն դառնում հասարակության համար ու զգոնության չեն դրդում հանրության անունից խոսող պետական կառույցներին:

Էկոհամակարգն ու փողը հազվադեպ են հաշտ գոյատևում, և մեդիան օգնում է առնվազն պարբերաբար հիշեցնել այդ կարևոր բախման մասին: Դուք դա զգո՞ւմ եք:

Մեր մեդիայի լուսաբանումը մակերեսային մակարդակում է: Լրագրողները էկոլոգիական հարցերը հաճախ ներկայացնում են էմոցիոնալ հարթության վրա, և արդյունքում միտքը կորչում է:  

Պիտի վերլուծվի, գնահատվի միջազգային փորձը, իրադարձությունները տեղադրվեն միջազագային համատեքստում (հազար բան է մեր շուրջը կատարվում):

Բայց դա մեդիայի՞ մեղքն է, թե՞ նաև փորձագետների ու ինֆորմացիայի տիրապետողների, որոնք բաց չեն լրագրողների առջև:

Բոլոր պարագաներում, մեդիան պետք է լինի պրոֆեսիոնալ: Օրինակ, վերջերս, Դուբլինում տեղի ունեցած իրավապաշտպանների հավաքից հետո ես հարցազրույց տվեցի Ռոյթերսին, որի լրագրողը այնպիսի շեշտադրումներով է հարցեր տալիս, որ միանգամից հասկանում ես՝ մարդը տեղեկացված է, թե ինչի մասին է հարց տալիս և ինչ է ուզում լսել որպես պատասխան: Այսինքն, լրագրողը ուղղորդում է քեզ:

Ի՞նչ կարող են անել փորձագետները, եթե ուզում են էական խնդիրներ ներկայացնել, ասենք, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ու մեդիայի կարիքն ունեն:

Մենք հիմա դատական պրոցեսի մեջ ենք Ամուլսարի գործով, դատի ենք տվել կառավարությանը, քանի որ օրենսդրության համաձայն՝ կարելի է դատի տալ ոչ միայն չարաշահում թույլ տված ընկերությանը, այլև շահագործման թույլտվություն տրամադրած կառավարությանը:

Երկու տարի դատավարությունը շարունակվում է, լրագրողները երբեմն գալիս են լուսաբանելու, երբեմն՝ չեն գալիս: Չեմ ուզում բողոքել և շնորհակալ եմ բոլոր լուսաբանողներից, բայց փաստ է, որ լրագրողական մակարդակը բավականին ցածր է:

Համաձայն չե՞ք, որ բոլոր ոլորտներում է այդպես:

Կարծում եմ, պատճառն այն է, որ մեր լրատվական դաշտը քաղաքականացված է:

Որևէ քաղաքական գործիչ մի հիմար միտք է ասում, և բոլոր լրագրողները վազում են նրա հետևից ու գրառում բոլոր ասածները, փոխարենը բացարձակապես անտեսեն:

Այդ կոռումպացված ու դատարկախոս մարդիկ մեդիայի շնորհիվ աստղեր են դառնում: Իսկ կարևորագույն հարցերը մնում են չլուսաբանված:

Անտեսելը կօգնի՞: Ի վերջո, լրագրողները կատարում են մեդիա սեփականատերերի հրահանգները: Եթե մեկը անտեսի, մյուսը հաստատ կգրի:

Անտեսելը հնարավորություն է ցույց տալու, որ այդ մարդկանց ապրելակերպը մեղմ ասած՝ սխալ է: Բայց լրագրողներն անում են ճիշտ հակառակը՝ հարթակ են տալիս նրանց:

Երևի կարևոր է հասկանալ, թե ով է լրագրողը: Եթե իրեն պրոֆեսիոնալ է համարում ու զգում է, որ իրենից ոչինչ կախված չէ, ինչու՞ է զբաղվում այդ գործով:

Եթե հետևեք, թե ինչպես է լուսաբանվում ու ակտիվ քննարկվում ընտանեկան բռնության դեմ օրենքը, հասկանալի կդառնա, թե ինչ խայտառակ ու պրիմիտիվ մակարդակում են լրագրողական նյութերը: Անգամ այն լրագրողների, որոնք փորձում են չեզոք լինել ու երկու կողմերին էլ ձայն տալ:

Եվ ստացվում է, որ մենք ստիպված ենք հուզող հարցերը բարձրաձայնել ոչ թե տեղական, այլ միջազգային մեդիայում: Հայաստանում մամուլը որևէ հարց չի լուծում, իսկ դրսում՝ ահռելի ազդեցություն ունի:

Իսկ մենք կարծես խցի մեջ ենք: Կա՛մ պիտի փորձենք դուրս գալ, կա՛մ մնալ խցի մեջ և չկարողանաս ոչինչ անել:

Հայաստանի հանքաարդյունաբերական ընկերությունների հետևում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ստեղծում են հասարակական միավորումներ (նաև լրատվամիջոցներ) ու «շպրտում» են զգայուն հարցեր բարձրացնող մարդկանց դեմ:

Այդ իբրև թե հանրային խմբերը, որոնք փոխկապակցված են հանքարդյունաբերական ընկերությունների հետ, ներխուժում են քաղաքականություն, դիրքեր են զբաղեցնում ու արշավներ սկսում բնապահպանների ու մեդիայի դեմ:

Օրինակ, Սյունիքի մարզպետը դատի է տվել Epress.am-ին, «Առավոտին» այն բանի համար, որ հրապարակել են իմ ներկայացրած նյութերը՝ Սյունիքի մարզպետի լիազորության շրջանակներից դուրս գործունեության վերաբերյալ:

Այդ տեքստի պարզապես վերատպման համար այդ լրատվամիջոցները հիմա խնդիրներ ունեն, քանի որ Սյունիքի մարզպետը նրանց մեղադրում է զրպարտության համար: Իսկ դրանից առաջ մեզ զրպարտող հոլովակներ էին հրապարակվել:

Դիմեցինք ոստիկանություն ու ստացանք պատասխան, որ դա ոստիկանության գործը չէ: Ստիպված ինքներս բացահայտեցինք աղբյուրն ու հրապարակեցինք այդ մասին մամուլում:

Պետությունը հրաժարվեց մեզ աջակցել, իսկ երբ փորձեցինք ինքներս մեզ պաշտպանել՝ հանրայնացնելով պատահածը, ստացանք այն արդյունքը, որ հետապնդվեց մամուլը:

Եվ վատն այն է, որ դրանից հետո այլ լրատվամիջոցներում տիրեց լռություն: Մինչդեռ պետք է իսկական լրատվական ռմբակոծություն լիներ, թե հետապնդվում է հանրային նշանակություն ունեցող մեդիան: Բայց որևէ քննադատական անդրադարձ չեղավ: Էլ ի՞նչ կարող եմ ասել մեր մեդիայի մասին:

Հասկանում եք, ձեր գործընկերներն են հայտնվել հարվածի տակ: Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուրն է խոցելի:

Կարծում եմ, արժե ավելի գործնական կերպով աշխատել լրագրողների հետ:

Հիմա մենք պատրաստելու ենք կայք, որտեղ կտեղադրենք բնապահպանական խնդիրների մասին ողջ ինֆորմացիան: Եթե մամուլը ցանկանա, կարող է օգտագործել այն:

Սովորաբար շատ էներգիա ու ժամանակ ենք ծախսում, երբ փորձում ենք լրագրողներին ներկայացնել խնդիրը, հետո շտկումներ անել նրա նյութում, ուղղել տերմիններն ու փաստերը:

Իհարկե, հասկանալի է, որ լրատվական դաշտը մեծ ռեսուրսներ չունի, մի քանի լրատվամիջոց կա, որոնք կարող են թե՛ տեխնիկապես, թե՛ պրոֆեսիոնալիզմի առումով լուրջ նյութեր պատրաստել:

Իրավապաշտպանների համար առանցքային խնդիր է, որ մեդիան ազդեցիկ չէ: Եթե եվրոպական լրատվամիջոցներում հրապարակվի քննադատական հոդված՝ չարաշահումների ու ոչ արդյունավետության մասին, թե՛ ընկերությունները, թե՛ դրանց ֆինանսավորած բանկերը ամբողջովին կփոխեն իրենց քաղաքականությունը:

Հենց հիմա մենք ունենք շատ կարևոր խնդիր՝ Թեղուտը, որի հանքի շահագործումը սկսվել է 2006 թվականից: Տասը տարի է անցել, բայց չկա ուսումնասիրություն, թե ինչ է իրականում կատարվել ու կատարվում:

Հայտնի է, որ Թեղուտի հանքի շահագործման համար դանիական ընկերությունը խոշոր՝ 62 մլն դոլար, գումար էր տրամադրել, բայց վերջերս հետ կանգնեց այդ ծրագրից ու պահանջեց վերադարձնել գումարը: Այդ լուրից հետո, ոչ ոք չբարձրացրեց պատասխանատվության հարցը: Այսինքն, փորձ չարվեց հասկանալու, թե ինչու դա տեղի ունեցավ և ով է ենթարկվելու պատասխանատվության:

Պատասխանատվության չեն ենթարկվում ո՛չ դանիացիները, որոնք ասում են, որ դա հակաէկոլոգիական ծրագիր է,  ո՛չ էլ այն մարդիկ, որոնք արդեն իսկ սկսել են հանքի հակաէկոլոգիական շահագործումը: Որևէ քննարկում այդ մասին չեք գտնի:

Հասկանալի է, որ փաստաթղթեր որոնելը, հասկանալը, համադրելն ու վերլուծելը ծանր ու աշխատատար գործ է: Շատ լրագրողներ չեն կարող անել դա, քանի որ ժամանակ ու ռեսուրս չունեն:

Ստիպված մենք ենք զբաղվում խնդիրների հանրայնացմամբ:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի